Գերագույն խորհուրդ 1990-1995. Արամ Մանուկյանի հուշերը
Նորանկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ ինչպիսին այն հիշում է Արամ Մանուկյանը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Արմենպրես
ԵՐԵՎԱՆ #69 | 2021
Մայիսի 27. բախումները կայարանում
1990 թվականի մայիսի 27-ին Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում, ապա Երևան-Նուբարաշեն խճուղում զինված բախումներ տեղի ունեցան հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զինվորների միջև, որոնց հետևանքով զոհվեցին 27 ազատամարտիկ և խաղաղ բնակիչներ։ Խորհրդային 7-րդ բանակի հրամանատար Միխայիլ Սուրկովի հետ վարած բանակցությունների արդյունքում հաջողվեց համոզել, որ զորքերը ետ քաշվեն։ Խորհրդային բանակը դեռ մի քանի օր զրահատեխնիկայով շրջափակել էր Երևանի Ազատության հրապարակը։
Գերագույն խորհուրդ 1990-1995թթ.
ՀՀ ԳԽ-ը ձևավորվել է բացառապես մեծամասնական ընտրակարգով՝ 260 պատգամավոր, որոնցից մեկ տասնյակը՝ Արցախից։ ՀՀ ԳԽ ընտրությունները կայացել են երկու փուլով՝ 1990 թվականի մայիսի 20-ին և հունիսի 3-ին։ Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990 թվականի հուլիսի 20-ից։ Խորհրդարանում ներկայացված էր երկու քաղաքական ուժ՝ Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը՝ ՀՀՇ-ն։ Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին խմբակցություններ՝ «Հանրապետություն» (38 պատգամավոր), «Արցախ» (11 պատգամավոր), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգամավոր), «Ազգային առաջադիմություն» (10 պատգամավոր), ՀՅԴ (12 պատգամավոր)։ 1990 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Մովսիսյանի հետ պայքարում ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Օգոստոսի 6-ին նախագահի առաջին տեղակալ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը (ՀՀՇ), իսկ տեղակալ՝ Գագիկ Հարությունյանը (ՀԿԿ)։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։ ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը, առաջին տեղակալ՝ Արա Սահակյանը։
ՀՀ ԳԽ-ն իր աշխատանքներն ավարտեց 1995 թվականի մայիսի 15-ին։ Այդ ընթացքում ընդունվել է 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը՝ «մայր», իսկ 81-ը՝ փոփոխություններ և լրացումներ էին գործող օրենքներում, ինչպես նաև վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:
Անկախության հռչակագիր
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն Սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։ Մինչև նոր Սահմանադրության ընդունումը 1995-ին, հռչակագիրը ծառայել է իբրև ծրագրային փաստաթուղթ։
1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ, իսկ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 12-րդ գումարումը դարձավ ՀՀ առաջին գումարման ԳԽ և աշխատեց մինչև 1995 թվականը։ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը նկարագրում է այդ տարիների ամենապատմական պահը՝ Անկախության հռչակագրի ընթերցումը և նշում այլ հիշարժան իրադարձություններ։
Հաղթանակ՝ կոմունիստների խաղի կանոններով
