Գետառ. Երևանի հիդրոպոետիկան
Հուլիսի 21-ին տեղի կունենա CSN Lab-ի՝ «Գետառ. գետի հիշողությունը» խմբային մենագրության շնորհանդեսը։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով հեղինակները պատմում են գրքի ու Գետառի հիշողությունը չկորցնելու կարևորության մասին։
17.07.2023
Գետառ. գետի հիշողությունը: Խմբային մենագրություն, խմբ. Ամիրյան Տ., Գալստյան Հ., CSN Lab, Երևան, 2023, 264 էջ:
Նկարազարդող` Հարություն Թումաղյան
Դիզայն` Կլիմ Գրեչկա
Այս գիրքը բացահայտում է Գետառ գետի կարևոր նշանակությունը Երևան քաղաքի սոցիալական և ուրբանիստական հիշողության ձևավորման գործում: Գետն ուսումնասիրվում է տարբեր մեթոդների և գիտակարգերի միջոցով (մարդաբանություն, ուրբանիզմ, բնապահպանություն և այլն): Համագործակցելով ճարտարապետների, լուսանկարիչների և նկարազարդողների հետ՝ գրքի հեղինակները ի հայտ են բերում Գետառի գեոպոետիկան և հիդրոպոետիկան, ինչպես նաև ստեղծում գետի ուրույն վիզուալ պատկերը: Հարուստ և ինքնատիպ վիզուալ նյութերից զատ հրատարակությունը ներառում է քաղաքացիների հուշերն ու բանավոր պատմությունները, որոնցում Գետառը շարունակում է մնալ քաղաքի ինքնության կարևոր մասը:
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Բարձրացիր դեպի Մյասնիկյան պողոտայի սկիզբը, կամ իջիր Տարաս Շեվչենկոյի արձանի մոտ, քայլիր Տիգրան Մեծի ստալինկաների հետևով, հասիր մինչև Հայրենիք, դալանը անցիր, մոտեցիր պատնեշին․․․ լսու՞մ ես։
«Գետառ. գետի հիշողությունը» գիրքը օրեր անց կներցկայացվի հանրությանը։ Երևանի և երևանցիների ինքնության և հիշողության ձևավորման գործում առանցքային դեր ունեցող գետին նվիրված այս միջգիտակարգային հետազոտոտությունը CSN Lab-ի կողմից իրականացված հիշողության ուսումնասիրությունների նոր աշխատությունն է և Գետառին ու գետի հիշողությանը նվիրված առաջին գիրքն է Հայաստանում։ Երևանի քաղաքային լադշաֆտի փոխակերպումների բավականին մեծ ժամանակահատված ընդգրկող այս գիրքը յուրահատուկ է ոչ միայն իր միջգիտակարգային բնույթով և հետազոտության համընդգրկուն մեթոդաբանությամբ, այլև ինքնատիպ է նախագծի արդյունքների ներկայացման և դրանց տարածման տեսանկյունից։
Տիգրան Ամիրյանը՝ գրքի գլխավոր խմբագիրը, նշում է. «գաղափարը ծագել է տարիներ առաջ, երբ մեր թիմը ուսումնասիրում էր Երևանի վերնակուլյար թաղամասերը և դեռևս Ֆիրդուսի, Կրիվոյի, Նորքի, Կոնդի և ուր որ է չքացող մյուս հնամենի թաղամասերի մասին բանավոր պատմություններում շարունակ լսում էինք Գետառի անունը։ Գետառը կարծես քաղաքային տարածության աներևույթ բայց և անբաժան ու կարևոր մասնիկը լիներ։ Քաղաքի անցյալի պատումում գետը մշտապես առկա էր, բայց գրեթե միշտ անտես էր մնում և գետի խշշոցը լսելու ու անցորդների տեսադաշտից դեռևս չանհետացած գետահունը տեսնելու համար հարկավոր է լարել ոչ միայն լսողությունն ու տեսողությունը, այլև հիշողությունը։ հաշվի առնելով Երևանի ինքնության հետզհետե ոչնչացումը և քաղաքային տարածության անվերջ աղճատումը՝ Գետառին անդրադառնալը և գետի շուրջ քննարկում սկսելը անհետաձգելի է թվում»։
