Եվրոպական կինոյի ամիս Երևանում․ ուղեցույց
Կինո

Եվրոպական կինոյի ամիս Երևանում․ ուղեցույց

Ամեն տարի նոյեմբերին Եվրոպական կինոակադեմիան կազմակերպում է Եվրոպական կինոյի ամիս, որը միավորում է տասնյակ կինոթատրոններ տարբեր երկրներում` ցուցադրելու և տոնելու եվրոպական կինոն: Այս տարի առաջին անգամ Հայաստանը միանում է միջոցառմանը․ ծրագրի համադրումն ու կազմակերպումն իրականացնում է ԿԱԶՄ մշակութային ՀԿ-ն: Ծրագիրը ներառելու է շուրջ 10 ֆիլմ, որոնցից առաջին 5-ն արդեն հայտարարված են: Ծրագրի համադրող Սոնա Կարապողոսյանը ներկայացնում է ֆիլմերը։

Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի

 

Ցուցադրությունները տեղի կունենան Կինոյի տան մեծ դահլիճում

#Կինո

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության, Ֆրանսիայի դեսպանության, Շվեցարիայի դեսպանության, Թբիլիսիում Ավստրիայի դեսպանության, «Գյոթե» կենտրոնի և Դանիական ինստիտուտի կողմից:

 

«Տոքսիկ», Սաուլե Բլիուվայտե (2024)

Լիտվա

 

Lիտվուհի Սաուլե Բլիուվայտեի «Տոքսիկ» ֆիլմը, որը մի քանի ամիս առաջ գլխավոր մրցանակի արժանացավ Լոկառնոյի հեղինակավոր կինոփառատոնում, պատմում է փոքրիկ քաղաքում ապրող երկու դեռահաս աղջիկների մասին, որոնք երազում են դուրս պրծնել իրենց ծննդավայրից և որպես կարճ ուղի ընտրում են մոդելի մասնագիտությունը: Սակայն ճանապարհը հարթ չէ. դասընթացները չափազանց թանկ են, իսկ մարմինները՝ ոչ անթերի: Դեռահասային դաժան ու միապաղաղ աշխարհը, սեփական մարմնի մասին բացահայտումներով լի առօրյան և ընկերությունը նկարագրող այս ֆիլմը երիտասարդ ռեժիսորի առաջին լիամետրաժ ժապավենն է:

 

 


 

«Սուրբ թզենու սերմը», Մոհամադ Ռասուլոֆ (2024)

Իրան, Գերմանիա, Ֆրանսիա

 

Մոհամադ Ռասուլոֆն այս պահին գործող ամենահայտնի իրանցի ռեժիսորներից է, որի ֆիլմերը մեծ դժգոհություն են առաջացնում հայրենի երկրում: Նրա հերթական ֆիլմը` «Սուրբ թզենու սերմը», որ ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում և արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին, զարգանում է Իրանի հեղափոխական դատարանի հետախույզներից մեկի շուրջ: Իրադարձությունները տեղի են ունենում «Կին, կյանք, ազատություն» շարժման օրերին, ինչը դառնում է պատմագծի հիմնական տարր` ընդգծելով կանանց նկատմամբ իրագործված սահմռկեցուցիչ բռնությունը և վերջիններիս անկոտրում և անվախ պայքարը հանուն իրենց ազատության իրավունքի և կյանքի: Ֆիլմը Գերմանիայի կողմից ներկայացված է Օսկարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

 

 


 

«Բալոմանիա»,  Սիսել Մոռել Դարգիս (2024)

Դանիա, Իսպանիա

 

