Գրադարակ
Ընթերցանության ժամ

Գրադարակ

Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը պատմում է, թե ինչպես ծնվեց մարզային «Գրադարակներ» ստեղծելու գաղափարը, և, առհասարակ, ինչու՞ են գրադարաններն այդքան կարևոր՝ հատկապես գյուղերի բնակիչների համար։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ «Գրադարակ» ՀԿ-ի |  Բիայնա Մահարի, Արթուր Լյումեն Գևորգյան, Արուսիկ Զեյնալյան, Լիլիթ Մուրադյան, Քրիստինա Արուտյունովա

 

ԵՐԵՎԱՆ #59 | 2019

Գիրք կարդալը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև շատ էլ առաջադեմ է։ Իսկ գրադարանները ոչ միայն անիմաստ չեն, այլև անհրաժեշտ են ինչպես երբեք։ Առավել ևս Հայաստանում։ Առավել ևս մարզերում։ Վերջին երկու տարվա ընթացքում «Գրադարակ» ՀԿ-ն վերաիմաստավորել է չորս դպրոցական գրադարաններ Լոռու մարզի Ամրակից, Գեղարքունիքի Դրախտիկ և Տավուշի Չորաթան և Մովսես գյուղերում։ ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը պատմում է, թե ինչպես ծնվեց մարզային «գրադարակներ» ստեղծելու գաղափարը, և, առհասարակ, ինչու՞ են գրադարաններն այդքան կարևոր՝ հատկապես գյուղերի բնակիչների համար։

 

Սկիզբ և սեր

2017 թվականին Արուսիկ Զեյնալյանը Teach For Armenia ծրագրով մեկնում է Ամրակից գյուղ անգլերեն դասավանդելու: Այդ ժամանակ մենք ընդհանուր ծանոթներ ունեինք, բայց անձնապես ծանոթ չէինք: Մոտ հոկտեմբերի կեսերին իրենից նամակ ստացա, որ գաղափար ունի այդտեղի դպրոցի գրադարանը նորոգելու, մի քիչ վերափոխելու: Հարցնում էր, արդյոք այդ փոքրիկ նախագծով կուզեմ համագործակցել որպես ճարտարապետ: Ես համաձայնեցի, բայց միայն այն պայմանով, որ դա չի լինի փոքր նախագիծ, այլ կանենք մեծ փոփոխություն, անկախ նրանից, թե ինչ ֆինանսական ներդրումներ դա կպահանջի: Կոնցեպտը կմշակենք, կհասկանանք՝ ինչպես ենք դրան համապատասխան գումար հայթայթում: Այդպես առաջին «գրադարակի» համար նախատեսվող 10,000 ԱՄՆ դոլարի փոխարեն հավաքվեց 17,000-ը:


Մայիսին, երբ արդեն բացմանը հաշված օրեր էին մնացել, և երկրում հեղափոխական տրամադրություն էր, որոշեցինք նախագիծն ավելի գլոբալ դարձնել՝ ամեն մարզում ունենալ գոնե մեկ «գրադարակ»: Այդ ժամանակ մեզ արդեն միացել էր իմ ընկեր Սամվել Չոբանյանը, քիչ անց նաև մեր թիմում ընդգրկվեց Դավիթ Դադալյանը։ Այսօր մենք չորս հոգանոց թիմ ենք և աշխատում ենք մեր արդեն հինգերորդ գրադարանի վրա, որը կլինի Արագածոտնում։ Դիմորդները շատ են, բայց կառուցում ենք միայն այնտեղ, որտեղ զգում ենք, որ իրական հետաքրքրություն կա նախագիծն իրականացնելու և նորաստեղծ գրադարանի մասին հոգ տանելու։ Մեկ այլ նախապայման է, որ դիմորդ դպրոցում լինի Teach for Armenia-ի ուսուցիչ, քանի որ ծրագրին հիմնականում մասնակցում են երիտասարդ մասնագետներ, ովքեր մոտիվացվում են նման նախագծերով և պատրաստ են հետևել, աջակցել մեր «գրադարակներին»:

 

 

Տեղացի երիտասարդների էլ ենք ներգրավում՝ որպես գրադարանավարներ, և մենք էլ այսպես կամ այնպես մնում ենք ամեն մի գրադարանի հետ։ Հատկապես սկզբնական շրջանում՝ քանի դեռ երեխաները չունեն ձևավորված սեփականության զգացում և պատրաստ չեն միայնակ հոգ տանել իրենց նոր գրադարանի մասին։ Երբեմն փորձում ենք այնտեղ տարբեր միջոցառումներ կազմակերպել, իսկ երբեմն դրա կարիքն էլ չի լինում։ Օրինակ՝ Դրախտիկում շատ ակտիվ երիտասարդություն է և գրեթե օր չկա, որ այնտեղ մի հետաքրքիր միջոցառում չկազմակերպվի՝ սկսած մեծերի համար սեմինարներից, ավարտած երեխաների համար կինոդիտումներից և վարպետաց դասերից: Այնտեղ անընդհատ կյանք կա, մենք էլ ֆեյսբուքյան էջով հետևում ենք և ուրախանում։ Ամրակիցում, որտեղ կառուցվել է առաջին «գրադարակը», մինչև վերջին րոպեները երեխաները չէին հավատում, որ իրենց գրադարանն իրոք նոր կյանք է ունենալու, բայց այս վերջին մեկ ու կես տարվա ընթացքում այնքան են սիրել այդ վայրը, որ թույլ չեն տա՝ մի բան վնասվի: Հենց այս պահին եթե մտնեք մեր ինստագրամյան էջը՝ կտեսնեք, որ գրադարանում հավաքվել, ամանորյա խաղալիքներ են պատրաստում, որպեսզի ստացված գումարը գնա Արագածավանի ապագա գրադարանի կառուցմանը:

 

Կոնցեպտը և Կենաց ծառը

Ընդհանուր կոնցեպտով բոլոր գրադարանները նման են, և կան պարտադիր էլեմենտներ, որոնք միշտ ներառում ենք, օրինակ՝ մոտիվացիոն ծառը: Ծառի ճյուղերից կախված են ընթերցանության քարտեր. ինչքան երեխաները շատ են կարդում, այդքան ավելի բարձր ճյուղի վրա են հայտնվում, ինչն իրենց մոտիվացնում է շարունակել ակտիվ կարդալ: Բացի այդ, բոլոր գրադարաններում պարտադիր կան սեղաններ, որոնց շուրջ բոլորը հավաքվում են:

 

Առաջին հինգ գրադարանների դիզայնը ես կամ իմ ճարտարապետական ստուդիոյի երեխեքն են մշակել, բայց հաջորդների համար պայմանավորվածություններ ենք ձեռք բերել քաղաքի լավագույն ճարտարապետական բյուրոների հետ, և իրենք հերթով կանեն հաջորդ գրադարանների դիզայնները: Այդպես հա՛մ ավելի հետաքրքիր կլինի, հա՛մ էլ իրենց ներդրումը կունենան լավ գործում։

 


Ստալինն ու Հարի Փոթերը

Գյուղերի դպրոցներում բնականաբար կան գրքեր, բայց դրանք հին են, մաշված և սովորաբար երեխաները չեն կարդում այդ գրքերը։ Երբ ընտրում ենք վայրը, նախ անցնում ենք եղած գրքերով և մեջներից հանում ենք, օրինակ, Ստալինի կամ Լենինի կյանքին վերաբերող քաղաքական ենթատեքստով գրքերը։ Նաև պահանջ-խնդրանքով դիմում ենք տվյալ դպրոցին, որ բոլոր հին գրքերը որոշ ժամանակով պահվեն: Այնուհետև մոտ 300-500 թարմ-թարմ գրքեր ենք բերում շարում՝ նոր հրապարակված, գեղեցիկ շապիկներով։ Օրինակ՝ «Հարի Փոթեր» և նման այլ գրքեր, որոնք դպրոցականներին հետաքրքիր կլինեն ընթերցել: Երեխաները սկսում են ոգևորված կարդալ այդ գրքերը, ինչի արդյունքում ընթերցանությունը կամաց- կամաց դառնում է ձևավորված սովորություն։ Այդ պահից սկսում ենք վերադարձնել հին՝ ավելի բարդ ընթերցվող գրքերը:


Ամրակիցի մեր երեխաները նոր գրքեր գնելու համար գրադարանում թատրոններ են կազմակերպում և տոմսերի վաճառքից ստացված գումարով մեզ խնդրում են նոր գրքեր ձեռք բերել իրենց համար։ Գրադարաններն այս երեխաների կյանքում շատ բան են փոխում, այդպես շատ պատմություններ կարող եմ պատմել: Ունենք երեխաներ, որոնք նախկինում անգամ մեկ գիրք կարդացած չկային, իսկ հիմա ակտիվ ընթերցում են և իրենցից փոքրերին սովորեցնում:

 

 

 

Երազում ենք

Այսօր գրադարանների դերն աշխարհում մեծ փոփոխություններով է անցնում։ Ինչ-որ պահից վերափոխվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքների այլևս պարզապես վայրեր չեն, որտեղ գնում ես գրքի հետևից։ Մեր օրինակով հենց, Դրախտիկի բնակիչների համար մեր գրադարանը դարձել է համայնքային կենտրոն՝ ողջ գյուղը հավաքվում է այնտեղ՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Իրականում գրքերն այստեղ երկրորդական դեր ունեն, ավելի կարևոր է, որ երեխաները հավաքվում են իրար գլխի, շփվում, ընկերանում, խաղում, ու ձանձրանալն անգամ միասին են անում։ Մեր նպատակը հենց այդ փորձը ներդնելն է։


Երազում ենք ամեն մարզում գոնե մեկ գրադարան վերանորոգել՝ ամեն հինգ գյուղն առնվազն մեկ գրադարան ունենա, որ բոլորի համար ընթերցելը և այս մթնոլորտը հասանելի լինի։ Ամրակիցի դպրոցում կա մոտ վաթսուն աշակերտ, բայց 130-ից ավել ընթերցող: Ստեփանավանից են գալիս, գրքեր վերցնում, հետո վերադարձնում, կամ գալիս պարզապես լավ ժամանակ անցկացնում: Մեր գալիք գրադարանն Արագածավանում բավականին մասշտաբային նախագիծ է։ Տարածքը երկու սենյակ ունի, բյուջեն էլ համապատասխանաբար ավելի մեծ է։ Բայց նախագիծը մեծ լսարանի ներուժ ունի, քանի որ գյուղում կա երկու դպրոց, մեկում 500 աշակերտ, մյուսում էլ մոտ այդքան: Եթե հաշվենք նաև կողքի գյուղից եկող այցելուներին, ապա այդ գրադարանը կարող է սպասարկել հազարից ավելի ընթերցողի: Երազում ենք մի պահի այնքան շատ «գրադարակներ» ունենալ, որ կարողանանք մեր այս բոլոր ընթերցողներին կապել իրար, ցանց ստեղծել, որ երեխաները կարողանան շփվել, գրքեր քննարկել, միասին ծրագրեր նախաձեռնել և իրականացնել: