Աննա Չերկաշևա․ «Հենց այդ պահին ինչ տեսնում եմ, նկարում եմ»
Արվեստ

Աննա Չերկաշևա․ «Հենց այդ պահին ինչ տեսնում եմ, նկարում եմ»

Երևանն ու Գյումրին՝ ռելոկանտ նկարչուհի Աննա Չերկաշևայի նկարներում:

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Նկարները՝ Աննա Չերկաշևայի

 

#Արվեստ

Առաջին տեղում՝ մարդիկ

Ինձ համար առաջին տեղում մարդիկ են, բոլոր երկրներում առաջին տեղում մարդիկ են,  երկրորդ տեղում՝ աշխարհագրությունն է, թե որտեղ է գտնվում այդ երկիրը, իսկ հետո արդեն՝ ճարտարապետությունը: Կարծում եմ՝ բոլոր կետերում մարդիկ են կարևոր, կան շատ հրաշալի երկրներ, որտեղի մարդկանց հետ չնայած չեմ կարողանում ընդհանուր լեզու գտնել ու անգամ նկարել չեմ ուզում:

 

Հայաստանում հայտնվեցի բոլորովին պատահական: Արդեն պատրաստվում էի լրիվ այլ երկիր գնալ, բայց ընկերներիցս մեկն ասաց՝ չգնա՞նք Հայաստան, ասացի՝ գնանք: Ու եկանք: Ես այստեղ երբեք չէի եղել, ինչո՞ւ չլինել…

 

 

Կոնդ

 

Շատ հետաքրքիր է, ես չէի սպասում, որ այսպիսի բոլորովին այլ աշխարհ կա: Պատկերացում ունեի խորհրդային Հայաստանից և այլն, բայց այն ինչ պատմել էին ինձ իմ պապիկը կամ տատիկը, ես բոլորովին այլ երկիր տեսա: Երբ եկա, բոլորովին այլ զգացողություններ եղան՝ անսպասելի զգացումներ էին:

 

Այն, ինչ տեսնում եմ

Ես ինչ երկիր գնում եմ, սկսում եմ նկարել: Ինչն է հետաքրքիր, այն, որ ես նկարում եմ փողոցում, ես հենց այդ պահին ինչ տեսնում եմ, նկարում եմ, որովհետև մտածում եմ, որ կկորցնեմ կարևոր պահեր, ու հաջորդը՝ կարևոր են նաև մարդիկ փողոցում, երբ դու նկարում ես, մարդիկ անցնում են: Եվ ինձ զարմացրեց այն , որ սա առաջին երկիրն է, որտեղ մարդիկ հարգում են քո աշխատանքը, նրանք մոտենում են քեզ ու հարցնում՝ ձեզ չե՞մ խանգարում, այն դեպքում, երբ ես եմ իրենց տան բակում կանգնած: Եվրոպայում պարզապես ուշադրություն չեն դարձնում, օրինակ։ 

 

Ինձ պատշգամբները շատ են դուր գալիս, որովհետև ազատության հետ եմ կապում, ով ինչպես կարողանում է, կառուցում է, թվում է՝ ինքնաարտահայտման ձև է: Ստացվում է  ինչ-որ խճանկար, շատ քարեր են օգտագործված, իսկ դրանց գույներն ու տեսքն անհավանական գեղեցկություն ունեն: Դրան գումարած՝ մարդիկ ապրում են այդտեղ, զարգացնում են և դա էլ իր հերթին է գեղեցկացնում: Ես այդ ամենը տեսնում և հիանում եմ դրանով՝ կարմիր կապույտ վարդագույն… Եվ այդ ամենը ես այնպես եմ ուզում նկարել, ամեն ինչ ուզում եմ նկարել: 

 

Գույների տրամադրություն էլ կա, որն արտահայտվում է նաև օրինակ հագուստում, երբ ամառ է, բոլորը գունավոր են, ուրախ, իսկ երբ ձմեռ է, բոլորը սև կամ սպիտակ գույների մեջ են, իսկ եթե ձմեռն ինչ-որ մեկը գունավոր է, ուրեմն նա տարբերվող է, արվեստի հետ կապված է: Կան մարդիկ, որ հոգով են շատ գունավոր, երևի մտածում են՝ ինչի՞ մի հատ էլ հագուստով գունավորվեն, գուցե մենք ենք հոգով շատ անգույն, դրա համար այսքան գունավոր ենք ուզում հագնել: 

 

 

 

Երևանյան վերաբերմունք

Հիասթափություն լինում է, երբ սպասելիքներ կան, իսկ երբ դու գնում ես ուղղակի ուրիշ երկիր առանց ճանաչելու, դու պիտի սկսես հարմարվել երկրին: Եթե դու ուզում ես հասկանալ երկրի օրենքները, դու պիտի ընդունես դրանք: Քաղաքի հանգստությունն է դուր գալիս, այդ մայրաքաղաքային աժիոտաժը չկա, ինչպես, ասենք, Մոսկվայում: 

 

Մի հետաքրքիր դեպք հիշեցի: Մի անգամ ես նստած էի մի շենքի կողքը, որն անվտանգ չէր ու որտեղ արգելված էր նստել ու նկարել: Եթե ես դա անեի Մոսկվայում, ինձ կգային ու կտուգանեին՝ լավագույն դեպքում, բայց այստեղ ինձ երկու մարդ մոտեցան հարցրին, թե ի՞նչ եմ անում, ասացի՝ նկարում եմ, ասացին՝ միայն թե ոչ այստեղ, ասացի՝ շատ լավ, հետո նրանք գնացին ու ինձ համար սուրճ բերեցին, հարցրին շաքարո՞վ եմ խմում, թե առանց շաքարի: Ինձ շատ է դուր գալիս մարդկանց վերաբերմունքը:

 

 

Գյումրի

 

Հայաստանի հետ կապված

Եթե տեսնեք իմ սենյակի պատը՝ ամբողջը հայերեն տառերն են, նկարել եմ ու կպցրել, որ սովորեմ: Անսահման գեղեցիկ են, բայց դեռ չեմ կարողանում սովորել: Մի օնլայն կուրս գտա, բայց այդպես չեմ ուզում, ուզում եմ խոսեմ, շփվեմ մարդկանց հետ, ու այդպես ավարտվեց իմ հայերենի դասերը, բայց ես չեմ հանձնվում ու ես պիտի սովորեմ, այնքան եմ ուրախանում, որ մի նոր փոքր բառ կարողանում եմ կարդալ: 

 

Ես չեմ սիրում ցուրտը, ուղղակի ամառն էլ այստեղ ասում են շատ շոգ է լինելու: Ինձ ասել են, որ գարնանը Հայաստանը շատ գեղեցիկ է, ու ես չեմ ուզում դա բաց թողնել: Ես պատրաստվում եմ ճանապարհորդել ամբողջ Հայաստանում ու նկարել, որն արդյունավետ կլինի ինձ համար: Հետո չգիտեմ։ Բայց, համենայն դեպս, կապվել եմ արդեն Հայաստանի հետ: Տանս մի քանի դրոշ ունեմ կախած, դրանց մեկը հաստատ Հայաստանինն է լինելու։ 

հավելյալ նյութեր