«Երկաթ ծամեմ»․ դոկումենտալ ներկայացում՝ նվիրված Էլվինա Մակարյանին
Մայիսի 14-ին և 15-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում տեղի կունենա «Երկաթ ծամեմ» ներկայացման պրեմիերան, որը հիմնված է իրական փաստերի վրա և նվիրված է ամենակարևոր հայ կատարողներից մեկին՝ Էլվինա Մակարյանին։ Պիեսի հեղինակ ու նախագծի կազմակերպիչ Անահիտ Ղազարյանը պատմել է ԵՐԵՎԱՆին նախագծի մասին։
«Երկաթ ծամեմ»
Էլվինա Մակարյանին նվիրված ներկայացում՝ հիմնված իրական փաստերի վրա
Փակ բնակարան Երևանում։ Խորհրդային Հայաստանը փլուզվում է, իսկ տնային կալանքի ենթարկված երգչուհին սպասում է։ «Երկաթ ծամեմ»-ը պատմում է արգելված երաժշտի՝ հայրենիքում անցկացրած վերջին օրերի մասին։
Ներկայացումն ուղեկցվելու է անգլերեն ենթագրերով։
Դերերում՝
Լուսինե Ավանեսյան
Մարի Գրիգորյան
Դիանա Ռազիել
Թելման Խաչատրյան
Անդրանիկ Աբրահամյան
Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան
Բեմադրիչ՝ Նադեժդա Իսրաելյան
Երաժշտությունը՝ Հայկ Կարոյի
Ազդագիրը՝ Նունե Խուդավերդյանի
Բեմանկարչության ինժեներ՝ Արեգ Միրիջանյան
Պրոդյուսերներ՝ Էդվարդ Մխիթարյան, Ջեմմա Սահակյան
Նախագծի գեղարվեստական խորհրդատու՝ Միշա Չարկվիանի
Նախագիծն իրականացվում է South Caucasus Documentary Theater Network-ի շրջանակներում, որը կազմակերպել է Open Space | Տեսողական և կատարողական արվեստի կենտրոնը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ։
Տոմսեր
Ինչո՞ւ դոկումենտալ ներկայացում
Ինձ թվում ա՝ ամեն ինչն ա դոկումենտ, մեծ հաշվով։ Նույնիսկ ամենամտացածին թվացող պատմությունը փաստագրական ա։ Գոնե ինձ համար։ Իրականությունն ա, որ թույլ ա տալիս երևակայել։ Երբ սկսում ես ուշադրություն դարձնել իրականությանը, փաստերին, դեպքերի հաջորդականությանը, էդտեղ ա, որ իրական գեղարվեստը մեկ էլ բացվում ա քո առաջ։
Ներկայացման ռեժիսոր Նադեժդա Իսրաելյանի ու ինձ համար բուն ստեղծագործական ընթացքը սկսվում ա հենց նյութը հետազոտելուց, որն էլ իր հերթին թելադրում ա բովանդակություն ու ֆորմա։ Չոր, փաստական թվացող նյութի մեջ կա թաքնված մի շատ կարևոր «ճշմարտություն», որը կենսունակ ու ազդեցիկ ա։ Փաստերը հետաքրքիր բաներ են պատմում մեզ մեր մասին, երբ ունենում ես որոշակի հեռավորություն դրանից։ Ուղղակի անհրաժեշտ ա կարողանալ հարաբերվել էդ փաստերի հետ։ Մեզ՝ որպես ստեղծագործողների, ներշնչում ա հենց դոկումենտալ նյութի հետ աշխատանքը։ Բայց շատերի մոտ գուցե պատկերացում ստեղծվի, որ երբ ասում ես դոկումենտալ, ուրեմն՝ դա իրականության չոր վերաներկայացում ա բեմում։ Բնավ էդպես չի։ Դոկումենտալ նյութի հետ աշխատանքը չի ենթադրում հրաժարում պատմությունը վերակառուցելուց կամ նյութի հետ գեղարվեստորեն աշխատելուց։
Ու մի բան էլ. ինձ թվում ա՝ յուրաքանչյուր սերնդի խնդիրն ա վերամտածել, վերաբացահայտել իրեն նախորդող ժամանակաշրջանը, էն պատմությունը, որ իրեն հրամցվում ա։ Ես էլ բացառություն չեմ։ Ես պատմությունը վերագրելու մի մղում/պնդում ունեմ, որն ինձ ուղղակի նետում ա անցյալ (էս պարագայում ոչ վաղ անցյալ), ներշնչում ինչ-որ բաներ պեղել, գտնել ու էսօրվա մարդկանց ասել՝ տեսե՛ք, սա մեր պատմության մի մասն ա, բայց որը հայտնի չի մեզ։ Մի տեսակ շերլոքություն կա դրա մեջ, որի ընթացքը համ անսպասելի ա ու համ էլ անասելի ոգևորիչ։
Էլվինայի կյանքը հետազոտելն էլ էդպիսի մի խելառ արկած էր։
Ներկայացման վերնագիրը վերցրած է «Ավերակ» երգից, որի բառերը գրել է Հովհաննես Շիրազը
Ինչո՞ւ հենց Էլվինա Մակարյանը
