Գիրք զինվորին
Թիկունք 2020

Գիրք զինվորին

«Գրքեր հայ զինվորներին» նախաձեռնության շնորհիվ պատերազմական ծանր օրերից հիվանդանոցում վերականգնվող տղաները գրքեր և նամակներ էին ստանում աշխարհի տարբեր անկյուններից։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ «Գրքեր հայ զինվորներին» նախաձեռնություն

 

ԵՐԵՎԱՆ #66 | 2021

#Թիկունք2020

Արցախ, բայց արդեն ձմեռային, լուռ։ Ամբողջ Ստեփանակերտում 10-ից 6-ը հոսանքն անջատված էր (խնայողություն)։ Հիվանդանոցում ո՛չ wifi կար, ո՛չ էլ հեռախոսակապ։ Դարոնը՝ «Գրքեր հայ զինվորներին» նախաձեռնության կամավորներից մեկը, տեղ հասավ 5:30-ի մոտակայքում։ Տղաները շատ ուրախացան՝ տեսնելով նրա բերած գրքերն ու նամակները։ Նույնիսկ չսպասեցին, որ հոսանքը գա, մթության մեջ հեռախոսի լուսարձակները ձեռքերում բռնած՝ սկսեցին կարդալ։ Փորձում էին գուշակել հեղինակի տարիքն ըստ բովանդակության։ Այլևս չէին ձանձրանում։

 

                            

 


Միտքը

Միտքը շատ պարզ էր. գրքեր և նամակներ հասցնել հիվանդանոցներում վերականգնվող զինվորներին։ Առաջնային գաղափարը սփյուռքահայ Թալին Ասադուրիանինն էր, ով բոլոր հնարավոր տարբերակներով փորձում էր օգտակար լինել ստեղծված իրավիճակում և շատ էր ուզում որևէ կերպ աջակցել հենց հիվանդանոցներում գտնվող զինվորներին, բայց այնպես, որ օգտագործվեին առկա ռեսուրսները:


Նա մտածեց գրքերի մասին։ «Հայերը, լինելով կիրթ և գրագետ ժողովուրդ, հաստատ իրենց տանը կունենային որոշ գրքեր, որոնցով կարող էին կիսվել,– ասում է Թալինը,– գրքերը կարծես զրույց լինեն, որի կարիքը զինվորներն այս պահին շատ ունեն»։ Նախաձեռնության թիմը հավատում է, որ գրքերն ունեն այս կախարդական ունակությունը՝ մեզ այլ աշխարհներ տեղափոխելու, բայց, միևնույն ժամանակ, սովորեցնում են, թե ինչպես ընդունել և իմաստավորել մեր կյանքի փորձը՝ թե՛ լավը, թե՛ վատը։


Այսպիսով, հոկտեմբերի 20-ին Թալինն իր էջում գրում է, որ նման նախաձեռնության միտք կա, և ցանկացողները կարող են միանալ և օգնել։ Ընկերները նրան կապում են Նանոր Բալբաբյանի և Լորի Ալվանդիանի հետ (իրենց դեռ կանդրադառնանք)։ Լորին իր հերթին կապվում է Արուսիկ Զեյնալյանի հետ, ով էլ տրամադրեց ծրագրի առաջին գրքերն իր նախաձեռնած «Գրադարակ» ծրագրի պահոցներից։


Հետո սկսեցին նամակները գալ՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Մարդիկ պատմում էին իրենց մասին, կոնտակտային տվյալներ թողնում, որպեսզի այդ կապը չկտրվի։


Տալով ամենաթանկը

Նախաձեռնության մեկնարկի պահից մարդիկ միանգամից սկսեցին դիմել։ Մի աղջիկ գրեց և ասաց, որ իր տատիկը՝ տիկին Մարին, որն ութսունն անց կին է և իր կյանքի ուղիղ կեսն աշխատել է որպես թարգմանչուհի, ցանկանում է իր անձնական գրադարանից գրքեր նվիրաբերել։ Ռուբեն անունով մի տարեց մարդ բազմաթիվ գրքեր ուղարկեց։ Առ այսօր ԱՄՆ-ում գրքասերները ևս նամակներ և գրքեր են հավաքագրում և ուղարկում Հայաստան։ Երևանի Artbridge սրճարանը դարձել է գրքեր և նամակներ փոխանցելու կայան, իսկ Լոս Անջելեսի լեգենդար Abril Books գրախանութն արշավ էր սկսել՝ նվիրելով մեկ գիրք հանգստյան օրերին վաճառված յուրաքանչյուր գրքի համար: Ի դեպ, Abril Books-ը մինչև հիմա ընդունում և ուղարկում է օվկիանոսի մյուս կողմը գրքեր ու նամակներ, եթե էդ կողմերն եք՝ մի՛ վարանեք։


