Երկիր «Նաիրի»
Տեխնոլոգիաներ

Երկիր «Նաիրի»

Ինչպես էին 1960-ականներին Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (նույն ինքը՝ Մերգելյան ինստիտուտ) ստեղծվում առաջին հայկական էլեկտրոնային հաշվիչ մեքենաները, և ով էր կանգնած այդ նախագծի հետևում։

Տեքստը՝ Վարուժան Նազարեթյան / նյութն առաջին անգամ լույս է տեսել “Ереван” ամսագրում 
 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#ՏՏ

 

 

Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ

1956 թվականին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության նախաձեռնությամբ և Խորհրդային կառավարության որոշմամբ ստեղծվեց Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որն առ այսօր առավել հայտնի է որպես Մերգելյանի ինստիտուտ: 1960-ականներին այստեղ ստեղծվեց և պետական հանձնաժողովին ներկայացվեց ԽՍՀՄ-ում առաջին կիսահաղորդչային ԷՀՄ-ն՝ «Հրազդանը»: Ավելի ուշ այս մեքենան կատարելագործվեց և դրա նոր՝ «Հրազդան-2» մոդելը լայնորեն կիրառվեց գիտական հետազոտություններում: 1960-ականներին ինստիտուտում նպատակային աշխատանքներ էին տարվում այսպես կոչված՝ փոքր մեքենաների «Նաիրի» ընտանիքի ստեղծման համար: 1960-70-ական թվականներին թողարկվեցին այս ԷՀՄ-ի տարբեր մոդելներ, որոնք լայնորեն կիրառվում էին գիտության, տեխնիկայի ու տնտեսության ամենատարբեր ճյուղերում: «Նաիրի» ԷՀՄ-ների ստեղծման համար ինստիտուտն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: 
 

Չթխածը

Իր գրասեղանի առջև նստած՝ Հրաչյան հիշում էր, թե ինչպիսի խոչընդոտների միջով էր ստիպված անցնել մինչ այս կամ այն մեքենայի մոդելի ծնունդը: Նա հրաշալի էր հիշում 1962 թվականը: Այդ ժամանակ Մոսկվայում տեղի էր ունենում հաշվիչ մեքենաների միջազգային ցուցահանդես, որին ներկայացված էր ֆրանսիական CBA-500 ԷՀՄ-ն: ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունը գիտական խմբի առաջ խնդիր էր դրել՝ ստեղծել ֆրանսիական մեքենայի կրկնօրինակը, կամ այլ խոսքով՝ «թխել» նույնը: Բայց Հովսեփյանը հակադրվեց վերևից իջեցված բանաձևին և շարունակեց ապագա հայրենական արտադրության մեքենայի իր տարբերակը: 


Բայց գիտնականի նախաձեռնությանը նախարարության ներկայացուցիչներն արձագանքեցին յուրովի: Նրանք ասացին. «Մեզ դա պետք չէ: Արա՛ մեզ համար արտասահմանյան տիպի կրկնօրինակը»: Եվ դա զարմանալի չէր. ԽՍՀՄ-ում գրեթե յուրաքանչյուր նախաձեռնություն խեղդվում էր բնում: Եթե, իհարկե՛, այս կամ այն պաշտոնյայինը չէր: Ամեն դեպքում, Հրաչյան որոշեց չհանձնվել, մանավանդ որ վստահ էր իր իրավացիության մեջ: Նա փորձում էր համոզել ղեկավարությանը, որ ֆրանսիական մեքենայի արդյունավետությունը հնարավոր է հաջորդական գործողության համար միայն մեծ հիշողություն օգտագործելիս, որի համար ֆրանսիացիներն օգտագործում են գերարագ մագնիսական թմբուկներ: 

 

 


Մենք, ասում էր նա, առայժմ չենք տիրապետում բավարար ուժեղ տեխնոլոգիական բազայի նմանատիպ հանգույցների արտադրության համար: Այդ պատճառով, համոզում էր նրանց, այդ մեքենաներն արդեն բարոյապես մաշվել են: Դրա փոխարեն գիտնականն առաջարկում էր բոլորովին նոր ու յուրահատուկ տեխնիկական լուծում, որի էությունը միկրոծրագրի կառավարման սկզբունքի կիրառումն էր: Բացի այդ, նա առաջարկում էր մեքենայի զուգահեռ գործողության բացարձակապես նոր տիպ, որը սկզբունքորեն առավելություն էր տալիս դրան ֆրանսիական տարբերակի համեմատությամբ: 


