Երկրորդ հարկի գառաժը
Վինիլ

Երկրորդ հարկի գառաժը

Երևանի միակ մասնագիտացված վինիլային խանութը․ Garage Store:

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարներ՝ Garage Vinyl Store

 

ԵՐԵՎԱՆ #58, 2019

#Լսում_է_Երևանը

Ոմանք նոր քաղաքներում փնտրում են հուշանվերներ, ոմանք՝ վինիլային ձայնապնակներ։ Ամենահաճելի պահը նեղլիկ փողոցներից մեկի անկյունում հատուկ այդ կլոր, տափակ երաժշտակիրների խանութ տեսնելն է: Հետո ընտրյալ պնակը զգուշորեն տուն հասցնելը, քսան տարվա ձայնարկչի վրա լսելը: Այս ամենը անում են նաև Երևան այցելող ճամփորդները, երբ գտնում են Աբովյան-Պուշկին խաչմերուկի հին երևանյան շենքում տեղակայված Garage Vinyl Store-ը։

 

Դեպի երկրորդ հարկ

Երեքշաբթի, կեսօր, արագ քայլելով իջնում եմ Աբովյան փողոցով, անցնում Աոքսի շենքը և մտնում մեկ այլ սևատուֆ շենք՝ Աբովյան 3/1: Եթե Երևանի այլ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի վիճակը, մեղմ ասած, տխուր է, ապա այստեղ վերջին տարիների քաղաքաշինական թրենդերի ձեռքերը չեն հասել: Արդեն ներսում առաջին բանը, որ տեսնում եմ՝ աստիճանների վերևում կախված Vinyl Store-ի նեոնային ցուցանակն է: Հետո արդեն սկսում եմ նկատել շենքի մնացած դետալները՝ սև ու սպիտակ սալիկապատ հատակը, հին պատուհաններն ու աստիճանները: Բարձրանում եմ երկրորդ հարկ՝ դիմացս գորգերի խանութ է, մի քիչ ավելի խորքում` Second Floor սրճարանի մուտքը, այնուհետև հայտնվում են տիպիկ հին երևանյան պատշգամբում, ու այս ամենը` հեռվից լսվող երաժշտության ուղեկցությամբ: Մարդկանց, աթոռները և սեղանները շրջանցելով` հայտնվում եմ Garage Vinyl Store-ում: Ամենուրեք վինիլներ են, դրանցից մեկը պտտվում է ձայնարկչի վրա ու արտաբերում քիչ առաջ լսածս երաժշտությունը: Սենյակի լուսավորության հետ միասին ձայները ստեղծում են այդ անկրկնելի ֆանքային տրամադրությունը: Քիչ անց հանդիպում եմ խանութի համահիմնադիր Վահագն Մարտիրոսյանին: Սրճարան, մեկ այլ պատշգամբ` արդեն ավելի փոքր: Այստեղ էլ զրուցեցինք, պատմեց Երևանի և վինիլի հարաբերությունների և այն մասին, թե ինչպես բացվեց մեր օրերի միակ երևանյան Vinyl Store-ը:

 

 

Մեր մանկության վինիլները

Հայաստանում դեռ սովետական տարիներին կար պլաստիկի գործարան, որտեղ վինիլային սկավառակներ էին արտադրվում, կային արտիստներ, ովքեր վինիլի վրա ձայնագրում էին իրենց երաժշտությունը: Պնակներով արտերկրից և ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից Հայաստան էր հասնում այդ ժամանակվա լավագույն երաժշտությունը:

 

Վինիլը Հայաստանում էլ է զարգացում ունեցել, միայն Կոմիտասի ձայնը վինիլով վայելելու հնարավորությունը կամ Տաթևիկ Հովհաննիսյանի «Դռներ» սկավառակը ինչե՜ր արժեն: Վինիլը միավորում էր սերունդներ. երեխաները պնակներով հեքիաթներ էին լսում, երիտասարդները՝ ռոք, մեծահասակները` դասական: Գրեթե բոլորի տներում կային «պլաստինկաներ»: Ինչ-որ պահի գործարանը փակվեց, վինիլին փոխարինելու եկան լազերային դիսկերն ու կասետները, իսկ նվագարկչին՝ այփոդներն ու հեռախոսները: Վինիլի մշակույթը պահպանվեց որոշ մարդկանց տներում։ Գուցե դարակի խորքում ու մի քիչ փոշոտված, բայց պահպանվեց: 2018-ին, երբ Second Floor սրճարանին կից բացվեց Garage Vinyl Store-ը, վինիլասեր հասարակությունը արթնացավ և կրկին ասեղը դրեց սկավառակի վրա:

