Գարեջրի ժամանակային հոսքը
Գարեջուր

Գարեջրի ժամանակային հոսքը

Գուրգեն Խանջյանը պատմում է խորհրդային Երևանի ամենակարևոր գարեջրային կետերի, ռեկորդակիր գարեջրասերների, ինչպես նաև անկախ երկրում այդ ըմպելիքը վայելելու ուրիշ հաճույքի մասին:

Տեքստը՝ Գուրգեն Խանջյանի

 

ԵՐԵՎԱՆ #39 | 2016

Է՛ն Էրևանի գարեջուրը այսօրվա գարեջրի որակը չուներ, ուներ դրական կողմ՝ արհեստական հավելանյութերից զերծ էր, փոխարենը՝ պղտորություն, նստվածք, և ջրիկ էր: Սա՝ ընդհանուր առմամբ, սակայն կար նաև լավ գարեջուր, նույնիսկ՝ շատ լավը, պարզապես հարկավոր էր տեղն ու ժամն իմանալ, ամեն «օբյեկտ» չէր, որ հաջողացնում էր կարգին գարեջուր ձեռք բերել, ծանոթով էր, մաղարիչով, քաղաքի կենտրոնում լավագույն գարեջուրը «Գինետանն» էր, Նալբանդյանի վրա, Ազիզբեկովի (այսօր՝ Սախարովի) հրապարակի անկյունում, տնօրենը՝ Ռադիկը, գիտեր՝ ում-ոնց և բերել էր տալիս, խիտ, հագեցած գարեջուր՝ Աբովյանի, հիշում եմ՝ ցիստեռնը կանգնում էր երթևեկելի մասում, բրեզենտապատ հաստ «շլանգը» մայթով բերում՝ պատուհանով իջեցնում էին նկուղ, ու գնում էր սառը գարեջուրը, լցվում ալյումինե տակառը…

 

Հայտնի գարեջրասեր «Փայծաղ» Սեռոժը մայթի վրա գրկում էր սառը խողովակը, ականջը դնում՝ լսում գարեջրի քլքլացող ընթացքը՝ «Ջան, գնա՜ց», հետո՝ կիսամութ սրահը, Շխոն լցնում էր բակալները, լուցկու չոփը խրեիր փրփուրի մեջ՝ ուղիղ կանգնած էր մնում, մի շրջան օրական մինչև քսանհինգ գավաթ խմում էինք, կողքից պատահում էր՝ օղի կամ գինի, բայց գարեջուրը ստաբիլ մուտք ուներ, գարեջրի շուրջ կարելի էր երկար, անշտապ զրուցել, հիմնականում՝ ֆուտբոլից ու աղջիկներից, անեկդոտ պատմել՝ «Հայը, վրացին, մեկ էլ թուրքը…» կամ՝ «Հայկական ռադիոյին հարցնում են…»:

 

 

 

«Զակուսկեն»՝ խիստ աղի եփած սիսեռ, լավագույնն էր՝ ապխտած վոբլա ձուկը կամ գոնե այլ որևէ ապխտած ձուկ, բայց դա բացառիկ բան էր, հիմնականում՝ մատը աղամանի մեջ, ապա՝ բերանը: «Գինետան» ռեկորդը Սեռոժինն էր՝ երեսունհինգ բակալ (համարյա տասնյոթ լիտր), իմ աչքով եմ տեսել, վերջերս մտա «Գինետուն», էդ ռեկորդն արդեն առասպելի էր վերածվել՝ «Ասում են Փայծաղ Սեռոժը մի օր վաթսուն բակալ պիվայա խմել, իրան էլ տենայիր՝ վրեն քաշ չկար, ախպեր, հիսուն կիլո հազիվ ըլներ…»: Դեհ, չեմ վիճի, գուցեև խմել է՝ ե՛ս չեմ տեսել, իմ տեսածը երեսունհինգն էր:


Հետո եկավ մի շրջան, ութսունականների սկզբներին, երբ մեր գարեջրի տեսականին բազմացավ, նույնիսկ երկու դասի բաժանվեց՝ մուգ և բաց, մուգը նորույթ էր՝ «Անի», «Արին Բերդ», շատ խիտ էր, հագեցած, արագ էր ներգործում, համն էլ վառածի երանգ ուներ, իսկ բացը՝ «Ժիգուլևյանը», շատ էր ջրիկ, երբեմն առհասարակ տեղ չէր հասնում, միայն միզափամփուշտ էր ուռացնում, ամենալավը էլի Աբովյանի գարեջուրն էր: Բացառիկ դեպքերում հաջողվում էր չեխական գարեջուր ճարել, դե դա արդեն իսկական վայելք էր, դելիկատես: Գարեջրի պոպուլյար կետեր կային՝ «Թեմուրնոց», «Արգամի բուդկեն», «Կռունկը» (նրա տեղում հիմա Թեքեյան Մշակութային Կենտրոնն է), ամառային «Կինո Մոսկվայի» տակի գարեջրանոցը, Հրապարակի և Պրոսպեկտի ջրերի խանութները, կրկեսի մոտի «Պերաշկանոցը», որի ո՛չ պերաշկին էր մի բան, ո՛չ գարեջուրը՝ մեկը խիստ սակավամիս էր, մյուսը ջրառատ, բայց տրադիցիոն կետ էր՝ դիրքն այնպիսին էր, որ էստեղ գալիս էին և՛ կենտրոնից, և՛ Երրորդ մասից, և՛ Կայարանից, հաճախ ձեռնամարտի հասնող «մայլայական» ամբիցիաներ էին բորբոքվում, դեհ, կյանքում՝ ինչպես կյանքում:

 

 

 

Էն Էրևանի գարեջրասերները այսօրվանից քիչ չէին, և գուցե ավելի շատ էին «գործածում», բայց այսօրվա որակը չկար՝ ո՛չ գարեջրի, ո՛չ «զակուսկու», ո՛չ սպասարկման, զրույցներն էլ ուրիշ էին, էլի ամեն ինչից խոսում էինք, բայց «չիկարելիները» շատ էին, խոսքը վերահսկողի աներևույթ քննող աչքը մշտապես պտտվում էր օդում, որքան էլ գարեջուրը համարձակություն ներշնչեր: Եվ մի բան էլ՝ գիտեիր՝ 11-ից հետո գարեջրի հասանելիությունը համարյա զրոյի է վերածվում, կետերը փակվում են: Եթե պաշարած գարեջուր չունես, միակը՝ Կիլիկիա թաղամաս իջնել, գործարանից լցնովի՝ «չանի» գարեջուր գնելն էր, ինչն օրինազանցություն էր, բանվոր-պահակգնորդ շղթայով՝ թաքուն գործարք: Էդպես էլ ապրում էին էն ժամանակվա գարեջրասերները:

 

Անկախ երկրի գարեջրասերն ուրիշ է, նա ուրիշ կերպ է գարեջուր վայելում, ազատ, անկախ, անտագնապ, անբռնազբոս լինելու երանգը նկատելի է նրա գործողություններում, գոնե ես այդ տարբերությունը տեսնում եմ, էլ չեմ ասում՝ գարեջրի տեսակների բազմազանության ու որակի, «զակուսկու» բազմազանության, սրճարանների բազմաքանակության մասին, այսօրվա գարեջրասերի և՛ հագուկապը, նրա և՛ նստելպատվիրելը, և՛ խմել-բերանը լպստելն ուրիշ է, ծախսելու ձևը, զրույց վարելու ձևը, ծիծաղելու ձևը, ծխելու ձևը ուրիշ է… Էհ, անուշ լինի՛, վայելե՛ք, ազատ երկրի ազատ քաղաքացիներ…

հավելյալ նյութեր