Ռումինական ալիքը ողողեց նորվեգական ֆյորդերը, Կաննի գլխավոր մրցանակակիրը
Կանն

Ռումինական ալիքը ողողեց նորվեգական ֆյորդերը, Կաննի գլխավոր մրցանակակիրը

Ոսկե Ծիրան կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը պատմում է 2026-ի՝ Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենուն արժանացած ֆիլմի մասին։ Ռումինական նոր ալիքի ականավոր ներկայացուցիչ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» դրաման այս տարի ամենայն հավանականությամբ կցուցադրվի նաև Ոսկե Ծիրանի շրջանակում։

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի

#Կինո

Ռումինական նոր ալիքի առաջամարտիկ Քրիստիան Մունջիուն, որը շուրջ երկու տասնամյակ առաջ զինակից և գրեթե անվանակից վարպետ Քրիստի Պույուի «Պարոն Լազարեսկուի մահը» տրագիկոմեդիայի «Հատուկ հայացք» ծրագրի գրանպրին 2 տարի անց վերածեց Ոսկե արմավենու ճյուղի՝ «4 ամիս, 3 շաբաթ, 2 օր» սոցիալական դրամայով, օրերս դասվեց կինոյի պատմության ընդամենը մեկ տասնյակ Ոսկե արմավենու ճյուղի կրկնակի դափնեկիրների շարքին` կորեացի ռեժիսոր Պարկ Չան Հուկի գլխավորած ժյուրիի կողմից արժանանալով նոր Ոսկե արմավենու ճյուղի Կաննի 79֊րդ կինոփառատոնում։

 

Ֆյորդը պատմում է Նորվեգիայում բնակվող ռումինա-նորվեգական ընտանիքի մասին, որի երեխաներին սոցիալական ծառայությունները հեռացնում են ընտանիքից՝ բռնության և ոչ պատշաճ դաստիարակության կասկածների հիման վրա։ Մունջիուին, ինչպես միշտ, հետաքրքրում է ոչ այնքան դեպքի իրավական կամ սոցիալական մակերեսը, որքան արժեքային համակարգերի բախումը, երբ հյուսիսեվրոպական լիբերալ ինստիտուցիոնալ աշխարհը բախվում է արևելաեվրոպական ընտանեկան, կրոնական և մշակութային պատկերացումներին։

 

Ֆիլմը սկզբում կարող է թվալ որպես արևմտյան բյուրոկրատիայի քննադատություն կամ հակառակը՝ պահպանողական ընտանիքի ապամոնտաժում, բայց հեղինակը հետևողականորեն խուսափում է գաղափարական պարզությունից։ Ինչպես նրա լավագույն ֆիլմերում, այստեղ ևս չկան բացարձակ մեղավորներ կամ անմեղներ։ «Ֆյորդը» աստիճանաբար վերածվում է բարոյական անորոշության սառը լաբիրինթոսի, որտեղ յուրաքանչյուր ճշմարտություն սկսում է բացահայտել իր հակառակ կողմը, իսկ հանդուրժողականության, ծնողական սիրո, մշակութային ինքնության և երեխայի պաշտպանության մասին պատկերացումները դադարում են ունենալ հստակ սահմաններ ու սահմանումներ։

 

«Ֆյորդի» հիմքում ընկած իրական թեմատիկ շերտերից մեկը ակնհայտորեն կապ ունի Նորվեգիայի երեխաների պաշտպանության պետական համակարգի շուրջ վերջին տարիներին ծագած միջազգային աղմկահարույց դեպքերի հետ։ Տարբեր արևելաեվրոպական, բալկանյան, լեհական, ռումինական և նույնիսկ հնդկական ընտանիքներ տարիներ շարունակ մեղադրում էին նորվեգական սոցիալական ծառայություններին չափազանց ագրեսիվ միջամտության մեջ՝ պնդելով, որ մշակութային, կրոնական կամ ընտանեկան տարբերությունները հաճախ սխալմամբ ընկալվում են որպես բռնություն կամ «ոչ պատշաճ ծնողավարություն»։

 

Հատված ֆիլմից

 