Առաջին դեպքն էր, երբ միակուսակցական մենիշխանություն չէր տիրում Գերագույն խորհրդում։ Դա հաղթանակ էր, որն ուղիղ արդյունքն էր 1988-ի։ Շարժումն այնքան հզոր էր, այնքան սիրելի ու վստահելի, որ եկել էր այդ վստահությունը կապիտալիզացնելու պահը։ Բայց էնպես չէր, որ Կոմկուսն ու Սովետական Միությունը հանձնվել էին ու չէին պայքարում իրենց իշխանությունը պահելու համար։ Այնպես որ ընտրություններն էլ հանգիստ չեն անցել։ Շատ սուր պայքար էր, կոմունիստներն ունեին մեծ լծակներ, չէին զլանում պրովոկացիաներից։
Դա, իհարկե, դեռ վերջին տարիներից մեզ հայտնի միջոցներն ու լծակները չէին։ Պարզապես ամեն ինչ արվում էր նաև Կենտրոնից։ Սովետական Կենտրոնը շատ կոպիտ մեթոդներ էր կիրառում, ընդհուպ մինչև զինված բախումներ։ Կայարանի դեպքերը 1990 թվականի մայիսի վերջին, երբ քսանից ավելի մարդ զոհվեց. դրանից առաջ եղել էլ էր «Զվարթնոցի» դեպքը, նույնպես զինված։ Գումարած դրան ԿԳԲ-ն ու դատախազությունը շատ ակտիվ աշխատում էին։ Մեզ անընդհատ կանչում էին հարցաքննությունների՝ ազգամիջյան կոնֆլիկտների թեմայով։
1990-ի ընտրությունները դեռ ամբողջությամբ սովետական կարգով ու խաղի կանոններով էին ընթանում։ Բայց, նույնիսկ այդ պայմաններում, մենք կարողացանք 10 մանդատ հատկացնել Ղարաբաղին, քանի որ գործում էր 1989-ի որոշումը, որով Ղարաբաղը Հայաստանի մասն էր. 5 տեղ էլ Երևանից տվեցինք Շարժման մասնակից ղարաբաղցիներին։ Ի դեպ, դեպուտատների թիվն այն ժամանակ 260 էր, երկու անգամ ավելի, քան այսօր։ Հետո աստիճանաբար փոքրացրեցինք թիվը։
Վանո Սիրադեղյանը՝ նիստի ընդմիջման ժամանակ
ՀՀ ԳԽ ձևավորվել է բացառապես մեծամասնական ընտրակագրով՝ 260 պատգամավոր, որոնցից մեկ տասնյակը՝ Արցախից
Համերաշխ համագործակցություն
Դա հաղթանակ էր, բայց շատ փխրուն, քանի որ մեր մեծամասնությունը ջախջախիչ մեծ չէր։ Ու անգամ այդ լարված, սրված ընտրություններից հետո մենք ոչ թե գնացինք հակառակվելու ճանապարհով, այլ լայնորեն օգտագործեցինք ինչպես նախկին իշխանության, այնպես էլ բազմաթիվ արհեստավարժ անհատների ուժերը։ Մեր առաջին կառավարությունում կոմունիստներն ունեցել են բարձր պաշտոններ՝ մարզպետներ, նախարարներ, փոխնախագահ։
Պատճառը շատ պարզ էր. եթե մենք դրան չգնայինք, կլիներ ներքին անկայունություն, գուցե և քաղաքացիական պատերազմ։ Միայն ներքին համերաշխության մթնոլորտում մենք կարող էինք հաղթել արդեն ընթացող պատերազմում, ժողովրդավարության կղզյակ դառնալ ու հաղթահարել երկրաշարժի վնասները։ Կոմիտեի բարձրագույն շնորհքն էր, որ մեզ դա հաջողվեց՝ ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, որտեղ եղան շատ լուրջ ներքին կոնֆլիկտներ։
Կոմունիստների առողջ մասն էլ իրենց հերթին իրոք լծվեց հայրենիքը կառուցելու գործին՝ սա համատեղ աշխատանք էր։ Փաստորեն, սա ոչ հայտարարված կոալիցիա էր:
Օգոստոսի 23
Ամենահիշարժան օրը, իհարկե, օգոստոսի 23-ն էր։ Իհարկե, նախօրոք էի պատրաստվել՝ մի քանի օր առաջ գիտեի, որ ես եմ ելույթ ունենալու։ Տեր-Պետրոսյանի ու Վանո Սիրադեղյանի որոշումն էր։ Տրամաբանությունն Արամ Մանուկյանի հետ նույն անունն էր, ինչպես նաև՝ հաղթող ուժի ներկայացուցիչ, լավ տեսքով, առոգանությամբ խոսող։
