Երևանյան օազիս
Միջավայր

Երևանյան օազիս

Ինչպիսին է լինելու բացառիկ ճարտարապետական լուծումներով մանկական զարգացման կենտրոնը Երևանում։

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի

 

Պատկերները՝ Archangel ընկերության

#Ճարտարապետություն

Գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Ֆրեբելը 1837 թվականին բացեց առաջին մանկապարտեզը Գերմանիայի Բլանկենբուրգ քաղաքում: 1830-1840-ական թվականներին նա մշակեց մանկապարտեզի իր տեսլականը՝ հիմնված ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Ժակ Ռուսոյի և ավելի ուշ՝ շվեյցարացի մանկավարժ Յոհան Հայնրիխ Պեստալոցցիի գաղափարների վրա: Ավելի ուշ մանկապարտեզներով և երեխաների կրթական կենտրոններով սկսեց աչքի ընկնել Ճապոնիան: 

 

Տոկիոյից ոչ հեռու «Ֆուջի» (Fuji) մանկապարտեզն այսօր տարբեր չափորոշիչներով համարվում է աշխարհի լավագույն մանկապարտեզներից: Այնտեղ չկան պատեր, իսկ մեծ տարածքում երեխաներն առանց խոչընդոտների մագլցում ու վազում են: Սա շատ երեխաների համար ուղղակի երազանք է: Նման մի կրթական երազանք առաջիկայում Հայաստանում էլ կտեսնենք: Archangel ճարտարապետական ընկերությունը, հետևելով ճապոնական օրինակին, տարածաշրջանում նմանը չունեցող «Օազիս» մանկական զարգացման կենտրոն է նախագծել, մեկնարկել շինաշխատանքները: Ընկերություն տնօրեն Արտակ Կնյազյանը  ԵՐԵՎԱՆին պատմել է կառուցվող ինքնատիպ շինության յուրահատկությունները: 

 


 

Պատմում է Արտակ Կնյազյանը

Կենտրոնի յուրահատուկ լուծումը առաջացել է սովորական խնդրից: Տարածքը փոքր էր, փորձեցինք կանաչապատ տարածքն ու խաղահրապարակը տանիք տեղափոխել: Շինության երկու հատվածում խաղահրապարակներ ունենք: Տանիքի հատակը հատուկ մասնագիտացված ռետինով է: Եթե երեխան նույնիսկ ընկնի՝ չի վնասվի: 

 

Երեխաները միշտ տեսանելի են դաստիարակների համար, բացի դրանից, նրանց համար զվարճանքի հետաքրքիր լուծումներ ենք տվել: Ներքին բակում մեր ձմեռային այգին է, որն ապակեպատ է և հնարավորություն է տալիս բոլոր կողմերից բնական լուսավորություն ստեղծել ամբողջ տարածքի համար: Մանկապարտեզի շուրջբոլորը լի է սաղարթախիտ ծառերով, իսկ վիտրաժային ապակիներն օգնում են, որ միշտ երեխաների աչքը բնության գույներին մոտ լինի:

 

Կենտրոնում սուր անկյուններ գտնել հնարավոր չէ: Ընտրված թե՛ կոր ձևերն ու կաղապարները, թե՛ վիտրաժների գերակշռումը էլաստիկ ու թեթև են դարձնում ամբողջ կառույցը՝ ընդգծելով նրա ֆունկցիոնալ նշանակութունը։ Շինությունը կոր կոմպոզիցիայով ենք նախագծել, որպեսզի այն թելադրի երեխաների շարժը: Եթե երեխաները նույնիսկ որոշեն շատ արագ վազել, իրենք չեն կարող վնասվել, քանի որ բոլոր ձևերն ու կաղապարները կոր են:

 

 

 

Կապը բնության հետ պահելու համար կառույցը նախագծելիս նախատեսվել են նաև օվալաձև բացվածքներ, որ հիշեցնում են փոքրիկ բնության օազիսներ։ Շինությունն առատ է կանաչով: Իհարկե, նաև հաշվի ենք առել բուսատեսակները և բացառել փշոտ, ալերգիկ բույսերը: Ի դեպ, վերջնական անվանումը դեռ «Օազիս» չէ, սա պարզապես մեր թիմում աշխատանքային տերմին է դարձել: Հավանաբար զարգացման կենտրոնին ապագայում այլ անուն կգտնենք: 

 

Յուրաքանչյուր զարգացման կենտրոն կամ մանկապարտեզ ունի հանդիսությունների սրահ: Մեզ մոտ այն ևս հին ավանդական չափանիշներից դուրս է: Ունենք ձևափոխվող բեմ, որն անհրաժեշտության դեպքում կարող է տեղադրվել հենց ձմեռային այգում: Այստեղ, բացի միօրինակ միջոցառումներից, հնարավորություն կլինի կազմակերպել կինոդիտումներ, մուլտերի դիտումներ և այլ զարգացնող միջոցառումներ:  

 

Ավելի քան 2500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով երկհարկ կենտրոնը, որը նախատեսված է մոտ 120 երեխայի համար, Եղվարդի խճուղու նորակառույց վեց շենքի հարակից տարածքում է: Ունի նկուղ, ապաստարան, դասասենյակներ, խմբասենյակներ, առանձին ննջասենյակներ, որոնք երկու կողմից ապահովված են բնական լույսով: Շինությունը շրջապատված է բարձրահարկ շենքերով, որտեղից հնարավոր է տեսնել կենտրոնի տանիքը: Եթե կենտրոնը շրջափակող շենքերի բնակիչների երեխաները այցելում են «Օազիս», ապա ծնողները հնարավորություն կունենան անմիջապես իրենց բնակարաններից հետևել երեխաներին: Կենտրոնը շահագործման կհանձնվի առավելագույնը մեկ տարուց:

հավելյալ նյութեր