Եվրասիադոկ 2023
Կինո

Եվրասիադոկ 2023

Հուլիսի 8-ին ժամը 12։00-ին ՀԲԸՄ-ի դահլիճում տեղի կունենա «Եվրասիադոկ 2023 վավերագրական  ֆիլմերի զարգացման աշխատարանի» բացման արարողությունը։ 

#Կինո

Եվրասիադոկ ծրագիրը 10 տարուց ավել իր մեծ ներդրումն ունի վավերագրական ֆիլմերի ոլորտում Արևելյան Եվրոպայի երկրներում՝ մասնավորապես Հայաստանում։ Այս տարիների ընթացքում աշխատարաններին մասնակցել են տասնյակ հայ կինոգործիչներ, որոնց ֆիլմերը և նախագծերը ներկայացվել են բարձրակարգ կինոփառատոններում և կինոշուկաներում։ Միայն  2016 թվականից մինչ օրս դասընթացներին մասնակցած 34 նախագծերից, համատեղ արտադրության ֆորումներին անցել և մասնակցել է 24 նախագիծ։ Այս պահի դրությամբ 10 ֆիլմ հաջողությամբ ավարտված է, եվս 16-ը զարգացման, արտադրության կամ հետ արտադրական փուլերում են։ 

Ներկա են լինելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կից գործող նորաբաց Ֆրանսիական Ինստիտուտի ղեկավար Դեվիդ Թոուրսը և մշակույթային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն, դասընթացավարներ՝ Սամյուել Օբինը և Ստեֆան Ժորդանը, ընտրված բոլոր մասնակիցները և ուրիշներ։ Ելույթ կունենան հյուրերը, ծրագրի Հայաստանյան ներկայացուցիչը՝ պրոդյուսեր Արևիկ Ավանեսյանը և դասընթացավարները։

 

«Եվրասիադոկ 2023 վավերագրական  ֆիլմերի զարգացման աշխատարանը» տեղի է ունենալու հուլիսի 5-10-ը Երևանում,  այնուհետև աշխատանքները կշարունակվեն  առցանց տարբերակով մինչ սույն թվականի աշուն։ Դասընթացի ավարտին՝ նոյեմբեր ամսին, կընտրվեն լավագույն 2 կամ 3 նախագիծ, որոնք կմասնակցեն 2024 թվականի ապրիլին Ղազախստանում անցկացվող համատեղ արտադրության ֆորումին՝ ներկայացնելու Հայաստանը։

 

Եվրասիադոկը Հայաստանում գործում է ավելի քան 10 տարի, բայց այս տարի աշխատարանը տարբերվում է նախորդներից, քանի որ առաջին անգամ մասնակցում են ստեղծագործական թիմեր՝ ռեժիսոր և պրոդյուսեր միասին, որոնց վավերագրական նախագծերը զարգացման փուլում են (նախկինում մասնակցում էր միայն ռեժիսորը, աշխատում էին հիմնականում սցենարական զարգացման ուղղությամբ) և հետևաբար աշխատանք է տարվելու ոչ միայն սցենարի վրա, այլ նաև արտադրական մասի և պրոդյուսերական կողմի վրա։ Նորություն է նաև այն, որ աշխատարանին առաջին անգամ ընտրվել են մասնակցելու ազատ ունկնդիրներ։

 

Դասընցավարները պրոֆեսիոնալ կինոգործիչներ են Ֆրանսիայից՝ սցենարիստ, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր Սամյուել Օբին, և պրոդյուսեր, La Huit ընկերության տնօրեն  Ստեֆան Ժորդանը։ Նրանք արդեն Հայաստանից նախագծերի հետ աշխատելու տարիների փորձ ունեն։

 

Այս տարվա ծրագրում ընդգրկվել է նաև դասընթացին մասնակցած և ավարտված 6 ֆիլմերի հետահայաց ցուցադրություն, որոնք կլինեն սեպտեմբեր-հունվար ամիսների ընթացքում՝ ՀԲՄԸ դահլիճում։ 

 

Ծրագիրը ֆինանսավորել են Ֆրանսիական Ինստիտուտը Փարիզից, Լա Իսերե կազմակերպությունը Ֆրանսիայից և Ֆրանսիական Ինստիտուտի նորաբաց Երևանյան գրասենյակը, կազմակերպիչ կողմերն են «Դոկմոնդը» և «Էկրան Լիբրեն» Ֆրանսիայից և «ԱՓ» ՀԿ-ն Հայաստանից։ Ծրագրի աջակիցներն են՝ ՀԲԸՄ-ն, Միրզոյան գրադարանը և Կինոգործիչների միությունը։  Աշխատարանն անցկացվում է GAIFFpro-ի հետ համագործակցությամբ Ոսկե Ծիրան Երևանյան միջազգային կինոփառատոնի օրերին։ 

 

Ծրագրին աջակցում են նաև «Օսկուլատուս ա Դեո» գինիները, «Արտ Բրիջ» գրախանութ-սրճարանը և «Բարս Մեդիա» Վավերագրական ֆիլմերի ստուդիան։
 

հավելյալ նյութեր