Եվրոպական ֆիլմերի փառատոն․ ուղեցույց
Փառատոն

Եվրոպական ֆիլմերի փառատոն․ ուղեցույց

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է եվրոպական ֆիլմերի փառատոն, որը տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 7-ը Երևանում՝ Կինոյի տանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։

#Կինո

Այս տարի փառատոնում ընդգրկված է 23 ֆիլմ՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդեռլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից և Հայաստանից։ 

 

 

ԵՐԵՎԱՆն առանձնացրել է դրանցից առավել մեծ հետաքրքրություն առաջացնող ութ վերնագիրը։ 

 


 

Ազնավուրը, ըստ Շառլի / մայիսի 30

Ֆրանսիա, 2019

Այս տարի, երբ նշվում է Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, սպասվում է ֆրանսիական մեծ կենսագրական դրաման, որտեղ Շառլին մարմնավորելու է ֆրանսիական կինոյի աստղ Թահար Ռահիմը։ Բայց մինչ այդ լավ առիթ է աշխարհի գուցե ամենահայտնի հային տեսնելու այս վավերագրական ֆիլմում։ Այն էլ՝ հենց Շառլի աչքերով․ 1948-ից մինչև 1982-ը Ազնավուրն իր Paillard-Bolex կինոխցիկով վարում էր սեփական կյանքի մասին ժապավենային օրագիրը։ Այդ նկարահանումներից էլ կազմվել է ֆիլմը։ 

 

 


 

Խիմերա / հուսինի 1

Իտալիա, 2023

Ալիչե Ռորվախերը ոչ միայն նոր իտալական կինոյի մեծ հույսն է, այլև եվրոպական կինոյի նոր աստղը։ 1980-ականներ, Իտալիայի հեռավոր ծայրամասում անգլիացի հնագետը (Ջոշ Օ՛Քոնորի կատարմամբ)՝ տեղացի ընկերների հետ ապօրինի պեղումներ է անում ու սև շուկայում վաճառում իտալական քաղաքակրթության գանձերը։ Իր երրորդ լիամետրաժն անցյալ տարի թնդաց Կաննի կինոփառատոնում՝ գերելով պոետիկ ռիթմով, յուրահատուկ հումորով ու պատկերի գեղեցկությամբ։ 

 


 


 

Մեռնելով / հունիսի 2

Գերմանիա, 2024

Բեռլինի կինոփառատոնում լավագույն սցենարի համար մրցանակի արժանացած ու Գերմանական ազգային մրցանակաբաշխությունում լավագույն ֆիլմ ճանաչված դրաման պատմում է մահվան շեմին գտնվող ծերացող ընտանեկան զույգի ու իրենց երեխաների մասին։ Պատրաստ եղեք երեք ժամանոց խրոնոմետրաժին։ 

 

 


 

Միս Վիբորգ / հունիսի 3

Դանիա, 2022

Փոքր դանիական մի քաղաքում հանդիպում են 61-ամյա Սոլվեյն ու 17-ամյա Քեյթը, որոնց միջև անսպասելի ընկերական հարաբերություններ են ձևավորվում։ Մարիան Բլիխերի դեբյուտային ֆիլմը լավ իմաստով տիպիկ դանիական դրամեդիա է, թեպետ այս անգամ ավելի բաց լայն հանդիսատեսի առաջ (այլ կերպ ասած՝ պետք չէ վախենալ ֆոն Թրիերի կամ Վինդինգ Ռեֆնի փառատոնային փորձարկումների ստվերից)։ 

 

 


 

Պապիկիս դևերը / հունիսի 4

Պորտուգալիա, 2022

Երբեմն կարող է թվալ, որ մեծ անիմացիոն կինոն լինում է միայն ամերիկյան ստուդիաների արտադրության և անպայման գերժամանակակից համակարգչային եռաչափ գրաֆիկայով, բայց աշխարհն ավելին է, քան դա։ Պորտուգալական «Պապիկիս դևերը», որն ընդգրկված է եղել աշխարհի գլխավոր անիմացիոն փառատոնի (Անսիի) գլխավոր ծրագրում, դրա վառ դեպքերից է։ Տիկնիկային անիմիացիայի տեխնիկայով արված ֆիլմը պատմում է մեծ քաղաքում ապրող դիզայներ Ռոզայի մասին, որն իր պապիկի հանկարծակի մահից հետո որոշում է վերգտնել իր տունը։ Ի դեպ, նախատեսված է ընտանեկան դիտման համար։  

 

 


 

20 օր Մարիուպոլում / հունիսի 4

Ուկրաինա, 2023

Անցյալ տարվա ամենահայտնի վավերագրական ֆիլմերից մեկը, որն իր ճանապարհը սկսեց Սանդանսի փառատոնից, իսկ հետո ստացավ Օսկար։ Ֆիլմի հեղինակ Մստիսլավ Չերնովը եղել է Մարիուպոլում՝ ռուսական զորքերի կողմից դրա պաշարման ժամանակ։ Ֆիլմը պատմում է պատերազմական ծանր վիճակում գտնվող քաղաքի ու իր բնակիչների կյանքի մասին։ 

 

 


 

Աշխարհի վերջից շատ բան մի սպասեք / հունիսի 4

Ռումինիա, 2023

Սովորաբար շատ լուրջ ռումինական նոր ալիքում Ռադու Ժուդեն միշտ տարբերվել է իր ոսկերչական կատակերգական հնարքներով, թեև դա չի նշանակում, որ նրա ֆիլմերի ասելիքը պակաս կարևոր է եղել, քան գործընկերներինը։ Վառ օրինակը նրա նախորդ՝ «Խելահեղ պոռնոն» էր՝ միաժամանակ զավեշտալի, անհարմար ու միանգամայն մտածելու տեղիք տվող։ «Աշխարհի վերջի» գլխավոր հերոսուհին տանջված ու ղեկավարության կողմից չգնահատված Անժելան է, որը շրջում է Բուխարեստի փողոցներով, որպեսզի կազմակերպի աշխատավայրում անվտանգության մասին հոլովակի դերակատարների քասթինգ։ Երկուս ու կես ժամանոց ֆիլմը թեև չի ընդգրկվել Կաննում, Վենետիկում կամ Բեռլինում, բայց միևնույն է՝ աշխարհի քննադատների անցյալ տարվա սիրելի ժապավեններից մեկն է հռչակվել։ Շուտով կիմանանք, թե ինչու։  


 


 

Արշալույսի լուսաբացը / հունիսի 7

Հայաստան/Լիտվա, 2022

Իննա Սահակյանի անիմացիոն վավերագրական ֆիլմը (արտ-տնօրեն՝ Տիգրան Առաքելյան) պատմում է 14-ամյա Արշալույս Մարդիգանյանի կյանքի մասին՝ Արևմտյան Հայաստանում ջարդերից մազապուրծ եղած աղջիկը մի կերպ հասնում է ԱՄՆ, որտեղ իր տեսածի մասին պատմում է գրքում, ապա նաև խոշոր հոլիվուդյան կինոնկարում։ Ֆիլմն արդեն ցուցադրվել է աշխարհի ամենատարբեր կինոփառատոներում, այդ թվում՝ Անսիում, ու ընդգրկվել տարվա լավագույն անիմացիոն ֆիլմերի տարատեսակ ցուցակներում, ինչպես նաև ներկայացվել հայկական էկրաններին։ Եթե բաց եք թողել, հրաշալի առիթ է տեսնելու հայկական կինոյի համար դեռևս բացառիկ նմուշը մեծ էկրանով։

 

 

հավելյալ նյութեր