Երկրի վարդագույն թատրոնը
Տուֆ

Երկրի վարդագույն թատրոնը

Երևանյան ճարտարապետության գլխավոր առանձնահատկություններից և խորհրդանիշներից մեկը տուֆն է: Իսկ ինչպե՞ս է վարդագույն քաղաքի վարդագույն քարը հասնում այստեղ:

Տեքստը` Նունե Մելքումյանի


Լուսանկարները` Առնոս Մարտիրոսյանի

 

ԵՐԵՎԱՆ #38 | 2016

#Ճարտարապետություն

Այս քարը հին վայրի նոր կյանքի սկիզբն է։ Լավան այրում է հողը՝ իր ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանություն, և այդ շիկացած հալվածքից ծնվում է լուսաբացի գույնի քարը։ Հետո դրանից տներ կկառուցեն, եկեղեցիներ կկանգնեցնեն։ Իսկ արևածագին երկնքում, ինչպես հայելու մեջ, կարտացոլվի վարդագույն Հայաստանը։

 

Տեսնելու համար, թե որտեղից է ծնունդ առնում Հայաստանի գլխավոր քարը, մենք մեկնեցինք հետխորհրդային տարածքում հրաբխային տուֆի ամենամեծ հանքավայրերից մեկը՝ Գյումրու մոտ գտնվող Արթիկ քաղաք։ Այստեղ արդյունահանում ու մշակում են ամբողջ աշխարհում հայտնի վարդամանուշակագույն տուֆը։ Գնում ենք դեպի հանքը, շուրջբոլորն ամայություն է։ Հսկա դաշտում միայն նեղլիկ ճանապարհն է ու մենք։ Բան չի երևում, ուր նայում ես՝ դեղին է։ Տեղ-տեղ ցորեն է, տեղ-տեղ՝ այրված խոտ։ Ահա միայնակ ու ծռված կրպակը, որից դուրս են նայում արևից այրված դեմքերով բանվորները։

 

 

- Գնա՞նք հանքը նայելու,- հարցնում է տուֆի արդյունահանման ձեռնարկության տնօրեն Աղասը։- Ի դեպ, այն միակը չէ։ Այստեղ քարհանքերը շատ են։ Բարեբախտաբար, հանքավայրը մեծ է, բոլորին հերիքում է։

 

Ընդամենը մի քանի քայլ, ու աչքերիդ առաջ բոլորովին այլ տեսարան է։ Տուֆե ամֆիթատրոնի աստիճաններն իջնում են շա՜տ խորը, իսկ ամենաներքևում մեքենան շերտ առ շերտ կտրում է քարը։ Ամեն ինչ վարդագույն է, շատ վառ։ Զգուշորեն քայլում ենք տուֆե ժապավենով։ Ձգողականության մասին բոլոր պատկերացումներդ շուռ են գալիս, երբ ոտքի տակ զգում ես ապագա շենքերի պատերը։ Եվ թվում է՝ որքան խորն է հանքը, այնքան շենքն ավելի բարձր է լինելու։

 

- Հանք բացելու տեղը որոշելու համար մենք մասնագետների ենք հրավիրում։ Նրանք նմուշներ են վերցնում, ցույց տալիս, թե որտեղ փորել, ու սկսվում է մեր աշխատանքը։ Պատրաստի տուֆե բլոկները մշակման ենք ուղարկում տարբեր ձեռնարկություններ, ասենք՝ Տուֆաբլոկների գործարան։

 

 

