Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք
Ֆիրդուս

Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք

ԵՐԵՎԱՆը ներկայացնում է մի հատված «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքում զետեղված հուշերից։

Տեքստը` Տիգրան Ամիրյանի, Սոնա Քալանթարյան


Լուսանկարները՝ Տիգրան Ամիրյանի, Կ. Գրեչկայի, Ֆիրդուսի բնակիչների ընտանեկան արխիվներ


ԵՐԵՎԱՆ #55 | 2019

 

Նախագծի կայքըhttp://firdusmemory.com/

 

Նախագիծն իրականացվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

 

#Ֆիրդուս

Երևանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասի՝ Ֆիրդուսի մասին ստեղծվել է հիշողության գիրք, որտեղ փորձ է արվել պատումների, տեսողական նյութերի միջոցով իրականացնել խորքային հետազոտություն՝ վերհանելով՝ ճարտարապետական յուրահատկությունները, ընտանեկան պատմությունները, բազմաէթնիկ անցյալը և այլն։ ԵՐԵՎԱՆը ներկայացնում է մի հատված Տիգրան Ամիրյանի և Սոնա Քալանթարյանի «Ֆիրդուս․ տեղի հիշողությունը» գրքում զետեղված հուշերից։

 

Տուն № 7 Հաղթանակ Շահումյան

«Ֆիրդուսի փողոցը Երևանի ամենահին առանձնատներով թաղամասն էր: Փողոցի անունը առաջացել ա մոտ 250 տարի առաջ: Դա միակ փողոցն ա, որի անունը երբեք չի փոխվել, նույնիսկ սովետական շրջանում․ անհատի անունը պահպանվեց: Երբ փոքր էի, մեր բնակչության կեսից ավելը երևի մահմեդական էին: Ասում էին՝ պարսկահպատակներ էին: Հայրս որ եկել ա, 20-ական թվերին, տունը առել ա պարսկահպատակից: Էդ մարդը 1930-ական թվերին թողել գնացել ա Պարսկաստան, բայց մինչ էդ 10 տարի մեր հետ տարբեր մասնաշենքերում ապրել ա: Երբ քաղաքական իրավիճակը բարդանում ա, ոչ էլ վաճառում ա տան իրա մասը, հորս ա նվիրում ու գնում Պարսկաստան: Մեր կողքի հարևանը, լսած կլինեք, հանրահայտ քամանչահար էր, Վիդոկը: Վիդոկի հայրը էլի նույն ցեղերից էր, ադրբեջանցի էր, իսկ մայրը հայ էր:

 
Image for post
Արա Շահումյանի արխիվից

 

Որ փոքր էի, մեզ չէին թողում դուրս գայինք, փողոցը ցեխոտ էր, կավահող էր ամբողջը: Հիշում եմ՝ անգամ պատերազմից հետո գերիները, որոնց մենք բոլորս ֆաշիստ էինք համարում, ես փոքր էի, առանձնապես էդ բաները լավ չէի հասկանում, մտնում էին փողոց խմբերով: Ըստ երևույթին, դա արդեն Նյուրնբերգյան դատավարություններից հետո էր: Գալիս էին, հաց ու շաքար մուրում: Հրաշալի գործիքներ էին շինում, նվիրում էին, երբ մայրս հաց էր տալիս: Ավագները՝ արդեն մոտ 15 տարեկան երեխաները, գոռում էին՝ Հիտլեր կապուտ: Ես էլ չէի հասկանում՝ կապույտ, կապույտ․ գույն ա էլի: Իսկ գերիները հասկանում էին ու քֆուր էին տալիս Հիտլերին, որ ընկել էն էդ վիճակին: Հետագայում իմացա, որ հիմնականում հունգարացիներ էին:

 

Մայրս շաքարն ու հացը տալիս էր մեզ՝ տանենք էդ գերիներին, որ ծնողներիս չասեն՝ կուլակի երեխեք են ու հաց են բաժանում… 1937-ին պապիս տարել, գնդակահարել էին, որովհետև հոգևորական էր։ Հորս էլ էին բռնել՝ որպես տերտերի տղա, բայց հայրս հայկոպի, հայհիդրոշինի տնտեսական մասի հիմնադիրներից էր: Հիմնարկությունները համարձակվել էին նամակներ գրել․ հորս մի 6 ամիս պահելուց հետո ազատել էին:

 

Պատերազմից հետո գյուղերից ահագին մարդիկ էին եկել Ֆիրդուս, մանկավարժականի կողմը ֆաներայից փոքր տնակներ էին սարքել ու մեջը ապրում էին: Պահակություն էին անում, բանվորություն էին անում մանկավարժականում և այլն: Ապարանցիներ կային, մարտունեցիներ: Այդտեղ սառցադաշտը որ կա, պահպանվել ա, թուրքի դվոր էին ասում: Ուղտեր էին գալիս, տասը-տանհինգ հատ, վրաները՝ աղ: Առաջ Հայաստանում աղի հանք չկար, աղը Երևան բերում էին Նախիջևանից, Կողբի կողմերից: Բրիկետներ էին՝ ոնց որ մարմարի կտորներ՝ կապած ուղտի երկու կողմերից: Էդ ուղտերը ծանրության տակ որ բարձրանում էին, նենց ոռնոց էին հանում, ոնց որ առյուծի ոռնոց լիներ:

 

Երբ դեռ ներգաղթի կոչեր էին անում, ահագին հայ եկավ քաղաք Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից: Դա խրախուսվում էր Սովետի կողմից. տեսեք Սովետը ինչքան լավն ա, մարդիկ գալիս են ստեղ: Էդ ժամանակ դեռ ահագին ադրբեջանցի էլ կար: 40-ականների վերջին Ստալինը կազմակերպում ա տեղաշարժը, ես դա հիշում եմ, Ֆիրդուսի ադրբեջանցիներն էլ գնացին։ Օրինակ՝ Վիդոկի հորեղբայրները կային, մաքուր ադրբեջանցիներ էին: Իմ հասակակիցներից կային շատ, հուզմունքով ճանապարհեցինք իրանց… Թուրք ու հայ չկար, բոլորը մեր հարևաններն էին: Մեր տան պադվալային մասում էլ էին ապրում ադրբեջանցիներ: Բանվոր մարդիկ էին, աղքատ: Բայց արդեն 1980-ականների դեպքերի ժամանակ մի երեք ընտանիք էր մնացել: Վերջին գնացողներից մեկը մեր հարևանն էր՝ Հուսեին էր անունը: «Կոմունիստ» թերթի խմբագրի վարորդն էր: Մինչև 1991 թիվը մնաց: Մի օր էլ տեսնեմ՝ տունը վաճառեց․․․ բայց հարևանների կողմից ոչ մի թշնամական բան չկար: Դուրս եկա, ասեցի. «Հուսեի՛ն, դո՞ւ ուր ես գնում»: Իրա հերն ա ծնվել Երևանում, մի տղեն էլ Կենտկոմում հրահանգիչ էր աշխատում: Ասեց․ «Հաղթանա՛կ եղբայր, Հայաստանում թուրք չմնաց, երեխեքս մեծացել են, վաղը, մյուս օր պիտի պսակվեն, հա, հիմա չեն նեղում, բայց հետո խնդիր ա դառնալու․․․»։

 
Image for post

 

Տուն № 16 Էմիլյա Սաֆարյան

«Մեր նախնիները Թավրիզից են: Երբ սաղ ցեղով տեղափոխվել են Նախիջևան, մեր կողմը հետո էկել ա Արմավիր, հայրս հետո էնդեղից գնացել ա Վորոնեժ՝ սովորելու։ Իսկ պատերազմից հետո արդեն Ֆիրդուսի տունն ա առել։ Իմ հայրը հայտնի ատամնաբույժ էր, փողոցում բոլորին ինքն էր բուժում, դրա համար էլ դեռ էն տարիներից սաղին ճանաչում էինք։

 

Փողոցում Թավրիզից էլի կային մարդիկ, «թուրքեր» էին, 80-ականներին, որ ստիպված պետք ա գնային Բաքու, չէին ուզում։ Օրինակ՝ տիկին Սոֆյան, բուժքույր էր, ասում էր ինձ․ «Էմո ջան, գնանք Բաքու, ի՞նչ անենք․ ոչ մի ծանոթ չունենք, չենք ապրել ադրբեջանցիների հետ, մերոնք Թավրիզից են, իսկ մենք ստեղ ենք մեծացել»։ Սոֆյայի եղբայրները Բաքվում էին սովորում, իսկ հայրը էս մեր մանկավարժականում էր դասախոսում։ Հենց բնիկ թուրքեր չէին ապրում ստեղ, Սալմաստից եկածներ էին։ Մայրս լավ գիտեր թուրքերեն, հարցնում էր՝ բաջի ջան, ո՞րտեղից եք, ասում էին՝ Սալմաստից, Թավրիզից։ Սաղ լաց էին լինում, չէին ուզում գնային: Դե իրանք միշտ ռուսական դպրոց էն գնացել, լեզուն չգիտեին: Հետո նոր մանկավարժականի ադրբեջաներենի բաժինը բացվեց:

 
Image for post
Սաֆարյանների ֆոտոարխիվից

 

Ստեղ բնակիչներով իրար շատ մոտիկ ենք՝ մի ընտանիքի նման: Էս շուկայի ժողովրդի հետ էլ շատ լավ ենք: Ստեղ պրոֆեսոր Յոլյանն ա ապրել, բժիշկներ, օրգանների աշխատողներ, շատ տարբեր մարդիկ կային, բոլորս էլ շատ էինք սիրում էս տեղը։ Ուրիշ երկրներում շատ եմ տեսել՝ ոնց են մեր փողոցի նման տեղերում տարբեր ազգային տարազներ, բաներ վաճառում, մենք էլ կարայինք նման մի բան անեինք, եթե պետությունը օգներ»։

 


Տուն №17\4 Գառնիկ (Գագա) Հարությունյան, Միլետա Ադիյան

«Էս շենքը 1930-ականներին են սարքել, առաջ մի բնակարանում մի քանի ընտանիք էր ապրում։ Մեր տանը երկու ընտանիք կար, վերևի հարկում էլ էր տենց, անգամ պադվալում էին վարձով ապրում։ Հայրս տեղափոխվել ա էս տուն 30-ականներին, իսկ 40-ականներին արդեն ես եմ ծնվել։ Հիմա բնակարանի կեսը եղբորինս ա։ Դիմացի սեփական տներից մեկում էլի մեր բարեկամներն են, եղբորս տղան ա։ Սա միակ պետական շենքն ա Ֆիրդուսում, հայրս ու պապս էլ են մասնակցել շինարարությանը։ Առաջ շաբաթվա վերջին գալիս էին ստեղ ու շաբաթ-կիրակի շենքի պատերն էին կանգնացնում։ Մի մետր հաստության պատեր են, երկու շարք քարերով, փայտե առաստաղով։

 

Սաղ փողոցը ճանաչում ա իրար, ընկերություն անում։ Ներքևը Շամիրամի տունն էր, տղեն Սովետի հերոս էր, էս վերևում ապրողը արդեն գնացել ա, ռայկոմի քարտուղար էր, հետո դառավ Պիշետորգի տնօրեն, հետևի տանը (Հանրապետության փ․) ադրբեջանցիներ էին ապրում, Էփոյի ընտանիքն էր, լավ մարդիկ էին։

 
Image for post
Հարությունյանների ֆոտոարխիվից, 1970–ականներ, 1980–ականների սկիզբ

 

Էփոն, Զեփիրը իմ մանկության ընկերներն են։ Բաքվում էին սովորում, բայց արձակուրդներին միշտ գալիս էին։ Էն ժամանակ չգիտեինք ինչ ա ադրբեջանցին կամ հայը։ Բոլորը գնացել են վաղուց, մնացել էին մենակ կողքի տանը ապրող ադրեբջանցիները, Սոֆյայի ընտանիքը, իրանք էլ 1988-ին գնացին, Կլարայի հետ փոխանակեցին տունը։ Սոֆյայի տղաները լացում էին, չէին ուզում գնային։ Էլի մեկը կար, Կադրը, լավ տղա էր, Մասիսում հողեր ուներ, բանջարեղեն էր աճացնում, նախ բերում էր թարմ բանջարեղենը մեզ տալիս, հետո նոր վաճառում»։