Շատ էի լարված, քանի որ շատ կարևոր էր լավ մատուցումը։ Բայց նախատեսվածից շուտ կանչեց Տեր-Պետրոսյանը, ասաց, որ հենց հիմա էլ պետք է ելույթ ունենամ։ Ասացի, որ դեռ լավ չեմ պատրաստվել, շատ հանգիստ ասաց, որ ուրիշին կհանձնարարի։ Ասացի՝ հարց չկա։ Տասնհինգ րոպե տվեց, որ պատրաստվեմ։ Մելիք-Ադամյանի շենքի բուֆետում էինք։ Մատինյան Հովհաննեսն ասաց, որ 10 գրամ պիտի խմեմ՝ համարձակության համար։ Սթրեսը պետք էր մեջիցս հանել։ Խմեցի, մի հատ էլ կարդացի։ Ու բարձրացա նիստին։ Դա օգոստոսի 24-ին էր. նախորդ օրը հռչակագիրն ընդունվել և քվեարկվել էր: Ես պետք է ներկայացնեի նախորդ գիշերվա ընթացքում խմբագրված տարբերակը: Հաջորդն արդեն պատմություն դարձավ։ Էդ նույն տեքստը կարդացի նաև նույն օրը Ազատության հրապարակում, որտեղ ինքնաբուխ հավաք էր, առանց հայտարարելու։ «Էրեբունի» հյուրանոցում էի ապրում շրջաններից եկած մյուս պատգամավորների հետ, էնտեղից էլ վազելով եկա հրապարակ։ Ժողովուրդն այնքան մոտ էր կանգնած, որ հազիվ ճանապարհ բացելով հասա հարթակին ու նորից կարդացի հռչակագրի տեքստը։ Վանո Սիրադեղյանի աչքերը հուզմունքից թրջվել էին։ Հիշում եմ, որ այդ օրն ինքը հայտարարեց Ներման օր։ Ասաց, որ բոլոր նախկին հանցանքներն ու մեղքերը թողնում ենք անցյալում, իսկ Անկախ Հայաստանում ստեղծում ենք ներման ու հումանիզմի տարածություն…
Շոգ էր, հագիս կարճաթև սպիտակ շապիկ էր, որը նվեր էր բերել բաջանաղս Ամերիկայից։ Ուրիշը չունեի։ Ասաց՝ գոնե շնորհքով շոր լինի հագդ։ Նույն շապիկով և՛ ԳԽ-ում էի, և՛ հրապարակում։
Ափսոս, որ հետո հեռուստատեսությունում կորավ ԳԽ-ում առաջին ելույթի տեսագրությունը՝ երեսուն տարի է՝ փնտրում եմ, իսկ հետո նաև մեքենայիցս գողացան նախագծի իմ օրինակը, որից ես էի կարդում ու որը մակագրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մի օր Լևոնը կատակով ասաց՝ «Հայաստանի ծննդականն ես կորցրել»։
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումը Գերագույն Խորհրդի նիստերի դահլիճում, 1991
Սեպտեմբերի 21
Անկախացումից հետո Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի 12-րդ գումարումը վերածվեց անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին գումարման ԳԽ-ի։ Այդ ժամանակ արդեն ընտրել էինք մեր Խորհրդարանի նախագահին, ընդունել էինք հռչակագիրը, անցկացրել հանրաքվեն, Խորհրդային Միությունն արդեն չկար։ Իսկ վերջակետը դրվեց, երբ սեպտեմբերի 24-ին դահլիճում կախվեց Հայաստանի Հանրապետության դրոշը։
Անկախության հռչակագիրը վերածնունդ էր, Հայաստանի Հանրապետության ծննդականն էր։ Եվ ո՞րն էր հզորությունն այդ հռչակագրի՝ դա պարզապես թուղթ չէր, այլ մտածված, ծրագրային, աշխատող փաստաթուղթ էր։ Իսկ ահա սեպտեմբերի 23-ի խորհուրդն ուրիշ էր, տարբերվում էր նրանով, որ ժողովրդի ամեն հասուն մարդ կամովի եկավ տեր կանգնելու իր նորաստեղծ պետությանը։ Երկրի ճակատագիրը որոշվել է ժողովրդի կողմից, բառացիորեն։ Դա հեղափոխություն էր մարդկանց հոգիների ու հոգեբանության մեջ։
Տեղափոխություն Մելիք-Ադամյանից
Գերագույն խորհուրդը կիսապրոֆեսիոնալ էր։ Ես դարձա պրոֆեսիոնալ պատգամավոր, երբ ընդգրկվեցի 16 հանձնաժողովներից մեկում՝ Կրթության հանձնաժողովն էր։ Այդ ժամանակ պարզ դարձավ, որ Մելիք-Ադամյանի շենքում չկան բավարար քանակով աշխատասենյակներ։ Տեղափոխվեցինք Ամերիկյան համալսարանի շենքը, այն ժամանակ կոչվում էր Շահումյան պալատ, մի քանի սենյակ էլ հատկացվեց նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում։
