Սմբատ Գոգյան. «Բոլոր հայերը Երևանով են անցնում»
Իմ Երևան

Սմբատ Գոգյան. «Բոլոր հայերը Երևանով են անցնում»

Յոթերորդ մասիվի սարեր-ձորերով, Հերացու հին ճոպանուղով մինչև ջրամատակարարման համակարգն ու Օղակաձև զբոսայգին։ Մաթեմատիկոս Սմբատ Գոգյանը պատմում է իր Երևանի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարը՝ Հրանտ Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

#ԻմԵրևան #Գիտություն

Առաջին վառ հիշողությունս 88-ի երկրաշարժի օրն է։ Հինգ տարեկան էի, մանկապարտեզում էի, և բոլորիս դուրս բերեցին շենքից։ Դեկտեմբեր ամիսն էր ու դրսում բավական ցուրտ էր։ Մրսում էինք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Եկավ մայրիկս և ինձ վերցրեց։ Հետո մեզ միացավ նաև հայրս և հիշում եմ, որ ողջ օրը տուն չգնացինք, միայն երեկոյան։


Ծնվել, մեծացել եմ Երևանում։ Գիտակից կյանքիս մի մասը՝ մոտ 30 տարի, ապրել եմ յոթերորդ մասիվում։ Պատերազմի տարիներն էին, երկու լավ հարևան ունեինք, մեկն ապրում էր ութերորդ, մյուսը՝ երկրորդ հարկում։ Վերջինիս անունը Ներսես էր, երեք երեխա ուներ։ Երկուսին էլ զորակոչեցին բանակ, ու երկուսն էլ վիրավոր տուն եկան։ Մեր աչքի առաջ տարիների ընթացքում ապաքինվեցին, վերադարձան նորմալ կյանքի։

 

Յոթերորդ մասիվի շրջակայքում շատ են ձորերը։ Երբ փոքր էինք, ժամանակի մեծ մասն այնտեղ էինք անցկացնում։ Բավական վտանգավոր փորձարկումներ էինք անում։ Վիճում էինք, թե ով որտեղից որտեղ կկարողանա անցնել, որ քարից որքան բարձր կկարողանա թռնել։ Որպես արդյունք՝ բոլորս բազմաթիվ մարմնական վնասվածքներ էինք ստանում։ Սպիներ թե՛ դեմքի հատվածում, թե՛ ոտքերի վրա։ Կարծում եմ՝ հիմիկվա երեխեքին դրա կես չափն էլ թույլ չեն տա անել։ Երեխաներս դեռ փոքր են, բայց չեմ պատկերացնում, որ երեխաներս գնան ձոր, իսկ ես նրանց հետևից չգնամ։


Յոթերորդ մասիվի շրջակայքում նաև անտառներ գոյություն ունեին։ Այնտեղ ևս երեխաներով հավաքվում, գնում էինք, ինչ-որ բաներով զբաղվում։ Բայց հետո կամաց-կամաց այդ անտառները հօդս ցնդեցին։ Նման բացասական հիշողություն նույնպես կա, բայց այնուհանդերձ, միշտ ռոմանտիկ և սենտիմենտալ հիշողություններ եմ ունենում կապված այն վայրի հետ, որտեղ մեծացել եմ։


Չեմ կարող առանձնացնել քաղաքի մի մաս, որն առավել եմ սիրում, բայց շատ հոգեհարազատ է Բուսաբանական այգին։ Երեխաներիս ծնված օրվանից գրեթե ամեն օր այնտեղ զբոսանքի ենք դուրս գալիս։ Հոգեհարազատ է նաև քաղաքի կենտրոնական հատվածը։ Բաղրամյան պողոտան, որը բավական «ընկերական» փողոց է։ Դու կարող ես լինել Օպերայի բազմամարդ շրջակայքում, ու հինգ րոպե անց հայտնվես Բաղրամյանի մի հատվածում, որը դատարկ է, միևնույն ժամանակ՝ լայն ու անվտանգ։


Սիրում եմ Աբովյան փողոցը, երբ ավելի լայն էր, փակ էր երթևեկութան համար և այնտեղ կարելի էր հանգիստ զբոսնել։ Նաև շատ հոգեհարազատ է Օղակաձև զբոսայգին։ Ինչքան էլ վերջին տասնամյակներում փոխվել է, բայց, միևնույն է, այնտեղ հաճելի է զբոսնել։

 


Ինչպես ծնողներիդ չես ընտրում և սիրում ես անկախ ամեն ինչից, այդպես էլ ինձ համար Երևանն է։ Կյանքիս ընթացքում ապրել եմ տարբեր քաղաքներում, և ամեն քաղաք ունի իր հմայքը։ Բնականաբար Երևանը կարոտում ես, բայց այնպես չէ, որ երկրի այլ քաղաքներում կյանքն անտանելի է։ Երևանի հետ ինձ կապում են հիշողությունները, հարազատության զգացողությունը։  Երևանում կան գեղեցիկ շենքեր, բայց դա չէ էականը, քանի որ այլ քաղաքներում էլ կան գեղեցիկ կառույցներ։

