Գոռ Վարդանյան. «Բիզնես մտածողությունը պետք է գա ակադեմիական հաստատություններ»
Հայաստանում վերջին տարիներին շատ ակտիվ է քննարկվում ճշգրիտ գիտությունների զարգացումը, և այդ ուղղությամբ կարևոր գործ անող հաստատություններից մեկն էլ Պոլիտեխնիկական համալսարանն է։ Այդ մասին զրուցել ենք բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ։
Հարցազրույցը՝ Անժելա Ալեքյանի
ԵՐԵՎԱՆ #85 | 2024
Պարոն Վարդանյան, Պոլիտեխնիկական համալսարանը կարծես թե ակտիվ ներգրավվում է գիտական ոլորտում։ Կպատմե՞ք հատկապես հետազոտական աշխատանքների մասին։
— Հետազոտական ոլորտները Պոլիտեխնիկում բազմազան են՝ հեռահաղորդակցությունից մինչև արհեստական բանականություն, նյութագիտությունից մինչև հանքարդյունաբերության, էներգետիկ քիմիական ոլորտները ներկայացնող գիտական ուղղությունները։ Նաև կիբեռնետիկայի, անօդաչու թռչող սարքերի, օդային ռոբոտատեխնիկայի, ռոբոտաշինության, մեքենայաշինության ոլորտում մենք ունենք թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու մասնագետներ, գիտնականներ, որոնք համալսարանում իրականացնում են գիտական աշխատանք։
Համալսարանում գործում են բազային գիտահետազոտական լաբորատորիաներ, և մեր գիտական ներկայացուցիչների մեծ մասը ներգրավված է ուսումնական գործի կազմակերպման հարցում, ինչն ապահովում է նորարարությունը կրթության մեջ։ Նաև, ըստ էության, պոլիտեխնիկական կրթությունը գիտելիքն ընկալում է ոչ թե որպես գրականությունից փոխանցվող տվյալներ, այլ նաև համալսարանի տարածքում իրականացված գիտական հետազոտական աշխատանքների արդյունքում ստացված արդյունքների փոխանցում։ Այս պրոցեսում շատ կարևոր երրորդ կոմպոնենտ կա, որը ներկայացնում են մեր մասնավոր գործընկերներ՝ ինդուստրիան, որոնք գիտելիքի ու գիտության արդյունքը կարողանում են ապրանքայացնել, փաթեթավորել և ճանապարհ դնել դեպի տնտեսություն։
Այս երեք կոմպոնենտների ներդաշնակ աշխատանքն ապահովում է և՛ գիտական նորարարության տրամաբանական շարունակականություն, և՛ գիտության ոլորտում հետաքրքրություն, և՛ հնարավորություն տալիս պատրաստվող ինժեներներին մասնագիտական իրենց գործունեությունը մեկտեղել մի քանի ուղղությամբ՝ գիտական, հետազոտական, մասնավոր ոլորտում աշխատանքի ու դրանով շատ ավելի հետաքրքիր և նպատակային դարձնել իրենց աշխատանքը։ Այս համատեքստում PMI Science-ը շատ ուրույն տեղ ունի մեր համալսարանի ուսումնական, գիտական, հետազոտական կյանքի կազմակերպման գործում։
Ի՞նչ եք կարծում՝ բիզնես կազմակերպությունների հետ աշխատանքն օգնու՞մ է բիզնես մտածողություն ձևավորել ակադեմիական շրջանակներում։
— Այո, բիզնես մտածողությունը և ձեռներեցությունը պետք է գան ակադեմիական հաստատություններ, որ մենք կարողանանք հաջողել և կոտրել կարծրատիպը նաև ուսանողության շրջանում։ Հիմա շատերին հարցնելիս, թե ինչ են ուզում դառնալ, միանգամից պատասխանում են ծրագրավորող կամ ինժեներ, այլ չեն ասում, որ կցանկանային հիմնել նոր, ինովացիոն խնդիրներ լուծող ստարտափ ընկերություններ, որոնք ապագայում կդառնան մեծ կազմակերպություններ և աշխատաշուկա կստեղծեն նոր ծրագրավորողների համար։
Ո՞րն է պատճառը։
— Սա ձեռներեցի մտածողություն է, այլ ոչ թե մասնագետի, և մենք ուզում ենք մեր գործընկերների հետ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կարող ենք նաև ապահովել անհրաժեշտ, համապատասխան ոչ ֆորմալ կոմպոնենտները՝ գաղափարները, երիտասարդ մտքի փաթեթավորման, զարգացման, ֆոնդերին դիմելու հնարավորությունները, այսպես ասած լուսաբանել ուսանողներին, թե ինչպես կարող են իրենց նախագծերը ներկայացնել, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել, ինչ իրավական հենքի վրա աշխատել, ինչպես կարող են միջազգային կամ տեղական ֆոնդերի միջոցով և համալսարանի շուրջ ձևավորված ֆոնդերի միջոցով գաղափարից դեպի բիզնես շարժվել։
Հաջորդը,ասպիրանտներն այնպիսի թեմաներով են գիտական աշխատանքներ գրում, որոնք կարող են կիրառական բնույթ ունենալ։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բուհերը և ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում էին ARMDOCT (Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում) Էրազմուս+ ծրագիրը, որի նպատակն էր դոկտորանտուրայի եվրոպական փորձը ներդնել Հայաստանում։ Մենք Պոլիտեխնիկի կողմից առաջարկեցինք ստեղծել արդյունաբերական հետազոտական ծրագիր, և ըստ այդ ծրագրի փիլիսոփայության՝ պիտի ընտրվեն թեմաներ, որոնք կկիրառվեն մասնավոր ոլորտում ու այդ թեմայի հետազոտական ասպեկտը կարվի համալսարանում և համալսարանի գիտական ղեկավարի կողմից, իսկ երկրորդ խորհրդատու կընտրվի մասնավոր ընկերությունից։
Ունե՞ք հետազոտությունների օրինակներ, որ արվել են բիզնեսի հետ և կիրառվել են։
— Ունենք շատ լուրջ համագործակցություն մասնավոր մեր գործընկերներից Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատի հետ. իրականացնում ենք լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեղ ծրագրեր։ Դրանք նաև ուղղված են լինելու դիմորդների շրջանում համապատասխան կարողությունների զարգացմանը, որ նրանք կարողանան ընդունվել ու ընտրել այդ մասնագիտությունը։ Փորձելու ենք լուծել ենթակառուցվածքների բարեփոխումը և լաբորատոր ողջ սարքերի կահավորման խնդիրը, որ այս ուղղությունները դառնան շատ գրավիչ։
Նաև ունենք նման ծրագիր արհեստական բանականության ոլորտում։ Մեկ այլ նման թեմա ունենք WEB3 հիմնադրամի հետ համատեղ բլոքչեյն և WEB3 տեխնոլոգիաների ոլորտում։ Ունենք այդպիսի ասպիրանտական թեմա տվյալագիտության ոլորտում։ Սա անում ենք մեր բուհի տարբեր տարիների մագիստրատուրայի շրջանավարտների հետ, որոնք այսօր ներկայացնում են մասնավոր ոլորտը և հիմնել են հաջողակ կազմակերպություններ։ Նրանք հիմա բուհի հետ համատեղ զարգացնում են հետազոտական երրորդ մակարդակը, նպաստում են նաև նոր մասնագիտական կրթական ծրագրերի զարգացմանը։
Այս տարի առաջին անգամ Պոլիտեխնիկում (ու Հայաստանում) կիրականացվի ընդունելություն «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտական կրթական ծրագրով։ Այսինքն՝ մենք նորագույն տեխնոլոգիաները, նոր մասնագիտական կրթությունը բերում ենք ակադեմիական տիրույթ զուգահեռաբար հա՛մ բակալավրի կրթական ծրագրում, հա՛մ հետազոտական երրորդ մակարդակում։
Պարոն Վարդանյան, Պոլիտեխնիկական համալսարանը միշտ առաջամարտիկ է եղել կրթության նորարար մոտեցումների հարցում։ Ի՞նչ նոր կրթական ու գիտական մոտեցումներ եք ներդնում այս պահին։
— Ասեմ, որ մենք սկսեցինք վերջին տարիներին իրականացնել լայնածավալ բարեփոխումներ մասնագիտական կրթական ծրագրերում, մասնավորապես ուսումնական պլաններում, և մենք մեր ինժեներական կրթությունը, ըստ էության, բաժանել ենք երեք հիմնական փուլերի։ Ասում ենք, որ եթե ուզում ես դառնալ ճարտարագետ, պետք է կրթություն ստանաս երեք կարևորագույն կրթական խմբերով՝ բնագիտական, ընդհանուր ճարտարագիտական և բուն մասնագիտական։ Մենք բարձրացրինք մաթեմատիկայի ուսուցման կշիռը կիսամյակների առումով և շատ ավելի խստապահանջ դարձրինք ուսուցումը։ Հաջորդաբար ներդրեցինք խորացված անգլերենի ամբիոն։ Եվ արդեն ունենք շատ լավ ու դրական արձագանք ուսանողների կողմից։
Եվ սրան զուգահեռ մենք ներդնում ենք կրթական ծրագրի ղեկավարի ինստիտուտ։ Նրանք իրականացնելու են կրթական-գիտական վարչարարություն՝ ապահովելով ակադեմիական համակազմի ընտրությունը, ուսումնական պրոցեսի կազմակերպումը, գիտելիքի ստուգումն ուսանողների կողմից դասախոսների դասավանդման վերաբերյալ համապատասխան հարցումներ անցկացնել, դարձնելը վերլուծական թեմա, մասնավոր ոլորտի հետ։
Եվս մեկ կարևորագույն գործընթաց. այսօր համալսարանը գտնվում է միջազգային հավատարմագրման գործընթացում։ Նպատակ ունենք ոչ միայն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնել, այլ նաև ծրագրային, և այս հավատարմագրման համար անհրաժեշտ միջոցներն ամբողջությամբ ապահովում է մեր գործընկեր PMI Science-ը։ Այսինքն՝ տեսեք, մենք խոսեցինք մի տեղ գիտության աջակցությունից, մյուս կողմից՝ խոսեցինք կրթության աջակցությունից, նաև խոսեցինք կրթության հավատարմագրման ապահովման աջակցության, նաև խոսեցինք ենթակառուցվածքների մասին։ Որևիցե մի շերտ բաց թողնելիս չես ունենա վերջնարդյունք։ Եվ ստանում ենք էկոհամակարգ, իսկ դա նշանակում է բազում պայմանների ճիշտ ապահովում։
Կարծես թե առանձին ուշադրություն է դարձվում նաև միջազգային համագործակցություններին։
— Մենք նախորդ տարի խոշորագույն երկու պայմանագիր ստորագրեցինք Կարսլրուեի և Քյոլնի տեխնոլոգիական ինստիտուտների հետ։ Որպեսզի պատկերացնեք, Կարլսրուեի համալսարանի միայն հետազոտական բյուջեն կազմում է 1 միլիարդ եվրո։ Այս համագործակցության պայմանագրերն ակադեմիական համայնքի համար ստեղծելու են հնարավորություն բաց հաղորդակցվելու, համատեղ միջազգային դրամաշնորհային ծրագրեր մշակելու, համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու՝ կլիմայի փոփոխության, կայուն զարգացման մարտահրավերներից բխող հարցերի շուրջ։ Նաև ապահովվելու է մեր գիտնականների մասնակցությունը, ուսանողների շարժունությունը, ակադեմիական անձնակազմի շարժունությունը, որ թե՛ մենք հրավիրյալ դասախոսներ ունենանք, թե՛ մենք գործուղենք մեր դասախոսներին։ Նաև նախատեսում ենք կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորություն։
Համագործակցություն ունենք այլ եվրոպական բուհերի հետ, ամերիկյան, և այլն։ Պետք է նշեմ, որ մեծ աջակցություն ունենք այդ հարցերում մեր շրջանավարտների ու հոգաբարձուների խորհրդի անդամներից։
Անցած տարի նշել եք Պոլիտեխնիկի 90-ամյակը։ Ձեր կարծիքով ինչպե՞ս է փոխվել համալսարանի դերը կամ ոգին այս երկար ճանապարհի ընթացքում։
— Ես սիրում եմ այդ մասին խոսել։ Պոլիտեխնիկը 1933-ին հիմնադրվել է երկրում տեխնոլոգիական կրթության և մասնավոր ինժեներական ոլորտի կարիքների ապահովման համար։ Ստեղծվել է արդյունաբերություն, այստեղ դրան համարժեք պատրաստվել են կադրեր։ Այնուհետև եկել ենք կապիտալիստական հասարակություն, երբ պետք է ինքներս շատ ավելի շտապենք, կազմակերպենք, կազմակերպվենք, որպեսզի կարողանանք նաև մեր դիրքը որպես կրթական կառույց ապահովել։
Անկախ հանրապետության առաջին 10 տարիներում մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրել՝ բազմաթիվ գործարաններ, արդյունաբերական կառույցներ ուղղակիորեն փակվել են, ինժեներների կարիք չի եղել, և ես շատ ուրախ եմ, որ վերջին 10-15 տարիներին Հայաստանում շարունակաբար զարգանում և կայանում են մասնավոր կազմակերպություններ, և մենք կարող ենք ունենալ կրթական հաջողություններ։ Կարող ենք արձանագրել, որ տեխնոլոգիական կրթության դժվարին, կրիտիկական փուլը մենք հաղթահարել ենք:
Այսօր Պոլիտեխնիկը ոչ միայն բուհ է…
— Այո, Պոլիտեխնիկի կազմում կա նախադպրոցական կրթական հաստատություն՝ մանկապարտեզ, կա Հայաստանում ամենամեծ ավագ դպրոցը, ինչպես նաև ամենամեծ միջին մասնագիտական քոլեջը։ Հիմա մենք ապահովելու ենք ողջ մասնագիտական շղթան՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն, և STEM կրթության՝ գիտություն, ճարտարագիտություն, մաթեմատիկա, տեխնոլոգիաներ, ինչը բերելու է մարդու վարքագծի մեջ մեծ փոփոխություն։