 

Ֆիզգոռոդոկից` Վինիլ Սթոր

«Մոտ 2010-ից քաղաքի տարբեր վայրերում վինիլ ենք քարոզել, նվագել, տարածել, բայց ամեն ինչը սկսվել է ֆիզգոռոդոկի մոտակայքում գտնվող մի հասարակ գարաժում, — պատմում է Վահագնը, — վինիլով էլեկտրոնային երաժշտություն էինք նվագում, մեր Youtube-ի ալիքով լայվսթրիմինգ էինք անում, իսկ մեր ընկերներից մի քանիսն էլ էդ ընթացքում հայկական էլեկտրո երաժշտության վինիլային ձայնագրություններ են հաջողացրել անել»:

 

Եկավ մի պահ, երբ պարզապես վինիլ սիրելը, ընկերներով լսելը այլևս բավարար չէր: Ցանկություն առաջացավ անել մի ավելի մեծ բան, օրինակ՝ ունենալ հենց վինիլի խանութ: Հայաստանում նման բան չկար, ստիպված դրսից էին պատվիրում, իսկ մինչև այդ վինիլը գալիս էր, հասնում հասցեատիրոջը, վինիլային մշակույթը Հայաստանում ազատ անկման մեջ էր: Մոտ երկու տարի առաջ, երբ Աբովյան 3/1 հասցեում բացվում էր Second Floor-ը, սրճարանի հիմնադիրներից Սոս Ջանիբեկյանն իրենց առաջարկեց բացել վինիլների խանութ: Garage Vinyl Store-ը վերջերս տոնեց իր մեկ ամյակը:

 

Սթորում հավաքել են տարբեր տեսակի երաժշտության վինիլներ` ֆանքից ու հիփ-հոփից մինչև հայկական ժողովրդական: Խանութի տեսականու մի մասը հենց թիմի կողմից տարիներով հավաքած հավաքածուներից են հանված: Երեք-չորս հազար ցուցադրվածից 2000-ը խորհրդային ժամանակ պատրաստված վինիլներ են՝ «Մելոդիայի» տարբեր գործարաններում արտադրված: Եվ տեսականին միշտ թարմացվում է։ Ու եթե հայտնի ու տարածված շատ ձայնագրություններ կարելի է գտնել տարբեր ձևաչափերով ու կրիչներով, ապա որոշ հատկապես էլեկտրոնային ալբոմներ, ինչպես վստահեցնում է Վահագնը, հնարավոր չէ գտնել նույնիսկ Յութուբում՝ վինիլը նրանց միակ հանգրվանն է։

 

Բուն սկավառակներից բացի, այստեղ կա ամեն ինչ վինիլ լսելու և պահելու համար՝ նվագարկիչներ, ուժեղացուցիչներ, խնամքի պարագաներ և այլ ատրիբուտներ: «Սկզբում ամեն ինչը սիրողական մակարդակի էր, իսկ հետո պահանջարկ զգացինք ու սկսեցինք զարգացնել՝ ավելի պրոֆեսիոնալ turntable-ներ, դինամիկներ և այլն»,- հիշում է Վահագնը:

Վահագն Մարտիրոսյանը


 

Էն թվերի դիփ հաուսը

Վահագնի խոսքով՝ վինիլի սիրահարները շատացել են, քանի որ պնակով վատ երաժշտություն չես լսի: Ասում է՝ վինիլը մեկ տարվա մեջ նորից քուլ է դարձել։ Պահանջարկը աչքի առաջ աճում է: Քաղաքում շատացել են վայրերը, որտեղ երաժշտությունը վինիլի վրա են նվագում՝ բնականաբար 2nd Floor-ը, հետո՝ Simona, Process, Mirzoyan և այլ, և այլն:

 

