Vsyo! maladets, garoona… Rambalkoshe-ն ցուցադրում է Ռոբերտ Սահակյանց
Ցուցահանդես

Vsyo! maladets, garoona… Rambalkoshe-ն ցուցադրում է Ռոբերտ Սահակյանց

Գարնան վերջին շաբաթ-կիրակին Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանում Ռոբերտ Սահակյանցի գրաֆիկաների և անիմացիաների երկօրյա ցուցադրություն է լինելու։ ԵՐԵՎԱՆը պատմում է, թե ինչ է սպասվում։ 

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի 

 

Պատկերները՝ Rambalkoshe 

#Արվեստ

 

Ռոբերտ Սահակյանցի գրաֆիկաների և անիմացիաների ցուցադրությունը տևելու է միայն երկու օր՝ մայիսի 28-ից 29-ը՝ ժամը 13:00-22:00, Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանում։ Մուտքն ազատ է։ 

Աչքի առաջ 

«Մի շրջան ապրում էինք Սահակյանցի ստուդիայում, մշակում նյութերը, մաքրում կադրերը, մնում էր միայն որոշել ցուցադրության անվանումը,- պատմում է Rambalkoshe-ի հիմնադիր, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը, - հետո նկատեցինք, որ ամբողջ ընթացքում մեր աչքի առաջ կախված էր ստուդիայում ավանդույթ դարձած «Vsyo! maladets, garoona…» խոսքերով պաստառը»։ 

 

Ստեղծման առաջին օրերից, երբ Սահակյանցի ղեկավարած մուլտստուդիայում մի լավ բան էր լինում, թիմից որևէ մեկը հենց այդ արտահայտությունն էր անում։ Պարզ էր, որ հենց այդ խոսքերն էլ պիտի լինեին նրա՝ առաջին անգամ իրականացվող ցուցահանդեսի խորագիրը։ 

 

 

Ինչ էր ուզում ասել Սահակյանցը

Վահան Ստեփանյանը, համադրողներ Սուրեն Սարգսյանն ու Խորեն Մաթևոսյանը շուրջ երկու ամիս աշխատել են նյութի հետ՝ ցուցադրությունը բաժանելով երկու մասի։ Rambalkoshe-ում ներկայացվելու են Սահակյանցի վաղ շրջանի «Որսորդներ» սյուրռեալիստական անիմացիան և 2000-ականներին ստեղծված գրաֆիկաների շարքը։ 

 

Rambalkoshe-ի սենյակներից մեկն ամբողջությամբ նվիրված կլինի 1977 թվականին նկարված «Որսորդներին»։ Սցենարը Սահակյանցը ստեղծել է բանաստեղծ Պերճ Թուրաբյանի հետ՝ Խաչատուր Աբովյանի «Պարապ վախտի խաղալիք» պատումի հիման վրա։ Մուլտֆիլմում հայալեզու երգերը կատարում են Լարիսա Դոլինան, Տաթևիկ Հովհաննիսյանը, Նադեժդա Սարգսյանը և շատ այլ հետաքրքիր դեմքեր։ 

 

«Ցուցադրության կոնցեպտը մշակելիս, մենք փնտրում էինք Սահակյանցի անիմացիաներից պահպանված սկեչեր, իր ձեռքով արված ցանկացած նյութ,- պատմում է Վահանը,- ուզում էինք տեսնել անիմացիայի ստեղծման ամբողջ ընթացքը, հասկանալ՝ ինչ է ուզեցել այդ պատկերներով ասել»։ Ձեռագիր տարբերակով պահպանվել էր միայն «Որսորդների» «ռասկադրովկան»։ 

 

Երբ մուլտֆիլմը նայելուն զուգահեռ սկսեցին թերթել նյութերը, հասկացան, որ հենց այդ փորձառությունն էլ պիտի բերեն ցուցադրության այցելուներին։ Մոնտաժի ռեժիսոր Արսեն Նազարյանն ամբողջությամբ վերականգնել է «Որսորդները». շուրջ 14 000 կադր։ Ֆիլմում կային ռուսերեն ներդիրներ անձայն ֆիլմի ֆորմատով, որոնք հենց այս ցուցադրության համար թարգմանվել են հայերեն խմբագիր Գնել Նալբանդյանի կողմից և ինտեգրվել անիմացիայի վերականգնված տարբերակում գեղագիր Ռուբեն Մալայանի ձեռագրով։ 

