Երթուղային պատմություններ
Պահե՛ք, իջնող կա

Երթուղային պատմություններ

Երևանցի դիզայներ Իրինա Մերդինյանը պատմում է երթուղայիններում ու տաքսիներում իր հետ պատահած հետաքրքիր դեպքերի մասին։

Տեքստը՝ Իրինա Մերդինյանի

 

Նկարազարդումը՝ Ագաթա Հարությունյանի

 

ԵՐԵՎԱՆ #6 | 2012

 

 

#Տրանսպորտ

Բժշկական համալսարանում սովորող 2 ուսանողուհի ճեմելով հատում են Կորյուն փողոցը: Ես նստած էի այն երթուղային տաքսիում, որը հենց այդ պահին հայտնվեց 2 ապագա բժշկուհիների ճանապարհին: Գյումրեցի վարորդը կանգնեցրեց մեքենան խաչմերուկի մեջտեղում, գլուխը հանեց պատուհանից և ժպիտով ասաց.


— Աղջիկներ ջան, սիրուններ ջան, դեբիլնե՛ր ջան, — և ավելի ջղային ավելացրեց, — ընչի՞ անցումով չեք անցնի օր:


Թողեց աղջիկներին շփոթված կանգնած փողոցում և շարունակեց ճանապարհը, քթի տակ ավելացնելով. — Էշալոոո՜ն:

 

***
Ինձ աշխատավայր տանող միակ երթուղայինը գալիս է Չարենցավանից և լի է ուսանողներով: Երթուղայինում կռացած երթևեկում եմ: Գլխիս տակ նստած մարդու ձեռքին գրադարանից վերցրած, մաշված, բարակ գիրք Է: Կարդում եմ կազմին գրածը՝ «Ճանապարհորդություն դեպի Արզրում»: Մտածում եմ՝ ինչի՞ Արզրում: Վերևում մանր տառերով գրված է՝ Ա. Ս. Պուշկին, ներքևում էլ ավելի մանր՝ Երևան 1937 թ.: Գրքի տերը երևի նկատում է իմ հետաքրքրությունը և մյուս կանգառում առաջարկում է տեղավորվել իր աթոռին: Հրաժարվում եմ, բայց խնդրում եմ գիրքը, որ թերթեմ: Գրքատերը սկսում է զրույցը.


— Գիտե՞ք ինչեր ա գրում Պուշկինը վրացիների մասին:


— Լա՞վ, թե վատ, — արձագանքում եմ ես:


— Վատ, իհարկե վատ:


— Մեր մասին էլ լավ չի արտահայտվել «Տազիտ» պոեմում՝ ты трус ты раб ты армянин, — ցավով հիշում եմ ես:


— Օ՜, ոչ դա խեղաթյուրում է... — ու սկսեց պատմել, որ ի տարբերություն մուսուլմանական բիրտ ազգերի, տվյալ դեպքում չեչենների, հայերն ունեցել են բարի համբավ, որ պոեմում հերոսների ոխերիմությանը հակադրվում է հայի ներողամիտ ու խոնարհ կերպարը, որ անգամ Պուշկինի սևագրություններում հայ բառի փոխարեն քրիստոնյա բառն էր, որ հայը տվյալ դեպքում հավաքական կերպար է...


Զրուցակիցս խոսում էր, իսկ ես աչքի տակով զննում էի երթուղայինի զարմացած ու պապանձված չարենցավանցի երիտասարդ ուղևորներին: Երբ անցնում
էինք Համալսարանի կողքով, հանկարծ հարցրեց.


— Համալսարանակա՞ն եք:


— Ոչ, ճարտարապետ եմ:


— Իսկ ես՝ մաթեմատիկոս, — ժպտաց նա ու իջավ մեքենայից:

 

***
Երթուղայինում դիմացս նստած աղջկա դեմքը ամբողջ ճանապարհին մտազբաղ էր: Ինչ-որ մտքեր էին տանջում նրան: Սոված էր: Շատ: Դա հասկացա, երբ կանգառում իջնելիս գումարը վարորդին փոխանցելուց «2 հատ ստացեք»-ի փոխարեն ասաց «2 հատ խաչապուրի»:

 

***

Տաքսիով վերադառնում եմ տուն: Մութ է, ու տեղատարափ անձրև է գալիս: Սարալանջի խճուղու վրա, ուր չկա բնակելի թաղամաս, խանութ և առավել ևս բենզալցակայան, իմ տաքսու վառելիքը վերջանում է: Վարորդը ստիպված կանգնեցնում է մեքենան հենց խճուղու կենտրոնում, շրջվում է դեպի ինձ և մեղավոր ասում.


— Քուրիկ ջան, կսպասե՞ս գնամ բենզին բերեմ:


Չեմ հասցնում գնահատել իրավիճակն ու պատասխանել, երբ վարորդը նստատեղի տակից հանում է բենզինի համար նախատեսված շիշն ու դուրս գալիս մեքենայից, անհետանալով մթության ու անձրևի մեջ: Մնում եմ մենակ տաքսու մեջ, անմարդաբնակ վայրում, փողոցի կենտրոնում, մթին ու անձրևին: Օրվա ժամը, եղանակային պայմանները և մի գուցե պատասխանատվությունը ուրիշի գույքի հանդեպ, թույլ չտվեցին ինձ իջնել մեքենայից ու գնալ իմ ճամփով: Քիչ անց վարորդը վերադարձավ՝ ոտքից գլուխ թաց, ու շարունակեցինք ճանապարհը: Մինչ տուն հասնելը ամբողջ ճանապարհին ներողություն էր խնդրում ուշացման համար, սակայն իջնելուց, իհարկե, վճարեցի այն գումարը, ինչ նշված էր հաշվիչի վրա: Սպասելավարձն էլ հետը:

 

***

Կանգառներից մեկում մի ծեր տատիկ դժվարությամբ բացեց երթուղայինի դուռն ու խնդրեց վարորդին.


— Բալա ջան, ինձ կարա՞ս տանես ընդեղ, որտեղից էկել եմ:


Վարորդը չգտավ ավելի լավ տարբերակ, քան շատ լուրջ դեմքով ասել.


— Տատի ջան, հիմա ես ո՞րտեղից գտնեմ քո օղորմածիկ մորը:


***
Աշխատակցիս հետ տաքսիով շտապ գնում ենք գործնական հանդիպման: Գործընկերս նստեց վարորդի կողքը, իսկ ես տեղավորվեցի հետևում: Հիշում եմ, որ մտքումս արձանագրեցի այն փաստը, որ բախտ է վիճակվել նստել եզակի տաքսիներից մեկը, որի ամրագոտին դեկորատիվ բնույթ չի կրում, այլ ամուր գրկում է ուղևորին ու ապահովում վերջինիս անվտանգությունը: Բայց ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր փոսի հետ վարորդի կողքի նստարանի մեջքը մոտ 20 աստիճանով թեքվում էր դեպի հետ: Մի քանի փոսից հետո գործընկերս՝ պինդ կապված ամրագոտիով, համարյա պառկած էր տաքսու վարորդի կողքին: Ես զսպում էի ծիծաղս, իսկ գործընկերս արդեն լրիվ հորիզոնական դիրքում ջերմ զրուցում էր վարորդի հետ «շառավո կալոդկեքի», «վտուլկեքի» ու «սվեչեքի» մասին: Անզուսպ ծիծաղս թնդաց այն պահին, երբ պառկած երթևեկող ուղևորը էլ ավելի շեշտելու համար իր անհեթեթ դիրքը, ամբողջ մարմնով շրջվեց կողքի՝ դեպի վարորդը, ձեռքը դրեց գլխի տակ, կարծես հարմարվեր սեփական բազմոցին հեռուստացույցի առջև, ու շարունակեց քննարկել մեքենայի առանձնահատկությունները: Զարմանալին այն էր, որ զրույցի ընթացքում խոսելով տվյալ փոխադրամիջոցի բոլոր դրական ու բացասական կողմերի մասին, նրանք անգամ չանդրադարձան նստարանի անսարքությանը: Կարծես վարորդը չէր նկատում ոչ մի տարօրինակություն մեքենայի սրահում, կարծես նրա համար օրինաչափություն էր կողքի ուղևորի հարմար հորիզոնական դիրքը:


Երբ իջնում էինք տաքսուց, վարորդը ասաց.


— Գրեք համարս, այրապորտ գնալուց կկանչեք: Տարբերություն չեք զգա իմ մեքենայի ու սամալյոտի միջև:

հավելյալ նյութեր