FPWC. թվեր ու փաստեր
Արևորդի 2024

FPWC. թվեր ու փաստեր

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի ակունքներում կանգնած է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), որի հիմնադրամի գործունեությունը լայն ու բազմազան է՝ կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների պահպանությունից մինչև համայնքային զարգացում։

Լուսանկարները՝ FPWC

 

ԵՐԵՎԱՆ #83 | 2024

#Գործընկեր

FPWC-ն 22 տարեկան է։ Հիմնադրամը գործում է 2002 թվականից՝ որպես առաքելություն որդեգրելով Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանությունը, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումն ու համայնքային կայուն զարգացումը։

 

 



ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

2010-ին FPWC-ն հիմնադրել է Հարավայի Կովկասի առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (Caucasus Wildlife Refuge-ը), որն ունի ավելի քան 30,000 հա տարածք, որտեղ շուրջօրյա հսկողություն են ծավալում շուրջ 15 ռեյնջերները։

 

 

2013-ից սկսած հիմնադրամն զբաղվում է Պարսկական հովազի (Panthera pardus tulliana) հետազոտությամբ. այդ ընթացքում 10 հովազ նկատվել է Հայաստանի տարածքում, որոնցից 5-ը՝ ապաստարանի տարածքում։

 

Հիմնադրամի նախաձեռնությամբ 450,000 ծառ է տնկվել (դրանց շուրջ 95%-ը պահպանվել է), ինչի շնորհիվ 500-ից ավելի բնակիչ հնարավորություն է ստացել ունենալու սեզոնային աշխատանք ու այլընտրանքային եկամտի աղբյուր։ 

 

Անտառային տարածքների վերականգնման նախագծի շրջանակում մինչև 2028 թվականը հիմնադրամը կտնկի շուրջ 1 մլն ծառ։

 

 

Հիմնադրամի կազմակերպած՝ վայրի բնության հրդեհների կանխարգելման թրեյնինգներին մասնակցել է 300-ից ավելի մարդ։

 

Հրդեհների կանխարգելման ու արագ արձագանքման և կենսաբազմազանության մոնիթորինգի նպատակով հիմնադրամի կողմից պահպանվող տարածքներում տեղադրվել է 4 ջերմազգայուն տեսախցիկ։

 

Կովկասյան կենսաբազմազանության 10 ռեյնջեր վերապատրաստվել և զինվել է վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար:

 

 


 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Հիմնադրամը հատուկ ուշադրություն է դարձնում համայնքների հետ համագործակցությանը։ Շուրջ 15 տարի FPWC-ն աջակցում է համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը՝ համագործակցելով 60-ից ավելի համայնքային գործընկերների հետ։ 

 

 

Իրականացվել է վերականգնողական էներգիային վերաբերող 170-ից ավելի նախագիծ Հայաստանի բոլոր մարզերում. շրջանակներում սահմանամերձ տասնյակ գյուղերում տեղադրվել է փողոցային LED լուսավորություն, արևային ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել համայնքային նշանակության տասնյակ կառույցների համար, բազմաթիվ մանկապարտեզներ կահավորվել են արևային ջերմատաքացուցիչներով և այլն:

 

Շուրջ 20 համայնքներում հնարավոր է դարձել մաքուր ջրի օգտագործումը։

 

Ավելի քան 30 բնակավայր ստացել է գյուղատնտեսական տեխնիկա։

 

 

Շարունակական քայլեր են ձեռնարկվում մարդ-արջ առճակատումները կանխելու ուղղությամբ։ Մինչ օրս խոցելի բնակավայրերին տրամադրվել է 40 էլեկտրական շարժական հովիվ՝ պաշտպանելու համար մեղվափեթակներն ու պտղատու այգիներն արջերի հարձակումներից։ 2023-ին ստեղծվեց հատուկ արագ արձագանքման խումբ՝ նման առճակատումներն ուսումնասիրելու, գնահատելու և հետագա դեպքերը կանխելու նպատակով։

 


 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

«Արևորդի» էկո-ակումբների շրջանակներում FPWC-ի էկո-ծրագրերին մասնակցել է 5500-ից ավելի երիտասարդ։ Նրանցից շատ-շատերը հետագայում շարունակել են ուղին բնապահպանությունում կամ հարակից ոլորտներում։ 

 

 

Հիմնադրամը համագործակցել է Հայաստանի՝ 150-ից ավելի հանրակրթական դպրոցների հետ

 

100-ից ավելի լրագրող վերապատրաստվել է հատուկ բնապահպանական թեմաները լուսաբանելու նպատակով։ 

 

 

FPWC-ի կազմակերպած «Արևորդի» փառատոնն ունեցել է 11 թողարկում (2024-ին ընթանում 12-րդը), որոնց ընթացքում ցուցադրվել է 800-ից ավելի ֆիլմ, կազմակերպվել է 400-ից ավելի բնապահպանական միջոցառում, աշխատարան ու քննարկում, որոնց ամեն տարի մասնակցել է 6,000-ից ավելի մարդ։ 

 


 

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ

 

 

2016-ին FPWC-ն հիմնադրել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը՝ իր տեսակի մեջ առաջինը Հայաստանում, որի նպատակն է փրկել ու խնամել անազատ պայմաններում պահվող վայրի կենդանատեսակներին, որոնք լքվել, վնասվել, դաժան վերաբերմունքի են արժանացել կամ անբարենպաստ պայմաններում են պահվել։ Կենտրոնը մասնագիտացված է արջերի փրկության ուղղությամբ և մինչ օրս կարողացել է փրկել 41 արջ, որոնցից 31-ն այժմ գտնվում են այնտեղ։
 

հավելյալ նյութեր