🍷 Գինու մեջ. Ին Վինոյի հյուրերը
Գինի

🍷 Գինու մեջ. Ին Վինոյի հյուրերը

Ինչպես բարձրորակ գինի խմելու և վայելելու համար Սարյան փողոցում բացվեց Հայաստանի գինու առաջին մասնագիտացված բարը՝ «Ին Վինոն», որն իր հետ բերեց մի ամբողջ քաղաքային մշակույթ. պատմում է գինետան համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ In Vino

 

ԵՐԵՎԱՆ #84 | 2024
 

#Գործընկեր

Գինի խմելու տեղ

2008-ին հայրիկս գործընկերների հետ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի այգիներ տնկեցին և սկսեցին գինի պատրաստել: Նրանք ունեին ֆրանսիացի գինեգործ-խորհրդատու, որն օգնում էր այդ հարցում, իսկ այգիները սնուցվում էին բացառապես ծծումբի և պղնձի բնական հումքով՝ որակյալ օրգանիկ գինի ստանալու նպատակով:


Գործընկերներից մեկը նոր էր վերադարձել Հայաստան երկար տարիներ տարբեր գինեգործական երկրներում աշխատելուց հետո և ուզեց, որ Հայաստանում ևս լինի մի տեղ, ուր կարող ես գնալ որակյալ գինի խմելու, առանց ճաշկերույթի։ Նա առաջարկեց ինձ և հայրիկիս մյուս գործընկերոջ տղային միանալ իրեն այս նախաձեռնությունն ի կատար բերելու համար։ Մենք համաձայնվեցինք և ծնվեց «Ին Վինոն», որ արդեն 12 տարեկան է։


«Ին Վինո» անունը եկավ հանկարծակի, քննարկման ժամանակ, երբ մենք գիտակցեցինք, որ գինու մեջ կամ միջոցով ամեն անձ կարող է գտնել ոչ միայն ճշմարտություն (In Vino Veritas), այլ և ուրախություն, երջանկություն, սեր, իմաստություն և այլն։

 

 

Գինու հետ, գինու մասին

Այն ժամանակ Հայաստանում խմում էին օղի (մատչելի էր) և գարեջուր (սեզոնային). գինի գրեթե չէին խմում, որովհետև որակյալ գինին թանկ էր, իսկ մատչելին՝ անորակ: Այս առումով ռիսկային էր «Ին Վինոն» և մեզ այդ մասին զգուշացնում էին թե՛ գինի ներմուծողները և թե՛ արտադրողները: Դա մեզ չվախեցրեց. առաջնային նպատակը եկամուտը չէր, այլ գինու մշակույթը տարածելը: 


Առաջին երեք տարին բավականին դժվար էր: Մեր գինի սարքելու հավատամքն է, որ ինչ գինեգործի սրտում է, այն էլ խցանի տակ է։ Մենք սկսեցինք գինու համտեսներ կազմակերպել, որպեսզի մարդիկ հասկանան՝ ով է ստեղծում իրենց խմած գինին: Ի սկզբանե և մինչ օրս սա է եղել «Ին Վինոյի» գրավականներից մեկը՝ մարդիկ այստեղից հեռանում են գինու մասին ինչ-որ բան իմացած, հարստացած, տեղեկացված, հաճելիորեն զարմացած… 

 

Հաջող ամուսնություն

Ճիշտ սննդի և գինու համադրությունը ֆրանսիացիներն ամուսնություն են անվանում: Կարող ես լավագույն գինին խմել սխալ սննդի հետ և գինին հաճելի չի լինի: Բացի ճիշտ ուտեստից, նաև կարևոր է գինու ճիշտ գավաթ ընտրել. ամեն տեսակի գինի ունի գավաթ, որն ավելի համեղ է դարձնում գինին և բացահայտում է դրա յուրահատկությունները: Պայմանավորված թե ինչպիսի գավաթով ես խմում գինին և առաջին կումը լեզվի որ հատվածով ես զգում, նույն գինին տարբեր համ կարող է ունենալ. սա է գինու գավաթի ընտրության կարևորությունը: Գավաթի մշակույթը վերջերս է սկսել զարգանալ Հայաստանում:


Տեղական և ներմուծված՝ մսեղենի ու պանրի ավելի քան 30 «համբույր»՝ տեսականի ունենք: Տեղականներից ունենք գինու մեջ հնեցված, տրյուֆելով, խոտաբույսերով թել-պանիրներ, որոնք շատ լավ են համադրվում տարբեր գինիների հետ: Ի դեպ, գինու համար մսամթերք արտադրող տեղական ընկերությունները ևս բավականին մրցունակ են այս բնագավառում: Բայց չմոռանանք, որ բոլորի քիմքը տարբեր է և մեծ պատասխանատվություն է գինին և սնունդը գրագետ համադրելը. այդ կերպ դու կարող ես կամ փչացնել կամ ստեղծել մարդու երեկոն: 

 

 

