Երևանի թռչունները
Ինչի՞ն է պետք պատրաստ լինել վայրի բնությունը լուսանկարելիս, ո՞ր մարզն ունի ամենահետաքրքիր կենսաբազմազանությունը և ի՞նչ վայրի տեսակներ են հանդիպում Երևանում. պատմում է լուսանկարչուհի Բեռտա Մարտիրոսյանը։ Իսկ թռչնաբան Ծովինար Հովհաննիսյանը պատմում է երևանյան թռչունների բազմազանության ու կարևորության մասին։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի, Ծովինար Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Բեռտա Մարտիրոսյանի
ԵՐԵՎԱՆ #83 | 2024
Կանաչ փայտփոր
Անտառային կաչաղակ
Ծովինար Հովհաննիսյան
Թռչնաբան
Աշխարհում գրանցված է ավելի քան 10 հազար տեսակ թռչուն՝ գույների և դայլայլների մեծ ու անսպառ բազմազանությամբ։ Նրանցից ավելի քան 370-ը հանդիպում են Հայաստանում, իսկ շուրջ 80 տեսակին կարելի է հանդիպել Երևանում տարվա տարբեր եղանակներին։
Սև կեռնեխն իր երգով ջերմացնում է քաղաքի աշնանային և գարնանային օրերը՝ հիշեցնելով, որ մենք քաղաքի միակ տերերը չենք։ Ըստ ավանդության՝ նրան, ով կբերեր լավագույն երգող Սև կեռնեխի առանձնյակին, Պարսից շահը բերողի քաշին համապատասխան ոսկի է խոստացել։
Սովորական հողմավար բազեն ձագերի կերակրման շրջանում օրական որսում է մինչև 20-25 կրծող։ Կրծողների հետապնդումը շարունակվում է գիշերը՝ բվերի տարբեր տեսակների կողմից։ Տարբեր հաշվարկների և ուսումնասիրությունների հիման վրա՝ սև մանգաղաթևերը՝ ծիծեռնակները, օրական որսում են շուրջ 12.000 միջատ (մոծակներ, մլակներ, ճանճեր և այլն)։
Իսկ հիմա եկեք պատկերացնենք, թե ինչ կլինի, երբ այս տեսակների քանակությունը նվազի կամ առհասարակ անհետանա։ Ինչպես բնության մեջ, այնպես էլ քաղաքային միջավայրում թռչունները վտանգված են լուսային աղտոտվածության, աղմուկի, կանաչ տարածքների կրճատման, նորակառույցների ոչ բնահեն լուծումներ ունենալու հետևանքով։
Մեծ երաշտահավ
Վիզգցուկ
Կարմրակատար
Լորաճուռակ
Բեռտա Մարտիրոսյան
լուսանկարիչ
15 տարեկանից զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Շատ տարբեր թեմաներ էի ընտրում, բայց վերջին երեք տարիներին կենտրոնացա վայրի բնության, մասնավորապես՝ թռչունների վրա։ Քանի որ վայրի բնությամբ շատ ավելի փոքրուց էի տարված, այսպես համատեղեցի երկու մեծ հետաքրքրություններս։
Կենդանիներին լուսանկարելու համար պարտադիր պետք են թեմատիկ գիտելիքներ։ Որքան շատ ես ճանաչում կենդանուն, որին պատրաստվում ես լուսանկարել, այնքան ավելի հավանական է, որ հաջող կադրեր կորսաս։ Մեկ այլ պարտադիր պայման է համբերությունը։ Դեպքեր են լինում, երբ մի թռչուն լուսանկարելու համար պետք է ժամերով քայլես, փնտրես, սպասես։ Որոշ դեպքերում էլ ֆիզիկական պատրաստվածություն է անհրաժեշտ լինում։ Մյուս կողմից՝ Երևանում նկարելու համար ինչ-որ դժվարանցանելի, բարձր, հեռու տեղեր գնալու կարիք չկա։
Իմ ամենասիրելի մարզը լուսանկարելու համար Վայոց ձորն է։ Այնտեղ կենսաբազմազանությունն այնքան խիտ է, որ մեկին լուսանկարելու համար գնում ես դաշտ, բայց այնքան ուրիշ տեսակների ես հանդիպում, որ կարող ես նախնական հերոսիդ նույնիսկ մոռանալ։ Անհնար է Վայոց ձորից առանց գեղեցիկ, հաջողված կադրերի վերադառնալ։
Սպիտակ խաղտտնիկ
Սիրիական փայտփոր
Սև կեռնեխ
Մայիսի 24-28-ին Կինոյի տանը այցելուների համար բաց կլինի նաև վայրի բնության լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի «Հայաստանի կենսաբազմազանությունը» անհատական ֆոտո ցուցահանդեսը, որը հանդիսատեսին կներկայացնի Հայաստանում հանդիպող ամենատարբեր թռչունների, կաթնասունների, միջատների ու սողունների։
Միջոցառման մանրամասները՝ այստեղ։
Շատ հետաքրքիր է Երևանում վայրի կենդանիներին լուսանկարելը։ Նաև ավելի հեշտ է, քանի որ այդ կենդանիները, բնակվելով մարդու կողքին, մեզանից ավելի քիչ են վախենում ու թույլ են տալիս հնարավորինս շատ մոտենալ։
Վերջին երեսուն-քառասուն տարիների ընթացքում Երևանում շատ են կրճատվել կանաչ տարածքները, ինչը չի կարող չազդել վայրի բնության վրա։ Կենսաբազմազանությունը, իհարկե, կրճատվել է։ Բայց շատ հետաքրքիր տեսակային կազմ կա Բուսաբանական այգում։ Այնտեղ բազմիցս հանդիպել եմ աղվեսներ, կզաքիսի հետքեր եմ տեսել։ Իսկ ձմռան ամիսներին այգի են ժամանում այն թռչունները, որոնք ձմեռում են Հայաստանում։ Օրինակ՝ Դեղնագլուխ արքայիկը Հայաստանում բնակվող ամենափոքր թռչունն է, քաշն ընդամենը 7-8 գրամ է։ Հյուսիսային թռչուն է ու իր համար Հայաստանը Հարավ է։
Սպիտակահոնք կեռնեխները ևս հյուսիսային թռչուններ են, որոնք ձմռանն անտառներից իջնում են Երևան, քանի որ այստեղ համեմատաբար տաք է, իսկ կերային բազան՝ ավելի հարուստ։
Հատբեկիչ
Կանաչ սերինոս
Արշալուսիկ
Անտառային նրբագեղիկ
Ազնվասարեկ