Green Rock-ի էկոհամակարգը. նախագծեր, որոնք քաղաքը դարձնում են հարմար եվ ժամանակակից
Դիլիջան

Green Rock-ի էկոհամակարգը. նախագծեր, որոնք քաղաքը դարձնում են հարմար եվ ժամանակակից

Ինչպես են Green Rock-ի էկոհամակարգի նախագծերը Դիլիջանը դարձնում հարմար ու ժամանակակից. բացատրում է ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Պատկերները՝ Green Rock Management Group

 

ԵՐԵՎԱՆ #92 | 2026

#Ճարտարապետություն

Դիլիջանը վաղուց հայտնի է որպես առողջարանային հանգստավայր, և դրա համար կան բոլոր օբյեկտիվ պատճառները։ Քաղաքը շրջապատված է Դիլիջանի ազգային պարկի անտառներով, մոտակայքում են Հաղարծինն ու Գոշավանքը, հեռու չէ Սևանա լիճը, քաղաքն էլ Երևանի և Թբիլիսիի մեջտեղում է. աշխարհագրական այդ հարմար դիրքը Դիլիջանը դարձնում է երկրի առավել այցելվող ուղղություններից մեկը։

 

Սակայն Դիլիջանը բախվում է այն համակարգային խնդիրներին, որոնք բնորոշ են բազմաթիվ փոքր հանգստավայրային քաղաքներին։ Տնտեսական ակտիվությունը մեծապես կախված է զբոսաշրջային սեզոններից և հանգստյան օրերից, երիտասարդ բնակիչները հաճախ հեռանում են ավելի կայուն կարիերայի հնարավորություններ որոնելու համար, իսկ տեղական բիզնեսը ստիպված է հարմարվել այցելուների անհավասար հոսքին։

 

Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ քաղաքին անհրաժեշտ է զարգացման նոր փուլ՝ այնպիսին, որը կպահպանի նրա յուրահատուկ բնական և մշակութային միջավայրը և միաժամանակ կստեղծի կայուն կյանքի պայմաններ։ Խոսքը ոչ թե առանձին նախագծերի, այլ ավելի համապարփակ փոփոխությունների մասին է՝ մտածված զարգացման ծրագրի, որը կարող է ամբողջ տարվա ընթացքում աջակցել քաղաքային տնտեսությանը և սոցիալական կյանքին։

 

Այս փոփոխությունների մեջ նկատելի դեր ունի Green Rock ընկերությունը։ Դիլիջանում այն իրականացնում է երկարաժամկետ զարգացման ծրագիր, որի հիմքում փոխկապակցված նախագծերի էկոհամակարգն է։ Դրանց նպատակը քաղաքային ենթակառուցվածքների ամրապնդումն է, նոր կրթական և մշակութային հնարավորությունների ստեղծումը և ավելի կայուն տնտեսական մոդելի ձևավորումը, որը կաշխատի թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար։

 


 

 

Ինչո՞ւ է քաղաքին անհրաժեշտ էկոհամակարգ

Համակարգային խնդիրները պահանջում են համակարգային լուծումներ։ Այդ պատճառով Green Rock-ի թիմը որոշել է մշակել փոխկապակցված նախագծերի մի ամբողջ համակարգ, որոնք կուժեղացնեն միմյանց դերակատարությունը քաղաքային կյանքում։

 

Այս ռազմավարության կենտրոնում բազմաֆունկցիոնալ համալիրն է՝ շուրջ 60 000 քմ ընդհանուր մակերեսով։ Այն ներառում է հյուրանոց՝ 250 սենյակով, 650 տեղանոց համերգասրահ, հյուրընկալության միջազգային Apicius Armenia դպրոցը, PPLS Rooms Co-living-ը, Villa3 Community Hub-ը, Art Park-ը, ինչպես նաև վերակառուցված պատմական Cabinet Café & Restaurant-ը։

 

Այս նախագծերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, սակայն նախագծված են որպես մեկ միասնական համակարգ։ Յուրաքանչյուրը կատարում է իր գործառույթը՝ կրթական, մշակութային, զբոսաշրջային կամ հանրային և միաժամանակ աջակցում է մյուսների գործունեությանը։

 

