Գոռ Սուջյան․ «Պետք է շարունակել արարել»
Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Գոռ Սուջյանի արխիվից
Երգիչ Գոռ Սուջյանի յուրահատուկ ձայնն արդեն վաղուց ճանաչելի է շատերի համար։ Դեռևս 17 տարեկանում Գոռը հիմնադրել է «Գոռ և ընկերներ» խումբը, որի կազմում այն ժամանակ կատարել է հայտնի ռոք խմբերի երգեր։ 2008-ին Գոռը դառնում է Dorians ռոք խմբի մենակատարը և խմբով ներկայացնում Հայաստանը Եվրատեսիլ 2013-ում։ 2017-ից մինչ օրս էլ Գոռ Սուջյանը համագործակցում է երգահան Լևոն Արևշատյանի հետ և որպես մենակատար հանդես է գալիս Project LA նախագծում, որտեղ կատարում է հայ մեծանուն բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգեր։
Գոռի հետ զրուցեցինք Հայաստանի նոր ապագայի, հաջողության հասնելու գրավականների ու հայրենասիրության մասին։
Վերքերը դեռ թարմ են
Բավական դժվար է այս պահին սթափ նայել ապագային։ Ժամանակ է պետք։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ առաջին քայլը դեպի նոր, ավելի լավ ապագա՝ հրաժարումն է հպարտությունից։ Հպարտությունը կուրացնում է։ Այն ստիպում է գերագնահատել ինքդ քեզ, քո կարողությունները։ Հպարտ և կույր լինելով նոր ապագա կառուցելն անհնար է։
Պետք է շարունակել արարել
Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պիտի զբաղվենք նրանով, ինչն ի վերուստ մեզ համար նախատեսված է։ Բոլորին չէ, որ վիճակված է լինել դատավոր։ Պարզապես դատելը հեշտ է, իմաստուն լինելը՝ դժվար։ Չէ՞ որ եթե դատելն այդքան հեշտ լիներ, չէր լինի մի ամբողջ գիտություն՝ իրավագիտությունը, դատական գործերը չէին տևի տարիներ և, ինչպես լինում է հաճախ, երկարատև դատավարություններից ու պրոֆեսիոնալների աշխատանքից հետո էլ դեռևս չէր լինի հավանականություն, որ սխալմունք է եղել։ Դատը թողնենք Աստծուն։ Պետք է շարունակել արարել և ստեղծել։ Մենք շատ տաղանդավոր ժողովուրդ ենք և վստահաբար կարող ենք մեր ստեղծածով զարմացնել ամբողջ աշխարհին։
Հաջողությունը հարաբերական է
Մեկի համար հաջողություն է փառքի հասնելը, մյուսի համար՝ օգտակար լինելն ու ի վերուստ քեզ բաժին հասած առաքելությունը կատարելը։ Ցանկացած դեպքում ամենակարևորը սերն ու անկեղծությունն է։
Մեր հերոսներին հավերժ պարտական ենք մեր կյանքով
Ինձ համար ամենից առավել են այն մարդիկ, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն ուրիշների։ Այդպիսի օրինակներ այսօր մենք շատ ունենք մեր երկրում՝ ի դեմս մեր հերոսների, որոնց հավերժ պարտական ենք մեր կյանքով։ Նրանք ինձ համար օրինակ են՝ մարդկային վեհ տեսակ։ Եվ իհարկե, ամենամեծ օրինակն ինձ համար Քրիստոսն է։ Դեռևս մանկուց հիանում էի նրանով, երբ դեռ միայն ֆիլմեր էի տեսել։ Աստվածաշունչը կարդալուց հետո սերս նրա հանդեպ բազմապատկվեց, քանի որ նա եկել էր ոչ թե տանելու համար, այլ՝ թողնելու։ Եկել էր ոչ թե փառքի համար, այլ իր կյանքը հանուն մեր փրկության զոհաբերելու։
Ես լավատես եմ
Շատ մեծ հույսեր եմ կապում Հայաստանի հետ, չնայած որ այս պահին խոր ճգնաժամի մեջ ենք։ Ես ծնվել եմ 1987-ին ու իմ հիշողություններում դեռ թարմ են մանկությանս դժվարին տարիները։ Հայաստանի ապագան կախված է առաջինը «հենց ինձնից» և յուրաքանչյուրից։ Հայրենասեր չեն ծնվում, չէ՞ որ մենք չենք ընտրում մեր հայրենիքը և չենք կարող հպարտանալ նրանով, որ պարզապես ծնվել ենք Հայաստանում։ Հայրենասեր դառնում են, և մենք պետք է սկսենք սիրել մեր հայրենիքն անկախ հանգամանքներից ու տարբեր մանիպուլյացիաներից։ Սկսենք սիրել միմյանց ատելու փոխարեն, բարձրացնել՝ ցածրացնելու փոխարեն, հույս տանք իրար՝ հուսախաբ անելու փոխարեն, ուրախանանք միմյանց հաջողությամբ նախանձելու փոխարեն և, վերջապես, մի քիչ խոնարհ լինենք հպարտ լինելու փոխարեն։ Ինչ ցանենք, այն էլ հնձելու ենք։ Սերմից է կախված մեր ապագան։ Միրգ քաղելու ակնկալիքով բանջարեղեն ցանել չես կարող։ Եկեք սկսենք ցանել այն, ինչ ցանկանում ենք հետագայում քաղել։