Գառնին՝ երեք անկյունից
Ռեյվ

Գառնին՝ երեք անկյունից

Ինչպես մի մայիսյան երեկո Գառնիի հեթանոսական տաճարը, վերածվեց աննախադեպ ռեյվի հրապարակի․ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Cercle իվենթը, որի համար ելույթ ունեցավ գերմանացի Acid Pauli-ն։

Տեքստը՝  Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

 

#Ռեյվ

77 թվականին կառուցված Հայաստանի միակ սյունավոր կառույցի գլխով շատ բաներ են անցել: Գառնին կառուցել է Տրդատ 1-ին թագավորը` ի երկրպագումն արևի աստված Միհրին: Կառուցել այնպես, որ նայի դեպի արևելք՝ դեպի ծագող արևը: Նրա ժառանգը՝ Տրդատ 3-րդը, մերժեց արևի պաշտամունքն ու քրիստոնեություն ընդունելով` տաճարը դարձրեց քրոջ՝ Խոսրովադուխտի ամառային ճամբար: Գառնին համակերպվեց, քանի որ գոնե չքանդեցին այլ մեհյանների պես: Անցան տարիներ, տաճարը կանգուն էր, բայց 1679-ին ավերիչ երկրաշարժը հիմնովին վնասեց կառույցը: Արևի պաշտամունքը չմոռացած հայերը մի քանի դար փորձում էին վերականգնել չքնաղ կառույցը, և միայն 1969-ին ճարտարապետական պատմաբան Ալեքսանդր Շահինյանը երկրորդ շունչ հաղորդեց մեհյանին: Ամբողջովին վերակառուցված ու ամրացված Գառնիի տաճարը բոլորովին վերջերս՝ 1975-ից, նոր կյանք ստացավ: 

 

Ու այդ օրից ի վեր տաճարը Հայաստանում ոչ միայն տուրիստական առաջին չեքինն է, այլև տարբեր միջոցառումների անցկացման վայր: Հեթանոսական հարսանիքներից մինչև հագուստի ցուցադրություն, ֆիլմերի, կլիպերի նկարահանման վայրից մինչև փակ կորպորատիվ հավաքներ՝ ամեն ինչ տեսել են տաճարի քարերը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ 2019-ի մայիսին, եղավ անսպասելի ամենատես սյուների համար ու մտահոգիչ՝ ճարտարապետ Ալեքսանդր Շահինյանի գիտելիքները կասկածի տակ դնողների համար: 

 

Acid Pauli և Viken Arman

 

 

Գառնին ու վերջ

Երեք ընկեր 2016-ին որոշեցին իրենց հոբին վերածել կենսակերպի: Ապրուստի միջոց դեռ չէր դառնա, բայց գոնե հետք կթողնեին իրենց քաղաքում: Լեոն, Տիգրանն ու Գևը նվագում էին էլեկտրոնային երաժշտություն, հիմնեցին Triangulum ընկերությունն ու հստակ որոշեցին փոխել հայերի երաժշտական ճաշակը, իսկ հետո նաև մրցել աշխարհահռչակ լեյբլների հետ: Հենց առաջին միջոցառումն այնքան լավ անցավ, որ տղաները հասկացան՝ ճիշտ ուղու վրա են: 

 

Աստիճանաբար սկսեցին ներգրավել այլ տեղացի արտիստների ու նվագել շատ տարբեր կետերում: Radisson Blu հյուրանոցի կտուրը, Motor Yerevan-ը, Էլ Չիլլաութը, Վիտամին ակումբը, հետո Ավանի լքված գործարանն ու նույնիսկ Ռայկոմի գլխարկների գործարանը վերածվեցին բեմի, որտեղ տարածվում էր նրանց մելոդիկ տեխնո հաուսը: 

 

Տղաները մեքենայով շրջում էին քաղաքում, գտնում հին անգարներ, լքված գործարաններ ու կենդանության շունչ հաղորդում պատերին: Բայց մի օր, ինչպես սովորաբար լինում է, որոշեցին դուրս գալ սահմաններից: Նրանցից ամենահավակնոտը պնդեց, որ արդեն եկել է միջազգային լեյբլների հետ աշխատելու ժամանակը: Ընտրեցին Cercle մեդիահարթակը, քանի որ այն նույնպես անտարբեր չէր վայրի ընտրության հարցում: 

 

 

 