Ի վերջո, գիտնականների և նախարարության այս պայքարի արդյունքում 1964 թվականին հայտնվեց «Նաիրի-1» ԷՀՄ-ն՝ դառնալով ընտիր հիմք նոր սերնդի մեքենաների ստեղծման համար, որոնցից յուրաքանչյուրն իր տեխնիկական հնարավորություններով քայլ առաջ էր իր նախորդներից: Օրինակ՝ 1970 թվականին ստեղծված «Նաիրի-3»-ը դարձավ երրորդ սերնդի առաջին խորհրդային ԷՀՄ-ն, որում կիրառվել էին հիբրիդային ինտեգրված սխեմաներ. ի տարբերություն այլ ԷՀՄ-ների, որոնց հիշողությունը պահում էր ընդամենը 4 000 միկրոհրահանգ, այս նոր մոդելը հնարավորություն ուներ պահպանել մինչև 128 000 միկրոհրահանգ: Անկասկած, «Նաիրի-3»-ը Հրաչյա Հովսեփյանի հերթական կարևոր նվաճումն էր:

 

Մեծ սրտով փոքր մեքենաներ

Իրականում խորհրդային հաշվիչ մեքենաների դարաշրջանի սկիզբը պետք է համարել 1960 թվականի հունվարը, երբ Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեց «Հրազդանը»՝ դառնալով կիսահաղորդչային առաջին ԷՀՄ-ն ԽՍՀՄ-ում: Եվ միայն դրանից մեկ տարի հետո Միությունում հայտնվեցին МИНСК և МИР կիսահաղորդչային մեքենաները: Իսկ դա հնարավոր դարձավ Հրաչյա Հովսեփյանի ստեղծած կիսահաղորդչային տարրերի բազայի և յուրահատուկ կառավարման համակարգի շնորհիվ: Դրանք առաջին փորձերն էին փոքր չափի ԷՀՄ-ների ստեղծման ուղղությամբ, բայց հենց դրանք դարձան նախադեպ «Նաիրի-1»-ի ստեղծման համար: Հաջողությունն այնքան ցնցող էր, որ Հովսեփյանին հանձնարարեցին շարունակել այսպես կոչված «փոքրիկ մեքենաների» մշակումը: Դեռևս անցյալ դարի հեռավոր 60-ականներին երիտասարդ գիտնականն ու գյուտարարն առաջ քաշեց լայն օգտագործման կամ, այլ կերպ ասած, անձնական օգտագործման ԷՀՄ-ների գաղափարը: Այս գաղափարի իրականացման համար նա ուներ բոլոր նախադրյալները՝ խելք, երիտասարդություն, համառություն և, որ ամենագլխավորն է, հաջողության հանդեպ հավատ: Հենց այս հատկանիշները թույլ տվեցին նրան և նրա գլխավորած խմբին ստեղծել ԷՀՄ-ների «Նաիրի» մոդելները:

 

 


Ի դեպ, ամերիկացի մասնագետների խոստովանությամբ՝ «Նաիրի-3»-ն իր տեխնիկական բնութագրերով համապատասխանում էր այս ոլորտում այն ժամանակվա ամերիկյան վերջին ձեռքբերումներին։ Ահա թե այս առումով ինչ էին գրում ամերիկյան թերթերը. «ԽՍՀՄ-ին «Նաիրի-3»-ի շնորհիվ հաջողվեց նկատելիորեն կրճատել բացը երրորդ սերնդի ԷՀՄ-ների ստեղծման ասպարեզում».


Մեքենան գնահատվեց նաև իր հայրենիքում: Բավական է ասել, որ «Նաիրի» ընտանիքի մինի-մեքենաները դարձան ամենաժողովրդական ԷՀՄ-ները ԽՍՀՄ-ում, դրանց արտադրությանը բաժին էր ընկնում Խորհրդային Միությունում արտադրված բոլոր համակարգիչների մոտավորապես մեկ երրորդը, իսկ Հովսեփյանի գիտական խումբն այդ աշխատանքի համար ստացավ ԽՍՀՄ պետական մրցանակ:


