Երկրորդ իմաստի հումոր
ԿՎՆ

Երկրորդ իմաստի հումոր

Երևան-Օդեսա հակամարտությունը, երգիծական երգերից վախեցող գրաքննիչները, փառքը հայրենիքում և այդ ամենի հետևանքները. պատմում է Ուրախների և հնարամիտների ակումբի առաջին հայկական թիմի՝ լեգենդար ԵրՊԻ-ի ավագ Արա Երնջակյանը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյան 

 

Լուսանկարները՝ Արա Երնջակյանի արխիվից

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

Ծերուկներն ու թագուհին

1957-ին ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ սկսեց հեռարձակվել «Ուրախ հարցերի երեկո» հաղորդումը։ Չորս տարի անց՝ 1961-ին, երիտասարդական ծրագրերի խմբագրությունը որոշում կայացրեց ստեղծել մի նոր նախագիծ։ Այդպես հայտնվեց «Ուրախների և հնարամիտների ակումբը»՝ ԿՎՆ-ը՝ Խորհրդային Միության ամենաերիտասարդական հաղորդումով, որին հետևում էին միլիոններ, իսկ հաղթանակն ուներ գուցե ոչ պակաս արժեք, քան ասենք միութենական ֆուտբոլային առաջնությունը։ 


Հայաստանում ԿՎՆ-յան առաջին հանդիպումը տեղի է ունեցել դեռ 1960-ականներին Երևանի Դերժինսկու անվան և Պուշկինի անվան դպրոցների միջև։ Արդեն դրանից հետո Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում խաղեր կազմակերպվեցին ավագ ու կրտսեր կուրսերի միջև։ Արդյունքում ձևավորվեց երկու թիմ՝ «Старики» և «Дамма Пик» («Ծերուկներ» և «Բահերի թագուհի»)։ Հենց այս երկու թիմերի միաձուլումից ծնվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի թիմը՝ ԵրՊԻ-ն, որը հանդես եկավ 1971-1972-ի ԿՎՆ-ի հեռուստատեսային եթերում։ 

 


Ուրախ ու հնարամիտ երիտասարդների այս թիմը նախ տեղական նշանակության մի շարք հաջողություններ գրանցեց երևանյան առաջնությունում, հետո արդեն եղան միջազգային առաջին հաջողությունները, մասնավորապես՝ հաղթանակը Վոլգոգրադում անցկացվող մրցույթում։ Այդտեղ էր, որ նորաթուխ հերոսներին նկատեցին Մոսկվայից ու հատուկ փորձնական խաղ կազմակերպեցին Սիմֆերոպոլի փորձառու թիմի հետ, որից հետո նրանց հրավիրեցին Մոսկվա։ Թիմը մեծ հաջողություն գրանցեց և հասավ եզրափակիչ՝ ջախջախելով հակառակորդներին։ 
Հաղթական թիմում կային հետագայում ԿՎՆ-ից շատ ավելի հեռուն գնացած դեմքեր՝ Ռոբերտ Սահակյանց, Արմեն Ահարոնյան, Վիգեն Ստեփանյան, Շավարշ Քոչարյան, Հակոբ Զադոյան, Արմեն Մարֆարյան և այլոք։ Թիմի ավագ Արա Երնջակյանը համոզված է, որ իրենց թիմը ոչ միայն ամենաերաժշտականն էր, այլև տարբերվում էր ինտելեկտով։ «Այն ժամանակ ԿՎՆ-ում միակն էինք, որ բեմից հնչեցնում էինք Բեթհովեն ու Շոպեն, տղաներն էլ առնվազն երեք ձայնով հրաշալի երգում էին։ Բացի դա՝ մեր հումորն էլ այլ էր, մի տեսակ՝ ակումբային։ Այդպես էլ կոչում էինք՝ «Мужской клуб» [«Տղամարդկանց ակումբ» - խմբ.]:

 

Բեմ էինք դուրս գալիս անձրևանոցներով, «տռոյկա» հագած՝ անգլիական ակումբի ոճով։ Մեր հումորն էլ ծանրակշիռ էր, մենք էլ այդպիսինն էինք։ Օրինակ՝ ի տարբերություն մյուս թիմերի՝ խաղից առաջ կուլիսների հետևում փորձեր չէինք անում, այլ նստում էինք դահլիճում՝ հանդիսատեսի հետ։ Երբ հայտարարում էին մեր անունը՝ պարզապես բեմ էինք բարձրանում ու առաջին բանը, որ հնչում էր բեմից՝ իմ արտասանությամբ ժպիտի մասին մի տեքստ էր, որն ավանդույթ դարձավ։ Իսկապես տարբերվում էինք: Առհասարակ հայկական հումորը երկրորդ իմաստի հումոր է, այն պատրաստված մարդկանց համար է, ոչ թե՝ հրեցիր՝ ընկավ, խուտուտ տվեցիր՝ ծիծաղեց: Մեր հումորն այդպիսին չէ, բռի չէ, կոպիտ չէ, այն մի տեսակ թախծոտ չապլինյան է և գուցե մեր հումորները նույն պահին պայթյուն չեն առաջացնում, բայց երկար են հիշվում։ Նույնը չեմ կարող ասել, օրինակ, հրեական հումորի մասին, որը, կարծում եմ, ակնթարթային արձագանքի հումոր է»։