Քարին գրված

Երբ մարդը սովոր է տուֆը տեսնել ամենագեղեցիկ երևանյան շենքերի նուրբ զարդանախշերով, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Արթիկում այդ քարից են շինված նույնիսկ գոմերը։ Բայց դա այդպես է։ Հայաստանում տուֆից կառուցել և կառուցում են ամեն ինչ՝ և՛ Էջմիածնի Մայր տաճարը, և՛ ժամանակակից Երևանի Կենտրոնը, և՛ ավտոբուսի կանգառները երկրի ամենակորած անկյուններում։ Այդ քարի վրա փորագրված է ժողովրդի տարեգրությունը։ Վերցնենք Անիի ավերակները։ Ցանկացած քարը հիշեցնում է Հազար ու մի եկեղեցիների քաղաքի երբեմնի մեծության մասին։ Մեկ ուրիշ մայրաքաղաքային պատմություն տուֆի մեջ՝ Էրեբունու ամրոցը։ Դարեր անց Ալեքսանդր Թամանյանը հետևեց հայ ճարտարապետների ավանդույթներին. նույն այդ քարից է կառուցված Երևանի Փոքր Կենտրոնը։

 

Բայց այս ամենը Հայաստանում էր։ Իսկ այ նախորդ դարի 20-ականներին ԽՍՀՄ-ում տուֆին բառիս բուն իմաստով դիմացկունության փորձություն էր սպասվում։ Մինչ այդ տուֆը համարվում էր խոշոր քաղաքներում մեծ, բազմահարկ շենքերի համար ոչ պիտանի շինանյութ։ Նենց էլի, «ծայրամասերում գյուղացիական տներ» շինելու քար։ Այս մասին պատմում է Վալերի Պետրովը «Պարզ շինարարական քարի բարդ հանելուկները» գրքում։ Եվ դա չնայած այն անփոփոխ փաստին, որ տուֆն իր դիմացկունությամբ չի զիջում, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում է աղյուսին։ Միայն բազմաթիվ փորձարկումների արդյունքում ապացուցվեց, որ տուֆը միատարր է, և դրանից կարելի է առանց թերությունների ստանդարտ ուղղանկյուն բլոկեր կտրել։

 

 

Թեթևի մեջ

Կրակով անցածների դիմացկունությունն անվիճելի է։ Տուֆը բացառություն չէ, բայց այն կարելի է մշակել ձեռքի տակ ունենալով միայն սղոց ու կացին, ասում են արթիկցի բանվորները։ Այդպես էլ, ըստ էության, անում էին հարյուրամյակներ առաջ։ Տուֆը ոչ միայն հեշտ է մշակվում, այլև թեթև է։ Ու դա ևս մեկ առավելություն է։ Քարի թեթևությամբ է պայմանավորվում նաև թեթև ճարտարապետական միտքը։ Միգուցե, հենց ինքնին տուֆի գեղեցկության շնորհիվ է, որ դրանից կառուցված շենքերն այդքան պարզ են. հայ ճարտարապետների աշխատանքներում չես տեսնի ճոխ բարձրաքանդակներ կամ հարուստ հարդարանք։ Բայց ի՜նչ սիրուն են։

 

Իսկ քարի գլխավոր արժանիքը վառ, բազմազան գույներն են՝ ի հիշատակ այն ժամանակների, երբ տուֆը դեռ կրակոտ լավա էր։ Հայաստանում կան մանուշակագույն, կարմիր, նարնջագույն, վարդագույն, շագանակագույն, մարմնագույն և անգամ սև հրաբխային տուֆի հանքավայրեր։ Իսկ բնության մեջ հաշվվում է այդ քարի մինչև քսանութ երանգ։ Արդյո՞ք տուֆի լակոնիկությամբ չէր ոգեշնչվել մեծն կոնստրուկտիվիստ Լե Կորբյուզյեն, երբ որոշեց Արթիկի տուֆով երեսպատել Մոսկվայում իր կառուցած միակ շենքը՝ Ցենտրոսոյուզի տունը Մյասնիցկայա փողոցում։ Շատ կարևոր էր հեղափոխական մայրաքաղաքում ստեղծել շենք, որը նոր կլինի ոչ միայն իր նշանակությամբ, այլև արտաքին տեսքով։ Ընդհանրապես, խորհրդային տարիներին տուֆը գլխավորապես եկեղեցական քարից վերածվեց սոցիալիստական քաղաքների քարի։

 

