Գրքի երևանյան փառատոն 2021-ի բաց չթողնելու իվենթները
Գրքի երևանյան չորրորդ փառատոնը, տեղի կունենա հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի 1-ին Աբովյան 16 հասցեում։ ԵՐԵՎԱՆն առանձնացրել է մի քանի առավել հետաքրքիր միջոցառում։
26.07.2021
Կազմակերպիչ «Մշակութային հասարակություն» հկ, աջակցությամբ ԿԳՄՍ։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Փառատոնի ընթացքում բոլոր գրքերը կվաճառվեն 20-60% զեղչով։
Միջոցառումների ողջ ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Եվրոպական միության գրական մրցանակակիրը․ Արամ Պաչյան
Հուլիս 30, 17:00
«Զանգակ» գրատուն, Աբովյան 7
Բոլորովին վերջերս Հայաստանը միացավ Եվրոպական միության գրական մրցանակին (ամեն երկիր ընտրում էր իր հավակնորդներին ու հաղթողին)։ Գրքի երևանյան փառատոնի շրջանակում տեղի կունենա 2021 թվականի հայաստանյան դափնեկիր (P/F վեպի համար) Արամ Պաչյանի հետ: Զրույցը կվարի կինոգետ, Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը: Զրույցի գլխավոր թեմաներն են՝ ի՞նչ տվեց եվրոպական մրցանակը հեղինակին և հայաստանյան գրական դաշտին:
Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ» գրքի շնորհանդես
Հուլիսի 30, ժամը՝ 18:00
Նկարիչների միություն
«Միսիս Դելոուեյը» Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Ժամանակն է գրքին ծանոթանալու հայերեն լեզվով (հրատարակել է Զանգակ հրատարակչությունը, թարգմանիչ՝ Վահե Արսեն)։ Միջոցառման բանախոսներն են Հայկ Համբարձումյանը, Վահե Արսենը, Հասմիկ Եղիազարյանը։
Բանաստեղծի թոռը․ Գոհար Չարենց
Հուլիսի 30, 19:00
«Մոսկվա» կինոթատրոն
Եղիշե Չարենցի բուռն ու հակասական կյանքը և ողբերգական ճակատագիրը փոխել է նաև Չարենցի ժառանգների կյանքը։ Բանաստեղծն երկու դուստր ուներ՝ Արփիկը և Անահիտը, որոնց մանկությունը, ցավոք, անցավ առանց ծնողների։ Ի՞նչ են պատմել հանճարեղ պապի մասին բանաստեղծի թոռանը։ Ընտանեկան ի՞նչ թանկ հուշեր կան բանաստեղծի հետ կապված։ Չարենցի ընտանիքի, գրական ժառանգության պահպանման գործում ունեցած դերի մասին կպատմի Գոհար Չարենցը։ Զրույցը կվարի գրականագետ Հայկ Համբարձումյանը։
Նարինե Աբգարյանի «Զուլալիի» էկրանացումը
Հուլիսի 30, 20:00
«Մոսկվա» կինոթատրոն
Մոսկվայաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը վաղուց վրում է պատմվածքներ ու վեպեր, որոնք մեղմ ասած խնդրվում են էկրան բարձարանալ։ Դա վերջապես տեղի կունենա գրողի «Զուլալի» վիպակի միջոցով։ Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանը կպատմի այս հանդիպման ժամանակ, թե ինչպես ճիշտ թարգմանել գրականությունը կինոյի լեզվով և ինչպես էկրանին փոխանցել գյուղի մթնոլորտն ու բնությունը։ Մյուս բանախոսներն են Հերմինե Ստեփանյանը, Նարինե Գիժլարյանը և Արմեն Սարգսյանը։
Կարեն Անտաշյանի «Դզոն» գրքի ընթերցում-քննարկում
Հուլիսի 31, ժամը՝ 14:00
Նկարիչների միություն