Cercle-ն աշխարհով մեկ պատմամշակութային վայրեր է ընտրում և գրավում դրանք երաժշտությամբ (շատ կարևոր հավելում․ այնտեղ հասկանում են, որ պատմական կառույցները յուրահատուկ խնամք են պահանջում, այնպես որ ձայնի բարձրությունը և ընդհանրապես կազմակերպումն այնպես է հաշվարկվում, որ որևէ վնաս չհասցվի): Հայաստանից եկած առաջարկը հետաքրքրեց նրանց ու եկան էքսպեդիցիայի՝ տեսնելու՝ ինչ ունենք: Triangulum-ի տղաները բարեխղճորեն կազմել էին պատմամշակութային վայրերի ցանկ՝ Զվարթնոց տաճար, Սևանա վանք, Գյումրու Սև բերդ, նույնիսկ Կասկադն ու Համալիրն էին ներառել: Բայց երբ սկաուտը մտավ Գառնիի տարածք, քայլեց սալահատակով ու ի վերջո տեսավ տաճարը… Դե, մենք՝ հայերս, արդեն այնքան ենք տեսել, որ նույնիսկ չենք պատկերացնում՝ ինչ է իրականում Գառնիի մեհյանը: Ու մենք չենք էլ հիշում՝ առաջին անգամ տաճարը տեսնելիս ինչ զգացողություններ են առաջացել: Իսկ սկաուտը դա կհիշի մեկընդմիշտ: Մի խոսքով, վայրն ընտրվեց աներկբա՝ Գառնին ու վերջ: 

 

 

Տժժիկ երկուշաբթի

Ու սկսվեց տղաների վեց ամիս տևած թղթաբանությունը տուրիզմի և մշակույթի նախարարությունների հետ: Ի զարմանս նրանց ու ընդհանրապես շատ շատերի՝ թույլտվություն տրվեց տաճարի տարածքում էլեկտրոնային երաժշտություն հնչեցնելու 2019-ն ընդհանրապես որոշիչ տարի էր Հայաստանի էլեկտրոնային երաժշտության կյանքում: Ապրիլին Երևանում տեղի ունեցավ Boiler Room-ը՝ մի բան, որն անհնար էր պատկերացնել դեռ կես տարի առաջ: Հետո Մանկական երկաթուղում թնդաց Ուրվականը։ 

 

Ու մայիսին արդեն նշանակվեց Cercle Հայաստանի օրը: Ընտրվել էր երկուշաբթի, քանի որ հենց այդ օրն է համարվում ոչ աշխատանքային թանգարանների ու պատմամշակությին վայրերի համար: Տոմսերը վաճառվում էին Cercle-ի կայքի միջոցով: Ու երբ լրացավ 1,500-ը, սոլդ աութ հայտարարվեց: Բաժանել էին ևս 500 հրավիրատոմս, իսկ 2,000-ը արդեն լուրջ թիվ էր: 

 

Նրանց համար արտիստներին ընտրեց ու հրավիրեց Cercle-ը․ բացումն արեց մեր հայրենակից Viken Arman-ը Ֆրանսիայից, իսկ գլխավոր սեթը նվագեց լեգենդար (հարցրեք էլեկտրոնայինից գլուխ հանողներին՝ կհաստատեն) Acid Pauli-ն։ Փակումն էլ արեցին Triangulum-ի Լեոն ու Գուեվոն: 

 

 

 

Սկզբնական արարման իմաստը

Ու երկու ժամ անընդմեջ երկու հազար տարի ամեն ինչ տեսած Գառնիի տաճարը լցվեց էլեկտրոնային երաժշտությամբ: Այդպես աշխարհի լեգենդար կետերին՝ Մոնպառնասի ամրոց, Գրան Պալե ու Էյֆելյան աշտարակ, Ռիոյի լեռն ու Բրյուսելի Ատոմիումը, միացավ նաև մեր հարազատ տաճարը։ Cercle-ի նախանձելի ցուցակում Հայաստանն առաջին երկիրն էր տարածաշրջանից․ այնուհետ ընտրվել է Ուկրաինան՝ Կիևի օդանավակայանը: Տաճարի լուսավորությամբ առանձնապես չէին զբաղվել, Գառնին հավելյալ փաթեթավորման կարիք չուներ: 

 

Cercle Հայաստանը տևեց մինչև գրեթե կեսգիշեր: Ներկաները գիտեին, որ նույնիսկ թանգարանային գիշերը վայրը մինչև 12-ն է բաց: Ու այդ երջանիկ 2,000 հոգին տեսան Գառնիի սկզբնական արարման իմաստը: Ճիշտ է, հետո եղան տարակուսանք ու աղաղակներ ու «սատանիստական» պիտակավորում, բայց դա այլ ու բավականին անիմաստ պատմություն է: 

 

Հաջորդ օրը Triangulum-ի տղաների համար սկսվեց ամենադժվարը՝ թղթաբանությունից առավել: Նրանք գիտակցեցին, որ այնքան են բարձրացրել նշաձողը թե՛ Cercle-ով և թե՛ Գառնիի տաճարով, որ հիմա շատ բարդ կլինի շարունակել: Որոշել են՝ ինչ գնով էլ լինի՝ գտնել այլ կետ ու կրկնել Cercle Հայաստանը: 

 

հավելյալ նյութեր