«Կարդում եմ ամենուր ու ամեն հարմար պահի». Գրքամոլներ 2020
Գիրք

«Կարդում եմ ամենուր ու ամեն հարմար պահի». Գրքամոլներ 2020

Ոմանք բողոքում են, որ րոպե չեն գտնում մի լավ գիրք կարդան, մյուսները կարդում են տարեկան 50 և ավելի հատոր։ ԵՐԵՎԱՆը խոսել է 2020-ի չորս ռեկորդակիրների հետ (Goodreads-ը՝ վկա)։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

📚 📚 📚

Անի Հակոբյան

Գործունեության ոլորտը՝ լրագրություն, հանրային կապեր, կրթություն

2020-ին կարդացած գրքերի քանակը՝ 70

 

Ընթերցանությունը մարզասրահ գնալու պես է։ Հարկավոր է պահպանել գործընթացի շարունակականությունը, հետևողականորեն ու քայլ առ քայլ առաջ շարժվել, գտնել ու զարգացնել սեփական ռիթմը։ Յուրաքանչյուրն իր կենսափորձին ու առօրյային համապատասխան ընթերցողականության կագապահություն կարող է սահմանել։ Օրինակ, ես կարդում եմ միաժամանակ երկու գիրք, պարտադիր է, որ դրանց ժանրերը բացարձակ տարբեր լինեն՝ գեղարվեստականին զուգահեռ նոն-ֆիքշն և այլն։ Ունեմ օրվա կարդալիք էջերի նվազագույն քանակ՝ յուրաքանչյուր գրքից 50 էջ։ Կարդում եմ ամեն օր, բացառիկ ու արտառոց դեպքերում է, որ շեղվում եմ օրվա գրաֆիկից, հաջորդ օրերին փորձում եմ բալանսավորել, լրացնել բաց թողած էջերը, ինչպես մարզասրահում՝ ավելորդ կալորիաներից են հրաժարվում։ 

 

Կարդում եմ ամենուր ու ամեն հարմար պահի։ Եթե ոչ տպագիր գիրք, ապա էլեկտրոնային ընթերցիչս միշտ պայուսակում կամ մեքենայում եմ պահում։ Եթե առաջին տարում կարևոր էր տանը, հարմարավետ պայմաններում, տաք թեյը ձեռքի տակ փափուկ բազմոցում ընթերցել, ապա այս տարի ինքս ինձ սովորեցրեցի նաև «ոտքի վրա» կարդալուն, և ամենակարևորն է՝ այդպես ընթերցելը չազդեց գիրքը վայելելու, ընկալելու վրա։ Կրկին ուղեղի «վաու» ֆունկցիաներից է, ցանկության դեպքում մենք կարող ենք ամեն ինչ։ Օրվա ժամը ևս կապ չունի։ Ամեն պատեհ պահի և ամեն հարմա տեղ կարդում եմ։ Կարող եմ կարդալ աշխատանքային լարված օրվա ընթացքում «գողացած»  կես ժամում կամ հագեցած օրվա ուշ երեկոյան մի քանի ժամ։ Գլխավոր պայմանն է՝ չքնել առանց օրվա «լիմիտը» փակելու։  

 

Goodreads-ում տարվա սկզբին գրքերի քանակ նշելն անշուշտ մոտիվացնում է։ Ցանկացած մարտահրավեր ունի հենց այդ գործառույթը՝ մոտիվացնելը։ Առանց դրա գուցե չստացվեր։ Ամենադժվարը, նաև ամենահաճելին, ինքնդ քեզ հաղթելն է՝ խստագույնս հետևելով ինքդ քո համար սահմանած կարգապահական կանոններին։ Եթե դա արեցիր, իմացիր՝ աշխարհում չի լինի որևէ արտաքին մարտահրավեր, որ չկարողանաս կամ գոնե չփորձես հաղթահարել։ Իսկ գրքային մարտահրավերն առավել ևս արդյունավետ է, տալիս է անգնահատելի հմտություններ, ձևափոխում մտածելակերպդ, վարքդ, հարստացնում էությունդ։

 