Նախ որովհետև հրաշալի երաժիշտ ա, որի երգերը սիրում ու լսում եմ։ Հետո միշտ մի տեսակ անարդարության զգացողություն եմ ունեցել, երբ մտածել եմ իր մասին։ Ու էդ զգացողությունն ա, որը վերաճել ա գործողության, դրդել ա, որ հետազոտեմ ու իր մասին ավելին իմանամ։ Իսկ թատրոնի ռեժիսոր Նադեժդայի հետ մեր համագործակցությունն ու ընկերությունը էն սիրուն, փոխվստահության ու ապահով միջավայրն էր, որը հնարավոր ա դարձրել էս ներկայացումը (որը, մեղմ ասած, հեշտ ընթացք չի ու լի ա մարտահրավերներով ու բարդություններով)։
Էլվինային հասկանալու համար անհրաժեշտ ա հստակ հասկանալ էն ժամանակն ու ստեղծագործական սահմանափակումները, որում ինքն ապրել ու աշխատել ա։ Եթե մեր ներկա ազատությունների միջից մտածենք իր արածի մասին, կսխալվենք ու չենք ընկալի նրա արածի հեղափոխականությունը։ Նա երգելու իր ոճով, բեմում իր կեցվածքով հարցադրել ա նորմը։ Ինչը մեծ խիզախում պահանջող արարք ա, որի համար նա թանկ գին ա վճարել։
Էլվինան հավատարիմ ա մնացել ոչ թե նորմերին, հասարակության պահանջներին, այլ իր ներսի ձայնին։ Էլվինան, իր կյանքն ու երաժշտությունը օրինակ ա, որը ցույց ա տալիս, թե ոնց են համակարգերը ճզմում անհատականություններին։ Բայց նաև հիշեցում ա, որ համակարգերը փլուզվում, քաղաքական գործիչներն անհետանում ու ծանակվում են, իսկ արվեստն ու արվեստագետները ապրում են ապագայի մեջ։
Ինչպե՞ս էր հավաքագրվում նյութը
Նյութի հավաքագրման համար աղբյուր են հանդիսացել ինչպես տարբեր տեսագրություններ, մամուլի՝ տարբեր տարիների անդրադարձը նրան/նրա երաժշտությանը, գրավոր վկայությունները, նրա հետ արված հարցազրույները, ֆեյսբուքյան տարբեր խմբերում մարդկանց մեկնաբանությունները, այնպես էլ բանավոր զրույցները նրա ժամանակակիցների, գործընկերների, ընկերների հետ։
Շատ նոստալգիկ էր թերթել տարբեր տարիներին, տարբեր երկրներում տպագրված հայալեզու կամ ռուսալեզու շաբաթաթերթերն ու ամսագրերը, տեսնել, թե երբ են անդրադարձել նրան առաջին անգամ ու հետո ականատես լինել, թե ինչպես ա նրա անունը աստիճանաբար անհետացել մամուլից ու մեկ էլ հայտնվել նրա մահվան մասին լուրերով։ Մեզ համար շատ արժեքավոր էր Արտակ Ալեքսանյանի ու 1994 թվականին Էլվինայի հետ հանրային ռադիոյի լրագրողներից մեկի արած հարցազրույցի ձայնագրությունը, որը ոչ մի տեղ հրապարակված չէ։ Էդ զրույցը ոչ պաշտոնական, ավելի մտերմիկ ձևաչափ ունի ու լիքը բան ա պատմում Էլվինայի բնավորության ու կերպարի մասին։
Ի՞նչը մտավ ներկայացման մեջ
Ներկայացումն անդրադառնում ա Էլվինայի կյանքի՝ 1987-89 թթ..-ն ընկած ժամանակահատվածին, երբ նրան այլևս արգելված էր գնալ աշխատանքի ու նա «տնային կալանքի» տակ էր։ Բայց պիեսում միայն Էլվինայի պատմությունը չի․ մենք Էլվինայի մեկուսացումը համադրել ենք ժամանակի քաղաքական կլիմայի հետ՝ Սպիտակի երկրաշարժ, Մեծամորի ատոմակայանի փակում, Ղարաբաղյան շարժման սկիզբ։ Փորձել ենք ցույց տալ անձի դրաման՝ միջնորդված քաղաքական իրականությամբ։
Ինչպե՞ս են օգտագործվում Էլվինայի երգերը
Ներկայացման երաժշտությունը գրել ա Հայկ Կարոյին։ Մենք ոչ թե ուզում էինք օգտագործել Էլվինայի երգերը այնպես, ինչպես՝ կան, այլ ստեղծել նոր գործեր, համադրել դրանք ներկայացման տրամադրության ու Էլվինայի երաժշտության ու Հայկի էմոցիոնալ մեկնաբանության հետ։ Հղումներ կան Էլվինայի երգերին, մեղեդիներին կամ կատարումներից որոշ հատվածների, օրինակ՝ մի տեսարանի երաժշտություն գրելու համար օգտագործել ենք Էլվինայի ձայնը (որը վերցրել ենք նրա հարցազրույցներից մեկից)։