Գիտության փառատոն 2025
Սեպտեմբերի 30-ին մեկնարկել է «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025» համապետական միջոցառումը, որը կտևի մինչև հոկտեմբերի 5-ը՝ «Զարգացնել գիտությամբ» կարգախոսով։ Շաբթվա ամենագրավիչ մասը Գիտության փառատոնն է։
01.10.2025Միջոցառման սիրտը Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնն է, որը վեց օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին մասնակցելու են Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները։
Փառատոնի թեմատիկ բաժինները․
Զարգացնել գիտությամբ (սեպտ. 30 – հոկտ. 1) – Գիտության և ինովացիայի գործնական կիրառման պատմություններ, գիտափորձեր, նախագծեր ու ցուցադրություններ՝ ՀՀ-ում գործող գիտական ինստիտուտների կողմից։
Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ (հոկտ. 2–3) – Մասնագիտական կողմնորոշման օրեր՝ համալսարանների, կրթական և ինովացիոն կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
Ընդլայնելով երևակայությունը (հոկտ. 4–5) – Գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրություն՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, որոնք կգրանցվեն և կմիանան «Գիտության շաբաթ․Հայաստան»-ին, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ։ Դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված միջոցառումների փաթեթը հատուկ մշակվել է «Գիտության շաբաթ․ Հայաստան» թիմի կողմից։ Այս նախաձեռնության նպատակն է գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել դեռ վաղ տարիքից։
Գիտության շաբաթ․Հայաստան»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։