Գրքի ճիշտ ընկեր ունենալը ևս կարևոր նախապայման է։ Երկու տարի առաջ իմ լավ ընկեր ու գործընկեր Վարվառա Հայրապետյանի հետ սկսեցինք 50 գրքի մարտահրավերը Goodreads-ում։ Տարվա առաջին կեսին կարդում էինք, աչքի տակով հետևում միմյանց էջերի թարմացումներին ու չէինք ֆիքսվում ով ուր հասավ, բայց խելահեղ մրցավազքը սկսվեց աշնանը։ Պարզվեց մի քիչ արխայնացել էինք նախորդ ամիսներին ու հենց  այդ առողջ մրցակցությունն էլ ստիպեց անել անհնարինը, օրինակ երկուսիս մոտ էլ դեկտեմբերին մնացել էր տասից ավելի չկարդացած գիրք, գիշերն ու ցերեկը, աշխատանքն ու անձնական կյանքը այդքան շատ չզոհելով, բայց գերլարումով ավարտեցինք մարտահրավերը և 2019-ին կարդացինք 50-ական գիրք։ 

 

2020-ին ես նշեցի 75 գիրք, սակայն Վարվառան սկզբնական շրջանում հրաժարվեց մրցապայքարից՝ ցանկանալով կրկնել նախորդ տարվա ցուցանիշը, քանի որ մտադիր էր ամռանը մեկնել Տոկիո՝ Օլիմպիական խաղերը լուսաբանելու համար։ Բայց կորոնավիրուսի համավարակը հետաձգեց Տոկիոյի Օլիմպիական խաղերը, իսկ ես և գարնանային ինքնամեկուսացումը դրդեցինք Վարվառային միանալ 75 -ի չելենջին։ Մենք երկուսս էլ 2020-ին կարդացել ենք անդադար, բացառությամբ երկու ամսի՝ հունիսին, լոքդաունից հետո ուղեղը պարզապես հրաժարվում էր աշխատել, հոկտեմբերին՝ պատերազմի ընթացքում գիրքը կարդալ չէր ստացվում բնականաբար։ Դեկտեմբերին հասկացանք, որ պարզապես պետք է հրաժավել հինգ գրքից, դա պարտություն չէր, այլ «տակտիկական նահանջ», փոխադարձ համաձայնությամբ ու միաժամանկ խմբագրեցինք Goodreads-ը։ 

 

Կարդում եմ զուգահեռ երկու գիրք և տարբեր ժանրերի։ Այդպես մեկը մյուսին չի խանգարում՝ բովանդակությունը կլանելու և ընկալելու հարցում, այլ օգնում է ուղեղը ավելի ճկուն դարձնել, նաև կարողանում եմ ժամանակի մեջ հասցնել ու շատ գիրք կարդալ։ Օրինակ, մարտահրավերի երկրորդ կեսին շաբաթը երկու գիրքը նորմալ է ինձ համար։ Լինում է ամիս՝ որ արդեն պլանավորած եմ լինում՝ ինչ եմ կարդալու, պատահում է, որ այդ պահին «համառ» գիրք է հայտնվում տեսադաշտում ու «ստիպում» իրեն հերթից առաջ գցել։ 

 

 


 

Մարտին Մաթևոսյան

Գործունեության ոլորտը՝ կինո

2020-ին կարդացած գրքերի քանակը՝ 70 

 

2020-ին կարելի էր կարդալ նույնիսկ 100 և ավել գիրք, քանի որ երկար կարանտին էր։ Իհարկե մարդիկ հիմնականում զբաղված էին ֆիլմեր և սերիալներ նայելով, բայց պետք է նշել, որ նույն հաջողությամբ կարելի էր գիրք կարդալ։ Կարող եմ նաև նշել, որ ֆիլմ/սերիալ էլ եմ շատ հասցրել, բայց դա արդեն այլ հարց է։

 

Իհարկե շատ բաներ են տուժում։ Օրինակ կարդալուն տրամադրված ժամանակը կարելի էր տրամադրել դուրս գալուն, այսպես ասած մաքուր օդ շնչելուն։ Անձնական կյանքին այդքան էլ չի խանգարում, որովհետև ամուսնացած չեմ ու երեխաներ չունեմ։ Մասնագիտականին իմ դեպքում ավելի շատ օգնում է, որովհետև գրքերում հանդիպած ցանկացած իրավիճակ ակամայից մտածում ես՝ ինչպես կարելի էր նկարահանել։ Իհարկե, կարդում եմ նաև մասնագիտական գրքեր։ 

 

Հիմնականում կարդում եմ տանը, ու հիմնականում պառկած։ Լինում են օրեր, երբ ցանկություն է առաջանում մի հաճելի սրճարան կամ այգի գնալ, սակայն դա լինում է տարվա մեր մաքսիմում 3-4 օր։ 

 