«Գետառ. գետի հիշողությունը» նախագիծը գալիս է մոռացության տարածությունից դուրս բերելու և ազատագրելու «գետնի տակն անցած» գետը, բացահայտելու դրա ուրբանիստական և էկոլոգիական նշանակությունը, մշակութային և սոցիալական հիշողությունը, կենսունակությունն ու կարևորությունը։ Հիշողության ուսումնասիրության և հիշողության ակտիվիզմի շրջանակներում իրականացված այս աշխատությունը լույս է սփռում մոռացված գետի պատմության վրա և ընդգծել դրա կարևորությունը՝ հավաքագրելով բնակչության անհատական և կոլեկտիվ հիշողությունը, արխիվային նյութերը, վավերագրությունները, խորքային ուսումնասիրությունները և վերլուծությունները։
«...Որ բացատրում եմ ծանոթներիս, ընկերներիս, թե որտեղ եմ ապրում, ասում եմ՝ մի տեղ եմ ապրում, որի նման գեղեցիկ տեղ ամբողջ հանրապետությունում չեք գտնի։ Սրանից լավը չկա, որ տուն լինի քաղաքում, Գետառն էլ կողքով հոսի։ Մենք էս գետով ենք ապրում։ Մի օր փորձեք գալ ստեղ մնալ. էդ գետի հոսքը, խշխշոցը՝ ուղղակի նյարդեր են հանգստացնում։ Ամառը, երբ պատուհանները բաց ենք քնում, շատ հաճելի ա ջրի խշշոցի տակ քնելը»։
- Ջանիկ համբարձումյան, Նարդոսի 2
Գետառը, որ ժամանակին ազատորեն հոսել է Երևանով, անցել թաղամասերով, այգիներով, ճյուղավորվել և իր առուներով հյուսել քաղաքը, եղել է Երևանի քաղաքային կյանքի և բնակիչների առօրեականության անբաժան մասը, և ուրեմն՝ քաղաքի ինքնության և հիշողության կարևոր բաղադրիչը։ Սակայն տարբեր պատմական շրջափուլերում Գետառը ենթարկվել է տարատեսակ ճնշումների և խեղումների։
Խորհրդային ֆունկցիոնալիստական քաղաքաշինությունը ստեղծել է հիմքը Գետառի հետագաա ձևափոխումների և ճնշումների։ Թամանյանական գլխավոր հատակագծում գետի հունը արդեն փոխված էր, իսկ դրա առվակները անհետացել էին քարտեզից։ Երևանի քաղաքային լանդշաֆտի կարևորագույն տարրերից մեկը ստորադասվել էր խորհրդային քաղաքի նարատիվին և «արևային Երևանի» տեսիլին։ Հետագայում արդեն 1946 թվականի ջրհեղեղի շուրջ հյուսված կեղծ պատումները, աղավաղված հիշողությունները և վիճելի փաստարկները «նպատակահարմար» դարձրին փոխել գետի հունը, պատնեշել այն և դուրս մղել քաղաքային տարածությունից։ Տարատեսակ գործոնների ազդեցությամբ Խորհրդային շրջանում Գետառը ստորադասվեց և դադարեց ընկալվել իբրև գետ, որն անփոխարինելի նշանակություն ունի Երևանի քաղաքային լանդշաֆտի, էկոլոգիական միջավայրի, մշակութային ժառանգության, սոցիալական հիշողության և ինքնության համատեքստում։
Հետխորհրդային Երևանը իր հերթին բերեց նոր մարտահրավերներ և խնդիրներ։ Քաղաքային տարածությունը բացառապես տնտեսական շահույթ ստանալու նպատակով օգտագործելու պրակտիկան Գետառը պատեց ջենտրիֆիկացիայի շաղախով։ Տարիների ընթացքում գետը հատված առ հատված փակվեց, որոշ հատվածներում վերածվեց ճանապարհի, իսկ մյուս հատվածներում սեփականաշնորհվեց և կառուցապատվեց։
