Երկու օր Ստեփանակերտում
Արցախ

Երկու օր Ստեփանակերտում

Բոլոր ճանապարհները վաղ թե ուշ կբացվեն ու մենք նորից կկարողանանք ճամփորդել Արցախ։ Ահա, թե ինչ կարելի է անել, եթե մի արևոտ օր հայտնվել եք Ստեփանակերտում և ունեք 48 ժամ։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկնարները՝ Արեգ Բալայանի, Բիայնա Մահարու, Մարգարիտ Միրզոյանի, Էլեն Բաբալյանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#ՆերքինՏուրիզմ #Արցախ

Արևի քաղաքը

Երբ վերջապես որոշեք ուղևորվել դեպի Արցախ, անվերջ թվացող ճանապարհը ձեզ կտանի Վայոց ձորի անտառներով և, ի վերջո, կհասցնի Սյունիքի դարպասներին։ Պարտադիր կանգ կառնեք, կշնչեք Զանգեզուրի օդն ու նոր կշարունակեք ճանապարհը. քիչ անց սկսվելու է անցակետերի շարանը։ 

 

Ռուս խաղաղապահների ու թշնամու լեզվով «Շուշա» գրվածքը քոռ դանակով կբացեն վերջին տարիներին ձեռք բերված հոգեբանական տրավմաները և գուցե դա ձեզ հետ համոզի Արցախ գալու գաղափարից, բայց վստահ եղեք, վերջին՝ արդեն արցախյան անցակետում ձեզ կողջունեն հարազատ դեմքեր, մի քիչ մտահոգ, բայց հյուրընկալ։ Իսկ մի քանի կիլոմետր այն կողմ ձեր առաջ կբացվի իրեն շրջապատող սարերի ու բլուրների գրկում արևի շողերի մեջ ողողված Ստեփանակերտը՝ զրոյացնելով բոլոր կասկածներն ու վախերը և վերականգնելով սրտի բնականոն աշխատանքը։ 

 


Այդ զգացողությունը կամրապնդվի, երբ մտնեք քաղաք, տեսնեք մարդկանց անխափան կյանքի ռիթմը։ Ստեփի մարդիկ արթնանում են շատ շուտ. շատ անելիք կա մինչ ժամը մեկը՝ «օբեդի» հստակ ամրագրված ժամը, բայց այդ մասին ավելի ուշ։ 

 

Հենց Ստեփանակերտ մտնելուն պես ձեզ կդիմավորեն «Դեդոն ու Բաբոն»։ «Մե՛նք ենք մեր սարերը», նույն «Պապիկ-տատիկի» բլուրը կանգ առնելու լավագույն տեղն է։ Մուգ կարմիր տուֆից հուշարձանը խորհրդանշում է արցախցիների և իրենց հայրենի հողի միջև եղած ամուր կապը։ Քանի որ այն պատվանդան չունի, տպավորություն է, թե հուշարձանը շարունակվում է հողի տակ։ Ամուսինների ջերմ հայացքի տակ շարունակեք ձեր ճանապարհը մինչև «Կոլցեվոյ», որտեղից հետո հաջորդ կանգառը շուկան է։

 

 


Շուկան 

Տեղացիներից շատերն ասում են, որ քաղաքի իրական կենտրոնն այստեղ է։ Վաղ առավոտից հենց դարպասների առջև տեղադրված սեղաններին կանայք թխում են արցախյան հայտնի ժենգյալով հացը։ Ձեր բաժին ժենգյալը ստանալու համար գուցե ստիպված լինեք մի փոքր հերթ կանգնել, բայց դա Ստեփանակերտի կյանքը զգալու պարտադիր պայմաններից է։ 

 

