Գաղափարն այն է, ինչի մասին հոգ ենք տանում․ «Նպատակ» ճարտարապետական փառատոն
Օգոստոսի 4-5-ը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում անցկացվեց «Նպատակ» ճարտարապետական փառատոնը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ամերիկյան և եվրոպական հեղինակավոր ճարտարապետական ստուդիաների ճարտարապետներին և հիմնադիրներին: Բացի այդ, ամփոփվեցին «Նպատակ» հիմնադրամի` նախորդ երեք տարիների ընթացքում ստեղծված ճարտարապետական ամառային ստուդիաների աշխատարանները։
Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի
Լուսանկարները՝ Նպատակ
«Նպատակ» կրթական նախաձեռնության գործադիր տնօրեն Արինե Քեշիշին վստահ է՝ արդեն երեք տարի գործող ճարտարապետական փառատոնի հաջող փորձը հնարավորություն է տալիս զարգացնել ճարտարապետական կրթությունը և հայկական ճարտարապետությունը, ինչպես նաև լսելի դարձնել հայ երիտասարդների ձայնը։ Այդ նպատակով են կազմակերպվում նաև ճարտարապետական ամառային ստուդիաների աշխատարանները. երկշաբաթյա դասախոսությունների և գործնական աշխատանքների շնորհիվ երիտասարդ ճարտարապետները հանդես են եկել ամենատարբեր գաղափարներով. «Ճարտարապետական ամառային ստուդիաներին դիմել էին ամենատարբեր երիտասարդ ճարտարապետներ։ Մեր նպատակը մեկն էր՝ «Նպատակի» ներքո հավաքել ճարտարապետական միտքը և զարգացնել այն»։
Գաղափարն առաջնորդում է ճարտարապետությունը
Սրահում նոտակալների վրա նախորդ երեք տարիների երիտասարդ ճարտարապետների աշխատանքներն են, որոնք ստեղծվել են աշխատարանների արդյունքում Հայաստանից և արտերկրից հայազգի փորձառու ճարտարապետերի մենթորությամբ․ «Ուսանողները ստանում են առաջադրանք մեզ հետ համագործացկող կազմակերպությունների կողմից և սկսում են աշխատել նախագծերի վրա՝ դրանց տալով նոր ճարտարապետական լուծումներ։ Նախորդ երեք տարիների փորձը բավական հաջող էր, քանի որ ամառային աշխատարանների ընթաքում ուսանողները հնարավորություն են ունեցել մասնակցելու հեղինակավոր ճարտարապետների դասախոսություններին՝ Լիսաբոնից, ԱՄՆ-ից, Դանիայից»,- պատմում է Արինե Քեշիշին։
«Նպատակ» կրթական նախաձեռնությունը ստեղծվել է 2021 թվականին երեք ճարտարապետների կողմից։ Այս տարվանից նախաձեռնությունը դարձել է կրթական հիմնադրամ, որի հիմնադիրներն են ճարտարապետներ Արմեն Հակոբյանը, Հայկ Շահինյանը, Արինե Քեշիշին և Կարեն Բերբերյանը․ «Երեք տարի առաջ մենք երեք հոգանոց նախաձեռնող խումբ էինք, որը ցանկություն ուներ տրամադրել հարթակ երիտասարդ ճարտարապետների համար և զարգացնել ճարտարապետական կրթությունը Հայաստանում։ Նախաձեռնության նպատակը մեկն էր՝ կիսվել մեր միջազգային փորձով այստեղ։ Կարող եմ ասել, որ այս երեք տարիներն ապացուցեցին, որ մեր նախաձեռնության կարիքը կա Հայաստանում»,- նշեց Հայկ Շահինյանը։
«Անդրանիկ» ճամբարի հետքերով
«Նպատակի» մասնակիցները հիմնականում Ճարտարապետության և քաղաքաշինության ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի ուսանողներն են։ Ցուցադրությունը նոտակալների վրա դասավորված էր հերթականությամբ՝ 2021-ից մինչև 2023 թվականներ։ Տասից ավելի մանրակերտերի վրա Հայաստանի տարբեր բնակավայրերում նախատեսվող նախագծեր են, որոնց շուրջ հավաքված են երիտասարդ ճարտարապետները։
Մեկը մյուսի հետևից պատմում են, թե որ դետալն ինչ նպատակի է ծառայում․ «Կարգին տանջվել ենք, որովհետև տեղանքը բարդ էր։ Մի քանի անգամ գնացել-եկել ենք», լսում եմ, թե ինչպես է ճարտարապետ ուսանողներից մեկը պատմում իր նախագծի մասին։ Արուսյակ Սադոյանն է` Ճարտարապետական համալսարանից, այս տարվա ամառային աշխատարանի մասնակիցներից է։ Չորս հոգանոց խմբով աշխատել են Լոռու մարզում գտնվող «Անդրանիկ» սկաուտական ճամբարի ճարտարապետական էսքիզային նախագծի ստեղծման վրա։ Առաջադրանքը ստացել էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից։
Արուսը ծնվել է ճարտարապետների ընտանիքում ու մանկուց երազել է ապագա մասնագիտության մասին․ «Ծրագրի մասնակցության ընթացքում ավելի սիրահարվեցի մասնագիտությանս։ Ես գիտակցում էի, թե որքան բարդ է լինելու իմ ճանապարհը, սակայն աշխատարանները այնքան հագեցած էին, որ չէինք էլ հասցնում հասկանալ՝ ինչպես ավարտեց երկու շաբաթը, ու մենք ավարտուն ծրագիր ունեցանք»։
Կարմիր ժապավեններով շենքը
Գնել Եղիազարյանը երիտասարդ ճարտարապետ է, որն իր առաջին քայլերը սկսել է երկշաբաթյա աշխատարանին մասնակցելով։ Այժմ աշխատում է Տարբերակ ճարտարապետական ստուդիայում, հասցրել է աշխատել մի շարք նախագծերի վրա, սակայն հիշում է, թե ինչպես երկու տարի առաջ Երևանից հասավ Դիլիջան՝ տեսնելու տարածքը, որի վրա պետք է աշխատեին չորս հոգանոց խմբով․ «Առաջին տարվա աշխատարանի շրջանավարտներից մեկն եմ։ Ծրագրի մասին իմացել ենք համալսարանում։ Այժմ, երբ հետ եմ նայում, երևում է, թե ինչպես է փոխվել ծրագիրը, թե դասախոսությունները, թե ձևաչափը, սա միայն ուրախացնում է ինձ»։
Գնելը պատմում է, որ երկու շաբաթների ընթացքում ամենահետաքրքիր մասը հետազոտական փուլն է, երբ անհրաժեշտություն կար մեկնելու և զննելու տարածքը, փորփրելու, թե ինչ նպատակի է ծառայել տարածքը, հանդիպել բնակիչների կամ գործարանի աշխատակիցների հետ։ Հիմնական բարդությունը, ըստ նրա, ժամանակի սղությունն էր, քանի որ և հետազոտական փուլը, և գործնական մասը պետք էր համատեղել։
Իրենց չորս հոգանոց խումբը աշխատել է Դիլիջանի երբեմնի հայտնի գործարաններից մեկի ճարտարապետական էսքիզային նոր լուծումների վրա։ Պատվիրատու կազմակերպությունները IDEA հիմնադրամն էր և Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի ընկերությունը։ Ներկառուցված սև տանիքով վերնահարկը իրենց նորարարությունն էր, ծառայելու էր ժամանցի, հանգստի և աշխատանքի համար։
Հիշում է, երբ առաջին անգամ այցելեցին գործարան, տպավորությունները դեռ թարմ են․ «Ես ոգեշնչվեցի մեր առաջին այցելությունից։ Գործարանում մի տարածք կար, որը ծածկված էր կարմիր ու սև ժապավեններով։ Գործարանի վերևի հարկի դիզայն անելիս հենց այս պատկերն էր մեր մտքում պտտվում։ Առհասարակ, փորձել էինք պահել ժապավենի ձևը, թե ներսում, թե դրսում։ Կարծում եմ, որ հաջող փորձառություն էր»։
Միջազգային փորձի փոխանակում
Մինչ զրուցում էի մասնակիցների հետ, մյուս սրահում դասախոսում էր «Bjarke Ingels Group: BIG» (Դանիա, Կոպենհագեն) կազմակերպության ներկայացուցիչը, ներկայացնելով ճարտարապետության պատմությունն ու անցած ճանապարհը՝ մինչև ժամանակակից մոտեցումներ։ Երկօրյա փառատոնի ընթացքում Երևան էին ժամանել անվանի ճարտարապետներ՝ դասախոսություններ կարդալու հայ ճարտարապետների համար, ինչպիսիք են «SO-IL» (ԱՄՆ, Նյու Յորք) , «BUREAU» (Լիսաբոն, Պորտուգալիա - Շվեյցարիա, Ժնև), «KOSMOS»(Շվեյցարիա, Ցյուրիխ) , «Alberto Campo Baeza» (Իսպանիա, Մադրիդ)։ Հայկ Շահինյանը, խոսելով «Նպատակի» ճարտարապետական նմանօրինակ ծրագրերի առաջնահերթությունների մասին, նշում է ամենակարևորը՝ միջազգային փորձի փոխանակումը, որը հնարավորություն կտա ապագա ճարտարապետներին առաջ շարժվելու ժամանակակից մոտեցումներով։ Նախորդ երեք տարիների մասնակիցներն էլ հավաստում են՝ միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ կարողացել են իրենց առջև դրված խնդիրներին տալ նոր և ժամանակակից լուծումներ. «Հետազոտական փուլից հետո ամենահետաքրքիրը Հայաստանից և արտերկրից հայազգի փորձառու ճարտարապետների հետ համատեղ աշխատել էր։ Տպավորություն էր, ասես ինքներս էլ ավելի էինք հմտանում»,- պատմում է մասնակիցներից Արուսյակը։
Երկու օր տևած ճարտարապետական փառատոնը հնարավորություն էր մեկ հարկի տակ տեսնելու ժամանակի ճարտարապետական շունչը՝ հայ և օտարազգի մասնագետների մասնակցությամբ։ Փառատոնի ընթացքում երիտասարդ ճարտարապետները ներկայացրին իրենց աշխատանքները, սակայն թե երբ դրանք գաղափարից կանցնեն իրագործման փուլի՝ դեռ վաղ է խոսել։