Երևանյան սթրիթ արտ. նկարչության բաց դասեր
Սթրիթ արտ

Երևանյան սթրիթ արտ. նկարչության բաց դասեր

Քաղաքն այլ տեսանկյունից ճանաչելու լավագույն միջոցներից մեկը պատերի հետ խոսելն է։ Երևանի հայտնի, քիչ տեսանելի ու դեռ նորահայտ գրաֆիտիների, մուրալների ու սթրիթ արտի այլ ժանրերի ամենահետաքրքիր նմուշներն ուսումնասիրել է սթրիթ արտի վաղեմի երկրպագու, մշակութային լրագրող Էլեն Բաբալյանը։

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

ԵՐԵՎԱՆ #82 | 2023

Երևանի պատերին ընդունված չէ նկարել: Պատճառները բազմաթիվ են. կամ հարգում են 2800-ամյա քաղաքի պատկառելի տարիքը, կամ չեն գտնում այն պատկերը, որը բոլորի սրտով կլինի և չի վիրավորի բնակիչների զգացմունքները, կամ էլ պարզապես երևանցիները պահպանողական են և դժվար են ընդունում նորը: Ընդունված չէ նկարել և վերջ: Ու այն համարձակ սթրիթ արտիստները, որոնք կարողանում են ձեռնոց նետել հազարամյա կարծրացած արժեհամակարգին, բախվում են անհաղթահարելի թվացող խոչընդոտների շարանի: Բայց ժամանակը հոսում է, առաջ գնում և նույնիսկ մեր դարավոր մայրաքաղաքն իր անհանդուրժող բնակիչներով ի զորու չէ կանգնեցնել սթրիթ արտի տարածումը: 


Դժվար է ասել՝ երբ առաջին անգամ Երևանի պատերին հայտնվեցին փողոցային արվեստի նմուշներ: Ոմանք կհիշեն 2000-ականների հեղափոխական կոչերով գրաֆիտիները, քաղաքական մեսիջով տրաֆարետները, դե այն «ես քեզ սիրում եմ»-ներն ընդհանրապես հաշիվ չեն: Այդ փուլը մի կերպ հաղթահարեցինք, մինչև եկավ մուրալը՝ մասշտաբային գեղանկարչություն շենքերի պատերին: Հիմա գտնվում ենք այդ փուլի ակտիվ զարգացման մեջ՝ երբ ում խելքին ինչ փչի, երկու օրում նկարում է: Ոլորտը դեռևս ոչ մի կերպ չի վերահսկվում, չկա քաղաքականություն, «կարելիի» ու «չի կարելիի» սահմանազատում: 

 

 


Ասում են՝ կան չգրված օրենքներ, օրինակ՝ չի կարելի նկարել տուֆի կամ բազալտի վրա, քանի որ փողոցային արվեստի նպատակը գաղջ պատերը գեղեցկացնելն է, իսկ տուֆն ու բազալտը դրա կարիքը չունեն: Սակայն փոքրիկ շրջայցը քաղաքով ցույց կտա, որ կանոնին ոչ բոլոր արտիստներն են ծանոթ: Համարվում է «ոչ կոլեգիալ» նկարել արդեն նկարազարդած պատի վրա, զուտ հարգանք է նախորդ արտիստի նկատմամբ: Չի կարելի նաև նկարել պատմական շենքերի վրա: Երևանի քաղաքապետարանը դեռևս չի ասել իր խոսքը սթրիթ արտի կանոնակարգման հարցում՝ ի տարբերություն հարևան Թբիլիսիի, որտեղ արտիստները ստանում են պետական աջակցություն և որտեղ տարեկան երկու անգամ մուրալի փառատոն է կազմակերպվում: Սակայն Երևանում էլ արդեն կան բավականին հետաքրքիր գործեր, որոնք գտնելու դեպքում ձեր Ինստագրամը կդառնա ավելի գունագեղ: 

 


 

 