 

Երաժշտությունը ժամանակին գրել է կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը, բայց որևէ ձևաչափով այն չէր պահպանվել։ Համադրողները նույնիսկ կապվել են Ազարյանի քրոջ հետ, բայց նրա մոտ էլ ամբողջական տարբերակը չկար։ Ի վերջո, հնչյունային ռեժիսոր Լևոն Նավասարդյանն այդ երաժշտությունը նոտա առ նոտա վերականգնել է, որպեսզի ցուցադրության օրն այն ամբողջացնի «Որսորդներին» նվիրված սենյակի մթնոլորտը։ 

 

 

Տարբեր թեմաներ ու 18+ 

Մեկ այլ սենյակում ներկայացված կլինեն Սահակյանցի վերջի շրջանի գրաֆիկական պատկերներ ամենատարբեր թեմաներով՝ քաղաքականությունից մինչև կենցաղ։ Վահան Ստեփանյանի խոսքով՝ նյութերի մի մասը ներկայացվելու է հենց բնօրինակներով, որոնք այնքան մանրակրկիտ են պատկերված, որ գուցե մարդիկ չնկատեն, որ դրանք հենց հեղինակի ձեռքով նկարված պատկերներ են։ Ի դեպ, այցելուները հնարավորություն կունենան գունավորել Սահակյանցի գրաֆիկաները։«Նրա անիմացիաներում այնքան գույն կա, որ բոլորիս մոտ պարբերաբար ցանկություն էր առաջանում ներկողի դերում հայտնվել։ Որոշեցինք «ներկիր ինքդ» տարբերակով ոչ շատ մեծ քանակությամբ գրքույկներ ստեղծել»,- ասում է Վահանը։

 

Իսկ Rambalkoshe-ի նկուղային հարկի կարմիր սենյակում էլ այցելուները կտեսնեն բոլորովին  այլ Սահակյանց․ ներկայացված կլինեն բավական բաց բնույթի, 18+ գրաֆիկաներ, որոնք նախկինում երբևէ չեն հանրայնացվել։

 

Ցուցահանդեսին միացել է Dexatel ընկերությունը, որն ամպային հաղորդակցության լուծումներ է տրամադրում։ Ընկերությունն առաջին անգամ է նման նախաձեռնության մեջ ներգրավվում և, ինչը շատ կարևոր էր Rambalkoshe-ի թիմի համար, բավական հետաքրքրված է ցուցահանդեսի բովանդակությամբ։ Rambalkoshe-ի բակային հատվածում ընկերությունը սեփական ինստալյացիան կներկայացնի։

 

 

Ժամանակից ու տարածությունից անդին

Դեռ անցյալ տարի Rambalkoshe-ն հայտարարեց իր գալիք exhibits շարքի հերոսներին, որոնցից էր նաև Ռոբերտ Սահակյանցը։ Պլանավորվում էին նաև նկարիչ Կամո Նիգարյանի և ճարտարապետ Վան Խաչատուրի ցուցադրությունները։ Վահան Ստեփանյանն ասում է՝ այս երեքը իրարից բացառապես տարբեր արտիստներ են, ովքեր ստեղծագործել են տասնամյակների տարբերությամբ, բայց նրանց միավորում է այն, որ յուրաքանչյուրը մեծ սիրով ու նվիրումով է վերաբերվել սեփական աշխատանքին։ Արդյունքում էլ նրանց ստեղծագործական ուղիները հատել են ժամանակային և տարածական բոլոր սահմանները։ Նրանց մոտեցումները կիսելով և դրանք մարդկանց մոտեցնելու նպատակով էլ Rambalkoshe-ն որոշել է կազմակերպել նրանց աշխատանքների ցուցադրությունը։ 

հավելյալ նյութեր