«Երևանը մահից հետո»
Գերեզմանատների խնդրի այլընտրանքային լուծումը՝ «Այբ» դպրոցի սաներից։
Տեքստը՝ Նայիրի Արապաթեանի
Հայաստանում գերեզմանատուն ճանապարհը երբեմն լի է մարտահրավերներով՝ ճամփորդություն մութ ու ամայի վայրեր, կիսաթեք հարթության վրա տեղակայված գերեզմաններ, քանդված ճանապարհներ, որոնք դժվար անցանելի են, ցեխոտ ու վտանգավոր։ Շատ դեպքերում նույնիսկ գերեզմանատները հեռու են քաղաքային ենթակառուցվածքներից, չունեն ո՛չ լուսավորություն, ո՛չ կանոնավոր խնամք, ինչի հետևանքով դրանք դառնում են ոչ միայն ֆիզիկապես դժվար հասանելի, այլև հոգեբանորեն ճնշող միջավայրեր։
Բացի այդ, Երևանի ընդհանուր տարածքի 3%-ը զբաղեցնում են գերեզմանատները, ինչը բավական լուրջ թիվ է։ Տարիներ շարունակ Հայաստանում քննարկվել է դիակիզարանի շահագործման հարցը՝ որպես սահմանափակ հողային ռեսուրսների հնարավոր լուծում, սակայն հիմնականում մեր կրոնական և մշակութային հայացքները դեմ են եղել այս մոտեցմանը։
Գերեզմանատների ապագան՝ «Այբ» դպրոցի սաների հայեցակարգում
Քաղաքային պլանավորման դասաժամին, «Այբ» դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, երբ քաղաքի խնդիրներն են փորձել վերհանել, առաջացել է գերեզմանատների գաղափարը։ ԵՐԵՎԱՆը զրուցել է առարկայի դասընթացավար, ճարտարապետ Մարիաննա Կարապետյանի և 12-րդ դասարանի աշակերտներ Արփինե Ազոյանի և Էրիկ Ճաղարյանի հետ, որոնք պատմել են իրենց նախագծի մասին։
«Խումբը հավաքվեց, ու առաջին օրը քննարկում էինք՝ ինչի մասին կարող ենք խոսել։ Առաջացավ գերեզմանատների թեման, իրենց շատ պրովոկատիվ թվաց։ Բայց չէինք պատկերացնում՝ ինչքան լրջանալու է թեման։ Առաջին 2 ամիսը ուղղակի ուսումնասիրություններ ենք արել, այցելում էին Երևանի գերեզմանատներ, նայում էին՝ ինչ ձևի են կառուցվածքները, հաշվում էին չափերը»,- պատմում է Մարիաննան։
Գերեզմանատների անվերջանալի խնդիրները
«Պարզվեց, որ Երևանի գերեզմանատները կազմում են քաղաքի 3%-ը, կրկնակի ավելին, քան այգիների տարածքը։ Երևանի 21 գերեզմանատներից շատերը հին են և դրանց ներքին բաժանումները խիստ անկանոն են, դրանք ոչ միայն մեծ տարածք են խլում, այլև անխնամ են, չեն նպաստում օդի մաքրությանը, հակառակը՝ հողն աղտոտում են։ Ավելին, քանի որ մեր գերեզմանատները հիմնականում տեղակայված են բլուրների վրա, ստորգետնյա ջրերը հենց այդպես էլ անցնում են դրանց միջով՝ աղտոտելով մեր ամբողջ էկոհամակարգը։ Ինչքան ուսումնասիրում էինք, տեսնում էինք, որ լիքը խնդիրներ կան, բայց մի պահ բացահայտեցինք, որ շատ ավելի լուրջ թեմա կա, որի մասին չէինք էլ կասկածում․ այն, որ Երևանում 20 տարի անց չի լինելու գերեզմանների համար հատկացվող հող, չի լինելու ոչ մի տարածք, որտեղ հնարավոր կլինի մարդկանց թաղել»,- ասում է Մարիաննան։
«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը ներկայումս խիստ վերահսկում է, որպեսզի յուրաքանչյուր գերեզմանի համար տրամադրվի հստակ սահմանված 2.5 քմ տարածք։ Նոր գերեզմանատներում այլևս չեն թույլատրվում նախկինում ընդունելի ընդարձակ տարածքները, որոնք երբեմն հիշեցնում էին «1 սենյականոց բնակարաններ»։ Արդեն հնարավոր է գտնել բավական կոմպակտ գերեզմաններ։ Բայց, անգամ այս խիստ մոտեցմամբ, երկու տասնամյակ անց այլևս տեղ չի մնա։