 

Արտագաղթ

Հիմա Արթիկից տուֆն արտահանում են հիմնականում ԱՊՀ երկրներ։ Ժամանակին քաղաքում երկաթուղային կայարան կար, և այստեղ մինչ օրս պահպանվել են արդեն մշակված քարը գնացքներ արագ ու հեշտ վերբեռնելու հատուկ մեխանիզմները։ Այսօր դրանք միայնակ կանգնած են ժանգոտած ռելսերին՝ որպես հիշեցում այն մասին, թե ժամանակին Խորհրդային Միության քանի շենք է կառուցվել կամ երեսպատվել Արթիկի տուֆով։ Սակայն երկաթուղային կապի բացակայությունը չի խանգարում տեղի գործարաններին արտահանել իրենց արտադրանքը. քարի մեծ մասն արտահանվում է բեռնատարներով։

 

- Հայկական եկեղեցիներ կառուցվում են աշխարհով մեկ,- պատմում է Տուֆաբլոկների գործարանի տնօրեն Արթուր Սահակյանը,- իսկ ի՞նչ հայկական եկեղեցի, եթե այն տուֆից չի։ Մենք էլ ամենից հաճախ այն ուղարկում ենք եկեղեցիների կառուցման ու երեսպատման համար։

 

Այդպես սկսվում է հայկական ծագմամբ քարի «սփյուռքային» կյանքը։ Ինչ ուզում ես ասա, բախտի բան է։

 

Թե որքան տուֆ են արդյունահանում հանքում, մեր զբոսավար Աղասը չի նշում։ Ժպտում է ու ասում, որ դա արդյունաբերական գաղտնիք է։ Քարի նոր խմբաքանակը բեռնում են, ու մենք այդ բեռնատարների քարավանի հետ շարժվում ենք դեպի գործարան, որտեղ տուֆը կտրում են բլոկների կամ երեսպատման սալիկների։

 

Դա արվում է հատուկ սարքով, որն ալմաստե կտրող սկավառակ ունի։ Կտրիչի տակից ջուր է ցայտում։ Բանվորները բացատրում են, որ ջուրը հարկավոր է, որպեսզի կտրիչը չբարակի։ Հակառակ դեպքում քարը չի համապատասխանի նախապես հաստատված չափանիշներին։ Կտրած քարի եզրերը հավասարեցնում են և վերջ, մշակումն ավարտված է։ Ի դեպ, տուֆի արդյունահանման և մշակման բոլոր ձեռնարկությունները բացառապես լիցենզիայով են աշխատում։

 

 

Տուֆ ու տեղ

Արթիկի գործարանը լքելիս ես կռացա ու գետնից տուֆի փոքրիկ կտոր վերցրեցի. շատ էի ուզում հոտ քաշել։

 

— Ով գալիս է այստեղ, այդպես է անում, — ժպտաց Արթուր Սահակյանը՝ նկատելով քարի կտորն իմ ձեռքում։ — Հետաքրքիր է՝ ինչու, ախր ինչ-ինչ, բայց տուֆն էլ հո ամեն տեղ է։

 

Հավես էր մտածել, որ այդ փոքրիկ բեկորը, որը չէր գտել իր տեղը եկեղեցու, կամ միգուցե առանձնատան, կամ բազմահարկ քաղաքային շենքի պատին, ես ինձ հետ տանում էի ոչ ֆուրգոնով, ոչ էլ երկաթուղով։ Այդ տաք քարը (տեսնես՝ սառը տուֆ լինո՞ւմ է) շատ հարմար տեղավորվել էր ափիս մեջ։ Ես այն տանում էի Երևան՝ այնտեղ, ուր շուրջբոլորն ամեն ինչ ներծծված է տուֆի գույնով ու բույրով։ Եվ արդյոք արժե՞ զարմանալ, որ տուֆի բույրը շնչել ես ուզում։ Չէ՞ որ հենց այդպես է բուրում տունը։

հավելյալ նյութեր