Մուտքի ձախ կողմի վաճառասեղանից երիտասարդ տղան տուփերից մեկի մեջից կհանի ու կառաջարկի նուռ, մինչդեռ մյուս կողմում կանանցից մեկը հատուկ խնամքով կտորե տոպրակից կհանի և ձեզ կտա թթու վարունգներով, կանաչ լոլիկներով կամ, օրինակ, արցախյան համեղագույն կապարներով լի ապակե տարաներ։ Եթե գնումները ձեռքում մի պտույտ էլ անեք շուկայի այլ հատվածներով, կտեսնեք, որ կյանքն այստեղ նույնպես եռում է. հավերը վազվզում են (գուցե վերջին անգամ), վաճառասեղանների հարևանները պատրաստվում են խմել իրենց ավանդական առավոտյան սուրճը կես շոկոլադե կոնֆետով, որը նրանցից յուրաքանչյուրը թղթի մեջ փաթաթել ու պահել է դեռ նախորդ օրվանից։ 

 

Կյանքի այս պատկերը երկար կմնա ձեր մտքում, ինչպես նաև տեղական թոնրի հացի համն ու Արցախի տարբեր հատվածներից բերված թարմ մեղրի բույրը։ Ժենգյալով հացը կուտեք շուկայից դուրս, մուտքի մոտ կանգնած։ Այդպես կհասցնեք հայացք գցել ու նկատել, որ Ստեփանակերտում ոչ ոք ոչ մի տեղ չի շտապում։ Մի քանի ժամ անց կնկատեք, որ դուք ինքներդ էլ արդեն այդ հոգեվիճակում եք, և այդպես կմնաք առնվազն մոտակա երկու օրերին։

 


Գիշերակաց 

Ստեփանակերտում մնալու տեղերը շատ են ու բազմաժանր։ Օրինակ՝ «Պարկ Հոթելը» ինքն իրենով պատմության գրքից է։ Այս գեղեցիկ շինության պատերն առաջին հայացքից չեն հուշում, որ տասնամյակներ առաջ այն զինվորական հոսպիտալ է եղել, իսկ վերջին պատերազմի օրերին նկուղային հարկը լրագրողների գլխավոր շտաբն էր դարձել։ Չմոռանաք մտնել հյուրանոցում գտնվող «Մարաշլյան» ստուդիան, գտնել հենց ձեզ սազող արցախյան տարազը և նկարվել դրանով։ 

 

Բնականաբար, կան նաև ավանդական «Վալեքս», «Եվրոպա» և «Արմենիա» հյուրանոցները։ Երեքն էլ, ի դեպ, գտնվում են քաղաքի կենտրոնական մասերում։ Իսկ եթե ավելի աուտենտիկ փորձառության հետևից եք եկել, կարող եք նույնիսկ Airbnb-ով տարբերակ գտնել, բայց չզարմանաք, եթե հյուրընկալը տառերով գրված իր հեռախոսահամարն ուղարկի. պարզապես ուզում է առանց միջնորդի հարցերը լուծել։ Տեղական կոլորիտին մաքսիմալ մոտ տարբերակ է «Իոսիֆի հյուրատունը»։ Տերը՝ Իոսիֆը, ամբողջ կյանք ալկոհոլային խմիչքների պատրաստումով է զբաղվել, այդ պատճառով էլ ընկերների կողմից ստացել է «Ալխիմիկ» մականունը։ Իոսիֆը ոչ միայն ձեզ լավ կընդունի, այլև ձեզ հետաքրքիր պատմություններ կպատմի, վերջում էլ ձեր ձեռքը կդնի իր իսկ պատրաստած թթի օղիով փոքրիկ շիշը՝ դակված իր իսկ պատրաստված հալված մոմանյութով։

 

 


Քաղաքը՝ ոտքով

Երբ տեղավորվեք ու մի լավ հանգստանաք, անպայման ձեզ դուրս հանեք քաղաքային պրոմենադի։ Ոնց էլ լինի՝ քայլ առ քայլ կհասնեք «Պիտաչոկին»։ Կարող եք տեղի սրճարանից հայտնի պոնչիկները վերցնել ու նստել հենց այգու նստարաններից մեկին։ Որոշ ժամանակ հետո կմիանան շատրվանները, իսկ Ստեփան Շահումյանի արձանը (որի անունով էլ կոչվել է «Պիտաչոկի» հրապարակը) խաղաղ հայացքով կշարունակի նայել իր շուրջ վազվզող երեխաներին ու կարծես մի ամբողջ հավերժություն այգու նստարաններին մտորող պապիկներին։ 

 