«Փոքր ժամանակ, երբ տուն էի նկարում, Գետառը միշտ իմ նկարներում կար։ Իմ համար գետը միշտ պայծառ ու լավ հիշողություններ ա բերել։ Մեր տունն ա էդ Գետառը։ Մի պահ ասում էին՝ քանդելու են, բետոնապատելու են, նոր տներ սարքեն ու միշտ մտածում էի, թե ինչ տխուր կլինի էդ տարածքը առանց Գետառի, որովհետև էդ անշարժ տների մեջ էդ անընդհատ շարժը շատ գրավիչ ա, հետաքրքիր։ Երբ փոքր էի, մի անգամ կամուրջներից մեկի մոտ էնքան աղբ տեսա։ Էնքան էի վախեցել ու նենց խղճացի Գետառին։ Փոքր էի, ու իմ համար գետը ինչ-որ կենդանի կերպար էր, որ շնչում ա, խոսում ա, ու որ տեսա էդ աղբը, մտածում էի՝ ինչ ծանր ա իրա համար էս մարդկանց մեջ ապրելը, էդ մեծ աղբակույտը տանելը»։
Տաթև Դուրյան, Տիգրան Մեծի 22/4
Հիմա արդեն Երևանի կենտրոնում Գետառը տեղ չունի՝ պատնեշված է, ծածկված, կառուցապատված։ Բետոնի և ասֆալտի շերտերը լռեցրել են նրա ձայնը և դատապարտել մոռացության։ Քաղաքային տարածության կենտրոնը նախընտրել է գետը զիջել և խեղել պայմանավորված տեխնիկական և տնտեսական նպատակահարմարություններով, իսկ ծայրամասային բաց հատվածներն էլ թաքուն են աչքից և անտեսանելի։ Գետառը այնքան է օտարված և լքված, որ Երևանի բնակիչներից շատերը և մասնավորապես երիտասարդ սերունդը արդեն պատկերացում անգամ չունեն ոչ միայն գետի նշանակության, այլև առհասարակ գետի գոյության մասին։
Տիգրան Ամիրյանը նշում է, որ նախագծի կարևորագույն միտքը «գետը գրելն» էր, այլ կերպ ասած Գետառը կրկին դիսկուրսիվ տարածություն բերելը։ Եվ այսպիսով «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան» 2021 թվականին մեկնարկել է «Գետառ. Գետի հիշողությունը» նախագիծը և շուրջ երկու տարի աշխատել այս ծավալուն թեմայի ուսումնասիրության, այն հանրության լայն շրջանակներին հնարավորինս մատչելի և հետաքրքրական կերպով մատուցելու, ինչպես նաև ուրբանիստական, մարդաբանական, մշակութաբանական և բնապահպանական երևույթների կապի և փոխազդեցության շուրջ դիսկուրսի ստեղծման ու խթանման ուղղությամբ։
«Գետառ. գետի հիշողությունը» նախագիծը համախմբել է մշակութաբանների, մարդաբանների, բնապահպանների, կենսաբանների, ուրբանիստների, ճարտարապետների, վիզուալ արվեստագետների, նշանագետների, արխիվագետների և իհարկե Գետառի շուրջ ապրող մարդկանց, ովքեր պատրաստակամ էին նախագծի շրջանակներում կիսվել իրենց հիշողություններով, փորձառությամբ, գիտելիքներով, մտահոգություններով և հույսերով։ Նախագծի ողջ ընթացքում համադրվել են հետազոտական տարբեր մեթոդներ և պրակտիկաներ, ինչի շնորհիվ հեղինակներին հաջողվել է հավաքագրել, փաստագրել և ամփոփել Գետառին առնչվող տարաբնույթ նյութեր ու աղբյուրներ, ինչպես նաև ստեղծել մանրակրկիտ ուսումնասիրություններ, վերլուծություններ և վիզուալ նյութեր այնպիսի առանցքային հարցերի և թեմաների շուրջ, որոնք մինչ այս հետազոտությունը երբևէ չեն շոշափվել և ներկայացվել հանրության լայն շրջանակներին։
«… Մի բան ասեմ. գոհ եմ Աստծուց, որ ինձ ջուրն է բաժին տվել. էդ ջրի հանգիստ քչքչացող հոսող ձայնը նյարդեր ա բուժում։ Ճակատագրի բերումով կյանքի շատ բարդ շրջաններ եմ ունեցել, բայց որ էս տան լուսամուտը բացում էի ու նստում գետի դիմաց, հոսող գետի ձայնը անջատում էր ինձ ամեն ծանր մտքերից։ Դրանից հետո ասում էի բոլորին, որ բուժիչ հատկություն ունի գետը. ես իսկապես դրանով վերականգնվել եմ։ Ու արդեն հիմա, երբ գնում եմ տնից մեկ-երկու օրով, գիշերը չեմ կարողանում քնել, ոնց որ մի բան քոնը չլինի, պակաս լինի:»
- Փենզարա Խաչատրյան, Խորենացու փողոց, 2-րդ նրբանցք, տուն 17