 

Երևանը մի յուրահատկություն ունի։ Բոլոր հայերն ի վերջո հենց Երևանով են անցնում։ Եթե Երևանում երկար սպասես, ապա մի օր քո ուզած հայն անպայման այնտեղով անցնելիս կլինի, և դուք մի որևէ փողոցում անպայման կհանդիպեք։

 

Սիրում եմ Հերացու անկյունի նախկին ճոպանուղու շինությունը։ Այն ժամանակին բավական գեղեցիկ էր՝ մինչև մի քանի տարի առաջ վերածվեց հանրային զուգարանի։


Երևանում դեռևս կա որոշակի ներդաշնակություն, պարզապես հատկապես կենտրոնում երկու «ներդաշնակություններ» իրար են խառնվել, ինչը մի քիչ անհասկանալի էֆեկտի է բերել։ Դրան նպաստել է անվերջ շինարարությունը։ Որ ճանապարհով էլ ուզում ես գնա, անպայման կհայտնվես որևիցե շինարարության առջև, ինչը միանշանակ դիսկոմֆորտ է պատճառում։


Գիտնականը պետք է գիտությամբ զբաղվի այն ուժգնությամբ, որով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն ամբողջ տարի զբաղվում է ֆուտբոլով՝ ամեն առավոտ մարզումներ է ունենում, մրցույթների է մասնակցում։ Արդեն մոտ քսան տարի ընկերներով շաբաթը մեկ հավաքվում, ֆուտբոլ ենք խաղում։ Դա չի նշանակում, որ ես ֆուտբոլը բավարար չեմ սիրում, բայց ոչ էլ կարող եմ համարել, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ։ Նույնը գիտությամբ զբաղվելն է ինձ համար։ Միշտ հետաքրքրել է, ցանկություն է եղել որոշ հարցերի շուրջ մտածել, բայց ես ինձ լուրջ գիտնական երբևէ չեմ համարել։ Իմ գիտելիքն ու գործունեությունն ինձ թույլ են տալիս գիտական ոլորտում միջակություն չհամարվել, բայց ոչ համաշխարհային մակարդակով։


Երևանում կան գիտական շունչ ունեցող հատվածներ, չնայած չեմ կարող ասել, որ ուղիղ կապեր եմ գտնում։ Ինձ համար դա քաղաքի ջրամատակարարման համակարգի գլխավոր հանգույցը  կարող է լինել, որտեղ հնարավոր է գնալ և տեսնել մի ամբողջ համակարգ։ Պոլիտեխնիկի և Ագրարային համալսարանի դիմացի այգում կա փոքրիկ աստղադիտակ, որի միջով կարելի է լուսնին նայել։ Կրկին գիտության հետ անմիջականորեն չեմ կապում, բայց ամեն դեպքում հետաքրքիր է։ Գիտությունն ավելի լուրջ է, քան պարզապես մի սիմվոլիկ շինություն կամ կառույց։

 

Մարդիկ միշտ էլ հետաքրքրված են եղել գիտությամբ։ Մենք բոլորս ուզում ենք լավ կրթություն ունենալ, բայց երբ ճանապարհին խոչընդոտներ են լինում և պետք է տանջվելով մի բանի հասնես, այդ ցանկությունը կողքի ենք դնում, և կարևոր է դառնում դիպլոմ ստանալու գերնպատակը։ 


Ցանկացած հասարակության մեջ գոյություն ունեն ինչպես ռադիկալ հայացքներով մարդիկ, լիբերալներ, ստեղծարար մարդիկ, այդպես էլ ալարկոտ և աշխատել չցանկացող մարդիկ։ Լավ հասարակության մեջ որոշակի սեգմենտ գերակշռում է։ Եթե լինի ճիշտ մենեջմենթ, որը բոլոր տեսակ մարդկանց կկարողանա համախմբել և ճիշտ ուղղորդել, արդյունքները երկար սպասել չեն տա։ Կան մարդիկ, ովքեր անկեղծ մոտիվացված են աշխատելու, բայց երբ չկա հստակ նպատակ, բյուջե և նման այլ խնդիրներ, ժամանակի ընթացքում նրանց ցանկությունը մաշվում է։


Ի սկզբանե մարդը միշտ սկսում է անել այն, ինչ իրեն հետաքրքիր է։ Ցավոք մինչև այն պահը, երբ կոմպրոմիսի է գնում և ընտրում ոչ թե այն, ինչ իրեն դուր է գալիս, այլ այն, ինչ իրեն ձեռնտու է։