Գիրք նվիրելու օր 2025․ ուղեցույց
2008-ից փետրվարի 19-ը (Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը) Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Վերջին տարիներին հրատարակչությունները, գրախանութներն ու մշակութային կենտրոնները այդ տոնին մոտենում են նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով։ Առանձնացրել ենք այս տարվա մի քանի միջոցառումները, որոնք կօգնեն գիրք ընտրելու հարցում։ Բոլոր փառատոների մուտքն անվճար է։
Տեքստը՝ Նայիրի Արաբատլյանի
Գիրք նվիրելու օրը Բուկինիստում
Փետրվարի 14, 15 և 17 | Բուկինիստի մասնաճյուղերում

Փետրվարի 14-ին, 15-ին և 17-ին Բուկինիստի գրքասերներին կսպասարկեն հայտնիները՝ տարբեր ժամերի։ Նրանք խորհուրդ կտան գրքեր, որոնց համար կգործի 20 տոկոս զեղչ։ Գրքի Ձեր խորհրդատուները կլինեն՝ Արքմենիկ Նիկողոսյանը, Գնել Նալբանդյանը, Ներսես Ավետիսյանը, Դավիթ Հակոբյանը և այլ բանիմաց մարդիկ։ Ընդ որում, իրենց առաջարկած գրքերի համար գործելու է 20% զեղչ։ Պատանի գրքասերներին իրենց խորհուրդներով կօգնեն տարեկիցները։
ԿարդաLove փառատոն My Bookstore-ից
Փետրվարի 15 և 16 | Էլիտ պլազա

Փետրվարի 15-ին և 16-ին տեղի կունենա My Bookstore-ի կազմակերպած ԿարդաLove երկօրյա փառատոնը Էլիտ պլազա բիզնես կենտրոնում։
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հանդիպում-քննարկումներ ժամանակակից գրողների, դերասանների և ինֆլուենսերների հետ, որոնք կզրուցեն հատուկ թեմաների շուրջ, կխոսեն իրենց սիրելի գրքերի մասին, ինչպես նաև գրականությունից և արվեստից։ Տեղի կունենա 3 գրքի շնորհանդես, վարպետության դաս, հեքիաթի ժամ՝ երեխաների համար, պոեզիա և այլ հանդիպումներ։ Կգործեն 20 տոկոսից սկսած հատուկ զեղչեր` նախատեսված գրքերի համար։
«Գիրք ու Հոգի» Նոր գրախանութից
Փետրվարի 15 և 16 | Խաչքարերի պուրակ

Փառատոնի ընթացքում, բացի գրքերի շնորհանդեսներից կլինեն նաև այլ միջոցառումներ՝ քննարկումներ, գրքախաղ և հեքիաթի անկյուն։ Ընդ որում, այս երկու օրերին զեղչերը կգործեն նաև գրախանութի մասնաճյուղերում։
Newmag Winter Fest
Փետրվարի 16 | Dvin Music Hall

Newmag հրատարակչությունը շարունակում է ավանդույթը՝ ներկայացնելով իր նոր հրատարակությունները գրքի և արվեստի փառատոների տեսքով։ Այս անգամվա Ձմեռային փառատոնի ընթացքում տեղի կունենա Սյունե Սևադայի, Ավետ Բարսեղյանի, Ծովինար Բարխուդարյանի, Հերմինե Ավագյանի և Գոհար Մանուկյան նոր գրքերի, ինչպես նաև Արևիկ Ուդումյանի «Դյութէ» ամսագրի նոր համարի շնորհանդես, 4 երաժշտական կատարում և գալա համերգ (փառատոնի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Անահիտ Հակոբյանը, Project LA-ը), արտ-ինստալացիայի ցուցադրություն, պոեզիայի երեկո, ինչպես նաև հանդիպումներ գրողների, արվեստագետների հետ։
Փառատոնի շրջանակներում բոլոր գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով: Իսկ այցելուները հնարավորություն կունենան ստանալու հեղինակային մակագրություններ և մասնակցելու քննարկումներին։
«Գիրք նվիրելու օրվա տոնավաճառ» Երևանի քաղաքապետարանից
Փետրվարի 21 և 22 | Շառլ Ազնավուրի հրապարակ
Փետրվարի 21-ին և 22-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է «Գիրք նվիրելու օրվա տոնավաճառ» Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Ինչպես նախորդ տարիներին, նախատեսվում են առանձին տաղավարներով ներկայացող հրատարակիչներ, զեղչեր ու կենդանի երաժշտություն։
Բուքուբորան
Փետրվարի 22 և 23 | Woods կենտրոն

Փետրվարի 22-ին և 23-ին Ջրվեժի Woods կենտրոնում տեղի կունենա առաջին «Բուքուբորան» գրատոնը, որի ընթացքում հնարավորություն կընձեռվի ծանոթանալու Հայաստանի առաջատար հրատարակչությունների (Անտարես, Զանգակ, Newmag և այլն) տպագիր ու էլեկտրոնային գրքերի, գեղարվեստական և մասնագիտական գրականությանը, ինչպես նաև տեքստային ու ձայնային բովանդակութունների։ Ներկայացված գրքերը հնարավոր կլինի ձեռք բերել 30 տոկոս զեղչով։
Կլինեն նաև գրական հանդիպումներ ոլորտի մասնագետների, հրատարակիչների և գրականագետների հետ։
Ցուցահանդեսներով հանդես կգան Մատենադարանն ու Գրականության և արվեստի թանգարանը, իսկ «Գրողի ծոց» սրահում ժամանակակից հայտնի գրողների հետ կլինեն հանդիպումներ։
Քանի որ Woods-ը մի քիչ հեռու է, կգործեն երկկողմանի անվճար երթուղիներ մասնակիցների համար։