Տեսնելով ցերեկային Վերածննդի հրապարակը՝ բարձրացեք վերև՝ դեպի հարակից փողոցներ։ «Ռենեսանսում» կարող եք սրճել մի համով թխվածքով կամ ցանկության դեպքում նույնիսկ ճաշել։ Ամենայն հավանականությամբ, երբ ավարտեք այդ կարևոր գործը, արդեն մթնելուն մոտ կլինի, ու կտեսնեք՝ ինչպես է հրապարակը «վերածնվում», քանի որ ամբողջ քաղաքը լցվում է «Պլոշյադ»՝ ավանդական երեկոյան զբոսանքի համար։ Եթե նույնիսկ Արցախում առաջին անգամ եք, հավանականությունը շատ մեծ է, որ հրապարակում մի ծանոթ դեմք կտեսնեք։ Այդ վայրի կախարդանքը հենց դրանում է. այստեղ միշտ հանդիպում են ծանոթ մարդիկ կամ ձեռք են բերվում նոր ծանոթներ։ Օրը եզրափակեք թատրոնի աստիճաններին։ 


Վահրամ Փափազյանի թատրոնի բեմում ժամանակին ամսական 70-ից ավելի ներկայացում էր ցուցադրվում, իսկ տեղացիներն էլ սիրով գնում ու նայում էին դրանք։ Այսօր շենքը վթարային վիճակում է։ Տեղացիների խոսքով նոր գեղարվեստական ղեկավար ունի։ Հույս ունեն, որ նրա գալով թատրոնը նոր կյանք կստանա։ Իսկ այժմ դուք միայն կարող եք զմայլվել շենքի գեղեցիկ առանձնահատկություններով և միգուցե, եթե ձեր բախտը բերի, պահակը կթողի մի քիչ պտտվել նաև շենքի ներսում։


Օր երկրորդ 

Առավոտյան յոթին դուք ժամադրված եք Ստեփանակերտի ստադիոնում։ Այն գտնելը հեշտ է, «Պլոշյադի» ուղիղ կողքն է՝ Ազգային ժողովի հետնամասում։ Այնտեղ վաղ առավոտյան յոգայի ուսուցիչ Գրիգորին դասընթացներ է անցկացնում՝ համահունչ տեղական հանգիստ հոգեվիճակին։ Յոգայից հետո նորից գնացեք հրապարակ, այս անգամ այն դատարկ տեսնելու համար։ «Բաժակ» կամ «Ստատուս» սրճարանում լավ նախաճաշելուց հետո ունեք մի քանի տարբերակ. գնալ «Հաբ Արցախ» և մի քիչ աշխատել այնտեղի քովորքինգում, մտնել համեմատաբար նոր բացված պատկերասրահը կամ մի երկու ժամով լքել Ստեփը և ուղևորվել բավական մոտիկ գտնվող Վանք գյուղի Գանձասարի վանքը։ Կարող եք ճաշել հենց գյուղի ռեստորանում։ Դուք հաստատ կճանաչեք այդ վայրը, որի առջև ավանակի արձանն է, կողքին մեծ նավ է կանգնած, իսկ մյուս կողմից՝ «Սուպեր Դուքյան» մթերային խանութն է։

 

 


Վերադառնալուն պես 

Երբ վերադառնաք Ստեփ, կարող եք կրկին պտտվել քաղաքով, Ստեփանակերտով զբոսնելը երբեք շատ չի լինում։ Չմոռանաք մայրամուտին հայտնվել քաղաքի բակերից մեկում՝ տեսնելու և հիշողության մեջ պահպանելու ավանդական լվացքները հենց այդ լուսավորության ներքո։ Չզարմանաք, եթե բակերով անցնելիս խորովածի հոտ զգաք։ Հավանաբար վերևի հարկերից մեկում որևէ մեկն իր պատուհանին հարմարեցված մանղալում խորոված է պատրաստում։ Սովորական երևույթ է Ստեփում։ 