Երևանցիները ամենաշատը ռոք են վերցնում: «Երբ Pink Floyd-ի The Wall կամ Dark Side of the Moon ալբոմները գալիս են ու երկու օրվա մեջ վերջանում են», պատմում է Վահագնը: Բացի այդ, խանութի այցելուները հիփ-հոփ, ֆանք ու ջազ էլ են սիրում: Մեծամասնությունը միջին տարիքի են, երիտասարդները երևի այցելուների 30% են կազմում: Շատ են տուրիստ գնորդները, որոնք հիմնականում հայկական ժողովրդականի, ֆանքի ու ջազի սիրահարներ են: Հասկանալի է, որ փնտրում են այնպիսի ձայնագրություններ, որոնք դժվար թե գտնեն իրենց երկրներում՝ ցանկացած հուշանվերից արժեքավոր հուշ է։ Վահագնն ասում է․ «Գալիս են, ուզում են իրենց հետ զուռնա դհոլ դուդուկով վինիլներ տանեն։ Ես էլ միշտ ասում եմ, որ դուդուկը էն թվերի դիփ հաուսն ա»:

 

Գնորդներ ունեն, որոնց հետ այնքան են ընկերացել, որ գալիս են երկար իրենց մոտ նստում, զրուցում, անգամ փոխանակումներ են անում՝ մի բան իրենք են բերում, դրա փոխարեն խանութից մի լավ պնակ վերցնում:

 

Garage Vinyl Store-ը ուղղակի երազանք չէր, ընկերներով հստակ նպատակ ունեին տարածել ու մարդկանց մատուցել վինիլի կուլտուրան և պատմել` ինչ է իրենից ներկայացնում այն: Առ այսօր կան մարդիկ, ովքեր մտածում են, որ վինիլը ժանր է, մինչդեռ արտասահմանում, առհասարակ, արտիստները, երբ ալբոմ են թողարկում, միշտ վինիլային տարբերակ էլ են ներկայացնում սահմանափակ քանակությամբ, իհարկե, առանց որևիցե շահ հետապնդելու, քանի որ այսօր վինիլի դեպքում շահ ակնկալելը մի քիչ անհեռանկարային է, պիտի հաճույքի համար անես: Ինչպես անում են Garage Vinyl Store-ում։

 

Garage-ի հիմնադիրները. Արամ Սամուելյան, Վահագն Մարտիրոսյան, Տիգրան Խալաֆյանց, Ցոլակ Տոնոյան, Սոս Ջանիբեկյան, Գրիգոր Վահրամյան

 

Բա հետո՞

Garage Records-ը շարունակում է ստեղծագործել, վերջերս հայկական ջազային երաժշտության վինիլ ներկայացրեցին: Առաջին անգամն էր, որ հայկական լեյբլը հենց հայկական ջազ ձայնագրի: «Սահմանափակ քանակությամբ էինք արել, ընդամենը 41 օրինակ, բայց ուզում ենք շարունակել,- ասում է Վահագնը,- այսօրվա արտիստներից ունեցել ենք Տիգրան Համասյան, Մալխաս, Արտյոմ Մանուկյան, ովքեր ջազային վինիլներ են ձայնագրել, բայց լեյբլը երբևիցե հայկական չի եղել»:

 

Շարունակվում է վինիլային համահայկական քարոզը՝ ամռանը Garage-ի աջակցությամբ վերաբացվեց Խնկո-Ապոր գրադարանի ձայնապնակների սրահը, հետո տղաները մասնակցեցին Urvakan փառատոնին, որտեղ նվագում ու վաճառում էին իրենց պնակները, իսկ Անկախության օրվա տոնահանդիսություններին Գյումրիում հատուկ ելույթ էին պատրաստել զբոսայգիներից մեկում:


Բայց ի վերջո, ի՞նչն է այդքան ուրիշը այս ամենում։ «Վինիլային երաժշտությունը ավելի մաքուր է՝ բնական: Վինիլը մենակ երաժշտությունը լսելը չի, այլ ձեռքիդ մեջ բռնելը, շապիկի նկարազարդումն ուսումնասիրելը,- ասում է Վահագնը, — չեմ կարող բացատրել այդ զգացողությունը, երբ տուփը բացում ես, վինիլը հանում, փոշին վրայից սրբում, և ասեղը դնում վրան․․․ Ոչ մի թվային ձայնի հետ փոխելու չի»:

 

 

Այստեղ էլ թողնում եմ Վահագնին, Երևանի ամենահին շենքերից մեկի պատշգամբում, անցնելով նույն ճանապարհը դեպի դուրս, արդեն ավելի վինիլային տրամադրությամբ (ձայնարկիչով արդեն ուրիշ սկավառակ էր պտտվում): Իջնելով աստիճաններով` նորից աչքիս է ընկնում լուսարձակող Vnyl Store ցուցանակը: