Գարեջրի օրեր 2021
Օգոստոսի 14-ից 15-ը լինելու են երևանյան ամառվա ամենազովացուցիչ օրերը. Երևանի գինու օրերի կազմակերպիչ «Էվենտտուրա» ընկերությունն այս անգամ մեզ բերում Երևանի գարեջրի օրերը։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Էվենտտուրա
ԲՈՅԸ՝ 286
Գարեջրագործությանը նվիրված այս իրադարձությունն առաջինն է Հայաստանում, իսկ կանցկացվի այն Զաքյան փողոցում (Խորենացի և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև ընկած հատվածում)։ Փողոցի երկարությունը մոտ 286 մետր է, իսկ լայնությունը՝ 17 մետր։
Դեռ երկու տարի առաջ ընկերությունը փորձնական միջոցառում էր կազմակերպել այս փողոցում և պարզվել էր, որ այն ևս շատ հարմար է փողոցային ֆորմատի փառատոնային միջոցառման համար․ բավարար լայն է, մեքենաների հոսքը թեթև է, հետագայում ընդլայնվելու տարբերակները առկա են։
ԳԱՐԵՋՐԱՇԱՏ
Բնականաբար ներկայացվող հիմնական պրոդուկտը գարեջուրն է, իսկ օրվա գլխավոր հերոսները՝ հայ գարեջրագործները։ Մասնակցելու է 11 գարեջրագործ՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ գարեջրի 30 տեսակ։ Սննդի ներկայացուցիչները 14-ն են։ Մի խոսքով՝ սոված և ծարավ չեք մնա։
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ
Ի՞նչ երևանյան միջոցառում առանց երևանյան երգերի՝ լավագույն բենդերի և դիջեյների կատարմամբ։ Մշակութային ծրագրում մի հետաքրքիր կետ էլ կա՝ տարածքում նաև կգործի խաղային զոնա, որտեղ խաղալու են ֆրանսիական հայտնի պետանգ խաղը (բայց սպորտային համազգեստով գալը պարտադիր չէ)։
ԿԱՇՎԵ ՊԱՏՅԱՆԻ ՄԵՋ
Ինչպես և գինու օրերի ժամանակ, պետք է գնել հատուկ փաթեթ, որն այս անգամ ներառում է գարեջրի գավաթ, կաշվե ձեռագործ պատյան և տասը կտրոն գինու համտեսի համար։ Ի դեպ, գարեջրի փաթեթների պատյանները կարվել են տարհանված արցախցի կանանց կողմից։
Նախավաճառք չկա, փաթեթները հնարավոր կլինի ձեռք բերել միայն տեղում։ Թեև միջոցառման մուտքն ազատ է բոլորի համար, բայց գարեջրից օգտվելու համար պարտադիր է ունենալ տոմսակները (չմոռանաք)։
Փաթեթի գինը կազմում է 5000 ՀՀ դրամ, բայց նաև հնարավոր կլինի ձեռք բերել տոմսակները առանձին տարբերակով։ Հինգ տոմսակի գինը 1000 ՀՀ դրամ է։
Կազմակերպիչների խոսքով՝ զբոսաշրջիկներն այս փաթեթների ֆորմատը շատ են սիրում դեռ Երևանի գինու օրերից, քանի որ գավաթն ու պատյանը մնում են որպես լավ հուշ իրենց ճանապարհորդությունից։
ԻՐԱՐ ՕԳՆԵԼՈՎ
Ընկերությունը նաև որոշել է տաղավարներ տրամադրել զինծառայողների առողջության վերականգման կամ կրթությամբ զբաղվող բարեգործական կազմակերպություններին։ Այս պահին հստակ է միայն մեկ նմանօրինակ կազմակերպության մասնակցությունը, բայց նույնիսկ մինչև վերջին պահը կազմակերպությունները կարող են դիմել և նրանց վստահաբար տեղ կհատկացվի։
Մեկ այլ տաղավար հատկացվելու է FestivAr փառատոնների ասոցիացիային, որտեղ ներկայացված կլինեն անդամ փառատոնները։ Մի քիչ էլ այն կողմ, տաղավարներից մեկում հնարավորություն կունենաք ծանոթանալու «էվենտտուրա» ընկերության «Տեղական գործարարության կապ» նախաձեռնությանը։ Այն գործում է Տավուշ, Լոռի, Շիրակ մարզերում և կրում է առցանց կոնֆերանսների բնույթ։ Մարզերից ժամանած մասնակիցները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց զբոսաշրջային պրոդուկտներն ու ծառայությունները։
ԿԱՐԵՎՈՐ Է
Վերջապես, ինչո՞ւ է սա կարևոր։ Վերջին տարիներին Հայաստանը, որպես զբոսաշրջային ուղղություն, ավելի ճանաչված է դարձել և նման նախաձեռնությունները միայն նպաստում են այդ տենդենցին։ Բացի այդ, պետության համար զբոսաշրջությունը գերակա ոլորտ է, հետևաբար՝ նմանատիպ զբոսաշրջային իրադարձություններն աջակցում են նաև երկրի տնտեսական զարգացմանը։ Այլ կերպ ասած, նպատակը մեկն է՝ դարձնել Հայաստանը զբոսաշրջիկների ամենասիրելի մեկնուղիներից մեկը։ Կազմակերպիչները վստահ են՝ մեր նման փոքր երկրի համար դա առավել քան կարևոր է։