Դիակիզարանը կառուցվել է, բայց չի գործարկվում այն պատճառով, որ եկեղեցին հրաժարվում է կատարել հոգեհանգստյան ծեսը, եթե մարդը հողում չի թաղվում։ Եկեղեցին երկու սկզբունք ունի. առաջին՝ մարդը եկել է հողից, պետք է հող վերադառնա, երկրորդ՝ նա պետք է ամբողջական թաղվի, որովհետև հետո պետք է հարություն առնի։
Նմանատիպ նախագիծ Իսրայելից
Միջազգային փորձ
«Սա միայն Հայաստանի խնդիրը չէ․ ամբողջ աշխարհում, սկսած ճարտարապետական դպրոցներից, մինչև առաջատար գիտնականներ, ուսումնասիրում են այն մեթոդները, որոնք կօգնեն խուսափել մոլորակի՝ գերեզմանատան վերածվելու վտանգից,- բացատրում է Մարիաննան,- Դե իհարկե, ամենաժամանակակից մոտեցումը ուղղահայաց գերեզմանատների գաղափարն է, որն իրենից ենթադրում է հիմնականում դիակիզման արդյունքում ստացված աճյունասափորների պահպանումը։ Փոքր պահարանների նման շենքեր են կառուցում, որտեղ սափորները տեղադրվում են, կամ նույնիսկ աճյուններն են պահվում, սակայն գետնից վերև, առանց հողի հետ որևէ շփման, ինչը հակասում է կրոնական մեր սկզբունքներին»։
Նմանատիպ նախագիծ արդեն գործում է Իսրայելում, որտեղ փորձել են պահպանել հողի հետ կապը, սակայն դրանք հիմնականում դամբարան-գերեզմաններ են, և ոչ թե բազմահարկ կառույցներ։ Տարածված է նաև մեկ այլ մոտեցում՝ քառակուսու ձևաչափով դամբարանների կիրառումը, որոնք կարող են տեղակայվել ինչպես գետնի տակ, այնպես էլ վրա։ Այս մեթոդը լայն տարածում է գտել ամբողջ աշխարկով մեկ՝ Իսպանիայում և Արգենտինայում, և հաճախ ներառում է կոմերցիոն լուծումներ, որոնք թույլ են տալիս խուսափել հանգուցյալի հետ մենակ մնալու խնդրից։ Այնուամենայնիվ, այս տարբերակները հիմնականում հիմնված են դիակիզման գաղափարի վրա։
Լուծման տարբերակ՝ «Այբի» աշակերտների կողմից
Նրանք մշակել են այլ մոտեցում․ կառուցել ուղղահայաց գերեզմանատուն, բայց ոչ թե գետնից վեր, այլ՝ գետնի տակ։
«Այս պարագայում աճյունները ամեն դեպքում կլինեն հողում, կթաղվեն ամբողջական, բայց կունենան ավելի կոմպակտ դասավորվածություն ու կզբաղեցնեն համեմատաբար շատ ավելի քիչ տեղ, քան սովորական գերեզմանատները»,- ոգևորված պատմում են Էրիկն ու Արփինեն։
«Մենք պայմանականորեն վերցրել ենք 400 քմ տարածք, որտեղ սովորական գերեզմանատան դեպքում՝ սանիտարական զոնայով և բոլոր անհրաժեշտ պայմաններով, հնարավոր կլիներ տեղավորել ընդամենը 33 աճյուն։ Մինչդեռ մեր նախագիծը նախնական հաշվարկով առաջարկում է 1143 աճյունի տեղավորում։ 400 քմ-ը հաշվարկվում է որպես շենքի կառուցապատման մակերես, որի կառուցվածքը ներառում է 3 ստորգետնյա հարկ, յուրաքանչյուր ստորգետնյա հարկում նախատեսվում են աճյունների տեղադրման հատուկ դարակներ՝ 4-հարկանի համակարգով։ Բացի այդ, շինությունն ունենալու է նաև 2 վերգետնյա հարկ, որը նախատեսված է լինելու ենթակառուցվածքների և հասարակական նշանակության տարածքների համար։ Այստեղ կարող է տեղակայվել սգո սրահ, մատուռ, ծաղիկների վաճառքի կետեր և այլ ծառայություններ, որոնք ապահովելու են ամբողջ գործընթացի կազմակերպումը։ Կառույցը պետք է լինի այգով պատված, այսիպիսով նաև այգիների թիվն ենք շատացնում»։