1976 թվականին մի գարնանային օր Հրաչյա Հովսեփյանը շատ երկար մնաց իր աշխատասենյակում: Բոլորը վաղուց տուն էին գնացել, և ինստիտուտում քար լռություն էր: Հոգնած հենվելով սեղանին՝ նա սկսեց մտածել: Բառացիորեն օրեր առաջ հաջողությամբ էր պսակվել նոր սերնդի «Նաիրի-4» ԷՀՄ-ի պաշտպանությունը: Սակայն Հովսեփյանը հոգում ոչ մի ուրախություն չէր զգում, միայն դատարկություն, անբավարարվածություն և հուսահատություն:

 

«Մաշտոց» էլեկտրոնային հաշվիչ մեքենան

Այսօր  տպագիր տեքստը ճանաչող և դրանք թարգմանող սքաներներն ու ծրագրերը սովորական երևույթ են: Բայց քչերը գիտեն, որ դեռևս հեռավոր 60-ականների սկզբին, երբ «համակարգիչ» բառն անգամ չկար, Հայաստանում նախագծել էին այդ կարողություններով օժտված մեքենա: Նախագծումը սկսվեց 1962 թվականին: Որոշ դետալային փոփոխությունների դեպքում այն կարող էր ծառայել նաև ռազմական նպատակներով, ուստի մեքենայի նախագծման հետ կապված ամեն ինչ դարձավ չափազանց փակ ու գաղտնի, և դրա մասին շատ քիչ տեղեկություն է պահպանվել: Բավական է ասել, որ չի պահպանվել «Մաշտոց» մեքենայի ոչ մի լուսանկար՝ միայն մեկ նկար:


Ի տարբերություն ժամանակի այլ ԷՀՄ-ների՝ այն հաշվիչ չէր համարվում: Դրա ստեղծման հիմնական նպատակը տպագիր տեքստի և հատկապես մանրատառ  տեքստերի ճանաչումն էր: Մեքենայի հիշողությունը պարունակում էր ռուսական այբուբենի տառերի գրության տասնյակ տարբերակներ: Համապատասխան կարգավորումների դեպքում հնարավոր էր մեքենայի հիշողության մեջ պահել նաև հայերեն և լատիներեն այբուբենների տառերի տասնյակ տարբերակներ: Բացի այդ, մեքենան կարող էր վերծանել նաև դժվարընթեռնելի տառեր ու բառեր՝ տրամաբանորեն լրացնելով բացակայող տարրերը: Մեքենան բաղկացած էր կառավարման վահանակից, հիշողության և սնուցման բլոկներից՝ վերջիններս տեղավորվում էին ահռելի վեցդռնանի պահարանում: 1964 թվականին մեքենայի նախագծումն ավարտված էր և այն հաջողությամբ անցավ  փորձարկման բոլոր փուլերը: Նույն թվականին մեքենայի նախագծողներից Էմիլ Հովհաննիսյանն այդ թեմայով թեկնածուական դիսերտացիան պաշտպանեց: Ցավոք, անհայտ պատճառներով «Մաշտոցը» սերիական արտադրություն չմտավ: Իսկ հինգ տարի անց նմանատիպ մի սարք նախագծվեց ԱՄՆ-ում։

 

 

 

Ներքին պայքար

Գիտնական-գյուտարար Հրաչյա Հովսեփյանի դերը հայրենական «Նաիրի» սերնդի ԷՀՄ-ների ստեղծման գործում ամեն կերպ փորձում էին նսեմացնել, անգամ՝ զրոյացնել: Ինստիտուտում տարածվում էին ամենատարբեր խարդավանքներ, որոնք երբեմն հասնում էին բացահայտ սաբոտաժի: Տպավորություն էր, որ Հրաչյային փորձում են հեռացնել նախագծի ղեկավարումից, մանավանդ  նրա տեղը զբաղեցնելու պատրաստ թեկնածուների պակաս չկար: Բայց դրա համար անհրաժեշտ էր վարկաբեկել գիտնականին: 


Ի վերջո, չարակամները լավ ձև գտան: Գործարանում, որտեղ հավաքվում էին մեքենաները, դետալներից մեկը, հավանաբար տեխանձնակազմի անուշադրության պատճառով, պարզվեց՝ անորակ է, ինչը հանգեցրեց աշխատանքի խաթարման: Հարցը դրվեց պարտիական խորհրդի քննարկման, որտեղ և որոշում կայացվեց Հովսեփյանին հեռացնել գլխավոր կոնստրուկտորի պաշտոնից՝ պատճառաբանությամբ, որ նրան չի հաջողվել ապահովել նախագծի տեխնիկական աջակցությունը: Իհարկե, նրա համար դժվար չէր ապացուցել իր անմեղությունը, բայց նրան ոչ ոք չէր պատրաստվում լսել: Էլ ո՞նց կլիներ: Վերջապես ինստիտուտի ղեկավարությունը ռեալ հնարավորություն էր ստացել նրան հեռացնել աշխատանքից: 


