Osaka Expo 2025. Հայաստան = նորարարություն, գաղափար, կրթություն
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախագծած տաղավարով Հայաստանը ներկայանում է «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսին։ Թումոյի զարգացման գծով գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանը ԵՐԵՎԱՆին պատմել է նախագծի մասին։
Լուսանկարները՝ Թումո
Նորարար, ազգային, ոչ ստանդարտ
Տաղավարի գաղափարի ձևավորումը սկսվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ։ Համագործակցելու նպատակով նրանք դիմեցին Թումո՝ փնտրելով ոչ միայն նորարար ու տեխնոլոգիական լուծում, այլև բովանդակությամբ և ձևով ազգային տաղավար՝ առանց ֆոլկլորային կամ ստանդարտ մոտեցումների։ Նպատակը պարզ էր․ ստեղծել մի տաղավար, որն իսկապես կհատկանշի Հայաստանը որպես ապագայի ներուժով երկիր՝ հիմնված կրթության, նորարարության և մշակութային հենքի վրա։
Այս հայեցակարգի շրջանակում ձևավորվեց տաղավարի բովանդակությունը՝ ընդգրկելով Հայաստանի առաջատար ուղղությունները՝ զբոսաշրջություն, տեխնոլոգիաներ, ներդրումներ, տարածաշրջանային դերակատարություն և ամենակարևորը՝ կրթություն։ Տաղավարի կառուցվածքը միաժամանակ ընդգծում է Հայաստանի անցյալը, ներկան և ապագայի հնարավորությունները՝ որպես հենք, շարժիչ ուժ և ռազմավարական ուղղություն։
Բովանդակություն
Տաղավարի բովանդակության մշակման փուլում առանցքային մտահղացումներից էր ներկայացնել Հայաստանը որպես ամբողջական ընթացք, որտեղ անցյալը, ներկան և ապագան կապվում են մեկ շարունակական գաղափարով։ Ցանկանում էինք խուսափել ինչպես միմիայն նոստալգիկ և ֆոլկլորային, այնպես էլ գերտեխնոլոգիական մոտեցումից։ Անհրաժեշտ էր լուծում, որը կարտացոլեր այդ ժամանակային շարունակականությունը՝ ընդգծելով անցյալի արժեքները, ներկայի ներուժը և ապագայի ուղղվածությունը։
Այս նպատակով ստեղծվեց ութ սյուներից բաղկացած առանցք՝ չորսը ներկայացնում են ներկան, չորսը՝ ապագան։ Ներկայի սյուները ցույց են տալիս Հայաստանի առկա զարգացումները՝ զբոսաշրջություն, տեխնոլոգիաներ, ներդրումային դաշտ, տարածաշրջանային ներգրավվածություն։
Իսկ ապագայի հեռանկարով ներշնչված սյուները կենտրոնանում են կրթության և նորարարության վրա՝ որպես այն ոլորտներ, որտեղ Հայաստանը ոչ միայն աճում է, այլ նաև առաջարկում է իր փորձը միջազգային մակարդակում։
Այս բաժանումը նպատակ ունի այցելուներին ցույց տալ, որ Հայաստանը շարժվում է դեպի ապագա՝ հենվելով իր անցյալի վրա՝ որպես հուսալի հիմք, և օգտագործելով ներկան՝ որպես նորարար ուղղությամբ գնալու միջավայր։
Սյուները
Տաղավարի ապագային նվիրված չորս սյուները մարմնավորում են այն հիմնական գաղափարները, որոնց վրա Հայաստանը կառուցում է իր վաղվա օրը։ Դրանք ընդգծում են կրթության՝ որպես ազգային ռազմավարության առանցք լինելու փաստը։ Սյուներից յուրաքանչյուրն արձագանքում է կրթության մի առանցքային արժեքի՝ միաժամանակ ցույց տալով, որ խոսքը տեսական մոտեցումների մասին չէ, այլ իրական ծրագրերի, որոնք արդեն կյանքի են կոչվում։
Առաջին սյունը՝ «Ընտրություն» (Choice), ներկայացնում է ուսումնական ազատության գաղափարը։ Այստեղ կենտրոնը սովորողն է, որը ինքն է տնօրինում իր կրթական ուղին՝ ընտրելով թեմաներն ու խորացման ոլորտները։
Երկրորդը՝ «Մասսայականություն» (Scale), շեշտում է կրթության հասանելիության կարևորությունը։ Տեսլականն այն է, որ կրթությունը չպետք է լինի սահմանափակ ռեսուրս, այլ՝ հավասար հնարավորությունների դաշտ՝ բոլորի համար։
Երրորդ սյունը՝ «Արդյունքներ» (Results), հիմնված է Թումոյի կրթական մոդելի ուսումնասիրությունների վրա՝ ընդգծելով, որ ուսումնական արդյունքներն էլ չափելի և զգալի են։ Թումոյի ուսանողները, օրինակ, նույնիսկ ավանդական առարկաներում, ինչպես մաթեմատիկան, գրանցում են նկատելի առաջընթաց։