Այս մոտեցումը թույլ կտա գերեզմանները տեղափոխել ավելի մոտ քաղաքային բնակավայրերին, կպահպանի էթիկական, էկոլոգիական, քաղաքաշինական և հասարակական բոլոր նորմերը։
Հետազոտության շրջանակում անցկացվել է հարցում՝ տարբեր սերունդների շրջանում՝ պարզելու նրանց վերաբերմունքը գերեզմանատների հարակից տարածքներում բնակվելու և մահից հետո մարմնի հետ վարվելու տարբերակների վերաբերյալ։ Պարզվել է, որ հարցման մասնակիցների(108) միայն 18%-ն է կողմ ապրել գերեզմանատան հարակից տարածքում, մինչդեռ 82%-ը դեմ է։
Իսկ մահվանից հետո մարմնի հետ ինչպե՞ս վարվելու հարցում նախընտրություններն ավելի բազմազան են՝ 41.7%-ը նախընտրում է ավանդական թաղումը, 30.6%-ը՝ կրեմացիան, 23.1%-ը՝ մարմնից ծառի աճեցումը, իսկ 4.6%-ը նշել է այլ տարբերակներ։
Պետություն-մասնավոր համագործակցություն
Ըստ գաղափարի հեղինակների՝ այս կառույցները շահութաբեր են լինելու։ Գոյություն ունեն տարբեր սխեմաներ, որոնք կարող են իրականացվել պետություն-մասնավոր համագործակցության մոդելով։ Պետությունը մշակում է նախագիծը և տրամադրում հողը, մասնավորը՝ կառուցում, շահագործում, պարտավորվում ապահովել պատշաճ սպասարկում և ստանում շահույթ։ Այս մոդելը թույլ է տալիս առանց պետական լրացուցիչ ներդրումների ստեղծել ինքնաբավ համակարգ, որը շարունակական եկամուտ ապահովելով՝ կարող է ընդլայնվել ու զարգանալ։
Նախագծի թիմը
Նախագծի հավանությունը՝ Առողջապահության նախարարության, Եկեղեցու և ոլորտի մասնագետների կողմից
Խմբի անդամները հասցրել են զանազան հանդիպումներ ունենալ ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ մարդաբաններ, տնտեսագետներ, ճարտարապետներ և ստացել նրանց հավանությունը։ Նրանք զրուցել են, թե ի՞նչ մարտահրավերների կարող են բախվել հանրության ընկալման տեսանկյունից, քննարկել են հնարավոր լուծումները, նման նախագծի դիմելու մեթոդոլոգիան և այլն։ Անգամ հանդիպել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որը ողջունել է նրանց գաղափարը։
«Այցելել ենք ենք նաև Էջմիածին, հանդիպել Տ․Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։ Ներկայացրել ենք ծրագիրը և եկեղեցին ասել է, որ խնդիր չի տեսնում։ Եկեղեցու դիրքորոշումն այսպիսին է՝ ավանդական ձևը շարունակում է մնալ գերակա, բայց այս մոդելում հակասություն չեն տեսնում։ Պարզապես անհրաժեշտ է անցնել համապատասխան ընթացակարգերը, որպեսզի դա պաշտոնապես հաստատվի», – հավելում է Մարիաննա Կարապետյանը։
1 տարվա ընթացքում պատրաստվում են մշակել և ներկայացնել նախագծի ամբողջական տարբերակ, որի իրագործմանը աջակցելու է քաղաքապետարանը որպես շահառու կողմ։
«Մենք հասկացանք, որ մեր պրոեկտը «մեռած» պրոեկտ չէ,- ծիծաղելով ասում է Էրիկը։ - նախագծի անունը դրեցինք«Երևանը մահից հետո», որովհետև մահից հետո էլ կյանք կա»։