 
Image for post
Հինգ ընտանիքի համար նախատեսված երկհարկանի բնակելի շենքի նախագիծ։ Նախագծի հեղինակ՝ Հայկ Հովհաննեսի Կիրակոսյան։

 

Միլետա

«Ես Կիրովաբադում եմ մեծացել, ադրբեջանցիների մեջ։ Հայերեն էլ, ադրբեջաներեն էլ լավ խոսում եմ։ Ստեղ պադվալային հարկ էինք վարձում, հետո Գոգայի հետ ծանոթացանք ու ամուսնացանք։ Սաղ կյանք ստեղ ենք ապրել։ Շատ ենք սիրում մեր փողոցը։

 

Երբ շուկան դեռ կար, լիքը պարսիկներ կային, բայց դրանից առաջ ադրբեջանցիներն էին շատ։ 1980-ականներից բոլորը ստիպված գնացին, Սումգայիթում, Բաքվում մերոնց երբ սպանում էին, իրանք հասկանում էին, որ վտանգավոր կլինի դրանից հետո ստեղ մնալը։ Բայց հայերից մնացել են էնտեղ, որ փոխել են ազգանուններն ու վախում են ասեն՝ հայ են։ Իմ բարեկամուհին էլ ա էնտեղ․ ամուսնացել էր ադրբեջանցու հետ ու չէր կարա թողներ ընտանիքը։ Մեր կապը տենց էլ կորավ… Մի քանի տարի առաջ չդիմացա, զանգեցի Բաքու․ մի երկու րոպե խոսացինք, բայց երբ երեխեքը մտան սենյակ, սկսեց ադրբեջաներեն խոսալ…»:

 


 

Տուն № 52 Միքայել Հարությունյան

«Մերոնք 100 տարի ստեղ են ապրել, իսկ էս տները, ոնց ես լսել եմ մեծերից, 250–300 տարվա տներ են, իմ պապիից ու տատիից եմ լսել: Էս պատերը ծղոտ ա հողով լցրած: Մենք սաղ վերանորոգել ենք: Էս տանը ապրել են նաև ազերիներ, թուրքեր: Ուրեմն էս շենքը քուր ու ախպոր ա բաժանվել՝ Ռիզա Զադե Բագր, Ռիզա Զադե Մասմա: Ինչ եղել ա, էդ եմ ասում: Երկրորդ հարկը եղել ա ախպորինը, ներքևը՝ քրոջինը՝ Մասմայինը: Մեր ընտանիքը ապրել ա էս սենյակի մասում: Մայրս ասում էր, որ էս հատակը հող էր ամբողջովին: Հետո սկսեցին քաղաքում հատակ սարքել: Ասում ա, որ պապային խնդրում էինք՝ մենք էլ հատակ անենք, պապան ասում էր՝ ի՞նչ հատակ, հեսա քանդում են տները: 1930 թվից քանդում են:

 
Image for post

 

Մեր ադրբեջանցիները գնացին Բաքու: Եղբայրը կնոջից՝ Ռզա Զադե Կուկուից բաժանվեց ու գնաց: Կինն ու աղջիկը ստեղ էին ապրում, մինչև էս ամենավերջերը, երբ ադրբեջանցիները գնացին: Ասում էր՝ չեմ ուզում գնալ, ասեցի՝ մնա, ես քեզ կպահեմ, աղջկան ասեցի՝ Իռադա՛, դու գնա, ես ծնողի նման կպահեմ իրան: Վերջերս Իռադան ռուսական հեռուստատեսությամբ ելույթ ա ունեցել ու սաղ պատմել ա, որ Ֆիրդուսում էին ապրում, մաման չէր ուզում գնար և այլն»։

 


 
Image for post

 