 

Աստղային կյանք

Մոսկովյան հաջողությունից հետո ԵրՊԻ-ն մեծ փառք էր վայելում հայրենիքում։ Օրինակ՝ տաքսիստները հրաժարվում էին գումարը վերցնել։ Էլիտար էր համարվում այն ծննդյան օրվա խնջույքը, որտեղ ԵրՊԻ-ից հյուր կար։ Տղաներն էլ առիթը չէին կորցնում ու հրավերի դեպքում ներկայանում էին բոլորով միասին. ուտում, խմում, մի լավ զվարճանում։ Հոբելյարը հպարտ էր, թիմը՝ կուշտ։ 


Իրենց չարաճճիություններն Արա Երնջակյանը սիրով է հիշում. «Մոսկովյան խաղերի ընթացքում ապրում էինք ոչ այնքան լավ հյուրանոցներում։ Այդտեղ էլ հաճախ ողջ գիշեր փորձեր էինք անում։ Մեր թիմակից Վիգեն Ստեփանյանի մայրը մեր ինստիտուտի պրոֆկոմն էր ու միշտ ներկա էր լինում խաղերին։ Ինքն էլ ավելի լավ հյուրանոցում էր ապրում, բայց հաճախ էր գալիս մեզ մոտ ու Վիգենի համար լիքը համեղ ուտելիքներ բերում։ Մենք էլ ներքևում դիմավորում էինք Վիգենի մայրիկին, տեղում միանգամից ուտում ամենը, ինչ բերել էր, իսկ երեկոյան, վերջին կոնֆետը կծելով, Վիգենին ասում, թե՝ մայրիկն էր եկել, բարևում էր»։ 

 

ԵրՊԻ-ի ավագ Արա Երնջակյանը՝ խաղի ժամանակ

 

 

Անհավասար եզրափակիչ 

ԵրՊԻ-ն եզրափակիչ դուրս եկավ Օդեսայի թիմի հետ։ Բոլորին էր հայտնի, որ այդ թիմի հետ աշխատում էին այդ ժամանակ ԽՍՀՄ լավագույն երգիծաբանները։ Պատճառը նախորդ խաղում Օդեսայի անարդար պարտությունն էր Բաքվի թիմին։ Իսկ ԵրՊԻ-ին օգնող չկար, ամեն բան ստիպված էին անել ինքնուրույն։ Դա դեռ քիչ էր՝ ԿՎՆ-ն, ինչպես ամեն բան այդ տարիներին, ակտիվ գրաքննվում էր։ 


Ըստ Արա Երնջակյանի, երևանյան թմի ելույթներն անհամեմատ ավելի ուժեղ կարող էին լինել, եթե չլիներ այդ չարաբաստիկ գրաքննությունը. «Եզրափակչի համար «Տնային աշխատանք» բաժնում պատրաստել էինք մի շատ հաջող էտյուդ, որտեղ գործիքներին մարդկային հատկանիշներ էինք տալիս։ Համարը խիստ գրաքննության ենթարկվեց և մի քանի անգամ փոփոխվեց։ Որոշ ժամանակ անց, երբ հաշված օրեր էին մնացել ելույթին, համարն առհասարակ արգելեցին՝ որակելով հակասովետական։ Վերջին ուժերի լարումով նոր էտյուդ մտածեցինք, բայց դա արդեն այն չէր, իհարկե։ Եզրափակչի մեր հակառակորդ Օդեսայի թիմը ևս ուներ գրաքննության ենթարկված համարներ, բայց իրենք մեզնից խորամանկ գտնվեցին ու բեմում արեցին այն, ինչ ուզում էին։ Արդյունքում՝ հաղթեցին, բայց հաշվի առնելով գրաքննությունը՝ կարող եմ ասել, որ մենք էլ չենք պարտվել… Խաղից հետո փորձեցինք Օդեսայի թիմին հրավիրել Երևան և ավելի արդար պայմաններում նոր խաղ կազմակերպել։ Երևանում առարկություններ չկային, բայց Օդեսայում թույլ չտվեցին»։ 

 

Զգոն գրաքննիչները

Գրաքննության հետ կապված դեպքերն իսկական զավեշտ էին։ Նույնիսկ Ռոբերտ Սահակյանցի մորուքն էր գրաքննության ենթարկվում։ Սահակյանցն իհարկե անդրդվելի էր։ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության գրաքննության գլխավոր պատասխանատուն՝ Իվանովը, պարտավոր էր նախապես կարդալ բոլոր սցենարները։ Հանձնում էին իրեն ու հետ ստանում կարմիր մատիտով կատարված ջնջումներով էջերը։ 


Կային և այնպիսի բաներ, որոնք անհնար էր նախապես գրել կամ գրաքննել։ Օրինակ՝ Разминка-ի ժամանակ պետք էր հանպատրաստից պատասխանել հակառակորդ թիմի հարցերին։ Հարցերն իհարկե նախապես հաստատվում էին Իվանովի հետ, բայց արդեն դահլիճում տղաները խորամանկում ու հնչեցնում էին իրենց ուզած հարցերն ու ի պատասխան Իվանովի հանդիմանությանը՝ ասում, թե հուզված էին ու մոռացել էին։ 


«Մի երգ էինք պատրաստել, որը եղանակի մասին էր։ Մեր կարծիքով՝ դրական ու բարի երգ էր, որն ուներ այսպիսի մի տող. «Մեր այս ջերմ մթնոլորտից նույնիսկ ձյունն է հալչում սարերում»։ Իվանովն եկավ ու ասեց, թե այդ տողը պիտի հանենք երգից։ Ապշել էինք, ինչպե՞ս թե, ինչու՞։ Պարզվեց՝ մի քանի օր առաջ Կոլորադոյի սարերում ձյան հալոցքի պատճառով բազմաթիվ տուժածներ կային, իսկ մեր խաղը նայելու էր նաև ԱՄՆ դեսպանն ու հնարավոր է՝ սխալ հասկանար երգի բառերը։ Ստիպված էինք հանել այդ տողը»,– պատմում է Արա Երնջակյանն ու հպարտությամբ հիշում բոլոր այն հումորները, որոնք, իհարկե, գրաքննվել են, բայց իսկապես սրամիտ են եղել։ 


«Մի սուր ռեպլիկ ունեինք, որը ռուսերեն շատ լավ էր հնչում և որը ևս արգելվեց. «свинина наша дорожала, поскольку мы ей дорожим» [«խոզի միսը մեր թանկացել է, քանի որ շատ թանկ է այն մեզ համար» - խմբ.]։ Հենց նման արտահայտությունների արդյունքում նույն տարի կենտրոնական հեռուստատեսության տնօրեն Լապինի հրահանգով ԿՎՆ-ն արգելվեց ու հեռուստատեսությամբ չհեռարձակվեց 15 տարի։ Ասել էր, թե հոգնել է տեսնել, թե ինչպես են ողջ ԽՍՀՄ-ից երիտասարդները հավաքվում ծաղրելու ԽՍՀՄ-ը»։ 

 

Ձախից՝ Արա Երնջակյանն ու ԿՎՆ-ի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

 

ԿՎՆ-ն այլևս այն չէ

Դժվար էր այլևս չխաղալը: Գրեթե ամեն երեկո տղաները հանդիպում ու փորձում էին ինչ-որ բան անել։ Արդյունքում պահպանեցին «Տղամարդկանց ակումբն» ու մի քանի հաջող ելույթներ ունեցան երևանյան տարբեր բեմերում, ինչպես օրինակ՝ 1976-ի «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում Է, բայց դեռ կարելի Է ապրել և զվարճանալ» ներկայացումը։ Ավելի ուշ հիմնադրվեց Կամերային թատրոնը։ Դե, 15 տարի անց թիմի վերադարձն արդեն ժամանակավրեպ էր, հերթը նոր սերունդներինն էր։ 


«Մեզնից հետո եկան «Շարմն» ու «Նոր հայերը», որոնք երկու շատ ուժեղ ու արտիստիկ թիմեր էին և արժանի էին բոլոր այն հաջողություններին, որոնց հասան։ Իսկ թե ինչու նրանցից հետո լավ թիմ չունեցանք ու էլ երբեք, կարծում եմ, չենք էլ ունենա, որովհետև այդ խաղը վերջիվերջո ռուսական խաղ էր և այն խաղում էին ռուսերեն լեզվով։ Անհնար է ԿՎՆ խաղալ միայն գրված տեքստեր անգիր անելով։ Հարկավոր է տիրապետել լեզվին այնպես, որ կարողանաս իմպրովիզներ անել, սրամտել։ Իսկ հաջորդած սերունդները, որպես կանոն, լեզվից խեղճանում էին։ Բայց, կարծում եմ, ԿՎՆ-ն ինքնին իր դարն ապրել է, և այլևս այն չէ»,– անկեղծանում է Արա Երնջակյանը։

հավելյալ նյութեր