Կրթված հյուրեր

Մենք հաճախորդներ չունենք, մերը հյուրեր են: «Ին Վինոն» տան, օրրանի նման մի վայր է, որտեղ միշտ փորձում ենք ավելին տալ մեր հյուրերին, շփվել, կապը պահել նրանց հետ: Մեր հյուրերը մարդիկ են, որոնք գնահատում են իրենց ժամանցը. նրանք գիտեն՝ այստեղ գինին ճիշտ պայմաններում է պահվում և մատուցվում: Կան մարդիկ, ովքեր ամենասկզբից մինչ օրս մեզ հետ են ու արդեն նաև իրենք են սկսել գինի արտադրել: Սա միայն գինի խմելու տեղ չէ. «Ին Վինո» են գալիս նաև գինեգործները և դու կարող ես տեսնել, որ այն գինին, որը հիմա խմում ես, դրա գինեգործը կողքի սեղանի մոտ է: Մոտենում, ծանոթանում, զրուցում են, խնդրում են ստորագրել իրենց խմած գինու շշի վրա: 


Որպես ազգ մենք ավելի շատ նախընտրում ենք կարմիր գինիներ, բայց հիմա քանի որ կլիման փոխվում է ամբողջ աշխարհում, մենք սկսել ենք ավելի փրփրուն, սպիտակ գինիներ նախընտրել: Սկզբում մերոնք գալիս ասում էին՝ մեզ կարմիր, դառը, չոր գինի տվեք, բայց հիմա արդեն այդ նույն մարդիկ ասում են՝ չոր, կարմիր, միջին տտիպության, բայց մարմնեղ գինի տվեք: Այսինքն, կրթվել են, սկսել են տարբերել ինչ է նշանակում տտիպ, չոր, դառը և այլն:


Ֆիզիկապես ցանկացած որակյալ գինի նույն ազդեցությունն է թողնում բոլորի վրա: Բայց գինին նաև զգացմունքային խմիչք է։ Երբ մեր օտարերկրյա հյուրերին արցախյան գինիներ ենք առաջարկում և պատմում ենք Արցախի մասին, հասկանում ենք, որ նրանցից շատերն անգամ չգիտեն ինչ է կատարվել և զարմանում են։ Իսկ նույն գինին մեզ համար ավելի հուզական Է: 

 

 

Տապաստան, Պ-ով

Երկու տարի «Ին Վինոն» մենակ էր Սարյան փողոցում։ 2014-ին մեզ մոտիկ տարածք հասանելի դարձավ, և մենք որոշեցինք տապասների ձևաչափը ներկայացնել Հայաստանում: Այսպես ստեղծվեց «Տապաստանը», շատ անմիջական ռեստորան, որտեղ հայկական խոհանոցը ներկայացված է տապաս ձևաչափով։ Սկզբում մեզ ասում էին՝ «բայց տաՊաստան չի, տաՓաստան է» ու մենք բացատրում էինք, որ դա իսպանական «տապար»՝ «ծածկել» բառն է: Իսպանական տապասը փոքրիկ պատառներ են տարբեր բաղադրիչներով։ Մեր անունն այստեղից է գալիս և, այո, Պ-ով է գրվում: Բայց մենք նաև առաջարկում ենք «հակատապաս»՝ նույն ուտեստների մեծ բաժինները։


«Տապաստանը» Հայաստանում ամենամեծ գինիների ցանկ ունեցող ռեստորանն է, քանի որ «Ին Վինոն» «Տապաստանի» մառանն է, որտեղից կարելի է ցանկացած գինի վերցնել և վայելել այստեղ։

 

 

Նոր առաքելություն

Մեր առաքելությունը Սարյան փողոցում շարունակելով՝ գինու նոր նախագիծ սկսեցինք Ջրվեժում՝ քաղաքից դուրս, անտառի եզրին, այնքա՜ն սիրուն մի վայրում, որ նայելիս շունչդ չի հերիքում: 


Render Forest-ի «Վուդս» համալիրում մենք գինու բար բացեցինք, որը կոչվում է 6100: Անունը նպատակային է ընտրվել և երբ մեր հյուրերին հարցնում ենք՝ կարող եք ասել ինչո՞ւ 6100, ամեն տարբերակ ասում են, բայց չեն գուշակում։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում գինեգործությունը 6100-ամյա ավանդույթ ունի: Քանի որ Գառնի-Գեղարդ զբոսաշրջային ճանապարհի վրա ենք գտնվում, սա նաև հաճելի «կանգառ» կծառայի զբոսաշրջիկների համար մի գավաթ գինի վայելելու և «իսկ ինչո՞ւ 6100» հարցին պատասխանելու համար: Նույն նպատակով 6100 անվանեցինք նաև մեր ստեղծած գինիներից մեկը: 

 

Գինու հետ, գինու մեջ

2012 թվականին «Ին Վինոն» առաջարկում էր ընդամենը 500 տեսակի գինի, որից 10-ը՝ հայկական: Հիմա ունենք 1500 տեսակի գինի, որից՝ 500-ը հայկական։ 


Գինով՝ սիրուց գինովնալ, որովհետև գինու և սիրո էֆֆեկտը նույնն է: Իրականում, գինին այնպիսի ալկոհոլային ըմպելիք է, որ զուգորդում է զգացումներիդ։ Այնպես որ, եթե դրական տրամադրություն ունես, դա կփոխանցվի նաև գինուն։

հավելյալ նյութեր