10 ֆիլմ, որ արժի դիտել 18-րդ Ոսկե ծիրանի ֆիլմացանկից
Ոսկե ծիրան

10 ֆիլմ, որ արժի դիտել 18-րդ Ոսկե ծիրանի ֆիլմացանկից

Խորհուրդ են տալիս փառատոնի կազմակերպիչները։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

 

#ՈսկեԾիրան

Այս տարի Ոսկե ծիրան 18-րդ միջազգային կինոփառատոնը գալիս է աշնանային զով քամու հետ։ Այն կանցկացվի հոկտեմբերի 3-ից 10-ը։ Կազմակերպիչները խոստանում են հետաքրքիր և նույնիսկ պռովոկատիվ ֆիլմացանկ, որը ներառում է Կաննի, Բեռլինի և աշխարհի այլ խոշորագույն կինոփառատոնների 2021 թվականի լավագույն ֆիլմերը։ 

 

Դիանա Մարտիրոսյան, ֆիլմերի համադրող 

 

«Տիտան», Ջուլիա Դյուկուրնո 

 

 

Աղջիկը սեքսով է զբաղվում մեքենայի հետ և հղիանում։ Ինձ որպես սպառող և կինոքննադատ, ով սիրում է տարօրինակ կինո, այս թեման բավականին հետաքրքիր է թվում։ Սա պարզապես դաժանության մեծ չափաբաժնով սարսափների ֆիլմ չէ։ Ես խնդրում եմ, բոլոր մարդկանց, ովքեր կգան դիտելու «Տիտանը», փորձեն այդ դաժան արյունարբու իրարանցման շղարշի տակ տեսնել այլ շերտեր, որոնք բազմաթիվ են՝ փիլիսոփայական, էկզիստենցիալ, կիբեր, ֆուտուրիստական և այլն։ Այս ֆիլմում այնքան ենթատեքստեր կան՝ սկսած Աստվածամոր գաղափարից մինչև մենություն և մարդկության ապագան։ 

 

«Տիտանում» դաժանությունը կարող է նույնիսկ զվարճալի թվալ՝ հիշեցնելով Տարանտինոյի ֆիլմերին տիպիկ մորթոցիները։ Ի դեպ վերջինիս Pulp Fiction-ը նույնպես 1994 թվականին արժանացել էր Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին՝ միաժամանակ ցնցելով հանդիսատեսին բռնության տեսարաններով, ինչպես տասնամյակներ առաջ դա արել էր Սկորսեզեն «Տաքսու վարորդը»՝ էլի իրարանցում բարձրացնելով բռնության թեմայով։ Դյուկուրնոյի ֆիլմը կարելի է դասել այդ նույն շարքին։ Այն մեզ ասում է, որ այո, կինոն կարող է լինել նաև այսպիսին՝ ռադիկալ, շոկային, սադրիչ, պռովոկատիվ։

 

 

«Անետ», Լեոս Կարաքս

 

 

Ով ծանոթ է Լեոս Կարաքսին, գիտի, որ տարիներ առաջ նրա կինը՝ դերասանուհի Եկատերինա Գոլուբևան ինքնասպանություն է գործել։ Իմանալով այդ կենսագրական փաստը՝ կարելի է ենթադրել, որ «Անետը» որոշ չափով ինքնակենսագրական է (թեև գրվել է Sparks խմբի Սփարքս եղբայրների կողմից)։ Գլխավոր դերերում սուպերաստղեր Մարիոն Կոտիյարն ու Ադամ Դրայվերն են, ովքեր մեզ ներկայացնում են երկու արտիստի կյանք՝ ստենդափ կոմիկի և օպերային երգչուհու։ Անետը նրանց աղջիկն է։ Մենք տեսնում ենք երկու արտիստների հարաբերությունները, թե ինչպես են կինն ու տղամարդն օգտագործում իրար և սնվում իրարից էներգետիկ և ինտելեկտուալ իմաստներով։ 

 

Թեև «Անետը» մյուզիքլ է, ես խորհուրդ եմ տալիս նայել այն նույնիսկ, եթե դուք չեք սիրում այդ ժանրը։ Այն դասական մյուզիքլ չէ, կարծում եմ «Լա-լա-լենդը» արդեն իսկ կոտրել է այդ կարծրատիպը, սա էլ ֆրանսիական մոտեցումն է։ Եթե ռուս կամ ամերիկացի ռեժիսորները կարող են նկարել մյուզիքլներ օրինակ՝ ռազմի դաշտի մասին, ապա ֆրանսիական կինոմատոգրաֆի դեպքում թեմաներից մեկը հանգիստ կարող է անկողինը դառնալ։ Ֆիլմն ասում է՝ այո, կարելի է երգել՝ սեքսով զբաղվելու ընթացքում։ 

 

 

«Գունդա», Վիկտոր Կոսակովսկի

 

 

Գունդան խոզ է, որը ձագուկներ է ունենում, և նրանք ապրում են Նորվեգիայի ֆերմաներից մեկում։ Կոսակովսիկն, որն ինքն իրենով շատ զիլ կերպար է ու հետխորհրդային շրջանի ամենավառ վավերագրողներից մեկը, մեզ ասում է, որ առանց պրոֆեսիոնալ դերասանական խաղի կամ երկխոսության կենդանուց էլ կարելի է լիրիկական հերոս ստանալ։ 

 

Ֆիլմի պրոդյուսերը (ուշադրություն) Խոակին Ֆենիկսն է։ Նա վեգան է, սակայն հեչ պարտադիր չէ վեգան լինել այս աշխատանքը հավանելու համար։ «Գունդան» սև ու սպիտակ ֆիլմ է, վերջինիս բնորոշ էսթետիկայով, հանդարտ մեդիտատիվ տեմպով, ինչը դարձնում է այս ֆիլմը իդեալական տարբերակ մեծ էկրանին դիտելու համար։ Այստեղ բացակայում են մարդիկ կամ մենք նրանց պարզապես չենք տեսնում, բայց դա չի խանգարում, այլ օգնում է դիտորդին կանգնել դեմառդեմ բնությանը և զգալ կենդանու ամենօրյա կյանքը։ 



 

Սոնա Կարապողոսյան, ֆիլմերի համադրող 

 

«Պարոն Բախմանը և նրա դասարանը», Մարիա Շպետ 

 

 

Այս երեք ու կես ժամ տևողությամբ գերմանական վավերագրական ֆիլմը պատմում է Ստանդենդորֆ քաղաքի մասին, որտեղ բնակչության գերակշիռ մասը փախստականներ են։ Մասնավորապես ներկայացվում է քաղաքի մի դասարան, որտեղ բոլոր աշակերտները փախստականներ են, իսկ ուսուցիչը՝ վերնագրի պարոն Բախմանը։ Բուն ֆիլմը այդ դասարանի դասերի մոնտաժներն են։ Դու ականատես ես լինում, թե ինչպես պարզապես աներեվակայելի ձևերով ուսուցիչը կարողանում է բացահայտել երեխաներին, խոսել նրանց հետ արգելված թեմաներից։ Սեքս, ԼԳԲԹ և այլ թեմաներ, որոնց մասին, օրինակ արաբ երեխաները չէին կարողանա խոսել։ 

 

Առհասարակ վավերագրական ֆիլմ նկարելը բավականին բարդ է։ Երբ դու քո խցիկով ներս ես մտնում դասարան, պիտի այնպիսի հարաբերություններ կարողանաս ստեղծել երեխաների հետ, որպեսզի նրանք վստահեն քեզ և թույլ տան անտեսանելի մնալ, չնկատեն քեզ, չխաղան կամերայի դիմաց։ Շպետին ադ միանշանակ հաջողվել է։ 

 

 

«Հերոս», Ասղար Ֆարհադի 

 

 

Այս ֆիլմը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են սոցիալական դրաման՝ իր բոլոր կանոններով, բարոյականության մասին հավերժական հարցադրումներով։ 

 

Ֆարհադիի վերջին տարիների ֆիլմերը դարձել էինք ավելի սերիալային ոճի, այնտեղ պարբերաբար երևում էին հայտնի դերասաններ։ «Հերոսն» ընդհակառակը՝ վերադարձ է հին ու բարի Ֆարհադիին։ Այստեղ չկան հայտնի դեմքեր, միայն մեզ անհայտ պարսիկ դերասաններ։ Այն ֆիլմում երևում է այն Ֆարհադին, որին մենք գիտենք և սիրում ենք, ով նկարել է «Ամուսնալուծություն» ու «Էլլիի մասին» ֆիլմերը։ Նոր ֆիլմն էլ արված է շատ չոր, սառը, բանական ու սոցիալական հրաշալի ձևով։ Դիտումից հետո անկախ քեզնից սկսում ես վերանայել հայացքներդ․ այն քեզ ստիպում է մտածել։ 

 

 

«Մեմորիա», Ապիտչատպոնգ Վիրասեթակուլ 

 

 

Վիրասեթակուլի ֆիլմում միշտ առկա են թայվանական մշակույթին բնորոշ մեդիտատիվ տարրերը և «Մեմորիան» բացառություն չէ։ Այն շատ գեղեցիկ է ու հանգիստ։ Գլխավոր դերում Թիլդա Սվինթոնն է, իսկ նկարահանումներն անցկացվել են Կոլումբիայում։ Այսինքն մենք ունենք Թիլդային իր անմահական, աստվածային գեղեցկությամբ և կոլումբիական ջունգլիները։ Սա աներեվակայելի հաճույք է։ 

 

Ֆիլմը բավականին դանդաղ է, առաջարկում եմ դիտելուց առաջ անպայման սուրճ խմել։ Նույնիսկ Կաննում հանդիսատեսի մի մասը քնել էր ֆիլմի ընթացքում, բայց ես սիրում եմ նման մեդետատիվ, գեղեցիկ ֆիլմեր, որտեղ դու կարող ես անէանալ ու շնչել, զգալ օդը։ 

 

 

Կարեն Ավետիսյան, գեղարվեստական տնօրեն 

 

«Անծանոթների մխիթարանքը», Փոլ Շրեյդեր

 

 

Այս տարվա պատվավոր հյուրերից է աշխարհահրչակ սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերը, և այդ պատճառով ցուցադրվելու է իր 1990 թվականի «Անծանոթների մխիթարանքը»։ Այն ներկայացնում է Շրեյդերի ուշ 80-ականների և վաղ 90-ականների շրջանը, երբ նա հետաքրքրված էր մեծ վեպերով (առավել վառ օրինակներից է Մարտին Սքորսեզեի «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի համար գրված սցենարը՝ Նիկոս Կազանձակիսի վեպի հիման վրա)։ 

 

«Անցածոնթների մխիթարանքի» սցենարը Շրեյդերը գրել է բրիտանացի հեղինակ Իեն Մաքյուենի վեպի հիման վրա՝ որոշակիորեն փոխելով սյուժեն։  Ֆիլմում ներկայացված է բավականին բարդ սիրային քառանկյուն, որի միջոցով մենք տեսնում ենք հարաբերությունների ճգնաժամի հաղթահարման փորձ գեղատեսիլ Վենետիկում։ Այս ֆիլմուն ներգրավված է նաև դերասանների մեծ աստղաբույլ ի դեմս Նատաշա Ռիչարդսոնի, Ռուպերտ Էվերեթի, Քրիստոֆեր Ուոքենի և Վիլյամ Դեֆոյի։ Անձնակազմը պակաս փայլուն չէ․ օպերատորը Դանտե Սփինոթին է, կոմպոզիտորը՝ Անջելո Բադալամենտին, իսկ կոստյումների դիզայները ոչ ավելի, ոչ պակաս Ջորջո Արմանին է։ 

 

 

«Բաբի Յառ․ կոնտեքստ», Սերգեյ Լոզնիցա 

 

 

Լոզնիցան աշխարհահրչակ ռեժիսոր է, որը հավասարապես փայլում է և՛ խաղարկային, և՛ վավերագրական ժանրերում։ Վերջինիս շրջանակում նա նկարում է արխիվային ֆիլմեր, որոնցից մեկն էլ «Բաբի Յառն» է։ Առաջին հայացքից հեղինակի միակ միջամտությունը մոնտաժն ու համադրումն է, բայց նա միևնույն ժամանակ կարողանում է ստեղծել միջամտության բացակայություն։ Ֆիլմի ամբողջ խրոնոմետրաժը բացառապես արխիվային նյութեր են, իսկ ճիշտ համադրումը հսկայական էներգետիկ փոփոխություն է հաղորդում կադրին։ 

 

Ֆիլմի հիմքում ընկած է՝ թվում է թե շատ լավ ուսումնասիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեդալի հակառակ կողմը։ Օգտագործվել են բազմաթիվ արխիվային, նախկինում հույժ արգելքի տակ գնտվող նյութեր։ Լոզնիցան մեծ հետազոտական, ինչպես նաև վերականգնողական աշխատանք է տարել, ինչի արդյունքում մենք տեսնում ենք 40-ականների ժապավենային նյութեր և տեսագրություններ։ Այսօր այդ կադրերը մեծ էկրանին նայվում են չափազանց տպավորիչ և «ներկայության» էֆեկտն այստեղ ավելի տպավորիչ է, քան ցանկացած խաղարկային ֆիլմում։



 

«Պիետա», Կիմ Կի Դուկ

 

 

Անցյալ տարի կյանքից հեռացավ անվանի հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը, որը նաև տարիներ առաջ հասցրեց լինել Ոսկե ծիրանի՝ հյուրը Վենետիկյան կինոփառատոնին իր «Պիետա» ֆիլմի համար գլխավոր մրցանակը շահելուց հետո։ Հենց այդ պատճառով, այս տարվա մեր տրիբյուտների շարքում, որոշեցինք ցուցադրել հենց «Պիետան»։ Այն Կիմ Կի Դուկի արդեն բավականին հասուն շրջանի աշխատանք է, որն այսօր էլ նայվում է շատ պրովոկատիվ, համարձակ ոչ միայն թեմայի տեսանկյունից, այլ նաև նյութի հետ աշխատանքի Կի Դուկի հմտության և սիմվոլիզմների ձևափոխության համար։ Նրա մահից հետո, այս ֆիլմը անկախ իր հեղինակից, ինքնակենսագրական երանգներ է ստանում։

 

 

«Ձախորդ հուպտվոցի կամ գժական պոռնո», Ռադու Ժուդե 

 

 

Բնականաբար, երբ ֆիլմի վերնագրում կա պոռնո բառը, դա հանդիսատեսին հուշում է, որ բուն ֆիլմի մեջ խոսքը այդքան էլ պոռնոյի մասին չէ։ Թեման կիբեռ բռնությունն է, շատ արդիական ու սոցիալական խնդիր՝ տարածված ամբողջ աշխարհում։ 

 

Այն, որ ֆիլմը բացվում է հենց այն սկանդալային տեսարանով, որի շուրջ էլ պտտվում է ամբողջ պատմությունը, բնավ ինքնանպատակ չէ։ Դա հատուկ մտածված քայլ է, որպեսզի մենք բոլորս տեսնենք այն և ստանձնենք դատավորի կամ դատապաշտպանի դերը։ Ընտրությունը մերն է, բայց նաև մենք հնարավորություն ենք ստանում տեսնելու, թե ինչպես է նման դեպքերում վարվում հասարակությունը՝ առաջնորդվելով կեղծ բարեպաշտական պահելաձևով։ 

 

Այս ֆիլմում շատ են սև կատակերգության տարրեր, հետհայաց երգիծական քննադատություն ռումինական և առհասարակ եվրոպական պատմության նկատմամբ։ Վերջում ներկայացվում է մեծ դատաստանը, որի մասնակիցներից մեկն էլ մենք ենք ռումինացի ամենատաղանդավոր արդեն իսկ կայացած և հեռանկարային մնացող Ռադու ժուդեի ֆիլմում։

 

հավելյալ նյութեր