Գինի և ավելին
Փառատոն

Գինի և ավելին

Այս տարի «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ տեղի ունեցավ ԷվենտՏուրա ընկերության նոր՝ «Գինի և ավելին. Բիզնես մարկետ» նախագիծը։ Բիզնես մարկետի ընթացքում ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք արտադրող, արտահանող բիզնեսները հնարավորություն ունեցան պրոֆեսիոնալ միջավայրում հանդիպել, ներկայացնել իրենց արտադրանքն այցելուներին և հաստատել շահավետ համագործակցություններ միջազգային և տեղական շուկայի ներկայացուցիչների հետ։ Պատմում է Օրերի համահիմնադիր Մերի Բադալյանը։

Փառատոնի ընդլայնում

Փառատոնը տարեցտարի ընդլայնվում է՝ ներառելով նոր մասնակիցներ, գործընկերներ և այցելուներ։ Միջոցառման ծավալների մեծացման հետ միաժամանակ ավելանում են փառատոնի նպատակները ևս։ 2017 թվականին անցկացնելով Գինու Օրերը՝ «ԷվենտՏուրա» ընկերությունը նպատակ էր հետապնդում զարկ տալ գինեգործական ավանդույթներին և ստեղծել զբոսաշրջային նոր ուղղություն։ 


«Երևանի Գինու Օրերի» անցկացման առաջին տարում փառատոնն ունեցավ 10,000 այցելու և 20 մասնակից գինեգործական ընկերություն։ 8 տարի անընդմեջ իրականացնելով՝ գինեգործների հետ միասին միջոցառմանը միացան ռեստորաններ, խոշոր ընկերություններ, հովանավորներ, բարեգործական և միջազգային կազմակերպություններ։ Այս տարի փառատոնին մասնակցեց 87 գինեգործ՝ ներկայացնելով ավելի քան 1000 գինու տեսականի, իսկ ընդհանուր ներգրավված էին մոտ 150 ընկերություններ։ Այդ պատճառով էլ, ի դեպ, ստիպված եղանք զգալիորեն ընդլայնել փառատոնի տարածքը. փառատոնը դեռ երբեք այսքան խոշոր չէր եղել։ 

 

 

 

Գինու բնօրրան

Գիտակցելով միջոցառման ազդեցությունը միջազգային հարթակներում՝ որոշվեց այս տարի շեշտադրում դնել Հայաստանի հազարամյա գինեգործական պատմության վրա և ներկայացնել Հայաստանը որպես գինու բնօրրան։ Այս նպատակն իրագործելու համար ստեղծվեց նոր բրենդինգ, որի հիմքում էին պատմական կարասները։ Միջոցառման տարբերանշանը ստեղծված է Դվինի շրջանից պեղված Ք.ա. 11-ից 9-րդ դարերի կարասի ուրվագծով։ Ընդհանրապես, այս տարվա մեր առաքելությունն էր միջոցառման տնտեսական, ժամանցային ու զբոսաշրջային գործոններին ավելացնել նաև կրթականը՝ պատմելով գինեգործական մեր ժառանգության մասին։

 

Սպառման մշակույթի փոփոխությունը

Համեմատելով նախորդ տարիներին տեսածիս հետ, կարող եմ վկայել, որ տարիների ընթացքում մարդիկ սկսել են առավել պրոֆեսիոնալ մոտենալ խմիչքներին և հետաքրքրվել գինու մշակույթով։ Հետաքրքիր է, որ մեծ պահանջարկ են սկսել վայելել նոր գինեգործական ընկերություններն ու նոր տեսակի գինիները։ Այցելուները դարձել են առավել էքսպերեմենտալ և նախընտրում են փորձել նոր համեր։ Այս ամենը վկայում է սպառման մշակույթի փոփոխության ու զարգացման մասին։

 

 

 

Բիզնես մարկետ

Տարիներ շարունակ «Երևանի Գինու Օրեր» փառատոնը եղել է մարքեթինգային արշավի լավագույն հարթակներից մեկը գինեգործների համար։ Սակայն 2021 թվականից սկսած ստանում էինք արձագանքներ, որ բիզնես այցելուները չեն կարողանում շփվել արտադրողների հետ։ Հաշվի առնելով և՛ արտադրողների, և՛ արտահանողների, և՛ բիզնես այցելուների խնդրանքը՝ որոշվեց ստեղծել մասնագիտացված հարթակ, որտեղ արտադրողները կկարողանային պրոֆեսիոնալ ձևաչափով ներկայացնել իրենց արտադրանքը թիրախավորված խմբերին։ Բիզնես մարկետից առաջ հատուկ աշխատանքներ են տարվում, որպեսզի բիզնես այցելուներին ուղղորդենք այս հարթակը՝ ծանոթացնելով արտադրողների հետ։


«Գինի և ավելին. բիզնես մարկետի» հաջողություններից մեկն էր «Գործարար զրույցների» հարթակը, որտեղ արտադրողներն ու գործարարները ելույթ էին ունենում արտահանմանը վերաբերող տարբեր հիմնախնդիրների շուրջ։ Օրինակ՝ փաթեթավորում, օրենսդրություն, դիվերսիֆիկացիոն ուղիներ, բրենդինգ։ 


Այս հարթակում ելույթ էին ունենում նաև բիզնեսները՝ ներկայացնելով իրենց արտադրանքը։ Արտադրողները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր փորձառություն և հմտություններ՝ արտադրանքը միջազգային մատակարարներին ներկայացնելու համար (գրագետ շնորհանդեսների պատրաստում, պրոդուկտի ճիշտ մատուցում և այլն)։ 


Ի դեպ, «Գինի և ավելին. Բիզնես մարկետի» գլխավոր աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը։

 

 

 

Մեկ տարի հետո

Հաջորդ տարվա թողարկման ընթացքում առավել մեծ ուշադրություն ենք դարձնելու «Գործարար զրույցներ» հատվածին, որպեսզի Բիզնես մարկետը դառնա փորձի փոխանակման լավագույն հարթակներից մեկը արտադրողների ու գործարարների համար։


Միջոցառման մյուս կարևոր գործոններից էր «Հատուկ առաջարկների» օրաթերթը, որտեղ արտադրողները հատուկ առաջարկներ էին պատրաստել բիզնես մարկետի անհատ այցելուների համար։ 


Հաջորդ տարի «Հատուկ առաջարկների» օրաթերթն ուղղված է լինելու տեղական և միջազգային բիզնեսներին։ Արտադրողները ձեռք կբերեն հմտություններ՝ ինչպես տարանջատել հատուկ առաջարկները միջազգային, տեղական բիզնեսների համար։ Այս տարի բացի գինի արտադրողներից ներգրավվել էինք նաև այլ տեսակի խմիչք արտադրողների ևս։ Հաջորդ տարի պատրաստվում ենք ավելացնել այլ խմիչք արտադրող մասնակիցներին և դարձնել բիզնես մարկետը պրոֆեսիոնալ հարթակ հենց Երևանի Գինու Օրերի տարածքում՝ փակ սալոնի տարբերակով։

հավելյալ նյութեր