Դոկումենտալ «Բալոմանիայի» հերոսները բրազիլացի «բալոեիրոներն» են` քաղաքային ապստամբ ոգիները, որ ամիսներ և երբեմն տարիներ են ծախսում գունավոր օդապարիկների պատրաստման վրա, որոնք մի քանի ժամ շողշողալու են երկնքում և ապա իջնելու են երկիր: Բրազիլիայի իշխանությունները հոբբին համարում են անօրինական և վտանգավոր, ինչը, սակայն, ընդհանրապես չի կանգնեցնում  ստեղծագործ խմբակներին: Դանիացի ռեժիսոր Սիսել Մոռել Դարգիսն ընկերակցում է բալոեիրոներին, կիսում նրանց ոգևորությունն ու հիասթափությունը և արկածի մաս դարձնում նաև հանդիսատեսին: «Բալոմանիա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել CPH:DOX հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում: 

 

 


 

«Գթություն», Ալեն Գիրոդի (2024)

Ֆրանսիա

 

Ժամանակակից ֆրանսիական կինոն իր լավագույն ավանդույթներով ներկայանում է Ալեն Գիրոդիի «Գթություն» դրամայում, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում: Կատակերգության, թրիլլերի և խճճված սեքս-դրամայի ժանրերի հանգույցում գտնվող այս ֆիլմը հետևում է Ժերեմիին, որ հայրենի գյուղ է վերադառնում` մասնակցելու նախկին սիրեկանի հուղարկավորությանն ու դառնում գրեթե բոլոր համագյուղացիների ուշադրության և ցանկության առարկան: Ֆիլմի անսպասելի և երբեմն անգամ աբսուրդիստական սյուժետային շրջադարձերը պարգևում են ծիծաղ և հաճելի զարմանք:

 


 

«Ֆավորիտեն», Ռութ Բեքերման (2024)

Ավստրիա

 

Ավստրիացի ռեժիսոր Ռութ Բեքերմանը միջազգային կինոփառատոների սիրելիներից է։ Նա հաճախ միախառնում է գրականությունը, վավերագրությունն ու էքսպերիմենտալ կինոն: Նրա հերթական` «Ֆավորիտեն» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ այս տարի Բեռլինալեի «Հանդիպումներ» բաժնում և արժանացավ կինոքննադատների միաձայն գովասանքին: «Ֆավորիտենի» գործողությունները զարգանում են Վիեննայի 10-րդ թաղամասի տարրական դպրոցներից մեկում, որտեղ աշակերտների մեծամասնությունը գաղթական ընտանիքներից է: Չնայած առկա բազում սոցիալական, լեզվական և մշակութային մարտահրավերներին, ֆիլմը մանկության լուսավոր ու կենսուրախ արտապատկեր է:

 

 


 

Փակման ֆիլմ․ «Թռչուն», Անդրեա Առնոլդ (2024)

Միացյալ Թագավորություն

 

Եվրոպական կինոյի ամիսը կսկսի նոյեմբերին ու կեզրափակվի դեկտեմբերի սկզբին վերջին քսանամյակի բրիտանական կինոյի գրեթե դասական դարձած ռեժիսոր Անդրեա Առնոլդի նոր՝ այս տարվա Կաննի կինոփառատոնի մրցույթում ընդգրկված «Թռչուն» ֆիլմով, որտեղ գլխավոր դերերում փայլուն են ամերիկյան ու եվրոպական կինոյի աստղեր Բարի Քեոգենը, Ֆրանց Ռագովսկին ու էկրանին առաջին անգամ հայտնվող, բայց ոչ պակաս փայլուն երիտասարդ Նիքիյա Ադամսը։

 

Այս անգամ Առնոլդը, որի նախորդ երեք ֆիլմերը մեկը մյուսի հետևից արժանացել են Կաննի Ժյուրիի մրցանակին, ներկայացնում է սոցիալական լուրջ խնդիրներ վերհանող, ծայրահեղ իրապաշտական, բայց միաժամանակ տարօրինակ կերպարներով ու նուրբ հումորով հարուստ մի կինոնկար, որտեղ 12-ամյա Բեյլին, ապրելով իրեն անտեսող հոր հետ, ստիպված է այլուր արկածներ և ուշադրություն փնտրել։

 

հավելյալ նյութեր