Հեղինակներից

Գրքի վերնագիրն (“Ֆիրդուս․ տեղի հիշողությունը”) արդեն հուշում է մեր մտադրությունների ու բավականին բարդ հետազոտական նյութի ընտրության մասին։ Ուզում էինք հասկանալ այս քաղաքային հատվածը, որն առաջնորդվում է միայն իրեն բնորոշ ռիթմով, փորձում էինք Ֆիրդուսին բնորոշ կյանքի շրջանառության մեջ վերհանել կարևորը, հասկանալ՝ ինչի է այն դատապարտված ոչնչացման իշխանության կողմից։ Ստեղծել տեղի հիշողության մի նախագիծ, որը չի լինի պատմական, քանի որ պատմությունը հաճախ ենթարկվում է պաշտոնական, իշխող դիսկուրսին, իսկ հիշողությունը ձևավորվում է առօրեականության փորձով, խոսում հիմնականում ներկայի, ոչ թե անցյալի մասին։ Փորձեցինք զերծ մնալ միայն պատմական անդրադարձից, որպեսզի այս տարածությանը չվերագրվեին հարանշանակություններ ու անհարկի իմաստներ։ Միաժամանակ փորձել ենք խուսափել այս տարածքի անցյալի վերաբերյալ նոստալգիայից։ Կարծում ենք՝ ստացվել է․ ճիշտ է, թե՛ պատմությունը, թե՛ նոստալգիան շատ հեշտ կընկալվեին լսարանի կողմից, սակայն ոչինչ չէին ասի Ֆիրդուսի ներկայի մասին։

 
Image for post

 

Ֆիրդուսի շուկան

1990-ականներին ձևավորված շուկան մեծ ազդեցություն է ունեցել տեղի ճարտարապետության վրա։ Փողոցի անվանման ցուցանակները թաքնվել են ենթակառույցների ու վրանների հետևում։ Ֆիրդուսը «կերակրել» է ամբողջ քաղաքը։ Գրքում շեշտադրվում է շուկայական զարկերակի կարևորությունը ոչ միայն Ֆիրդուս-Վերնիսաժ խաչմերուկում, այլև կենտրոնի ողջ շուկայական եռուզեռում, որտեղ Ֆիրդուսն ունի իր անբաժանելի դերը։ Ֆիրդուսին գրեթե կպած է Վերնիսաժը, մյուս կողմից Ֆիրդուսի շուկան տարածվում է դեպի Տիգրան Մեծի փողոց, որտեղից առևտուրը շարունակվում է դեպի Նար-Դոս, ապա՝ Գնունու շուկա և այն՝ ընդգրկելով կենտրոնի ողջ հարավարևեյլան հատվածը։ Այս քարտեզը կարելի է նաև հակառակ հերթականությամբ կարդալ։

 
Image for post

 

Հուշերի հավաքագրում

Մեր հետազոտության առաջին օրերին թակեցինք տներից մեկի դուռը․ բացեց մի 16-ամյա պատանի, ով արհամարհանքով ասաց․«Ախպեր, ստեղ հետաքրքիր բան չկա, հավես ունե՞ս»։ Արդեն ուզում էինք գնալ, երբ շարունակեց․ «Տատս կիմանա՝ ինչ կարևոր բան կա ստեղ: Բայց ստե սաղ թազա սարքած ա, ինչ հին բան կա՝ պադվալներում ա, սաղի պադվալները շատ հետաքրքիր են»։ Նրա խոսքերը շատ տեղին էին ու բնորոշ Ֆիրդուսին․ հիշողությունը այստեղ երբեք չէր բացահայտվում առաջին փորձից, միշտ թաքնված էր մութ նկուղներում, խոնավ փայտե արկղերում ու հին ֆոտոալբոմներում։ Մեզ երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ հիշողությունը հասանելի դառնա մեզ։ Այս երկար ու բարդ աշխատանքի արդյունքը ոչ միայն մեր գրքի հրատարակումն ու կայքի պատրաստումն է, այլև տասնյակ նոր ընկերների ձեռքբերումը։ Տեղացիները հոգատարությամբ ընդունեցին մեզ, դարձան մեր ըկերները, և ինչ-որ պահից սկսած մենք ոչ թե գրում էինք օտար թաղամասի, այլ մեզ հարազատ մի տարածության մասին։

հավելյալ նյութեր