Գագիկ Հարությունյան․ «Ակնթարթի ներսը»
Ցուցահանդես

Գագիկ Հարությունյան․ «Ակնթարթի ներսը»

Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» 2-րդ հետահայաց ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանում։

 

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

 

Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն»

#Արվեստ

Ցուցահանդեսի համադրողը գերմանացի արվեստագետ, Բոննի “Kurfürstliches Gärtnerhaus” ցուցասրահի տնօրեն, “Atelier Middelmann” արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանն է։ 

 

Ըստ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության  հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանի, որը կանգնած է ցուցադրության ամբողջ նախաձեռնողական և կազմակերպչական լայնածավալ աշխատանքների հետևում, ցուցադրության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի աշխատանքները ներկայացվել են օտարազգի համադրողի կողմից (տարածական ձևավորման հեղինակը Վարդան Կիլիչյանն է)։
 

Հայաստանի պատմության թանգարանում «Ակնթարթի ներսը» Գագիկ Հարությունյանի երկրորդ հետահայաց ցուցադրությունը մեկնարկել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ու կտևի մինչև դեկտեմբերի 25-ը։ 

 

 


 

Ցուցադրությունը իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ։ Սոնա Հարությունյանի խոսքով, սա բացառիկ հնարավորություն է  հայ և օտարազգի արվեստասերների համար բացահայտելու  հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի ներաշխարհը․ «հայ լուսանկարչության պատմության մեջ Գագիկ Հարությույանը միակն էր, որ ներկայացել է առանձին շարքերով՝ վավերագրելով Հայաստանի համար առանցքային նշանակության իրադարձությունները։ Այս ցուցադրությունը ասես բացահայտում է լուսանկարչի հմտությունը՝ փոխանցելու պահի ազդեցությունը կամ ներկայացնելու մարդկային պատմությունները ազդեցիկ պահը, կադրը որսալու միջոցով»,- նշում է Սոնան։ 

 

Ցուցահանդեսի վերնագիրը՝  «Ակնթարթի ներսը», ընտրվել է Տիգրան Պակևիչյանի համանուն վավերագրական ֆիլմի մոտիվով, որը նվիրված է անվանի լուսանկարչի 2017-ին Հայաստանի Նկարիչների միությունում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ «Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի կողմից ներկայացված «Ժամանակի ստվերները․ Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը 1970-1995» խորագրով լայնածավալ անհատական Առաջին հետահայաց ցուցահանդեսին (համադրող՝ Վիգեն Գալստյան)։

 

 

 

«Յուրգեն Միդելմանը մեր առաջարկին միանգամից համաձայնում է, քանի որ ինչպես նա է մեկնաբանում, այս խորագիրը լավագույնս բացատրում է, թե ինչ շեշտադրումներ է ցանկացել ամրագրել ցուցադրության հիմքում գերմանացի համադրողը»,-  նշում է Սոնան։

Յուրգեն Միդելմանի կողմից համադրած ցուցադրությունը բաղկացած է 5 հիմնական իմացաբանական բաժիններից, որոնք ներկայացնում են Գագիկ Հարությունյանի լուսանկարչական շարքերի յուրահատուկ մեկնաբանությունը․  «Երկրի ու երկնքի հատման կետում», «Մանկական աշխարհ աշխարհիս երեսին»,  «Ակնթարթ», «Գաղտնիքը», «Որտեղի՞ց եմ գալիս, ու՞ր եմ գնում, ո՞վ եմ ես» ։ 


Իր կողմից ստեղծած շարքերի մասին խոսելիս, գերմանացի համադրողը նշում  է,  որ նա չի հավակնում  ներկայացնելու մեծ լուսանկարչի ամբողջ ստեղծագործությունը․ «Հայ գեղարվեստական լուսանկարչության մեծ ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» երկրորդ հետահայաց ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել հանդիսատեսին ներթափանցելու Գագիկ Հարությունյանի ներաշխարհ՝  ծանոթացնելով նրա տեսանկյանը։ Այստեղ հատուկ նշանակություն են ստանում հետևյալ հարցերը․ ո՞րն է լուսանկարելու, նկարելու կամ գծանկարելու նպատակը: Ի՞նչն է ինձ համար կարևոր և ի՞նչ եմ ցանկանում փոխանցել հանրությանը։ Գագիկ Հարությունյանի լուսանկարներն իրականում ներկայացնում են ավելին, քան պատկերում են»,- մեկնաբանել է Յուրգեն Միդելմանը։