Մունջիուն, սակայն, չափազանց խելացի ռեժիսոր է, որպեսզի ֆիլմը վերածի պարզ քաղաքական հայտարարության կամ հակասկանդինավյան պամֆլետի (չնայած հազիվ թե ստացվել է վերջինից խոսափել)․  նրան հետաքրքրում է շատ ավելի բարդ հարց՝ ի՞նչ է տեղի ունենում, երբ տարբեր քաղաքակրթական բարոյական համակարգեր դադարում են հասկանալ միմյանց լեզուն։

 

Ֆիլմում նորվեգական ինստիտուցիոնալ աշխարհը ներկայացվում է որպես չափազանց կարգավորված, հումանիստական և երեխաների պաշտպանության գաղափարի վրա կառուցված համակարգ, որտեղ պետությունը փորձում է կանխել նույնիսկ պոտենցիալ վտանգը, մինչդեռ արևելաեվրոպական ընտանիքի համար այդ նույն միջամտությունը սկսում է ընկալվել գրեթե որպես մշակութային բռնություն, որպես ընտանիքի ներքին տարածքի օկուպացիա. երկու կողմերն էլ ինչ-որ իմաստով առաջնորդվում են «մարդուն պաշտպանելու» գաղափարով, բայց այդ մարդու մասին նրանց պատկերացումները արմատապես տարբեր են։

 

Մի կողմից՝ սկանդինավյան լիբերալ համակարգը երեխային դիտարկում է որպես ինքնուրույն պաշտպանվող սուբյեկտ, որի իրավունքները կարող են նույնիսկ գերակայել ընտանիքի նկատմամբ։ Մյուս կողմից՝ արևելաեվրոպական, ավելի ավանդական մշակույթներում ընտանիքը հաճախ ընկալվում է որպես սրբազան և փակ օրգանիզմ, որտեղ արտաքին միջամտությունն ինքնին արդեն բռնության ձև է։

 

Նորվեգական յուվինալ արդարադատությունը ֆիլմում աշխատում է ոչ միայն որպես սոցիալական կոնֆլիկտի կողմ, այլ որպես ժամանակակից Եվրոպայի խորքային ճգնաժամի այլաբանություն։ Մունջիուին հետաքրքրում է այն պահը, երբ լիբերալ ունիվերսալիզմը սկսում է բախվել մշակութային տարբերությունների սահմաններին, և երբ «պաշտպանությունը» կարող է այլ մարդու աչքում վերածվել բռնության։

 

Հատված ֆիլմից
 

Ավելի փիլիսոփայորեն` «Ֆյորդը» կարելի է կարդալ նաև որպես երկու քաղաքակրթական մարդաբանությունների բախում՝ սկանդինավյան լուսավորչական ռացիոնալիզմի և արևելաեվրոպական, դոստոևսկիական մարդկային պատկերացումների միջև։

 

Նորվեգական համակարգը ֆիլմում ներկայացվում է որպես լիբերալ հումանիզմի իդեալականացված մարմնավորում․ պետությունը փորձում է ռացիոնալ մեխանիզմների միջոցով պաշտպանել երեխային նույնիսկ պոտենցիալ վտանգից։ Այստեղ մարդը դիտարկվում է որպես պաշտպանվող սուբյեկտ, որի անվտանգությունը կարելի է կազմակերպել համակարգի, օրենքի և ինստիտուցիոնալ վերահսկողության միջոցով, ասել է թե տիպիկ հյուսիսեվրոպական, լուսավորչական պատկերացում մարդու մասին՝ հավատ, որ ճիշտ կառուցված համակարգերը կարող են նվազեցնել մարդկային տառապանքը, իսկ արևելաեվրոպական հերոսների «մարդը» մարդը չափազանց հակասական, չափազանց մութ և չափազանց անկանխատեսելի է, որպեսզի որևէ համակարգ կարողանա ամբողջությամբ հասկանալ կամ «կառավարել» նրան, ճշմարտությունը երբեք ամբողջությամբ իրավական կամ վարչական կատեգորիա չէ։


Եվ հենց այստեղ է «Ֆյորդի» ամենացավոտ լարվածությունը։ Ֆիլմը կարծես հարցնում է․ ի՞նչ է տեղի ունենում, երբ լուսավորչական, ռացիոնալ և կարգավորված հասարակության հանդեպ հավատի «ռուսսոյական» Եվրոպան փորձում է կարգավորել «դոստոևսկիական» մարդուն, իսկ մունջիուական մարդն անպաշտպան է` պահպանողական և առաջադեմ ապտակների արանքում։

հավելյալ նյութեր