«Գորգերը կան, քանի որ կան տարածքները, որտեղ դրանք ստեղծվում են»
Հայաստանի պատմության թանգարանի երկրորդ հարկում մինչև 2024 թվականի սեպտեմբեր կցուցադրվի «Ձայներ հավաքական անցյալից» ցուցահանդեսը, որում ներկայացված են 19-րդ դարի հայկական գորգարվեստի նմուշներ՝ ամերիկահայ հավաքորդ, գործարար և բարերար Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուից։ ԵՐԵՎԱՆը զրուցել է ցուցահանդեսի համադրող Նայիրի Խաչատուրեանի հետ։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Լուսանկարները՝ Փիրուզա Խալափյանի/ԱՀԱ կոլեկտիվ
Ջեյմս Թուֆենկյան
Իրենց «ձայներն» այցելուներին հասանելի են դարձրել Թուֆենկյանի հավաքածուից շուրջ երեք տասնյակ նմուշ․ ըստ Նայիրի Խաչատուրեանի՝ ընտրությունը բարդ էր, քանի որ հավաքածուն շատ մեծ է և անընդհատ թարմանում է։ «Ձայներում» ընդգրկված գորգերը Հայաստանի և Արցախի տարբեր ծայրերից են, մի քանիսն էլ Արևմտյան Հայաստանի ժառանգությունն են։ Ընդհանրապես, գորգերի արմատներին, բնիկ միջավայրին այստեղ առանձնահատուկ ուշադրություն են դարձրել։
Ցուցադրությունը բացող՝ Փիրուզա Խալափյանի հսկայական լուսանկարը՝ Սյունիքի Տեղ գյուղի ոչխարների հոտ, որի ուրվագծերը հիշեցնում են Հայաստանի լեռները, հենց ծննդավայրի, ստեղծման միջավայրի մասին է։ «Շատ կարևոր էր բացատրել, որ գորգերը կան, քանի որ կան տարածքները, որտեղ դրանք ստեղծվում են։ Ուզում էինք գորգերն արմատացնել իրենց տեղանքում, բնական ու մշակութային միջավայրում», - ասում է Նայիրին, նշելով, որ սա նաև պայքարի միջոց է Թուրքիայի ու Ադրբեջանի՝ հայկական գորգարվեստի ժառանգության յուրացման լայնածավալ քաղաքականության դեմ։
Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ ունեն նաև արխիվային լուսանկարները, որոնք տրամադրել է Հայաստանի պատմության թանգարանը․ «Ջեյմս Թուֆենկյանի համար հատկապես կարևոր էր պատմել, որ 19-րդ դարում գորգը հայերի առօրյայի մասն էր, միշտ ներկա էր կյանքում տարբեր դրսևորումներով՝ կենցաղային իրից մինչև ծիսական կիրառում, որպես ներքին հարդարանքի մաս աշխարհիկ, կրոնական, պալատական ներսույթներում, ինչպես և անբաժան առարկա լուսանկարչատներում, - բացատրում է համադրողը, - Ներկայացված լուսանկարներում դա հատկապես ցայտուն է երևում»։
Վերադառնալով տեղի կարևորությանը, Նայիրին նշում է, որ հայկական գորգերը մեծամասամբ իրենց անունները ստանում են տեղանքներից։ Ցուցադրության առաջին նմուշը «Սևան» գորգն է, դրան հաջորդում են «Խնձորեսկն» ու «Լոռին»։ Թեպետ, ըստ համադրողի, քանի որ գորգերն էլ ճամփորդում են, իսկ դրանց ստեղծման մասին տեղեկությունները մեզ գրեթե չեն հասնում, միանշանակ դժվար է ասել, թե «Խնձորեսկը» հենց Խնձորեսկո՞ւմ է գործվել, թե՞ ոչ, կամ «Սևանը» Գեղարքունիքի հատկապես որ գյուղից է։ Փոխարենը, հաջորդ սրահում կարելի է տեսնել «Խնձորեսկ» տիպի մի գորգ, որը ծնունդով Արցախից է։
«Հայկական գորգերի ձևավորումը շատ խիստ է, - նկարագրում է Նայիրին ու նշում հայկական գորգերի տեսողական լեզվի մի քանի առանձնահատկություն․ - երկրաչափական հստակ գծեր, մոնումենտալ կենտրոնական մեդալիոններ՝ մեկ, երկու, երեք, երբեմն չորս հատ, վերացականացված գաղափարագրեր, բայց նաև ազատություն․ ամեն դեպքում, ամեն գորգ հյուսողի ասելիքն է, իր անձնական պատմությունը»։
Երկրորդ սրահը՝ «Բնիկ ձայնը», պատմում է Արցախի գորգերի մասին։ Արեգ Բալայանի լայնաֆորմատ լուսանկարը՝ Գտչավանքի բարձունքից, ու դրա ֆոնին պատշգամբից փռված չորս գորգ․․․ Ցուցահանդեսը բացվել էր սեպտեմբերյան իրադարձություններից և Արցախի վերջնական հայաթափումից ընդամենը օրեր առաջ, ինչի պատճառով տպավորությունն է՛լ ավելի սուր է։
Երրորդ սրահի զարդը արձանագրությամբ գորգն է․ միակը, որ ոչ թե Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից է, այլ մեկ ուրիշ հավաքորդ՝ Օսկար Իզբերյանի վերջերս ձեռքբերված նմուշն է։ Սա հիշատակի գորգ է՝ մայրը այն պատվիրել է իր մահացած որդու հիշատակին։ Ըստ Նայիրիի՝ կյանքի տարբեր առիթներին նվիրված գորգեր հաճախ են պատվիրվել և գործվել, բայց այս նմուշի յուրահատկությունը գորգի գրեթե ողջ կենտրոնական մասը զբաղեցնող մանրամասն արձանագրությունն է։
«Հեշտ բան չէ հավաքածու ունենալը, - բացատրում է համադրողը, - անհրաժեշտ է գումար, ժամանակ, պետք է հետևել աճուրդներին, շփվել ընտանիքների հետ, որոնք կարող է նմուշներ ունենան, և, ի վերջո, ամենից կարևորը` պետք է ունենալ գիտելիք և սեր։ Կուզեի, որ մեր հավաքորդներն ավելի շատ միմյանց հետ շփվեին, իսկ մենք կարողանայինք տեսնել իրենց հավաքած հարստությունները, որ հասարակությունն ու միջազգային հանրույթն ավելի լիարժեքորեն ճանաչի մեր պատմությունը»։
Հատկանշական է, որ Ջեյմս Թուֆենկյանը ոչ միայն հավաքորդ է, այլև ստեղծող․ նրա Tufenkian Artisan Carpets Երևանյան գործարանում տեղի ունեցող գործընթացը այս ցուցադրության համար կարճ ֆիլմի տեսքով նկարահանել է Փիրուզա Խալափյանը։ «Մարդիկ շատ չեն պատկերացնում, թե որտեղից է ծնվում այս գեղեցկությունը, - ասում է Նայիրին, - սա երկար, բարդ աշխատանք է և, հետաքրքիր է, որ 19-րդ դարից մինչ այսօր աշխատանքն ու տեխնիկան գրեթե չեն փոխվել»։
«Ձայներ հավաքական անցյալից» ցուցադրության հայեցակարգն ու իրագործումը իրականացրել է ԱՀԱ կոլեկտիվը՝ Թուֆենկյան գորգերի և Հայաստանի պատմության թանգարանի համատեղ ջանքերով։ Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թվականի սեպտեմբերի 3-ը։