Այս մոտեցումը թույլ է տալիս ձևավորել ավելի կայուն քաղաքային միջավայր։ Կրթական ծրագրերը ներգրավում են ուսանողների և դասախոսների, մշակութային հարթակները ստեղծում են միջոցառումների մշտական ծրագիր, հանրային տարածքները դառնում են հանդիպումների և աշխատանքի վայր, իսկ զբոսաշրջային ենթակառուցվածքն ապահովում է այցելուների հոսքը։

 

Այս բոլոր տարրերը միասին ձևավորում են ավելի հավասարակշռված քաղաքային ռիթմ։ Ակտիվությունը տարածվում է ամբողջ տարվա ընթացքում և կախված չէ միայն հանգստյան օրերից կամ զբոսաշրջային սեզոններից։ Քաղաքի համար դա նշանակում է ավելի կանխատեսելի տնտեսություն, նոր մասնագիտական հնարավորություններ և երկարաժամկետ զարգացման պայմաններ։
 


 

ԿԱՏԵՐԻՆԱ ԴԱՆԵԿԻՆԱ, GREEN ROCK-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Փոխկապակցված ամբողջական էկոհամակարգի ստեղծում

Մեզ համար դեվելոփմենթն առանձին շենքերի կառուցումը չէ, այլ ամբողջական, փոխկապակցված էկոհամակարգի ստեղծումը։ Մենք նախագծերը դիտարկում ենք ոչ թե առանձին տարրեր, այլ որպես քաղաքի ավելի լայն միջավայրի մաս. ինչպե՞ս է այն փոխազդում մյուս օբյեկտների հետ, ի՞նչն է ուժեղացնում և ինչպե՞ս է ընդհանուր առմամբ ազդում քաղաքի կյանքի վրա։ Մենք մտածում ենք, թե ինչպիսին է մարդու փորձառությունը քաղաքի ներսում, ինչ ուղղություններ և համայնքներ է պետք զարգացնել և ինչպես է այդ ամենը միասին ձևավորում կայուն միջավայր թե՛ բնակիչների, թե՛ բիզնեսի համար։

 

Օրինակ՝ հյուրանոցը ստեղծում է աշխատատեղեր և ապահովում ավելի հարմարավետ ու երկարաժամկետ կացության ենթակառուցվածք։ Համերգասրահը ձևավորում է մշակութային օրակարգ և գրավում այցելուներին ու արվեստագետներին նաև ոչ սեզոնային շրջանում։ Villa3 Community Hub-ը դառնում է հարթակ դասախոսությունների, հանդիպումների և երկխոսության համար՝ քաղաքի բնակիչների, ձեռնարկատերերի, Digital Nomads-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։

 

Art PARK-ն՝ ազգային պարկի հարևանությամբ, ստեղծում է ակտիվ հանգստի տարածք և գրավում ստեղծագործ համայնքին։ Իսկ PPLS Rooms-ը նախատեսված է մասնագետների, միջազգային փորձագետների և ուսանողների համար, ովքեր տեղափոխվում են Դիլիջան մշտական կամ երկարաժամկետ բնակության։

 


 

 

Հյուրընկալություն

Դիլիջանի պատմությունը որպես հանգստավայր մնում է նրա ապագայի կարևոր մասը։ Բնական միջավայրը, պատմական հուշարձանները և քաղաքի դիրքը շարունակում են այն դարձնել գրավիչ ուղղություն ճանապարհորդների համար։ Այդ պատճառով հյուրընկալության ոլորտի զարգացումը դարձել է Green Rock նախագծերի հիմնական ուղղություններից մեկը։

 

Միաժամանակ, թիմը համոզված է, որ զբոսաշրջության զարգացման հիմնական շահառուները պետք է լինեն քաղաքի բնակիչները։ Նոր ենթակառուցվածքները պետք է ոչ միայն գրավեն հյուրերին, այլ նաև տեղացիների համար ստեղծեն կրթության, աշխատանքի և մասնագիտական աճի իրական հնարավորություններ։

 

Հենց այդ պատճառով զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը զուգորդվում է կրթական նախաձեռնություններով։ Հյուրանոցային նախագծին զուգահեռ հիմնադրվել է Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցը. կրթական նախագիծ, որն իրականացվում է Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հետ համագործակցությամբ։ Դպրոցն առաջարկում է միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրեր հյուրանոցային կառավարման, գաստրոնոմիայի և հյուրընկալության կառավարման ոլորտներում՝ պատրաստելով ոլորտի ապագա մասնագետներին և նպաստելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի մասնագիտական ներուժի զարգացմանը։ Դպրոցն արդեն հայտարարել է 2026-2027 թթ. ուս. տարվա ընդունելության մասին։

