Գերագույն խորհուրդ
Մարդիկ

Գերագույն խորհուրդ

Ազգային ժողովի հնաբնակները, որոնք աշխատում են այստեղ տասնամյակներ:

Տեքստը՝ Օվսաննա Մնացականյան


Լուսանկարները՝ Արաքս Քոչարյան

 

ԵՐԵՎԱՆ #69 | 2021

#ՕրենսդիրՄարմին

Երկրի գլխավոր կառույցներից մեկը՝ Ազգային ժողովը, բոլոր ժամանակներում համարվել է ամենապահանջված աշխատավայրերից: Ու որքան դժվար է ընդունվել ԱԺ, կրկնակի դժվար է հեռանալու որոշում կայացնելը: Դրա վառ ապացույցն է խորհրդարանի աշխատակիցների ստաժը: Իրենց կյանքից 20 տարուց ավելին ԱԺ-ին նվիրած մարդկանց թիվը 80-ից ավելի է: Ուստի, որոշեցինք բարձրացնել շեմն ու ներկայացնել նրանց, ովքեր աշխատում են 30 տարուց ավելի:

 

Քարտուղարության ու, առհասարակ, Ազգային ժողովի ամենաերկարամյա աշխատակիցը Սղագրական բաժնի պետն է՝ Էլեոնորա Գրիգորյանը: 18 տարեկան Էլյայի՝ գերարագ մեքենագրուհու համբավը «Հայաստան» հրատարակչությունից հասել էր ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն: Աշխատանքի հրավերը նրան չէր ուրախացրել. «Գերագույն խորհուրդը ծերանոց էր, ես էլ ջահել, սիրուն աղջիկ, գնայի ի՞նչ անեի»: Բայց ընտանեկան կոնսիլիումում հարցը քննարկվեց ու հստակ որոշվեց՝ կաշխատի: Կարճ ժամանակ անց նա դարձավ նախագահների ելույթների միակ մեքենագրողը:


Նրա գրամեքենայի թրի տակով են անցել Սահմանադրությունն ու մնացած կարևոր օրենքները: 51 տարվա աշխատանքի ընթացքում ղեկավարների հետ բախումները տիկին էլյան ժպիտով է հիշում. «Ասում էի՝ մնալու եմ, որ տեսնեմ՝ դուք ոնց եք գնում»:

 

 

Գայանե Գրիգորյանի համար այս տարին հոբելյանական էր: Մայիսի 6-ին լրացավ 30 տարին, ինչ նա Ազգային ժողովում է: Գայանեն 88-ի Ղարաբաղյան շարժման Մերգելյան ինստիտուտի ակտիվիստներից էր, Գերագույն խորհրդում սկզբում որպես մատենագետ է աշխատել: Հետո հրատարակչական բաժնում է՝ որպես խմբագիր: Հրատարակել են Ազգային ժողովի վերաբերյալ գրքերը, բուկլետներ, տեղեկագրքեր:


Խորհրդարանի նկատմամբ սեփականության զգացում ունի. «ԱԺ-ն այնքան է հարազատ, որ այստեղից հեռանալը տունը լքելու նման է»: Գայանեն հիմա լրատվական վարչությունում գլխավոր մասնագետ է, զբաղվում է կարևոր գործով, անունն էլ՝ մշտադիտարկում:

 

 

Քարտուղարության վարչության ռուսերենի թարգմանիչ Գեորգի Հլղաթյանը թեև Ազգային ժողովում աշխատում է 91-ից, սակայն այս շենքում է շատ ավելի վաղուց: Նա աշխատել է  Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեում, որն այդ ժամանակ տեղակայված էր ներկայիս Ազգային ժողովի շենքում: Սինքրոն թարգմանչի վարպետությունը նկատելով՝ առաջարկել են մնալ և աշխատել Ազգային ժողովում: Հիմա օրենքներն է թարգմանում:

 

 