Այս շարքում առաջինը Կոնդի պատկերասրահն է՝ առայժմ Երևանի միակ հաջողված բացօթյա թանգարանը: Առաջին նկարը ծնվեց 2018-ի օգոստոսյան մի գիշեր՝ Արարատի գագաթները հիշեցնող եռանկյուններ, արմավենի, «մոլոտովի կոկտեյլ»։ Առավոտյան դա տեսան կոնդեցիները՝ կոնդեցիք, ու չհավանեցին մոլոտովը: Արարատի հետ խնդիր չկար: Փողոցային պայքարի խորհրդանիշ ինքնաշեն զենքը սպիտակ ներկեցին: Բայց հեղինակը համաձայն չէր իր նկարի նման խմբագրման հետ: Սերգեյ Նավասարդյանը, նույն ինքը yerevantropics-ը, սկսեց պայքարել, ու մշակութային պատերազմում արձանագրեց իսկական բարոյական հաղթանակ: Կոնդեցիները, որոնց չոր բնավորության և անհանդուրժող լինելու մասին զրույցները չեն դադարում արդեն տասնյակ տարիներ, այնուամենայնիվ, ընդունեցին ու նույնիսկ սիրեցին փողոցային արվեստն ու աստիճանաբար թույլ տվեցին իրենց տների, նեղլիկ փողոցիկների պատերը գունավորել: Տեղի ունեցավ անհնարինը՝ արվեստը մտավ Կոնդ: Ու Սերգեյին միացան այլ արտիստներ աշխարհի տասնյակ երկրներից, այդ թվում՝ ոլորտում լուրջ հաջողություններ գրանցած աշխարհահռչակ սթրիթ արտիստներ: Ու հիմա Կոնդի փոքր-նեղլիկ տներում ապրողները կրակն են ընկել ամեն պատի մոտ նկարվող տուրիստների և տեսահոլովակ նկարահանող խմբերի ձեռքը: Սակայն չեն բողոքում, պարզվեց՝ Կոնդում ապրում են ամենահյուրընկալ երևանցիները: Իսկ երևանցիներին Կոնդի պատկերասրահից հայտնի դարձած Սերգեյ Նավասարդյանի սթրիթ արտ աշխատանքները՝ արևադարձային Արարատը, «Կյանք» գրվածքները և այլն, կարելի է տեսնել Երևանի շատ այլ գողտրիկ ու ակնհայտ վայրերում: Եվ ոչ միայն Երևանի: 

 


 

 

 

Մեկ տարի անց Կոնդի ֆենոմենը, որից ապշած էին բոլոր երևանցիները, կրկնվեց ոչ պակաս հոռի բարքերով հայտնի մեկ այլ թաղամասում՝ Չարբախում: Shakart-ը՝ Շանթ Կարապետյանը, մի չարբախցի նկարիչ, մի օր որոշեց վերցնել ներկերն ու իջնել նկարելու իր հարազատ շենքի պատին: Ավելորդ է ասել, որ շենքը դրանից միայն շահելու էր, բայց Շանթը նույնպես ստիպված էր վարել իր բաժին պատերազմն ու համոզել, որ չի փչացնում շենքի պատերը: Ժամանակը նրա օգտին էր ու հիմա այլևս ուտոպիստական չի հնչում Չարբախը թանգարանի վերածելու Շանթի երազանքը։ Կիսով չափ ջրում սուզված աղջկան հետևեց կիսաքանդ գործարանի պատին հայտնված հրեշտակը: Շանթը դեռևս Չարբախի միակ սթրիթ արտիստն է, տարածքի մենաշնորհ ունի, բայց այս հարցում ևս կարևորը բարոյական հաղթանակն է, այն է՝ արվեստը Չարբախ բերելը: 

 


 

 

 

Մեկ այլ սթրիթ արտիստ Երևան եկավ Արգենտինայից ու բերեց իր հետ փողոցային նկարչության գաղտնագրությունը: Դպրոցից մեզ ծանոթ «վայելչագրություն» առարկային էն գլխից լուրջ վերաբերվող Վահրամ Ղևոնդյանը՝ Կոտը, չորս տարի հայերենի այբուբենն ուսումնասիրելուց հետո ստեղծեց իր սեփական գիրը: Նրա տառերը շրջանաձև պար են բռնում քաղաքի ամենագողտրիկ, թաքնված հատվածներում: Մեկ անգամ Կոտի գիրը տեսնողն այն այլևս երբեք չի շփոթի այլ այբուբենի հետ: Չի շփոթի, բայց և չի կարողանա գաղտնազերծել ու միանգամից հասկանալ՝ ինչ է գրված: Բայց նկարչության մասին գիտելիքի ու գուշակության տաղանդը համադրելով՝ հնարավոր է կարդալ Կոտի գաղտնագրած փիլիսոփայական լուրջ հարցերը՝ «Ո՞վ ես դու», «Տեսակ» և այլն:

 


 

 

Գարեգին Հարությունյանը փիլիսոփայական հարցեր չի բարձրացնում, ավելի շատ հակված է ստեղծել գեղեցիկը և ուղղակի տարածել այն: Գարեգինը սթրիթ արտին ունի իր ուրույն վերաբերմունքը. սկզբում նա հանձնում է իր մտահղացումը թղթի կամ կտավին, այնուհետ շրջում Երևանով ու փնտրում նրա տեղն այս աշխարհում: Նրա տարօրինակ թղթե բուդդիստը Պուշկինի փողոցում ապրեց մոտ քսան օր, ֆիդայու պորտրետը Մոսկովյան փողոցում առավել կարճ կյանք ունեցավ: Արտիստը հաճախ չի դիմանում մուրալի գայթակղությանը և, այնուամենայնիվ, թողնում է իր հետքը Երևանում: Ծիծեռնակաբերդի ճանապարհին նրա ռազմահայրենասիրական «Այա-Դեդոն» հայացքով ուղեկցում են և սթափեցնում: Այս օրերին Գարեգինը ստեղծագործական ոգեշնչման հետևից հասել է Բալի ու չի մոռացել իր հետ տանել գույնզգույն սփրեյները: Նրա «Հայի Ոգի»-ները փնտրեք կղզիներում: 

