Գաստրո Դիլիջան․ ո՞ւր գնալ, ի՞նչ փորձել ու խմել Դիլիջանում
Դիլիջանը դրախտ է գուրմանների համար։ Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր քիմքին ու ճաշակին համահունչ սնունդ՝ մսից մինչև բուսական ուտեստներ, դասականից մինչև ամենահետաքրքիր ու յուրահատուկ համադրությունները, սուրճի բազմազան տեսականի ու ալկոհոլային խմիչքներ։ Դիլիջանում ոչ միայն կգտնեք ձեր համը, այլև կբացահայտեք նորերը։ Ձեզ ենք ներկայացնում թեմատիկ ուղեցույց զբոսաշրջային ուղեկցորդ, գաստրոխորհրդատու Լյովա Հովակիմյանից։
Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի
ԵՐԵՎԱՆ #92 | 2026
Եգիպտացորենի տաղավարներ

Դիլիջան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկի առաջին գաստրո ողջույնը, իհարկե, եգիպտացորենն է։ Ճանապարհի եզրին գտնվող տաղավարներից բարձրացող տաք եգիպտացորենի բույրն արդեն ազդարարում է՝ «Դուք Դիլիջանում եք»։ Չկա տուրիստ, որ Դիլիջան գալուց կանգառ չի անում ոլորանների վրա՝ «կուկուռուզ ուտելու համար»։
Ի դեպ, 2024 թվականից սկսած տաղավարները ստացել են նոր տեսք. Green Rock-ը ձեռք է բերել և բրենդավորել 25 փայտե տնակներ, որոնք հագեցած են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Այս տնակները փոխարինել են ոլորաններին նախկինում գոյություն ունեցող եգիպտացորենի վաճառքի բոլոր կետերին. այդ կերպ քաղաք մուտք գործող այցելուներին դիմավորում են գրավիչ ու գեղեցիկ տաղավարներն ու պատճառում հարմարավետ գաստրոնոմիկ վայելք:
«Համար 2» սրճարան

Քաղաքային սրճարանի լավագույն օրինակներից է։ Այն ստեղծվել է 2016 թվականին՝ նպատակ ունենալով աջակցել պատանիների զարգացմանն ու կամուրջ դառնալ Դիլիջանի միջազգային դպրոցի ու համայնքի երիտասարդների միջև։ Ճաշացանկից հատկապես առանձնանում է «Կեսար» աղցանն իր յուրահատուկ մատուցմամբ։ Եվ իհարկե, սուրճերը, որոնք հատկապես հաճելի է վայելել լճին բացվող տեսարանի ուղեկցությամբ։
«Քարահունջ»

Սա մի վայր է, որտեղ ուտեստներն ու մշակույթը միահյուսվում են մի ամբողջական փորձառության մեջ։ «Քարահունջ»-ում այցելուն միաժամանակ զգում է թե՛ հայկական ժայռապատկերների խորհրդավոր աշխարհը, թե՛ դրանց պատմական շունչը։ Ուտեստները հիմնականում մատուցվում են կավե ափսեներով։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում նաև գրադարանի հատվածը. այստեղ կարելի է գիրք կարդալ ու կտրվել արտաքին աղմուկից։
«Պապանինո Հաուս»

Ես պաշտում եմ այստեղի քաղցրավենիքի մենյուն։ Ամենասիրվածներից մեկը «Պավլովա»-ն է։ Շատերը հենց այդ թեթև, եթերային քաղցրավենիքը փորձելու համար են այցելում սրճարան։ Բայց դա չի նշանակում, որ լանչի կամ ընթրիքի տարբերակներ ռեստորանը չի առաջարկում. գրիլը, տապակած ու խորոված միսը՝ շատ հարմար, համեղ ու հագեցնող տարբերակներով, կարող են դառնալ քաղցը հագեցնելու հրաշալի լուծումներ։ Տարածքն էլ է տրամադրող, քանի որ ռեստորանը գտնվում է ավանդական դիլիջանյան երկհարկանի տան մեջ։
«Դարչին»

«Դարչինը» Դիլիջանում փոքր, բայց շատ հետաքրքրական ու տարբերվող խմորեղենի արտադրություն է և հիմնական շեշտը դրված է առողջ սննդի վրա։ «Դարչինում» խմորեղենների մեծ մասը պատրաստվում են առանց շաքարի, գլուտենի և շատ լավ տարբերակ են այն մարդկանց համար, ովքեր չեն հրաժարվում քաղցրից, բայց նախընտրում են առողջ սնունդը։ Ամենասիրելի քաղցրավենիքներից մեկը հայտնի «Սան Սեբաստիան» չիզքեյքն է, շատ այցելուներ, հատկապես օտարերկրացիները, ասում են, որ տարբեր երկրներում փորձել են, բայց դիլիջանյանն առանձնապես համեղ է ստացվում։ Առողջ համովությունների հետ «Դարչինն» առաջարկում է նաև շուրջ 18 տեսակի սուրճ։
«Ճամփորդի տնակ»

Եթե դուք փնտրում եք տնական ու պարզ ուտեստներ, ապա լավագույն ընտրությունը «Ճամփորդի տնակ»-ն է։ Ճաշացանկում կա բրդուճ, լոլիկով ձվածեղ, տոլմա, հարիսա ու սպաս։ Ամենապահանջվածը, իհարկե, Դիլիջանի հայտնի տապակած սունկն է, ինչպես նաև տապակած փափկատերևը՝ ձվով պատրաստված։ Այստեղ նույնիսկ պիցցաներն են պատրաստվում հայկական ավանդական փռում, ինչն էլ համին լրիվ այլ շունչ է տալիս։
«Դարավանդ»