Բաղրամյան 19-ը ավելի ուշ հանձնվեց Գերագույն խորհրդին։ Դե, կոմունիստները, մեղմ ասած, չէին շտապում հանձնել իրենց կենտկոմի շենքը։ Բայց, երբ որ հետո արդեն պետականացնում էինք կոմկուսի գույքն ու սեփականությունը, այդ ժամանակ արդեն կողմ քվեարկեցին։ Այդպիսի մթնոլորտ էր։
Սև դագաղը, նռնակով մարդն ու անպաշտպան շենքը
Իմ կարծիքով՝ ավելի պատմական արժեք ունի Մելիք-Ադամյանի շենքը։ Ինձ համար, համենայն դեպս, այն տարիներն ավելի սիրված ու հիշարժան էին։ Հռչակագիրը, ի վերջո, այնտեղ կարդացվեց։ Օրվա հերոսն էի, անմոռանալի էր։ Դուրս եկա՝ սկսեցին ինձ բոլորը գրկել, համբուրել, հեռախոս ունենային՝ սելֆի կանեին։ Մի երկար բեղերով պապիկ էլ մոտեցավ, թե՝ «Արամ Մանուկյա՜ն, ես քո զինվորն եմ եղել, չես հիշու՞մ» (նկատի ուներ առաջին Արամ Մանուկյանին): Սուր և երկար բեղերով մի ուրիշ պապիկ էլ կար՝ Եղիշ Քեռին, որին թույլատրված էր ներկա լինել ԳԽ-ի բոլոր նիստերին. նրան մենք անվանում էինք «ժողովրդի ձայն»:
Այդ շենքի բակում էր, որ 1991-ին Պարույր Հայրիկյանը սև դագաղ բերեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը համարում էր ողբերգություն։
Նաև ծանրագույն, բարդագույն օրեր ու գիշերներ ենք անցկացրել այնտեղ։ Քննարկումներ էին, որոնցից երկրի ապագան էր կախված։ Մի անգամ ռուսներն առաջարկել էին զորքեր մտցնել Վրաստան՝ մեր հացի ճանապարհն ապահովելու համար։ Բայց դա նշանակում էր սրել հարաբերությունները Վրաստանի հետ։ Հրաժարվեցինք մի քանի օր քննարկելուց հետո։
Ընդ որում, պառլամենտը պաշտպանված չէր, մեկ-երկու ոստիկան գուցե դրսում կանգնած լիներ, բայց իրական հսկողություն չկար։ Երբ 1990-ին եղան ընտրությունները, ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ Գերագույն խորհրդի պաշտպանությունը չի մտնում իր գերատեսչության գործառույթների մեջ։ Այսինքն, երկրում կար արդեն նոր օրինական իշխանություն, բայց հին համակարգը դեռ դիմադրում էր։ Մի անգամ էդպես մի զինված մարդ, նռնակը ձեռքին մտավ, կանգնեց ամբիոնին։ Ինչ-որ պահանջներ ուներ, ասում էր՝ կպայթացնեմ, եթե չկատարեք։ Փայլուն իրեն դրսևորեց Բաբկեն Արարքցյանը՝ խոսելով, հանգստացնելով մի կերպ դուրս հանեց մարդուն։
Բուֆետն էր շատ կարևոր տեղ զանազան զրույցների համար։ Մենյուն դասական սովետական էր՝ սուրճ, թեյ, հաց, երշիկ, հազվադեպ՝ ձվածեղ։ Բայց հաճախ չէինք կարող օգտվել, որովհետև աշխատավարձը շատ ցածր էր։ Ոչ մի արտոնություն երբեք չենք ունեցել։ Ամբողջ ընթացքում ավտոբուսով եմ գնացել-եկել, ընկերներս զարմանում էին։ Չխոսեմ Էրեբունի հյուրանոցի մկների մասին։ Երբ հացի խնդիրը սկսվեց, առավոտ շուտ բոլորի պես գնում հերթ էի կանգնում՝ հարևաններս զարմանում էին, հետո երբեմն ոտքով Գ-3 թաղամասից գնում էի գործի։ Բաբկեն Արարքցյանը՝ Գերագույն խորհրդի նախագահը, իր «06»-ով էր գալիս աշխատանքի:
Ազգի սերուցքը
