Աշնանային Ոսկե ծիրան․ ի՞նչ սպասել երևանյան 18-րդ կինոփառատոնից
Կինո

Աշնանային Ոսկե ծիրան․ ի՞նչ սպասել երևանյան 18-րդ կինոփառատոնից

Ոսկե ծիրանի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը նախապատրաստում է կինոյի տոնին։

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#ՈսկեԾիրան

2021 թվականին վերադառնում է Ոսկե ծիրան կինոփառատոնը։ 18-րդը սովորական հուլիսյան շոգի փոխարեն կանցնի հոկտեմբերյան զովի ներքո, իսկ ցուցադրությունների զգալի մասը կտեղափոխվի Կինոյի տուն։ Ու չնայած քովիդային սահմանափակումները դեռ չեն ավարտվել, արդեն նորից կարող ենք սպասել մեծ հյուրերի՝ Փոլ Շրեդերից մինչև Նադավ Լապիդ։ Եվ, իհարկե, լիքը կինո։ Սպասվող իրադարձությունների մասին պատմում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ 

 

19-րդ Ոսկե ծիրանի վիզուալ արշավի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ ու գրաֆիկական վեպերի հեղինակ Վահրամ Մուրադյանն է

 

2020-ից հետո

2020-ին տակնուվրա եղավ աշխարհը, իսկ հետո նաև մենք՝ կրկնակի, եռակի, հազարակի, չնայած եղան մարդիկ, որոնք նախորդ տարվա նոյեմբերին փառատոնի փոքրիկ թողարկման անցկացումը պատերազմի օրերին զուգահեռ համեմատեցին պետերբուրգյան բլոկադայի օրերին Շոստակովիչի նվագարկման հետ: Ունեցանք, ինչ ունեցանք, ապրեցինք, ինչ ապրեցինք, վերապրեցինք, ինչ կարողացանք, հասանք 2021, որը լավագույնս բնորոշում է «հետ» նախդիրը՝ «հետպատերազմական», «հետհամաճարակային», «հետքաղաքական-ճգնաժամային» ու միանգամից հասկանում ենք, որ դրանցից գրեթե բոլորի դեպքում էլ «հետ» լինելը դեռ ցավոք հարցական է ու հարաբերական:

 

Այսպես 2021-ին Ոսկե ծիրանը վերադառնում է ամբողջական փառատոնային թողարկման անցկացման պատրաստակամությամբ, որի մի մասը կլինի նաև «հետպատերազմական տրավմայի» ընկալումը, հետազոտումը: Ցավոք, պատերազմը նույնպես համամարդկային է և ունիվերսալ, այնպես որ՝ Վիետնամ, Պաղեստին, թե Ուկրաինա, բոլորը կգտնեն հետպատերազմական նյարդն ու մտազբաղ զուգահեռները 18-րդ Ոսկե ծիրանի ֆիլմերից շատերում:

 

Այս տարվա գլխավոր հյուրերից մեկը՝ սցենարիստ, ռեժիսոր Փոլ Շրեդերը

 

Շրեդերը, Լապիդը և այլոք

Հետպատերազմական համախտանիշի բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերից մեկի՝ «Տաքսիստի» հեղինակը՝ մեծ կինեմատոգրաֆիստ Փոլ Շրեդերը, կլինի գալիք Ոսկե ծիրանի պատվավոր հյուրը։ Նա հեղինակել է նաև նույն Սկորսեզեի «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը», ինչպես նաև երկու տասնյակից ավելի արդեն սեփական ռեժիսորական ֆիլմեր՝ 70-ականներից մինչ օրս՝ վաղուց դասական «Ամերիկյան ժիգոլոյից» մինչ «Խաղանենգը», որը այս տեքստին զուգահեռ Վենետիկի կինոփառատոնի մրցույթային ծրագրում է: Շրեդերը «Նոր Հոլիվուդի», ուրեմն ինչ-որ առումով նաև ժամանակակից կինոլեզվի, կինոդրամատուրգիայի նահապետներից մեկն է, որն ի տարբերություն իր նահապետ սերնդակիցներից շատերի, շարունակում է լինել թարմ ու մարտական մարզավիճակում:

 

Մեկ այլ սերնդի, այլ մտածելակերպի և այլ տեսլականների ջատագով իսրայելցի աշխարհահռչակ ռեժիսոր Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր, Երևանում նախորդ տարի ցուցադրված «Հոմանիշներ» ֆիլմի հեղինակ Նադավ Լապիդը կլինի Երևանում, ավելին՝ վերջերս տեղի ունեցած Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր «Ահեդի ծունկը»՝ նրա նոր ֆիլմը, կբացի 18-րդ Ոսկե ծիրանը:


 

2021-ին փառատոնի կենտրոններից մեկը կդառնա Կինոյի տան դահլիճը

 

Ավելի մեծ տարածաշրջան

Պատերազմը և աշխարհաքաղաքական փոփոխություններն անդրադառնում են նաև փառատոնային ծրագրերի վրա. այս տարի հասկացանք, որ այլևս անհնար է անել տարածաշրջանային ծրագիր բացառապես մեր հարևան երկրների մասնակցությամբ ու ընդլայնեցինք տարածաշրջանի սահմանները մինչև Առաջավոր Ասիա՝ այդպիսով ունենալով Իսրայել, Սիրիա, Պաղեստին, Լիբանան, Հորդանան, Իրաք ու մի շարք այլ երկրներ, որոնց համատեքստերի հետ իրականում ունենք բազում ընդհանրություններ:

 

Անկախության կինո

2021-ը նաև հոբելյանից առաջ Հայաստանի 3-րդ հանրապետության 30-ամյակն է, որի շրջանակում կդիտենք Դավիթ Սաֆարյանի «Կորսված դրախտ», Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմեա», Հարություն Խաչատրյանի «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմերը՝ 3 լիամետրաժ ֆիլմ՝ նկարահանված 1991 թվականին, որոնց վերնագրերի շարադասությունը խոսում է իրենց փոխարեն:

 

Կաննի կինոփառատոնի հաղթող Ջուլիա Դյուկորնոյի (կենտրոնում) Տիտանը նույնպես կգա Երևան

 

Խելահեղ ու ծուռ

Ընթացքի մեջ է Ծուռ ծիրանը՝ ժանրային, սահմանային, շոկային ֆիլմերի ցուցաշարը, որում այս տարի ընդգրկված կլինի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր «Տիտանը», Վերհուվենի «Բենեդետան» և այլ անակնկալներ, այդ թվում և մեր հայրենակիցներից: Սկանդալային ֆիլմերի շարքը կշարունակի ռումինացի Ռադու Ժուդեի Bad Luck Banging or Loony Porn՝ Բեռլինի գլխավոր մրցանակակիր ֆիլմը, որի վերնագրի թարգմանության վրա գլուխ ենք ջարդում մինչ օրս, իսկ օրինակ Գասպար Նոեի VORTEX-ը սկանդալի փոխարեն հանդիսատեսի համար կլինի միանգամայն անսպասելի անակնկալ։

 

Ծուռ ծիրան ծրագրի պաստառը

 

Էկոօրակարգը շեշտադրելու է Վիկտոր Կոսակովսկու փառահեղ  «Գունդան»՝ վավերագրական բայոփիքը խոզի, կովի և հավի և իհարկե ինքներս մեր մասին: Ոսկե ծիրանի լավագույն հյուրերից Լեոս Կարաքսն այս տարի իր փոխարեն Երևան կգործուղի «Անետին» (ծավալուն մյուզիքլ, որտեղ Ադամ Դրայվերն ու Մարյոն Կոտիյարը երգում-պարում են Սփարքս եղբայրների գրած երաժշտության ներքո), իսկ ամենահայտնի կենդանի իրանցի կինոգործիչ Ասղար Ֆարհադին՝ «Հերոսին»:

 

 

իկտոր Կոսակովսկու վավերագրական հիթ «Գունդան»

 

Լույսը՝ թունելի վերջում

Վիզուալ արշավի հեղինակը ֆրանսաբնակ գրաֆիկ դիզայներ ու գրաֆիկական վեպերի հեղինակ Վահրամ Մուրադյանն է, որն այս տարի նաև հասցրել է հեղինակել Կաննի կինոփառատոնի զուգահեռ ծրագրերից մեկի պաստառը։ Արշավի հայեցակարգն էր՝ պատկերել 2020-2021 թվականների տարանցիկ իրավիճակը, մեր՝ անվերադարձ գնացած անցյալի ու առայժմ չեկած, ոչ այնքան հայտնի ապագայի արանքում գտնվելը։ Մուրադյանի պատկերած չորս ազդագրերում (հիմնական և առանձին ծրագրերի համար) խավարը կարծես անցյալում է, իսկ թունելի վերջում արդեն երևում է լույսը, բայց դրան դեռ պետք է հասնել։ Մյուս կողմից էլ՝ լույսը կինոէկրանից հորդող կինոն է մութ դահլիճում։  

 

Ի դեպ, կինոէկրանի մասին․ այս աշնանը, ի տարբերություն նախորդ տարիների, առավել ակտիվ կլինի Երևանի «Կինոյի տունը»՝ որպես փառատոնի երկու հիմնական տարածքներից մեկն ու ջերմ միջավայր ապահովող ապաստարան՝ կինոյին կարոտ մնացած մեր ու մեր հանդիսատեսի համար։