Այդքան քայլելուց հետո վստահաբար սոված կլինեք։ Շարժվեք դեպի քաղաքի կենտրոնական հատված։ Երբ մտնեք «Ուռենի», հայացքով փնտրեք սլավոնական արտաքինով, 60-ն անց ակնոցով մատուցողուհու։ Տիկին Ակսանան ձեզ խորհուրդ կտա արցախյան լավագույն ուտեստները, բայց սկզբի համար կբերի իրենց հայտնի «բուլյոնը», որը, համադրված տեղական տապակած բամիայի հետ, կդառնա ձեր կերած երբևէ ամենահամեղ բանը։ Որևէ դեպքում քյաբաբ չպատվիրեք. արցախցիներն այն չեն սիրում և առանձնահատուկ գլուխ չեն դնում պատրաստելիս։ 

 

Այդ ամենը մարսելու համար դուրս եկեք նորից փողոցները չափչփելու։ «Պիտաչոկին» չհասած՝ աջ թեքվեք ու մտեք տեղի մանկական զբոսայգի։ Առանց որևէ քննադատության այնտեղի ատրակցիոններից օգտվել թողնում են նաև մեծերին։ 

 

Նույն Ազատամարտիկների պողոտայով շարունակեք իջնել դեպի «Կոլցեվոյ», ճանապարհին բաց չթողնեք Ստեփանակերտի հանրապետական գրադարանը, որը շուտով նշելու է իր հարյուրամյակը։ Գրադարանի աշխատակիցները ձեզ մեծ սիրով կընդունեն, նույնիսկ սուրճ կհյուրասիրեն և կպատմեն գրադարանի պատմության, այնտեղ տեղի ունեցած բազմաթիվ կարևոր հանդիպումների (օրինակ՝ Ավետիք Իսահակյանի հետ) մասին։ Ու կտեղեկացնեն, որ այսօր ստեփանակերտցիները ժամանակակից սիրավեպեր են սիրում կարդալ։

 

Ստեփի ձեր այցը եզրափակող կետը պիտի լինի «Բարդակ» փաբը։ Այն քաղաքում բացված առաջին, բայց արդեն ոչ միակ փաբն է։ Այստեղ նույնպես հնարավոր է շատ ծանոթների տեսնել, հեչ որ չէ՝ Արեգ Բալայանի Բլօջիկներին կհանդիպեք պատերին ու սեղաններին։ Չմոռանաք սեղաններից մեկի վրա մի խելացի միտք փորագրել, որ ամեն անգամ վերադառնալով ուրախանաք։ Իսկ դուք հաստատ դեռ շատ եք վերադառնալու։ 

 

Տան ճանապարհին բարձրացեք «Տիտանիկի» (չարաբաստիկ նավի տեսքով Ստեփանակերտի ամենաբարձր շենքի) ամենավերևի հարկը։ Եթե ձեր բախտը բերի ու ձեղնահարկի դուռը բաց լինի, կհայտնվեք մի հարմարավետ տանիքում, որտեղից հրաշալի երևում է Ստեփանակերտի գիշերային անցուդարձը։

 

 


Դեպի տուն

Հաջորդ օրը վաղ առավոտյան ճանապարհ ընկեք, բայց մինչ Ստեփանակերտից դուրս գալը անպայման մի տուփ ժենգյալով հաց գնեք այն նույն շուկայի տատիկներից ու մի քանի նուռ։ Ի դեպ, կարող եք նաև շուկայից դուրս գալով մի քանի մետր այն կողմ մտնել «Վանիլլա» ու մի տուփ էլ արցախյան փախլավա տանել ձեզ հետ, որի մի մասը հաստատ կուտեք ճանապարհին։ 

 

«Դեդոն ու Բաբոն» ձեզ այս անգամ բարի ճանապարհ կմաղթեն։ Այսքանը տեսնելուց հետո զարհուրելի անցակետերն այլևս այդքան վախենալու չեն թվա, ճանապարհն էլ անհամեմատ կարճ կլինի։ Տուն հասնելուն պես ձեզ անխուսափելիորեն կպատի սուր կարոտի զգացումը և փախլավայի մնացորդներն էլ կվերանան հենց այդ պահին։ Այս զգացումով երկար եք մնալու, քանի որ ինքներդ էլ տեսաք, որ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակը միշտ արդիական է, և ազատ Արցախն իրոք ընդունեց ձեզ որպես հին բարեկամի։
 

հավելյալ նյութեր