Գրքում ընդգրկված հոդվածներում և նյութերում բարձրացվում են մի շարք հիմնահարցեր և խնդիրներ։ Տիգրան Ամիրյանը հիշողության համատեքստում վերլուծում է Գետառի նշանակությունը Երևանի քաղաքային տարածությունում և երևանցիների կյանքում, ինչպես նաև անդրադառնում է գետին նշանագիտական տեսանկյունից։ Ուսումնասիրելով խորհրդային արխիվները, գեղարվեստական գրականությունում Գետառի արտացոլումները և երևանցիների բանավոր պատմությունները հեղինակը վերլուծում է գետի շուրջ կարծրացած խոսույթները և ձևավորում է Գետառի նոր լեզուն։ Այս ծավալուն էսսեն վեր է հանում Գետառի միաժամանակ բաց և փակ լինելու ֆենոմենը և բացահայտում գետի ընթացքը քաղաքի մշակութային և սոցիալական տարաբնույթ ֆրագմենտներում։ Ուրբանիստ Անդրեյ Իվանովը, ով ուսումնասիրում է նաև Հայաստանի վերնակուլյար ճարտարապետությունը բացահայտում է գետի շուրջ ձևավորված ինքնաշեն կառույցների, ժողովրդական ճարտարապետության և Գետառի սիներգիան։ Ճարտարապետ Կարին Պօղոսեանը իր անձնական և մասնագիտական փորձառության հենքով իրականացնում է երկու քաղաքների՝ Երևանի և Բեյրութի փակ գետերի համեմատական վերլուծություն, ինչպես նաև անդրադառնում է Գետառի ազդեցությանը Երևանի քաղաքաշինական զարգացման համատեքստում։ Մարի Չաքրյանի հետազոտությունը ընդգծում է Գետառի նշանակությանը Երևանի էկոլոգիական միջավայրի ձևավորման, օդի մաքրության, խոնավության, քաղաքի կլիմայի կարգավորման, կենսաբազմազանության ապահովման, ոռոգման և բնապահպանական այլ ասպեկտների համատեքստում։ Արամ Պաչյանն իր պոետիկ անդրադարձով կերպավորում է գետը և արտացոլում մի սերնդի ինքնությունը, որը նույնքան արտամղված է, լքված և մոռացված, որքան Գետառը Երևանի ուրբանիստական միջավայրում և քաղաքային կյանքում։ Գրքում յուրահատուկ տեղ են զբաղեցնում Գետառի շուրջ և գետի հետ ապրող Երևանցիների բանավոր պատմությունները և հիշողությունները, որոնք ընդգծում են գետի կարևորությունը մարդկանց առօրեա պրակտիկաներում և Գետառի նկատմամբ բնակիչների զգայական ընկալումները և հուզական կապը։ Գրքում ներառված հոդվածները ուղեկցվում են հարուստ պատկերավորումներով և վիզուալ նյութերով, որոնք բաղկացած են ոչ միայն գետին առնչվող արխիվային նյութերից, այլև հատուկ այս նախագծի համար արվեստագետ Հարություն Թումաղյանի կողմից ստեղծված նկարազարդումներից և քարտեզներից։ Նախագծում առանձնահատուկ դեր ունի գրքի գրական խմբագիր Հովհաննես Գալստյանը, որ խմբագրեց “Գետառը” և միահյուսեց տարբեր տեքստային հոսքերը և լեզուները։
«Գետառ. Գետի հիշողությունը» նախագիծը վեր հանելով տարաբնույթ համատեքստերում գետի դերը ու նշանակությունը, նաև փորձում է խնդրականացնել գետի ոչ միանշանակ ներկայությունն ու բացակայությունը Երևանի քաղաքային կյանքում, Գետառի առնչությամբ իրարամերժ ընկալումներն ու վերջապես խնդրահարույց որոշումների կայացումը, որոնք մեկընդմիշտ փոխեցին գետի հունն ու ճակատագիրը։ Սա փորձ է փրկելու գետը լիարժեք մոռացումից ու կանխելու դրա աննշմար անէացումը քաղաքային միջավայրից ու հավաքական հիշողությունից՝ փայփայելով և սնելով Գետառի վերադարձի տեսիլը։