Չորրորդ սյունը՝ «Տարածություն» (Space), պատկերացնում է կրթական միջավայրը ոչ միայն որպես ֆիզիկական տարածք, այլ որպես մտածողության և ստեղծագործության հարթակ։
Թումո Գունման՝ Թումոյի առաջին կենտրոնը Ասիայում, ճշգրիտ մարմնավորում է այս վերջին սկզբունքը։ Այն բացվում է Ճապոնիայի Տակասակի քաղաքում՝ հենց Էքսպոյի ընթացքում։ Կենտրոնը ոչ միայն ներկայացնում է Հայաստանի ու Ճապոնիայի համագործակցության հաջողված օրինակ, այլ նաև ցույց է տալիս, թե ինչպես է հնարավոր տեղայնացնել և իրականացնել հայկական կրթական մոդելը՝ աշխարհի մյուս ծայրում։ Թումո Գունման այս համատեքստում սիմվոլ է. ապագայի մասին Հայաստանի գաղափարները՝ նյութական և գործնական իրականություն դարձած։
Այցելուի ակտիվությունը
Տաղավարը կառուցված է այն տրամաբանությամբ, որ այցելուն չպետք է մնա պասիվ դիտորդ։ Փոխարենը, ամբողջ միջավայրը խրախուսում է ակտիվ ներգրավվածություն։ Տարածքը նախագծված է բաց և ճկուն ձևով՝ առանց պարտադրող ուղղորդումների, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր այցելուի ձևավորել իր փորձառությունը, շարժվել իր ընտրած ուղով, կանգ առնել այնտեղ, որտեղ ինքը ցանկանա, և որքան ցանկանա։
Յուրաքանչյուր սյուն դիտվում է որպես առանձին «դրվագ»՝ սերիալային կառուցվածքով, սակայն միաժամանակ ինտեգրվում է ամբողջ պատմության մեջ։ Անկախ նրանից՝ այցելուն սկսում է առաջին սյունից, թե վերջինից, նա ստանում է ամբողջական պատկերի ընկալում՝ առանց տեղեկատվական հակասությունների։ Այս մեթոդը ոչ միայն ազատություն է տալիս, այլ նաև խրախուսում է անձնական ընթերցում և մտքի մասնակցություն։
Տաղավարը ոչ թե միայն ցույց է տալիս, այլ առաջարկում է մտածել, հարց տալ, համադրել ու բացահայտել։ Այցելուն դառնում է համահեղինակ՝ իր մտքերի, զգացողությունների ու անձնական ճանապարհի շնորհիվ։ Նա դիտում է, բայց նաև որոշում է՝ ինչ տեսնել, ինչպես հասկանալ և ինչ տանել իր հետ։
Գլխավոր ասելիքը
Հայաստանը, որը շատերի պատկերացմամբ դեռ կարող է ասոցացվել միայն պատմության ու մշակույթի հետ, այստեղ ներկայանում է որպես ժամանակակից, նորարար, միջազգային դաշտում գաղափար արտահանող երկիր։ Տաղավարի կառուցվածքը՝ իր սյուներով, տեսաշարերով և ինտերակտիվ լուծումներով, ստեղծում է մի փորձառություն, որը համադրում է մշակութային խտությունը, տեխնոլոգիական առաջընթացը և ապագայամետ կրթական մոդելները։
Այցելուների համար առավել զարմացնող պահերից է այն տեղեկությունը, որ այս ամենը տեսական չէ։ Երբ նրանք իմանում են, որ հենց Էքսպոյի ընթացքում Ճապոնիայի Տակասակի քաղաքում բացվում է Թումոյի առաջին կենտրոնը Ասիայում՝ Թումո Գունման, այն ամբողջ տպավորությունը վերածվում է հստակ համոզման։ Հայաստանն այստեղ ներկայացված է ոչ թե որպես փոքր երկիր մեծ գաղափարներով, այլ որպես երկիր, որն իր գաղափարները վերածում է իրական նախագծերի՝ տեղայնացված և կիրառելի գլոբալ մակարդակում։
Այս ամենի արդյունքում այցելուի մտքում ձևավորվում է ոչ թե միայն հիշողություն, այլ ընկալում։ Հայաստան = նորարարություն, գաղափար, կրթություն։
Տեսողական և հնչողական դետալները՝ Հայաստանի լանդշաֆտների եռաչափ ներկայացումը, ազգային երաժշտության գեղարվեստական շերտերը, մշակութային ժառանգության մանրամասները, ստեղծում են մի ընդհանուր մթնոլորտ, որն անմիջապես կապ է հաստատում դիտողի հետ՝ անկախ նրանից՝ նա ինչ գիտելիք ունի Հայաստանի մասին։
Սակայն ամենաազդեցիկ պահը հաճախ տեղի է ունենում ապագայի սյուների դիմաց։ Այստեղ այցելուն բացահայտում է, որ տեսածը գաղափար չէ միայն, այլ՝ իրականություն։ Երբ նա իմանում է, որ ներկայացված կրթական մոդելն արդեն գործում է՝ ոչ թե Հայաստանում, այլ նաև Ճապոնիայում՝ Տակասակիում բացվող Թումո Գունմայի օրինակով, այդ գիտակցումը վեր է ածվում հիացման ու հետաքրքրության։
Այդ պահին, նույնիսկ առանց բառերի, ձևավորվում է մի պատկեր. Հայաստանը՝ որպես երկիր, որը չի կանգնել անցյալում, այլ ապրում է ներկան և առաջարկում ապագան։