Գեղարվեստական տպագրության երևանյան 3-րդ միջազգային բիենալե
Փառատոն

Գեղարվեստական տպագրության երևանյան 3-րդ միջազգային բիենալե

Հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմնբերի 18-ը Երևանում կկայանա Գեղարվեստական տպագրության 3-րդ միջազգային բիենալեն։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության արխիվից

#Դիզայն

ԵՐԵՎԱՆը եղել է Գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում (Աբովյան 13), որտեղ օրեր շարունակ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության աշխատակիցները փորձում են մեկ էքսպոզիցիայում համադրել մասնակից 5 երկրների 297 արվեստագետների աշխատանքները։ Տեղում զրուցել ենք նաև «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Երևանյան գեղարվեստական տպագրության բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանի հետ ու պարզել գալիք բիենալեի բոլոր մանրամասները։

 


Շատ թվեր, շատ հնարավորություններ

Գեղարվեստական տպագրությունը խորհրդահայ կերպարվեստում առանձնակի տեղ է զբաղեցնում։ Ցավոք, անկախացումից հետո՝ սոցիալական բարդ իրավիճակի պայմաններում, այս տեխնիկան հետընթաց ապրեց, քանի որ այն պահանջում է հատուկ հաստոց և նյութեր։ Արվեստագետներ Արման Վահանյանն ու Տիգրան Սահակյանը, ովքեր սերտ համագործակցում են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ, փորձում են վերածնել գեղարվեստական տպագրության ավանդույթները Հայաստանում նախ իրենց արվեստով, ապա նաև բիենալեի կայացմանը նպաստելով։

 

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն ի դեմս Սոնայի, Արմանի և Տիգրանի հետ միասին, ուսումնասիրելով Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացման միտումները, եկան այն եզրակացության, որ Հայաստանում կա շատ մեծ ներուժ կերպարվեստի՝ հատկապես գեղարվեստական տպագրության ասպարեզում։ Այսպես՝ առաջին երևանյան բիենալեն տեղի ունեցավ 2017-ին, որին մասնակցության հայտ ուղարկեցին 995 արվեստագետ՝ 73 երկրից, երկրորդ բիենալեն՝ 2019-ին էր, որին մասնակցության հայտ էին ներկայացրել 76 երկրի 1215 արվեստագետ։ Այս թվերն իսկապես տպավորիչ են, հաշվի առնելով, որ բիենալեն դեռ նոր էր մեկնարկում։ Աշխատանքն էլ համապատասխանաբար շատ է ու բարդ։ Դե՝ պատկերացրեք, փոստով ուղարկված ամեն մի գործ բացվում է, վնասվածքների դեպքում վերականգնվում, ներառվում ցուցադրության մեջ, ապա նույն չափ խնամքով փաթեթավորվում և ուղարկվում հետ՝ հեղինակին։ Այսպիսով՝ մասնակից օտարերկրացի արվեստագետներից շատերի համար բացահայտում է Հայաստանը, իսկ շատ հայ արվեստագետների համար սա լավ առիթ է սեփական արվեստը միջազգային արվեստի համատեքստում տեսնելու համար։

 

Սոնան վստահ է, որ այս մեծ ներուժի առկայությունը կարող է շատ պտուղներ տալ համապատասխան միջավայրի ապահովման պայմաններում, ինչն էլ հենց փորձում են անել բիենալեի միջոցով։ «Այսօր կերպարվեստի ոլորտում սա երևանյան միակ բիենալեն է, որը հնարավորություն է ընձեռում արվեստագետներին իրենց մասնագիտական կարողությունները ի ցույց դնել և տեսնել սեփական աշխատանքները միջազգային համատեքստում, համեմատել, գնահատել»,—Ասում է Սոնան։   

 

 

Ինչպես են ընտրվում լավագույնները

Յուրաքանչյուր բիենալեի մեկնարկից առաջ ընտրվում է միջազգային ժյուրի, որի առջև դրված է բարդագույն խնդիր՝ փորձել այնպես անել, որպեսզի ընտրվեն լավագույն ներկայացուցիչները տեխնիկաներից յուրաքանչյուրից, իսկ գեղարվեստական տպագրության տեխնիկաները քիչ չեն։ Այս տարի, ի դեպ, ավանդական տեխնիկաներին զուգահեռ մեծ աճ է գրանցել նաև թվային տպագրությունը, ինչն իհարկե ուրախալի է։ Ի հակադրություն սրան, կան արվեստագետներ, որոնք հավատարիմ են մնում գեղարվեստական տպագրության հին ավանդույթներին և իրենց աշխատանքները ստեղծում են տեխնիկայի բոլոր ավանդական կանոնների ու նյութերի խստիվ պահպանմամբ։ Քիչ չեն նաև այնպիսիք, որ տեխնիկայի առումով պահպանում են ավանդականը, սակայն արծարծում են ժամանակակից թեմաներ։

 

Մրցանակը՝ արվեստ 

Սովորաբար գեղարվեստական տպագրության բիենալեներում կամ փառատոներում սահմանվում են դրամական պարգևներ։ Երևանյան բիենալեն դեռ երիտասարդ է, շատ հարուստ չի ու մրցանակն էլ ոչ թե նյութական է՝ այլ հիրավի արժեքավոր։ Գաղափարը հետևյալն էր․ ստեղծել անվանական հեղինակային մեդալներ՝ գլխավոր մրցանակակրի, ինչպես նաև առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած մասնակիցների համար։ Այդպես էլ եղավ։ Առաջին բիենալեի մեդալների հեղինակը քանդակագործ Մելիք Շահնազարյանն էր, երկրորդինը՝ Էդգար Գրիգորյանը։ Այս տարի բիենալեն համագործակցում է Հարություն Կարապետյանի հետ։

 

 

 

Սակայն, սա դեռ ամենը չէ։ Մասնակիցները ստանում են նաև պատվոգրեր ու խրախուսական մրցանակներ։ Այսպես օրինակ՝ նախորդ բիենալեի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամական մրցանակ շնորհեց Արման Վահանյանին՝ գեղարվեստական տպագրության ավանդույթների պահպանման համար։ Եվ իսկապես, թե՛ բիենալեի հիմնադիրները, թե բուն միջոցառումը մեծապես նպաստում է գեղարվեստական տպագրության զարգացմանը Հայաստանում և ոչ միայն։ Շատ արվեստագետներ իրենց այս տեխնիկայում փորձել են շնորհիվ հենց այս բիենալեի։ Շատերն էլ գտել միջոցներ և կատարելագործել իրենց տեխնիկան։ Ու սա իսկապես բիենալեի հիմնադիրների և կազմակերպիչների հետևողական աշխատանքի արդյունքն է։ 


Նշենք նաև, որ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեն երրորդ անգամ հնարավոր եղավ իրականացնել Հայաստանի Հանրապետության նախագահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևանում «Գյոթե կենտրոնի», ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցության շնորհիվ։   

հավելյալ նյութեր