 

Ներկայում Դիլիջանում կառուցվում է նաև դպրոցի սեփական շենքը։ Այն նախագծված է գործնական ուսուցման համար: այստեղ նախատեսված են մասնագիտացված լսարաններ և պրոֆեսիոնալ խոհանոցներ, որտեղ ուսանողները կկարողանան անցնել պրակտիկ դասընթացներ՝ կատարելագործելով խոհարարական և խոհանոցի կազմակերպման հմտություններն իրական ռեստորանի պայմաններին մոտ միջավայրում։

 

Տարածաշրջանի բնակիչների համար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով ընկերությունը սահմանել է կրթաթոշակներ։ 2025 թվականին 25 ուսանող ստացել է ուսման ամբողջական դրամաշնորհ, ինչը հնարավորություն է տվել նրանց սկսել մասնագիտական կրթություն՝ չլքելով իրենց հայրենի քաղաքը։

 

Այս մոտեցումը թույլ է տալիս մասնագետներ պատրաստել դեռևս այն ժամանակ, երբ նոր ենթակառուցվածքները լիարժեք չեն սկսել գործել։ Երբ հյուրանոցը բացվի, այն արդեն կունենա դպրոցի շրջանավարտներից ձևավորված կադրային ռեզերվ։ Այս ամենը նպաստում է պրոֆեսիոնալ միջավայրի ձևավորմանը, որը երկարաժամկետ հեռանկարում կարող է աջակցել հյուրընկալության ոլորտի զարգացմանը։

 


 

 

Մշակույթ

Մշակութային կյանքը միշտ կարևոր դեր է խաղացել Դիլիջանի պատմության մեջ։ Խորհրդային տարիներին քաղաքը հայտնի էր որպես վայր, որտեղ ժամանակ էին անցկացնում նկարիչները, կոմպոզիտորները, գրողներն ու գիտնականները։ Այստեղ կազմակերպվում էին ստեղծագործական հանդիպումներ և արվեստանոցային ռեզիդենցիաներ՝ ձևավորելով քաղաքի ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։

 

Էկոհամակարգի առանցքային բաղադրիչներից մեկը կլինի շուրջ 650 տեղանոց համերգասրահը, որը նախատեսված է համերգների, փառատոնների, միջազգային արտիստների հյուրախաղերի, ինչպես նաև տարբեր հանդիսավոր միջոցառումներ:

 

Մշակութային միջավայրի մյուս կարևոր տարրը կլինի Art Park-ը։ Նախագիծը նախատեսված է որպես բնական և մշակութային տարածքների ցանց, որը տեղակայված է քաղաքի շրջակայքի լանջերին և անտառային հատվածներում։ Այստեղ կհայտնվեն քայլարշավային երթուղիներ, արվեստագետների համար արտ-ռեզիդենցիա, բացօթյա ամֆիթատրոն և ցուցահանդեսների ու փառատոնների հարթակներ։

 

Art Park-ը զարգանում է որպես բաց տարածք, որտեղ արվեստը, բնական լանդշաֆտը և քաղաքային կյանքը գոյակցում են միասին։ Այգու երթուղիները կմիացնեն քաղաքի մի քանի հատվածները՝ անտառում զբոսանքը դարձնելով մշակութային փորձառության մաս։

 

Համերգասրահը և Art Park-ը միասին շարունակելու են Դիլիջանի ավանդույթը որպես քաղաք, որտեղ մշակույթը ներհյուսված է քաղաքային միջավայրի մեջ։

 


 

 

Համայնք և նոր ռեզիդենտներ

Քաղաքային միջավայրի զարգացման համար միայն ենթակառուցվածքների ստեղծումը բավարար չէ։ Ոչ պակաս կարևոր է, թե ինչպես են նոր նախագծերը փոխազդում մարդկանց հետ, ովքեր արդեն ապրում են քաղաքում։ Դիլիջանում այս աշխատանքը համակարգում է Green Rock հիմնադրամը, որը ստեղծվել է կրթական, մշակութային և հասարակական նախաձեռնությունների համար։

 

Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ քաղաքի բնակիչների համար՝ վարպետաց դասեր, դասախոսություններ, կրթական ծրագրեր և քաղաքային իրադարձություններ։ Միայն 2025 թվականին անցկացվել է ավելի քան 52 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 15 հազար մարդ։ Այս հանդիպումները դառնում են ոչ միայն ուսուցման և հաղորդակցության հարթակ, այլ նաև մշտական երկխոսության միջոց քաղաքի հետ՝ հասկանալու համար, թե ինչ հարցեր են հուզում բնակիչներին և ինչպես կարող են նոր նախագծերն արձագանքել դրանց։

 

Միաժամանակ էկոհամակարգում ձևավորվում են տարածքներ, որոնք պետք է դառնան քաղաքային կյանքի բնական կենտրոններ։ Դրանցից մեկը Villa3 Community Hub-ն է։

 

Villa3-ը մտածված է որպես ճկուն հանրային տարածք, որը կարող է փոխել իր գործառույթը՝ կախված քաղաքի կարիքներից։ Villa3-ը մարդու կյանքի երրորդ տարածքն է՝ տնից և աշխատավայրից հետ։ Մի վայր, որտեղ մարդը կարող է աշխատել, մասնակցել դասախոսությունների կամ վարպետաց դասերի, քննարկել նախագծեր համախոհների հետ և ձեռք բերել նոր գործընկերներ։

 

IND դիզայն-ստուդիայի հետ համագործակցությամբ ստեղծված ինտերիերը հատուկ նախագծվել է այնպես, որ տարածքը հնարավոր լինի վերափոխել՝ շարժական պատերի, դահլիճների տարբեր կոնֆիգուրացիաների։

 

Էկոհամակարգի մեկ այլ կարևոր տարր է PPLS Rooms Co-living-ը։ Այն ժամանակակից վարձակալական բնակելի տարածք է հյուրընկալության դպրոցի ուսանողների, Դիլիջանում երկարաժամկետ բնակություն հաստատած մասնագետների ինչպես նաև զբոսաշրջիկների համար։

 

Դիլիջանի համար սա բնակության նոր մոդել է՝ ավելի ճկուն և ավելի մատչելի։ Ի դեպ Villa3 Community Hub-ի և PPLS Rooms Co-living-ի բացման արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի հունիսի 13-ին։

 


 

 

Ճարտարապետական ժառանգություն

Դիլիջանի քաղաքային միջավայրի հետ աշխատանքն անխուսափելիորեն կապված է նրա ճարտարապետական ժառանգության հետ։

 

Green Rock-ի առաջին նախագծերից մեկը եղել է XX դարի սկզբի աղյուսե շենքի վերակառուցումը, որտեղ վերջերս բացվել է Cabinet Cafe & Restaurant-ը։ Երկար ժամանակ շենքը գրեթե չէր օգտագործվում, կառուցվածքի որոշ հատվածներ պահանջում էին ամրացում, իսկ նրա պատմության մասին պահպանվել էին շատ քիչ արխիվային տվյալներ։ Որոշ մանրամասներ հաջողվեց վերականգնել տեղացիների հիշողությունների շնորհիվ։

 

Ճարտարապետներին հաջողվել է պահպանել շենքի պատերի բնօրինակ աղյուսե շարվածքը և նրա բնավորությունը՝ զգուշորեն ներառելով նոր գործառույթը։ Այսօր Cabinet Cafe & Restaurant-ը կրկին բաց է քաղաքի բնակիչների համար։ Երկար ժամանակ դատարկ մնացած տարածքը վերածվել է հանդիպումների վայրի՝ տեռասայով՝ սրճարանի բաց տարածքով, ռեստորանով և անտառի ու քաղաքի տեսարաններով։

 

Քաղաք, որ ապրում է ամբողջ տարվա ընթացքում

Այս բոլոր նախագծերն աստիճանաբար ձևավորում են քաղաքային կյանքի նոր կառուցվածք։ Երբ կրթական ծրագրերը, մշակութային իրադարձությունները, ամբողջ տարվա ընթացքում գործող հանրային տարածքները և նոր զբոսաշրջային ենթակառուցվածքը սկսում են աշխատել միասին, քաղաքը դադարում է կախված լինել միայն հանգստյան օրերից կամ սեզոնային այցելություններից։

հավելյալ նյութեր