FIZKULT
Ցուցահանդես

FIZKULT

Վաղը՝ հոկտեմբերի 16-ին, Rambalkoshe-ն ու Berq Studio-ն միանգամից երկու իրադարձություն են պատրաստում՝ նորաբաց Vajrapar-ում: Rambalkoshe-ն կցուցադրի Վահան Ստեփանյանի անձնական ֆոտոարխիվը, որտեղ հավաքված է 20-րդ դարի խորհրդային Հայաստանի սպորտային վավերագությունները, իսկ Berq Studio-ն կներկայացնի իր առաջին սպորտային կոշիկների հավաքածուն, որն արտադրվել է Հայաստանում՝ «Եղվարդ» սպորտային կոշիկների գործարանում:

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի արխիվից

 

 

Ցուցահանդեսը բաց կլինի միայն մեկ օր՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 14:00-22:00-ն: Մուտքն ազատ է: Հասցեն՝ Չայկովսկու 30, Vajrapar: Հարցերի դեպքում զանգեք՝ +37493333018:

 

Ցուցահանդեսում կներկայացվեն Վահան Ստեփանյանի անձնական արխիվի 60 լուսանկար, որոնցից 10-ը հնարավոր կլինի գնել տեղում (այո, այո, հենց օրիգինալ լուսանկարները), կվաճառվեն նաև պաստառներ և բացիկներ։
 

Ֆիզկուլտ-ֆոտո

Մոտ 15 տարի առաջ Վահան Ստեփանյանը Վրաստանում շուկաներից մեկում հանդիպեց մեկին, ով վաճառում էր մոտ 100 տարվա լուսանկարներ, որոնք պատկերում էին հայերի, կամ էլ հայ լուսանկարիչների աշխատանքներ էին։ Rambalkoshe-ի հիմնադիրն ասում է․«Ջրի գին ունեին, դրանից ավելի լավ ու կարևոր ի՞նչ պիտի գնեի, թե՛ մասնագիտական ու թե՛ պատմական առումով լուսանկարներն ինձ հետաքրքիր էին»։ Այդպես, Վրաստանից գնված մոտ 50 լուսանկարներով սկիզբ դրվեց մի ամբողջ հավաքածուի։ Արդեն Երևանում՝ հին ու բարի Վերնիսաժում, պարզվեց, որ նույնպես վաճառվում են նման լուսանկարներ՝ նույն ժամանակաշրջանի ու կարևորության։ Վահանն իհարկե դրանք էլ գնեց, չնայած որ արդեն հեչ ջրի գին չէին։ 

 

 

 


Այսպես՝ պարբերաբար կապ պահպանելով նման լուսանկարների առք ու վաճառքով զբաղվող անձանց հետ, միմյանց աջակցելով, մասնագիտական խորհուրդներ տալով, Վահանը 6-7 տարվա ընթացքում կարողացավ ստեղծել մոտ 1000 լուսանկարից բաղկացած հավաքածու, որն արդեն հնարավոր էր դասակարգել ըստ տարածաշրջանի, ըստ թեմայի կամ ըստ լուսանկարչի։ 


Որոշ ժամանակ անց Վահանը ձեռք բերեց ևս երկու մեծ արխիվ։ Մեկը՝ Սայաթ-Նովայի ժառանգների արխիվն է, մյուսը՝ Հայաստանի խորհրդային շրջանի ողջ սպորտային ֆոտոարխիվը։ երկու ընդարձակ արխիվներն առանձնանում էին նրանով, որ ի տարբերություն նախորդ գտածոների, որոնք պատմական արժեք ունեն ու բավական մեծ ժամանակաշրջան են ընդգրկում, ներկայացնում էին մի ամբողջական, ավարտուն թեմա։ Այդպես առաջ եկավ խորհրդային Հայաստանի սպորտային արխիվը ցուցադրելու միտքն ու անհրաժեշտությունը։ 


Բանն այն է, որ այդ լուսանկարները Վահանի մոտ հայտնվել են առանց թվագրության ու նույնիսկ առանց հեղինակների անունների։ Դա ցայտուն օրինակ է այն բանի, որ լուսանկարչությունն ըստ արժանվույն չի գնահատվել ոչ այն ժամանակ ու ոչ էլ հիմա, քանի որ ի վերջո, լուսանկարները որևէ պետական արխիվում խնամքով պահվելու փոխարեն անցել են բարդ ճանապարհ ու հայտնվել անհատի ձեռքերում, բարեբախտաբար՝ դրա արժեքն իմացող մեկի ձեռքերում։ Վահանը մեծապես կարևորում է լուսանկարի մշակույթն ու դրան ուղեկցող ամեն բան՝ տեքստը, թվագրումը, տեխնիկան, հեղինակային իրավունքը և կարևոր է համարում ցուցահանդեսի միջոցով այդ ամենի մասին պատմել հանրությանը։   

 

 

 

Տեղական բոթաս

Ինչպես արդեն նշեցինք, ցուցահանդեսին Berq Studio-ն կներկայացնի իր առաջին սպորտային կոշիկների հավաքածուն, որն արտադրվել է Հայաստանում՝ լեգենդար «Եղվարդ» սպորտային կոշիկների գործարանում: Գործարանը, ի դեպ, երկար դադարից հետո առաջին անգամ է բացել իր դռները, ու հենց Berq-ի համար՝ կարելու հայկական դիզայնով և արտադրության սպորտային կոշիկներ, որոնք պահպանել են իրենց վինտաժային ոճը: Berq Studio-ն հիմնադրվել է Երևանում 2016-ին ու այդ օրվանից ներկայանում է հարմարավետ ու որակյալ հագուստի հավաքածուներով՝ ոգեշնչված բնությունից, ճարտարապետությունից ու երաժշտությունից։ 

 

Եղվարդի գործարանը՝ խորհրդային տարիներին


Այս անգամ՝ հերթը սպորտային կոշիկներինն էր։ Համահիմնադիր Մելիք Սոֆոյանը խոստովանում է, որ միշտ երազել է իր դիզայնով սպորտային կոշիկներ արտադրել հենց Հայաստանում ու հենց Եղվարդի հանրահայտ գործարանում։ Սկզբում շատ բան խանգարում էր երազանքի իրականացմանը, դժվար էր նույնիսկ կոնտակտի դուրս գալը։ Ի վերջո Մելիքին հաջողվեց գտնել Լիլիթին, ով, պարզվեց, գործարանի սեփականատիրոջ՝ Աշոտ պապի թոռնուհին է։ Աշոտ պապն արեց ամեն բան, որ գաղափարն իրական դառնա։ 


Գործարանն այժմ գործում է, բայց ոչ հաճախ, հիմնականում՝ տաք եղանակներին, որոշ կոմունալ խնդիրներից ելնելով։  Իսկ արտադրության տեսանկյունից Մելոն ստիպված էր սահմանափակ լինել՝ ելնելով առկա նյութերից, իսկ դիզայնի մասով ձգտել է պահպանել Եղվարդի լեգենդար սպորտային կոշիկների ռետրո ոճը։ Առայժմ արտադրվել է ընդամենը 50 սպորտային կոշիկ, ևս 50-ը հնարավոր կլինի ձեռք բերել ավելի ուշ։   
 

հավելյալ նյութեր