Իր սերնդի ամենաճանաչված հայ բանաստեղծներից մեկը բոլորովին վերջերս էր ներկայացրել իր նոր գիրքը՝ «Դզոնը», որը, ինչպես պնդում է պաշտոնական ֆեյսբուքյան էջը, էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Բանաստեղծը խոստանում է, որ միջոցառման ժամանակ «մի քիչ կխոսեմ գրքից, մի քանի դոբռի գործեր կկարդամ, մի քանի խուժան անեկդոտներ կպատմեմ, կլսեմ էքսպերտային կարծիքներ, հուսով եմ՝ քլնգոցներ»։ Մի խոսքով, ուրախ է անցնելու։ Պոետի հետ կզրուցի գրականագետ Հասմիկ Հակոբյանը։
Նիլ Գեյմանի «Քորլայն» գրքի շնորհանդես
Հուլիսի 31, 16:00
Նկարիչների միություն
Անգլիացի Նիլ Գեյմանը նախ հայտնի է դարձել որպես ամերիկյան DC Comics հրատարակչության հեղինակ, ապա հռչակ է ձեռք բերել արդեն որպես արձակագիր ու այսօր ֆենթըզի ժանրի կենդանի դասական է։ «Քորլայնը»՝ նրա ամենահայտնի գործերից մեկը (նաև հաստատ լսած կլինեք «Ամերիկյան աստվածների» մասին), առաջին հայացքից մանկապատանեկան հեքիաթ է զուգահեռ իրականությունում հայտնված մի աղջնակի մասին, սակայն սա հենց այն գրքերից է, որոնք կոտրում են կարծրատիպերն ու ընդունված սահմանները։ Գրքի փառատոնի շրջանակում Զանգակ հրատարակչությունը կներկայացնի հեքիաթի հայերեն թարգմանությունը։ Այդ և հրատարակչության մյուս գրքերը այդ օրերին կարելի է գնել 30% զեղչով, բացի այդ կազմակերպիչները խոստանում են փոքրիկ անակնկալ Նիլ Գեյմանից։
Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի քննարկում
Հուլիսի 31, 16:00
«Զանգակ» գրատուն, Աբովյան 7
Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» մանկապատանեկան ֆենթըզի է, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։ Սա ժանրի առաջին հայաստանյան ներկայացուցիչը չէ, բայց ամենահաջողվածներից է։ Բանախոսներ՝ գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանն ու խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կխոսեն այդ հաջողության պատճառներից ու կփորձեն հասկանալ, թե ինչու են հայ գրականությունում այդքան սակավ ներկայացված ֆենթըզիի ու գիտական ֆանտաստիկայի ժանրերը։
Եղիշե Չարենցի «Երևանի ուղղիչ տնից» վեպի շնորհանդես
Հուլիսի 31, 19:00
«Զանգակ» գրատուն, Աբովյան 7
Եվս մի չարենցային միջոցառում՝ գրքի շնորհանդես, այն էլ ինչ գրքի։ «Երևանի ուղղիչ տունը» խորհրդային բանտի բնակիչների զարմանալի մի աշխարհ է, որտեղ գրողը ներկայացնում է կալանավորների հարաբերությունները, հոգեբանությունը, անձնական կյանքը, նույնիսկ սիրային արկածները։ Չարենցը հայտնվել էր կալանքում 1926 թվականին կատարված մահափորձի պատճառով․ «Սիրահարված էի, ցանկություն ունեի նրա հետ ամուսնանալ, առաջարկություն արեցի, մերժեց, որից դրդված՝ ցանկացա նրան սպանել և մահափորձ կատարեցի...»,– հարցաքննության ժամանակ խոստովանում է գրողը։ «Երևանի ուղղիչ տունը» հանրամատչելի ծանոթագրություններով հրատարակվում է առաջին անգամ՝ պարտադիր ընթերցանություն է։
