Երթուղային թրաֆիքինգ
Բանաստեղծ Կարեն Անտաշյանը սովորականից մի քիչ ավելի խոր, պոետիկ հայացք է նետում երթուղային տաքսիների սալոն, դիտարկելով մարշրուտկայի ֆենոմենը աշխարհաքաղաքական կոնտեքստում:
Տեքստը՝ Կարեն Անտաշյանի
Նկարազարդումները՝ navereY
ԵՐԵՎԱՆ #6 | 2012
Երևանի տրասնպորտային ցանցն իր բոլոր պողոտաներով, փողոցներով ու նրբանցքներով մի հսկայական արյունատար համակարգ է, որի միջով հոսում է մարշուտկա մակնիշի երթուղային տաքսին իբրև հսկայական տրոմբոցիտ` պատրաստ ամեն պահի մեքենաների կենսահոսքի խցանման և տրանսպորտային ցանցի կաթվածահարության պատճառ դառնալ: Նրան հայհոյում են գծի տերերը` պլանային վաճարները ձգձգելու համար, նրան հայհոյում են դիսպետչերները` ժամանակացույցը խախտելու համար, նրան հայհոյում են պառավները` կանգառից դուրս չկանգնեու համար, նրան հայհոյում են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող աչոնները` քեֆային բարձրության վրա միացված ռաբիսի և ծխելու համար, նրան հայհոյում է կինը` քիչ վաստակելու և անուշադրության համար, նրան հայհոյում են նստած ուղևորները` արագ արգելակելու համար, նրան հայհոյում են կանգնած ուղևորները` նոր կանգնած ուղևորներ բարձելու համար, նրան հայհոյում են հետիոտները` ճանապարհը չզիջելու համար, իսկ նա, միաժամանակ վարորդ, մեխանիկ, հոգեբան, տոմսավաճառ, փոխանակման կետ, դիջեյ, ծխնելույզ, ընտանիքի հայր և քաղաքացի` ամեն ինչ հասցնում է և ոչ ոքի չի հայհոյում…
Ներգազելային սոցիալական շերտավորումն ու ժողովրդագրական կազմը
Մարշրուտկան սոցիալական բարդ համակարգ է, նրանից ներս գործում են ներդասակարգային դերաբաշխումներ` խճճված հոգեմարմնական փոխհարաբերություններով: Օրինակ երթուղայինի բոլոր տեղերը հաստիքային են: Ձախ կողմի ամենավերջին երկու տեղերը մաքուրով սիրածիկների տեղերն են, այնտեղ միշտ նստում են սկսնակ ու թունդ սիրահարները, որ փնթփնթան, արհմիութենական անցյալով պառավների աչքից հեռու միանձնանալու ևս մի կես ժամ շահեն, որ տղան չորս հոգու համար նախատեսված նստարանին վեցերորդ ուղևորին տեղավորելու առիթով սեղմվի, ձախ ձեռքով գրկի պատուհանի մոտ նստած աղջկան ու ականջին պուպուշ բաներ ասի հընթացս:
Վարորդի աջ երկու նստատեղերում, որոնց մուտքն առանձին դռնով է, հիմնականում մենավոր որձերն են նստում, ի դեպ աջ կողմի նստատեղը համարվում է առավել նախընտրելի և այնտեղի նստողը հեշտությամբ չի զիջում ճակատագրով «ըստ արժանվույն» իրեն բաժին ընկած աթոռը և ընդունում է հոտի առաջնեկ որձի վեհանձն տիրական դեմք: Ձախ կողմի նստածի բախտն ավելի քիչ է բերում, քանի որ նա ստիպված է անհատույց բավարարել վարորդի պարզ մարդկային շփման անհագ ցանկությունն ու քֆուրների բանահյուսությունը, որոնք հեռարձակվում են միայն իր ականջների հասանելիության դիապազոնում:
Դռան հարակից փոքրիկ սրահիկում հիմնականում նստում են երկրի սոցիալ տնտեսական իրավիճակից դժգոհ տարեցներն ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կանայք, տոպրակների արանքից խլվլում են դպրոցներից, մանկապարտեզներից, երգ ու պարի խմբակներից հավաքագրված փոքրիկները:
Աջ մեկտեղանոց նստարաններից առաջինին նստում են նոր նշանված աղջիկները, որոնց փեսացուները մեքենա ունեն, բայց խառն են գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում են տուն ճանապարհել, իսկ նրա հետևի մեկտեղանոցին նստում են մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդները կամ առավել ազատամիտ աչիկոները` որոնք ռոք են լսում, ֆեյսբուքում ըքաունթ ունեն կամ նույնիսկ բլոգ, ուր գրում են տարբեր քաղաքացիական թեմաների` ասենք Մաշտոցի այգու, Թեղուտի անտառների կամ մարշուտկայի վարորդի անպատկառ վարքուբարքի մասին:
Ձախ կողմի երկրորդ երկտեղանոցին տեղավորվում են բանկային աշխատողները, միջին օղակի մենեջերներն ու քաղծառայողները, որոնք տարբերվում են իրենց գործնական հագուկապով, խնամված տեսքով, ձեռքին ունեցած թղթապանակներով և դեմքի լուրջ արտահայտությամբ: Նրանցից շատերը սիրելի մեքենայի մակնիշ ունեն և տան հիպոտեկը փակվելուց հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեն այն` լքելով մարշրուտկայի համայնքը:
Մարշրուտկան իր ժողովրդագրական կազմով և ներքին ծանրաբեռնվածությամբ խիստ բազմազան է լինում նաև օրվա տարբեր ժամերին և շաբաթվա տարբեր օրերի:
Ասենք առավոտյան շուտ այն հիմնականում լցվում Է հռչակավոր «քարից հաց քամող» աշխատավոր հայ ժողովրդով` քնակոլոլ առևտրականներով, բանվորներով, ուսուցիչներով, խանութպաններով` մարդկանցով, որ հավելյալ արժեք են ստեղծում` ապահովելով երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը:
Ուշ գիշերով վերջին ուղերթն անցնող երթուղայինը լցվում է հիմնականում միջինից երիտասարդ տարիքի վստահություն չներշնչող քրեածին արտաքինով տղամարդկանցով, որոնց լարված ու մռայլ դեմքն իրկանում վկայում են մտքի մեջ մայրիկների կամ կանանց մոտ ուշանալու հիմնավորումներ հորինելու մասին:
Կեսօրին հանրակառքը պաշարում են համաքաղաքային թղթաբանությամբ խառնված հաշվապահները, աղմկոտ ոգևորությամբ համակված ուսանողներն ու մեկ-մեկ էլ ես… ես տեղ հասա` ձյա՜ձ, ստե մի տե հարմարացրա՜…
Կառավահանակի անատոմիան
Վարպետ, հոպար, ուստա, ձյաձ, շեֆ կամ վարորդ, ասենք, Մուշեղն ամեն օր 7:30-ին բարձրանում է իր մարշուտկայի ղեկին, ինչպես Նոյը` տապանի: Այն բարոյահոգեբանական, էրգոնոմիկական և կրոնափիլիսոփայական բոլոր առումներով պատրաստ է բաց ծով դուրս գալու, մնում է միայն ներքաղաքային աստղագնացը լիցքավորել մեթան գազով: Մարշուտկայի տորպեդոն, ոչ թե տեխնիկական պարամետրերը վերահսկելու կառավահանակ է ժանրի դասական ընկալմամբ, այլ իսկական խորան, կամակատար սրբատեղի ուխտ, որի սպասարկմամբ բախտի չբերումով զբաղվող D կարգ ունեցող միջին վիճակագրական քուրմը պետք է լինի անքուն, անթրաշ, դողացող ձեռքերով, հագնված փնթի ու մռայլ գույների մեջ, դժբախտ ու նեռվային դեմքի արտահայտությամբ, մոլի ծխագար և մանուշակ բերանով:
Աջ դռան վրա հարմարեցված է հենակի գլխադիրը հատուկ ձեռքը հենելու և պատուհանից թեթևակի կախելու համար, այն հնարամիտ «կուռաժային» հավելված է և գազելի դեֆոլթ տարբերակում նախատեսված չէ, նույն տեղում կլոր սնամեջ սև մագնիս` մանրադրամը վրան հավաքելու համար, հողմապակու ձախ անկյունում սպիտակ թղթեր են, «ուղեգրեր» ռոմանտիկ անունով, ղեկի հետևի մասում ցուցիչների վահանակի վրա մի քանի տուփ հայրենական արտադրության ծխախոտ և մեկ բջջային, ևս մեկ բջջային` ղեկից աջ ամրացված գրպանիկի մեջ, նրանից աջ` ուղղանկյուն սև էլէկտրոնային ժամացույց վայրկյանացույցով` երթուղուն հետևելու համար, դրա վերևում տարբեր ծակերում խցած 500 և 200-անոց մանրադրամներ` անհրաժեշտության դեպքում շատ արագ դավադրաբար մեկնված հազարանոցին դիմակայելու համար, հիմնական ավար 100-անոց մանրադրամը կուտակելու խոռոչ, վերևում նույն նշանակության մի գանձանակ, որը գործարկվում է կոճակի սեղմումով, դրանից աջ փոքրիկ գորգ տակը հազարանոցները կուտակելու համար: Հողմապակու հայելուց կախված մեծ աչքաուլունք` դժբախտ պատահարներից հուսալի պաշտպանվելու և մի քանի փոքր աչքաուլունքներ գործերի հաջողության համար, նույն տեղում նաև սիբիրյան սոճիների բույրով հոտարձակ ստվարաթուղթ թուքական արտադրության, ավելի ցածում ծծանակով հողմապակուց կպած նապաստակի պոչ կամ նման այլ անհասկանալի ծագման ու նշանակության փրչոտ իր, մի քիչ էլ ներքև` փոքրիկ եռագույն և ռուսաստանի դրոշ՝ ոչ այնքան հայ ռուսական բաերկամության, որքան խոպանչիական անցյալի մասին վկայող դետալ, աներևակայելի պատճառներով այստեղ հայտնված մի քանի կողտակոլոլ փափուկ խաղալիքներ, փոքրիկ արծաթե կամ փայտե խաչ և անպայման արևից գունատված աստվածածնի նկարով օրացույց:
Անփորձանք, բարի ճանապարհ: