Գունային հիվանդությունը Դալան ցուցասրահում
Ցուցահանդես

Գունային հիվանդությունը Դալան ցուցասրահում

ԵՐԵՎԱՆը եղել է Դալան պատկերասրահում, որտեղ IN SITU արվեստի գործակալությունն ու համադրող Աննա Գարգարյանը ներկայացնում են Մերի Բադալյանի առաջին` Chromological disorder (Գունային հիվանդություն) խորագրով անհատական ցուցահանդեսը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարութ Սարոյանի/IN SITU

 

 

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 30-ը

 

www.haypinsitu.com

Ցուցասրահ մտնելուն պես կտավների ընդգծված ֆակտուրային դիպչելու ցանկություն է առաջանում։ Միանգամից մի քանի հարց ես տալիս ինքդ քեզ ու յուրաքանչյուր հաջորդ գործն ուսումնասիրելով փորձում ես գտնել դրանց պատասխանները։ Ի՞նչ կա այդ միատոն կտավների հետևում, ի՞նչ շերտեր են թաքնված գույնի տակ և ի՞նչ նյութեր են օգտագործված։ Փորձենք միասին բացահայտել այս բոլոր գաղտնիքները։

 

 

 

Թելերով լի տուփը

Տարիներ առաջ իր տատիկի մահից հետո Մերին գտավ մի տուփ, որն իր տատիկն է պատկանել։ Տուփը լի էր ասեղնագործական թելերով։ Տատիկի այդ սիրելի զբաղմունքի մասին Մերին չգիտեր և ինքն իր համար բացահայտեց նրա բոլորովին այլ կողմ։ «Տատիկս շատ թույն տիպ էր, սովետի ժամանակ կարևոր պաշտոն էր զբաղեցնում, համարձակ ելույթներ էր ունենում միջազգային ամբիոններից, առհասարակ ինձ համար օրինակելի էր, բայց որ ասեղնագործությամբ է զբաղվել՝ չգիտեի»,— ասում է Մերին, ու պատմում, թե ինչպես առաջին անգամ իր հին, կիսատ թողած կտավներից մեկի վրա ասեղնագործեց հենց այդ գտնված թելերով, իսկ հետո հասկացավ, որ այդպես թելերը շուտ կսպառվեն ու որոշեց յուրաքանչյուր հաջորդ գործի մեջ տատիկից մնացած թելերից օգտագործել միայն մի փոքր հատվածում։ 

 

Ծածկել գույնը գույնով

Ցուցահանդեսին ներկայացված գործերից մի քանիսն անավարտ են։ Դրանք բացահայտում են կտավների ներսը՝ այն շերտերը, որոնք դժվար է պատկերացնել նայելով միատոն կտավների ֆակտուրային ու լուսաստվերային խաղերին։ Կտավ, թել ու հուլունքներ՝ ահա թե ինչ կա ներսում։ 

 

Համադրող Աննա Գարգարյանը կարևոր է համարում այդ գործերի ցուցադրումը, ըստ նրա՝ կարևոր է բացահայտել ներքին շերտերն ու այցելուի համար բացահայտել տեխնիկան։ Հաճախ ասում են՝ «ինչ էլ համբերություն ունես»։ Դե՝ իսկապես, Մերին նախ ասեղնագործում է, ստեղծում ասեղնագործ գունեղ կտավ, ապա ծածկում կտավը միայն մեկ գույնով։ Ոչինչ հենց անպես չէ։ Յուրաքանչյուր գույն՝ նույնիսկ այն, որը պիտի թաքնված մնա ներքին շերտի տակ՝ կարևոր է։ Գույների ընտրությունն ինտուիտիվ է, գույների համադրությունը՝ ևս։ Սա յուրատեսակ թերապիա է նկարչուհու համար, հանգստության, ինքն իր հետ առանձնանալու հնարավորություն։ 

 

 

 

Ըստ Աննայի՝ բազմագույն ասեղնագործությունը մեկ գույնով ծածկելու ժեստը բավական ռադիկալ է, դա մի տեսակ մարտահրավեր է, հոգեբանորեն բարդ շրջափուլ, փորձ՝ հակադրելու անհանգիստ վիճակն ու հանգիստ վիճակը։ Մերին ինքը ասեղնագործ կտավները մեկ գույնով պատելու ժեստը համարում է տրամաբանական եզրափակում։ Նա այդպիսով վերջնականացնում է կտավը, հավաքում է ողջ ներքին անհանգիստ խայտաբղետությունը։ Ընդ որում՝ վերջնական գույնն էլ ընտրում ու ստեղծում է շատ մտածված։ Ասեղնագործ կտավն ինքն է հուշում, թե ինչ գույնով պիտի պատվի։ Երբեմն օգտագործում է փայլ՝ էլ ավելի սրելով հարթությունը, ֆակտուրան։ 

 

 

Կոմֆորտի սահմաններից դուրս

Դալան ցուցասրահում գծանշումներից ներս դրված սեղան ու աթոռներ կան։ Մերին ասեղնագործում է հենց տեղում՝ ներգրավելով այցելուներին։ Դա հնարությանն ուղղված բաց հրավեր է՝ մասնակցելու իր մեդիտատիվ աշխատանքին։ Մերին խոստովանում է, որ սկզբում իրեն տարօրինակ էր զգում իր մենությունից դուրս՝ առաջին անգամ կիսելով աշխատանքի ընթացքը այլ մարդկանց հետ, սակայն տեսնելով, որ մարդիկ իր պես խանդավառությամբ խորասուզվում են աշխատանքի մեջ ու անհամբեր սպասում ասեղնագործելու իրենց հերթին՝ սկսեց սիրել նաև այդ պրոցեսը։ Աննան  բացատրում է, որ այդ ժեստը հղում է ավանդական «կանացի արհեստի» հասարակական բնույթին. չէ՞ որ ասեղնագործության ժամանակատար բնույթը նաև քննարկումների, մտորումների և դիպվածային բամբասանքների առիթ է տալիս:

 

հավելյալ նյութեր