Թաթուլ Սողոմոնյանը 1990-ին է աշխատանքի ընդունվել Գերագույն խորհուրդ: 1996-ից ղեկավարում է Ազգային ժողովի ամենամեծ վարչությունը՝ Քարտուղարությունը: Արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի ու մեդալների:


Հատկանշական է, որ իր ղեկավարած վարչությունում են աշխատում խորհրդարանի ամենաերկար աշխատանքային փորձ ունեցողները: Աշխատակազմում գիտեն դրա գաղտնիքը. նա թիմին զերծ է պահում բոլոր հնարավոր օպտիմալացումներից: Թաթուլ Սողոմոնյանը հայտնի է որպես «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքը կետ առ կետ հիշող միակ մարդը: Սողոմոնյանի համար աշխատավայրում կարևորը մարդկային փոխհարաբերություններն են:

 

 

Ասատրյան Մարուսյան կամ տիկին Մարոն 33 տարեկան էր, երբ ընդունվեց Գերագույն խորհուրդ և գրեթե այդքան էլ՝ 31 տարի, աշխատում է այս շենքում: Նա սղագրուհուց փուլ առ փուլ դարձել է վարչության պետ: Հիմա ԱԺ այցելուներին, հյուրերին պատմում է Ազգային ժողովի պատմությունը: Խորհրդարանի մասին գիտի ամեն ինչ. «Աշխատում էի Մամուլում պետական գաղտնիքների վարչությունում, որտեղ կազմում էի Գերագույն խորհրդի տեղեկագիրքը: Հաճախ էի հեռախոսային խոսակցություն ունենում Գերագույն խորհրդի ակտերի հրապարակման բաժնի պետի հետ: Մի օր նա ինձ կանչեց Գերագույն խորհրդի շենք և տարբեր հանձնարարականներով ստուգեց աշխատանքային հմտություններս: Որոշ ժամանակ անց ստացա հրավեր՝ աշխատելու Գերագույն խորհրդում՝ որպես սղագրուհի: Մի քանի տարի անց տեղափոխվեցի նոր ստեղծվող գրադարան, հետո դարձա գրադարանի վարիչ, որը ղեկավարեցի 7 տարի: Այնուհետև, երբ ստեղծվեցին վարչությունները, դարձա Տեղեկատվականի պետը»:


Հարցին՝ ինչն է այսքան տարի պահել նրան ԱԺ-ում, առանց երկմտելու պատասխանում է, որ սա իր երկրորդ ընտանիքն է: Երբ ինչ-որ տեղ բացասական կարծիք է լսում ԱԺ-ի մասին, վիրավորվում է, ասում է, որ կարծես իրեն են վիրավորում:

 

 

Օրդոյան ամուսիններին Ազգային ժողովում բոլորն են սիրում: 41 տարվա ամուսիններն ամեն առավոտ ձեռք ձեռքի բռնած գալիս են աշխատանքի, ավարտից հետո արդեն մի քանի տասնամյակ ժամադրվում նույն կետում՝ «Ազգային ժողովի նախագահի դալանի մոտ», տուն գնալու համար:


Խորհրդարանում աշխատելու հրավերն առաջինը կինը՝ Կարինե Օրդոյանն է ստացել հեռավոր 1987-ին: Մի քանի տարի անց նրան է միացել ամուսինը՝ Սահակը: Մեկ տարի միասին աշխատելուց հետո սկսվում է Արցախյան առաջին պատերազմը, ու Սահակ Օրդոյանը Վազգեն Սարգսյանի միջնորդությամբ զորակոչվում է կռիվ: Կրկին Ազգային ժողով է վերադառնում 11 տարի անց: 


ԱԺ կայքի սպասարկման բաժնի աշխատակից տիկին Կառան ու տնտեսվար պարոն Սահակը երբեք չեն վիճում: Հարցին՝ դժվար չէ՞ ամուսիններին նույն վայրում աշխատելը, Սահակ Օրդոյանն ասում է, որ իրենք աշխատանքային ժամին գրեթե չեն հանդիպում և այս համատեքստում կատակով ավելացնում. «Շենքն այնքան մեծ է, որ պարբերաբար պատգամավորներ կամ աշխատակիցներ են կորել»:

 

 

92-ին «Մարս» միավորումից մի խումբ էնտուզիազմով ռադիոֆիզիկ երիտասարդ տղաներ՝ Սասուն Պետրոսյանը, Գառնիկ Խաչիկյանն ու էլի մի քանիսը որոշում են փոխել Ազգային ժողովի քվեարկության համակարգը: Դիմում են և հաջողում: Այդ ժամանակվանից Հայաստանի խորհրդարանում գործում է էլեկտրոնային համակարգը՝ գրավելով տարածաշրջանում բոլորի ուշադրությունը:


Համակարգը գործում էր անխափան, բայց չէր բացառվում, որ մի օր վերանորոգման կարիք լինի: Ուստի տղաներին թիմով առաջարկվում է մնալ և աշխատել: Սասունը նշանակվում է խմբի ղեկավար, հետո արդեն նորաստեղծ բաժնի պետ ու այդպես գրեթե 30 տարի: Մի քանի տարի անց նույնատիպ համակարգ էլ նրանք ստեղծում են Արցախի խորհրդարանի համար: Սասունի համար ԱԺ գալը ճակատագրական էր: Մի քանի տարի անց՝ հենց խորհրդարանում, ծանոթանում է նորավարտ Լուսինեի հետ, սիրահարվում, ամուսնանում, ունենում երկու որդի: Ու մինչ օրս հավատարիմ է թե՛ Լուսինեին, թե՛ ԱԺ-ին: Ասում է՝ ԱԺ-ն երեխաներիդ մոր պես է, ինչ էլ լինի չես ցանկանա ցավեցնել ու հեռանալ:

 

 

Անտոնյան Աստղիկը 90-ին ընդունվել է որպես նիստերի արձանագրող և արդեն 31 տարի կատարում է նույն աշխատանքը: Նա խորհրդարանում հայտնի է որպես ծաղիկների սիրահար:


Աշխատասենյակում մի մեծ հատված հատկացված է սենյակային բույսերին: Գիտի դրանք ճիշտ խնամելու բոլոր գաղտնիքները: Կոլեգաներին էլ հաճախ օգնում է բույսերի խնամքի հարցով: Ծաղիկներ նվիրել շատ է սիրում, բայց ոչ ծաղկամանով: Աստղիկը ծաղիկներից բացի, ԱԺ-ում հայտնի է որպես ասմունքող: Միջոցառումներին հնարավորությունը բաց չի թողնում և կարդում է իր գրած բանաստեղծություններից: Նա քառատողերով էլ շնորհավորում է նաև ծանոթների ու հարազատների տարեդարձները:

 

 

Քուփելյան Սեդան 86-ից է ԱԺ-ում աշխատում: Սկզբում Գերագույն սովետի նախագահությունում, հետո՝ Գերագույն խորհրդում ու Ազգային ժողովում: Հրատարակչական բաժնի ավագ խմբագիրն էր: Սկզբում խմբագրում էր ամիսը երկու անգամ լույս տեսնող Տեղեկագիրքը և նիստերի սղագրությունները՝ ներքին շրջանառության համար:


Հիշում է, որ դժվար էր գրամեքենայով ամբողջ նիստը սղագրելը. «Բավական էր մեկ սխալ և ամբողջ էջը նորից պետք էր հավաքել։ Սակայն առավել բարդ էր այդքանը տպելու և ժամանակին հասցնելու գործընթացը։ Բաժանում էինք Երևանի բոլոր տպարաններում, վերջում հավաքում ու խմբավորում»։


Սեդա Քուփելյանը հիմա արձանագրային բաժնի պետն է։ Սիրում է իր աշխատանքը, քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում լինելը:

հավելյալ նյութեր