Բայց «Նաիրի-3»-ի հայտնվելուն անհամբերությամբ էր սպասում ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերություն նախարարությունը: Հենց այդ հանգամանքն էր կոնստրուկտորի հաղթաթուղթը: Բանն այն է, որ նոր նմուշի փորձարկումից շատ առաջ նախարարությունը հրահանգել էր Աստրախանի գործարանին սկսել այդ մեքենաների թողարկումը, քանի որ ցանկանում էր արագորեն հաջողության մասին զեկուցել Կենտրոնական կոմիտեին (սովետական պրակտիկայում շատ տարածված երևույթ): Հովսեփյանը, առանց երկար մտածելու, օգտվեց այդ հանգամանքից և գործուղվեց Աստրախանի գործարան, որտեղ շատ կարճ ժամանակում նրա նախագծով թողարկվեց «Նաիրի-3»-ի 7 մեքենա: 


Հետաքրքիր է, բայց այդ մեքենաներից մեկը հենց Երևանի հաշվիչ մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը բարձր գնահատականի արժանացրեց պետական հանձնաժողովում: Հովսեփյանի համար դա և՛ ամոթալի էր, և՛ ցավալի: Նա ծրագրեր մշակեց չորրորդ սերնդի «Նաիրի-4» մեքենան ստեղծելու համար։ Փառքով վերադառնալով ինստիտուտ՝ նա խանդավառությամբ ձեռնամուխ եղավ նախագծի իրականացմանը, որը հիմնված էր մի շարք նորամուծությունների վրա՝ հաղորդակցության լեզվի և ունիվերսալ ծրագրաշարի առավելագույն պարզեցում, որը թույլ կտար նույնիսկ այլ պրոֆիլի մասնագետին աշխատել մեքենայով: Ըստ էության, «Նաիրի-4»-ը դարձավ նախադեպ ժամանակակից անձնական համակարգիչների համար: Նախագիծն այնքան հեռանկարային էր, որ դրանով սկսեցին հետաքրքրվել նաև զինվորականները: 


ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը նրան և իր խմբին համագործակցության առաջարկ արեց: Սա նշանակում էր, որ համաձայնելով այս առաջարկին՝ նա պետք է թաղեր լայն կիրառության ԷՀՄ ստեղծելու գաղափարը: Այստեղ ևս Հովսեփյանը հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Նա հրաժարվեց պաշտպանության նախարարության հետ խոստումնալից համագործակցությունից, որպեսզի զբաղվի իր գաղափարների իրագործմամբ: Սակայն ոչ ոք չէր պատրաստվում նրան հանգիստ թողնել: Չգիտես ինչու հանկարծ նախագծին վերահսկիչ կցելու անհրաժեշտության հարց առաջացավ: Հասկանալի պատճառներով վերոնշյալը ոչ այլ ոք էր, քան ինստիտուտի գլխավոր ինժեները: Հովսեփյանի մոտ այն տպավորությունն էր, որ ինստիտուտում բոլորը միայն ու միայն իր հեռանալուն են սպասում: Եվ նա հեռացավ։

 

Փախուստ

Նախ հեռացավ ինստիտուտից, ապա որոշում կայացրեց կյանքն ու աշխատանքը շարունակել Արևմուտքում՝ ի վերջո, գիտական աշխարհում նա հայտնի անուն էր։ Երկար տարիներ Հրաչյա Հովսեփյանը փորձում էր ԽՍՀՄ-ից հեռանալու թույլտվություն ստանալ։ Դա հաջողվեց միայն 1988-ին։ Բայց Միացյալ Նահանգներում էլ, պարզվեց, իր հմտություններով մասնագետը չի կարող իրեն գտնել։ Ի վերջո, խորհրդային ԷՀՄ-ների լեգենդն ընդունվեց աշխատանքի համակարգիչների վերանորոգման մի փոքրիկ կենտրոնում։ Իսկ որոշ ժամանակ անց քարտեզների վրայից վերացավ այն երկիրը, որտեղ Հովսեփյանը հասել էր փառքի ու որտեղ հետո թույլ չէին տալիս արարել։ 
Իսկ «Նաիրիները» դարձան պատմություն։

հավելյալ նյութեր