 


 

 

 

Ավանդապաշտ Երևանը բառացիորեն ցնցվեց, երբ նրա պատերին հայտնվեց «Համբույր-2020»-ը: Միջավայրի դիզայներ Արման Ստեփանյանն իր 140 քմ ահռելի պատկերի համար ընտրեց «Վստրեչի» կամրջի կողքի շենքի պատը: Ասել, որ բնակիչները երջանիկ էին, սուտ կլիներ: Բայց սիրահար համբուրվող զույգերին դա չէր կարող խանգարել, ինչպես և հոգ չէր քովիդի ժամանակ պարտադրված դիմակը, որով նրանց պատկերել էր նկարիչը։ Արմ Ստեփանյանի մեկ այլ մոնումենտալ աշխատանք զարդարում է Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկի պատը: «Ցատկող կատուն ու լուսինը» առավել անցավ ընդունվեց, հավանաբար, շենքի բնակիչները կենդանասեր են: 

 


 

 

Կանանց կերպարներով աչքի չընկնող Երևանը բոլորովին վերջերս զարդարվեց մի շատ թիթիզ մուրալով: Կողբացի 20 հասցեում ամերիկահայ սթրիթ արտիստ Կարեն Աշիմյանը, fem.evn օնլայն շոփի հետ համագործակցելով, պատկերեց գեղեցկադեմ մի աղջիկ, որի վրա կոլաժի բոլոր օրենքներով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տարատեսակ զարդեր՝ իրական ապարանջան, մատանի, վզնոց և այլն: Այս անդադար փոփոխվող մուրալը, ըստ հեղինակների մտահղացման, Երևանի պես է՝ մի օր ուրախ ու պճնված, մի օր մտահոգ ու անզարդ: 

 


 

 

 

Հետո Երևան եկան ռուսները, ու երևանյան փողոցային արվեստի կյանքում սկսվեց նոր փուլ, երբ առանց այն էլ անվերահսկելին դարձավ ուղղակի անկառավարելի ու սնկի պես աճող: Իրեն համեստորեն «Աշխարհի լավագույն արտիստ» (Ինստագրամի բիոյի համաձայն) համարող Անատոլի Մոդվագը անգլերեն Unick (ունիկալ) բառը գրեց Երևանի հնարավոր բոլոր վայրերում (այդ թվում՝ ակնհայտ տուֆի և ճարտարապետական կառույցների վրա) և հնարավոր բոլոր երանգավորումներով: Բացի այդ, Մոդվագն ու մեկ այլ ռելոկանտ՝ Տանյա Վինոն, Չարենցի փողոցի սկզբնամասում գտնվող տարիներով լքված ճոպանուղու տարածքը վերածեցին գունազարդ, գույնզգույն կտավի՝ պատկերելով շների ու կատուների մի շարք ցեղատեսակներ: Այս անգամ ոչ ոք չբողոքեց. կամ տարածքը ոչ մեկինն էր (քաղաքապետարանի ականջը խուլ), կամ էլ երևանցիները, իրոք, սիրում են կենդանիներին:  

 


 

Ի դեպ, իշխանությունների մասին. Բենքսին, որի անունով երդվում են բոլոր ժամանակների բոլոր ազգերի սթրիթ արտիստները, ասում է՝ «Շատ հիասթափեցնող է, երբ հասկանում ես, որ քո գործերի լավագույն հավաքողները ոստիկաններն են»: Փաստ է, որ քաղաքում արված բոլոր գրաֆիտիների ու մուրալների ամբողջական ցանկը հենց նրանց մոտ է, ու թեև արվեստի այս ճյուղը բնավ օրինական չէ Երևանի համար, սակայն քաղաքային իշխանությունները չեն շտապում ջնջել դրանք՝ հավանաբար թաքուն հարգանք ցուցաբերելով արտիստի նկատմամբ: Սակայն պետք է հիշել, որ արվեստ ստեղծելն առաջին հերթին պարտավորեցնող է: Նկարել սիրում են բոլորը, բայց ամեն աշակերտ, որը դպրոցում նկարում էր իր սեղանի վրա, հետո չի դառնում մեծ նկարիչ: Ճիշտ նույն կերպ էլ քաղաքի պատերին նկարող ամեն ոք դեռևս սթրիթ արտիստ չէ:

հավելյալ նյութեր