Շնորհանդեսի բանախոսներն են՝ Եղիշե Չարենցի թոռը՝ Գոհար Չարենցը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Հովհաննես Հովակիմյանը։
Գրքի երևանյան փառատոնի շրջանակում նախատեսված են բազում ինտելեկտուալ-գրական հանդիպումներ, որոնց կմասնակցեն «Վերնատան ժառանգները»
Կինո և գրականություն․ Հենրիկ Մալյան, Աղասի Այվազյան
Հուլիսի 31, 20:00
«Մոսկվա» կինոթատրոն
Մի քիչ էլ կինոյի ու գրականության մասին, այս անգամ՝ արդեն դասականի կարգավիճակ ունեցող։ Հենրիկ Մալյանն ու Աղասի Այվազյանը մանկության ընկերներ էին, հետո արդեն՝ գործընկերներ։ Երկու արվեստագետները աշխարհի հետ խոսելու թեև տարբեր լեզուներ էին ընտրել՝ կինո և գրականություն, բայց միասին կարողացան գրականությունը վերածել կինոյի։ Նրանց ստեղծագործական տանդեմը հայ կինոյին տվեց երկու գլուխգործոցներ՝ «Եռանկյունին» և «Հայրիկը»։
Ո՞րն է «Եռանկյունի» և «Հայրիկ» ֆիլմերի հարատևության գաղտնիքը, ստեղծագործական ի՞նչ բանավեճեր էին ունենում Հենրիկ Մալյանն ու Աղասի Այվազյանը՝ որպես ռեժիսոր ու սցենարիստ և վերջապես՝ ո՞րն էր 1960-ականների հայ կինոյի և գրականության վերելքի պատճառը։
Բանախոսներ՝ Նարինե Մալյան, Ռոբերտ Մաթոսյան, Ալիս Հովհաննիսյան, Դավիթ Մաթևոսյան: Կզրուցի Տիգրան Գրիգորյանը:
Պատերազմի վավերագրությունը
Օգոստոսի 1, 17:00
«Զանգակ» գրատուն, Աբովյան 7
2020 թվականին արվեստագետ Էդիկ Պողոսյանն ու լուսանկարիչ Արեգ Բալայանը ավարտեցին իրենց խոշոր արտ-նախագիծը, որտեղ համադրվում էին պատերազմից մնացած բեկորները, վերքերը ու դրանց հետ ապրող մարդիկ։ Հետո եղավ 44 օրվա պատերազմը, որը բացեց նոր վերքեր։ Մարդիկ նորից հետևում էին Բալայանի լուսանկարներին ու կարդում լրագրող Կարեն Ավետիսյանի կարճ պատումներն Արցախից։
Կարեն Ավետիսյանը, Արեգ Բալայանը և Էդիկ Պողոսյանը կհանդիպեն Գրքի երևանյան փառատոնի շրջանակում ու կզրուցեն՝ պատերազմի մղձավանջից մարդուն դուրս բերելու, մարդուն փրկելու մասին արվեստի այն տեսակներով, որոնցով զինված էին մարտադաշտում, թե թիկունքում, պատերազմի ժամերին, թե մինչ այսօր ու այսուհետ։
Գրողի կինը․ Վերժինե Մովսիսյան
Օգոստոսի 1, ժամը՝ 18:00
«Զանգակ» գրատուն, Աբովյան 7
Ի՞նչ գրքի փառատոն առանց Հրանտ Մաթևոսյանի։ Այս տարվա պատվավոր հյուրերից է մեծանուն արձակագրի կինը՝ Վերժինե Մովսիսյանը, որի ավանդն անուրանալի է մշակութային իրականությունում։ «Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք» հարցին Հրանտ Մաթևոսյանը պատասխանել է․ «Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է, այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է»:
Ինչպիսի՞ն էր Հրանտ Մաթևոսյանը որպես մարդ, ամուսին ու հայր։ Ի՞նչ չբացահայտված պատմություններ կան գրողի ստեղծագործական և անձնական կյանքում։ Ինչպիսի՞ն էր նա տանը։ Այս հարցերի շուրջ Վերժինե Մովսիսյանի հետ կզրուցի գրողի որդին՝ ռեժիսոր, թարգմանիչ, «Գրական տապան» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Մաթևոսյանը։