«Դարավանդը» ճանապարհորդների ամենասիրելի կանգառներից մեկն է՝ հատկապես խաշի սեզոնին։ Համեղագույն խաշից բացի նաև առաջարկում են գառան մսով ուտեստներ և իշխան ձուկ։ «Դարավանդի» խոհանոցն առանձնանում և տարբերվում է օգտագործվող համեմունքների շնորհիվ։ Այստեղ առաջարկում են նաև տնական բաստուրմա՝ թե՛ հավի, թե՛ տավարի մսից պատրաստված։
«Կճուճ»

Այստեղ ուտեստները հենց կճուճի մեջ են պատրաստվում, ինչն էլ ուտելիքներին տալիս է տնական համ ու հոտ։ Հայկական ամենահայտնի ուտեստները՝ հարիսա, վանախաշ, լոբախաշ, նույնպես մատուցվում են կճուճով։ Հետաքրքիր է նաև կճուճի մեջ պատրաստվող բրաունին, որը թխվում է փռի մեջ։
«Թավա»

«Թավան» էլ ունի իր առանձնահատուկ մոտեցումը, բոլոր ուտեստները մատուցվում են թավայով։ Այստեղ կարելի է փորձել գյուղական կարտոֆիլ՝ պատրաստված տարբեր համեմունքներով։ Կա նաև բուսակերների համար առանձին մենյու, իսկ ռեստորանին կից գործում է «Lumen Coffee» սուրճի կետը, որտեղ կարելի է մի բաժակ լավ սուրճով «փաթեթավորել» սննդի փորձառությունը։
«Լոշ»

Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել մեքսիկական տակոները։ Լոշով տարբերակներն ավանդական տակոյից տարբերվում են, բայց շատ համեղ են։ Կա նաև լահմաջոյի մեծ տեսականի, նույնիսկ բուսական, որը պատրաստվում է ոսպով։
«Հաղարծնի գաթան»

Քաղցրավենիքները կարելի է վայելել հենց Հաղարծին վանքի մոտ, գեղեցիկ բնության մեջ ու խաղաղ մթնոլորտում։ Այստեղ գաթաները մի քանի տարբերակ ունեն՝ դասական, պանրով, ծիրանաչիր-ուրցով, ընկույզ-թուզով, ինչպես նաև հապալաս-կիտրոնով։
«Տուն Արմենի»

Առանձնանում է իր հայկական խոհանոցով։ Այստեղ թոնիր կա, որտեղ թխում են հաց ու նաև կազմակերպում հաց թխելու վարպետաց դասեր։ Ռեստորանի յուրահատուկ ուտեստներից է «խուրջինը»՝ լավաշի մեջ գառան մսով պատրաստված հետաքրքիր կերակրատեսակ։
«Cabinet»

Վերակառուցված այս պատմական ու խորհրդավոր շենքը՝ Cabinet-ը, պահպանում է անցյալի շունչը՝ միավորելով այն ժամանակակից ճարտարապետության, բարձրակարգ խոհանոցի և ջերմ հյուրընկալության հետ։ Այստեղ կարող եք ունենալ հիշարժան պահեր, համտեսել տարբերվող ուտեստներ, անցկացնել միջոցառումներ կամ պարզապես վայելել դիլիջանյան մաքուր բնությունը:
«CEMI»

CEMI-ն Apicius Armenia-ի ուսանողական սրճարանն է, որտեղ ուսանողները սովորում են հյուրընկալության արվեստը՝ միաժամանակ պատրաստելով յուրահատուկ ուտեստներ իտալացի խոհարարների աջակցությամբ։ Յուրաքանչյուր այց այստեղ վերածվում է փորձառության, որտեղ իտալական խոհանոցի համերը միավորվում են ուսանողների ստեղծագործ աշխատանքին: Եկեք վայելելու իտալական խոհանոցն ու աջակցելու հյուրընկալության նոր սերնդի ձևավորմանը։
Ալկոհոլային խմիչքի սիրահարների համար
Դիլիջանի Անդրանիկի փողոցում է գտնվում «Հնձանը»։ Այն պատկանում է «Ակոլ» գինիների և օղիների գործարանին։ Տասնամյակներ առաջ այդտեղ Ակոլ անունով պապիկի ֆերման է եղել, իսկ հիմա տարածքը դարձել է գինու ու օղիների արտադրամաս։ Այստեղ զբոսաշրջիկին առաջարկում են տարբեր համերով տեղական օղիներ, մրգօղիներ։ Այժմ գործարանը ծրագրում է արտադրել նաև տեկիլա և մարտինի։ Խանութը գտնվում է քաղաքի ամենահայտնի մշակութային վայրերից մեկի՝ Ամֆիթատրոնի դիմացի մայթին։ Բացի այդ, խանութում կարող եք գտնել խնձորի, սերկևիլի, խաղողի ու նռան հյութեր՝ բնական բաղադրությամբ և առանց շաքարի։

Գինու սիրահարներն Աղավնավանքում կարող են փորձել «Կինեա» գինիները՝ կարմիր և սպիտակ տեսակներով։ Դիլիջանում գինի և ալկոհոլային խմիչքներ կարող եք համտեսել նաև նորաբաց The Kilver Bar #1 բարում. այստեղ զբոսաշրջիկներին առաջարկում են նաև պանիրների համեղագույն տեսականի։ Hovaz Wine Rooms-ում էլ կարող եք վայելել փրփրուն վարդագույն գինի։ Ընդհանուր առմամբ այստեղ ներկայացված է ավելի քան 50 տարբեր գինիների ընտրանի։ Խորհուրդ եմ տալիս անպայման փորձել նաև «Դիլվադոսի» առաջարկած տեղական մրգօղիների տարբերակները