Ընդհանրապես, ազնվագույն մարդիկ էին հավաքված այդ ԳԽ-ում։ Վեց տասնյակ միայն ակադեմիկոս, դոկտոր և թեկնածուներ ունեինք։ Հրանտ Մաթևոսյանն էր մեզ հետ, Վարդգես Պետրոսյանը, Ռաֆայել Իշխանյանը, Կարեն Յուզբաշյանը, Ռաֆայել Պապայանը։ Ազգի սերուցքի հետ էինք աշխատում այնտեղ։ Նրանց հետ մի բաժակ կոնյակ խմելը մինչև կյանքի վերջ հիշելու ու հպարտանալու բան է։ Հրանտ Մաթևոսյանին ասում էինք՝ «Վարպետ, դու ուղղակի արի նստիր սեղանի գլխին, ոչ մի բան մի արա, ուղղակի որպես իմաստուն եղիր մեր կողքին»։ Գալիս էր, օգնում էր։
Ռաֆայել Իշխանյանից սովորեցի հայոց լեզվի մաքրության կարևորության մասին։ Հենց մոտենում էր ամբիոնին, դահլիճում ասում էին՝ «հայոց լեզվի դասը սկսվե՜ց»։ Հրաշալի ավանդույթ էր, որը ես պահեցի ԱԺ-ում մինչև 2017 թվականը, երբ խորհրդի կարգով փորձում էինք մաքրել պատգամավորների հայերենը, որ չասեն՝ «խոսքը վերաբերվում է» կամ «նախագան»։
Էդ մարդիկ իրենց էությամբ սերունդ են դաստիարակել, մեզ են դաստիարակել։ Հենց սրա համար էլ պնդում եմ, որ իդեալական Ազգային ժողովը պետք է հենց այսպիսին լինի: 1990-1995 թվականների Գերագույն խորհուրդն էտալոն է։ Այդ պատգամավորների մեջ ճնշող մասը եղել են մտավորականներ՝ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, ֆիզիկոսներ, նկարիչներ, մաթեմատիկոսներ, որոնք հաջողված էին իրենց գործում։ Մեծագույն պրոֆեսիոնալներ էին իրենց գործի մեջ։ Ոչ ոք չէր եկել պառլամենտ իր անձնական շահերից ելնելով։ Եվ որևէ մեկը դուրս չեկավ իր խնդիրները լուծած։ Մարդիկ կային, որ նույն կոստյումով եկան առաջին նիստին, նույն կոստյումով դուրս եկան վերջին նիստից։ Չստացան ոչ մի պաշտոն, չկառուցեցին ոչ մի բիզնես։
Իհարկե, մի կարևոր նրբություն կա. մենք բոլորս պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ չէինք ու չէինք կարող լինել, որովհետև մինչ այդ պահը նման պառլամենտ Հայաստանում չի եղել։ Իսկ միայն կոմունիստական Գերագույն խորհուրդը մշտապես ուղղորդվել է Կոմկուսի ղեկավարների կողմից ու, ըստ էության, ձևական բնույթ էր կրում, այնպես որ կոմունիստներն էլ իրենց հերթին չունեին այսօրվա իմաստով մեր հասկացած փորձը։
Այստեղ ավելի կարևոր էին քաղաքացիական պատասխանատվությունն ու բարոյականությունը։ Ու միջավայրն այնպիսին էր, որ հնարավոր չէր այդ մարդկանց մեջ քեզ սխալ դրսևորել։
1991-1992 թվականներին Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը՝ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը
Հռչակագրից մինչև Սահմանադրություն
Մեր գումարումը սկսեցինք Անկախության հռչակագրով, իսկ ավարտեցինք 1995-ին՝ Սահմանադրության հաստատմամբ։ Այդ երկու պատմական, շրջադարձային որոշումների միջև էլի բազում կարևոր բաներ եղան։ Բայց, քանի որ ես սիմվոլիստ եմ, ապա ինձ համար ամենահիշարժանն էին դրոշի, հիմնի փոփոխությունները, Սահմանադրությունում մի քանի շատ կարևոր, ազատական որոշումների մշակումը։ Ընդհանրապես, ազատականության բոլոր պատմական ռեֆորմները ես համարում եմ լրջագույն։ Եվ բոլորն իրականացվեցին։ Դա չի նշանակում, որ թերություններ չեղան, բայց դա էլ անխուսափելի էր։
Թող մեծամտություն չլինի, բայց այդ տարիների մեր աշխատանքի մեջ ոչինչ չէի փոխի, ոչնչի համար չեմ փոշմանի։ Պատմական, գլոբալ առումով սա մեր երկրի, մեր պատմության լավագույն հինգ տարիներն էին, գումարած շարժման երկու տարիները, որոնք պատրաստեցին, սկիզբ դրեցին Անկախությանը։ Ափսոսելու տեղ չունենք։