Նախ և առաջ, մարդիկ նվիրաբերում էին սեփական գրադարաններից առանձնացրած գրքեր։ Երբեմն, երբ կոնկրետ գրքեր են խնդրում տղաները, անպայման տեղական գրախանութներից են գնում, որ իրենց էլ օգուտ լինի։ Խնդրանքները տարբեր են՝ բիզնես գրքերից մինչև Հարրի Փոթերի մասին գրքեր և բանաստեղծություններ:

 

Կազմակերպիչները հատկապես փորձում են շատ հավաքել նոր հրատարակություններ։ «Վերջերս այնքան շատ ֆանտաստիկ նոր հեղինակներ և թարգմանություններ են հրատարակվում հայերեն,– ասում է Լորին,– մենք իսկապես ցանկանում ենք աջակցել այդ նախաձեռնություններին, ինչպես նաև տեղական գրախանութներին, որոնք վաճառում են դրանք»։

 

                       


Գիրք բերողները

«Գրքեր հայ զինվորներին» նախաձեռնության թիմի անդամները գտնվում են աշխարհի ամենատարբեր ծայրերում, մեծամասնությունը՝ Հայաստանում և ԱՄՆ-ում։ Ի դեպ, կամավորներից շատերը սփյուռքից են և օգնության են հասել Հայաստան պատերազմի ընթացքում և հետո աջակցություն տրամադրելու համար։


«Միասին մենք կարծես ստեղծենք գրքերի փերիների մարդկային շղթա,– պատմում է Լորին,– հավաքագրում, տեղափոխում և առաքում գրքեր ու նամակներ, որտեղ էլ որ դրանք անհրաժեշտ լինեն»։ Յուրաքանչյուր մարդ այս շղթայում հավասարապես կարևոր դեր ունի։ Գրքերն ու նամակները զինվորներին հասցնող առաջին կամավորներից էր Նանոր Բալբաբյանը, ով Հայաստան էր տեղափոխվել պատերազմից ընդամենը մեկ օր առաջ։ Եթե նույնիսկ չեք տեսել, ապա լսել եք իր և իր Քոքո անունով շան մասին (նրան վստահաբար նկատած կլինեք զինվորների հետ լուսանկարներում)։ Նրանք երկուսով առ այսօր հրաշալի թերապևտիկ աշխատանք են իրականացնում հիվանդանոցներում զինվորների հետ ու նաև արդեն մարզերում երեխաների հետ։


Լորի Ալվանդիանը գրադարանավար է ԱՄՆ-ից, բայց վերջին յոթ տարիներին ապրել է Հայաստանում։ Լորին նաև «Փոքր Ազատ Գրադարաններ Հայաստանում» և «Deconstruct the Library» նախաձեռնությունների համահիմնադիրներից է։ Նա զբաղվում է նոր գրքերի գնմամբ և հավաքագրմամբ, նվիրատվություններով, աշխարհի տարբեր ծայրերից ստացված զինվորների համար գրված նամակների պատրաստմամբ և տպագրությամբ։ Նա նաև կազմակերպում է Հայաստանի կամավորների աշխատանքը

:
Թիմը հատուկ խնդրեց նշել բոլորի անունները, քանի որ բազմաթիվ մարդիկ ամեն կերպ օգնել են նախաձեռնությանը. տեղափոխման հարցերով՝ Գևորգ, Էնդի և Մարիան, հիվանդանոցների կամավորական աշխատանքով՝ Վարակ, Դարոն, Լորի, Աննա, Սթեյսի ու ընդհանուր ադմինիստրատիվ հարցերով՝ Տաթևիկ, Արուսիկ, Իննա և շատ ու շատ այլ մարդիկ։

 

                                  


Արևմտյան ճակատում նորություն չկա

Ծրագրի առաջին շաբաթն էր։ Նանորը հանդիպեց Դավիթ անունով մի զինվորի, ով անչափ ուրախացել էր՝ տեսնելով Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» գիրքը։ Դավիթը պատմեց, որ նախապատրաստական դասընթացների ընթացքում դա իր սիրելի գիրքն է եղել։ Ընկերներից մի քանիսին թույլ էր տվել ժամանակավոր վերցնեն, բայց, ի վերջո, կորցրել էր։ Այդ գրքի միջոցով փորձում էր պատկերացում կազմել, թե ինչպիսին կարող է լինել պատերազմը։


Այս մասին իմանալուց հետո Թալինը գնեց այդ գրքի անգլերեն տարբերակից մի քանի հատ և բաժանեց իր ընկերներին։ Նա պլանավորում է «Գրքեր զինվորների համար» ակումբ ստեղծել և սա կլինի առաջին գիրքը, որը նրանք կքննարկեն։ «Նրանց համար, ովքեր առաջնագծից հեռու են, կարևոր է ձեռք բերել որոշակի պատկերացում այն իրականության մասին, որին բախվում են մեր զինվոր եղբայրներն ու քույրերը,– ասում է Թալինը,– եթե դա կարող է օգնել մեզ ավելի սերտորեն կապվել միմյանց հետ, ապա մենք պետք է փորձենք հասկանալ նրանց փորձը, թեկուզև չնչին ձևով»։

հավելյալ նյութեր