Առավոտյան կարդացածս ավելի հեշտ եմ ըկալում։ Օրվա ընքացքում միջինը 2-3 ժամ եմ կարդում, բայց լինում են ստեղծագործություններ, երբ կարդում եմ օրեկան 7-8 ժամ. Այդքանից ավելի չեմ կարող կարդալ, որովհետև գլուխս սկսում է ցավել։ Բայց եղել են գրքեր, որոնք կարդացել եմ ամբողջ գիշեր, օրինակ՝ Իտալո Կալվինոյի «Եթե մի ձմեռային երեկո մի անծանոթ..․»։

 

Իհարկե Goodreads-ը մոտիվացնում է։ Բայց նաև խարդախության աղբյուր կարող է դառնալ, որովհետև լինում են պահեր, երբ, թվում է, չես հասցնում չելենջդ, ու արանքում մեկ-երկու կարճ ստեղծագործություն ես կարդում։ Այդ պատճառով այս տարի չելենջ չեմ անի։ Ամեն մարդ կարդում է այնքան, ինչքան ցանկանում է։ Չելենջ ունենալու պարագայում մրցակցությունը հենց չելենջի հետ է, որովհետև ցանկանում ես հասցնել։ 

 

Բավականին հեշտությամբ եմ մի գրքից անցնում մյուսին։ Շատ գրքեր այդքան էլ «մարսելիք» չեն ունենում։ Լինում են գրքեր, որոնցից հետո մի քանի օր չես ուզում այլ գիրք վերցնել։ Իմ համար այդպիսին էր Ջոյսի «Երիտասարդ նկարչի դիմանկարը»։ 

 

Հիմնականում կարդում եմ տպագիր գրքեր։ Տանն արդեն գրքերի բավականին մեծ քանակ է հավաքվել, իհարկե չկարդացածներն անհամեմատ շատ են։ Պետք է նաև նշեմ, որ թվային տարբերակներին էլ դեմ չեմ։ Մի քանի ստեղծագործություն հենց օնլայն եմ կարդացել։ Կարելի է ասել՝ կարդացածս գրքերի հիմնականը մասը նաև թվային եմ ունեցել, որովհետև երբեք չես իմանա, թե օրինակ, մեքենայի մեջ նստած ինչքան ստիպված կլինես ինչ-որ մեկին սպասել։



Վարվառա Հայրապետյան

Գործունեության ոլորտը՝ լրագրություն

2020-ին կարդացած գրքերի քանակը՝ 70

 

Կարելի է հասցնել, եթե քիչ թերթենք մեր սոցցանցերի էջերը և նախապես պլանավորենք մեր օրը: Հանուն արդարության ասեմ, որ 70 գիրքը կարդալուն օգնեց պանդեմիայի ընթացքում տանը փակվելու հանգամանքը: Կարանտինի առաջին շաբաթից հետո հասկացա, որ հստակ պետք է օրվա ինչ-որ հատված տրամադրել ընթերցանությանը` կրկնակի ավելի շատ, քան մինչ այդ էր: 

 

Երբեմն տուժում է քունս։ Մարզական լրագրողը, որն աշխատում է շաբաթը 7 օր և ֆուտբոլային հանդիպումներ ունի կեսգիշերին մոտ, պետք է այնպես անի, որ աշխատանքը չտուժի: Covid-19-ը մեզ կտրեց ընկերների հետ առավել շատ արկածներ ունենալու հնարավորությունից, բայց օգնեց անել դա` կարդալ 70 գիրք մեկ տարում: Լինում էին օրեր, որ մի բաժակ «Նեսկաֆեն» օգնում էր գիշերային ընթերցանությանը: 

 

Իմ ֆավորիտը խոհանոցն է։ Աշխատանքի գնում էի մեկ ժամ շուտ և, մինչ ընկեր-գործընկերները կլցնեին Newsroom-ը տարաբնույթ աղմուկով, ես հասցնում էի կարդալ նախատեսված գլուխը: Բայց տանն ունեմ «սրբազնագույն» երկու վայր` խոհանոցը և գրապահարանի դիմացի հատակը: Սակայն իմ ֆավորիտը խոհանոցն է. այն առավել արագ է ինձ նետում գրքի մեջ: 

 

Goodreads-ում տարվա սկզբին գրքերի քանակ նշելը միանշանակ մոտիվացնում է։ Երբեմն, երբ մի քանի օր չեմ կարդում, Goodreads-ում վիրտուալ ընկերների թարմացումները նոր «դոպինգ» են: Եվ նրանց review-ներն օգնում են կողմնորոշվել հարցեր առաջացնող գրքերի շուրջ:

 

Ամեն ինչ սկսվեց մրցակցությունից։ 2019-ին իմ լավ ընկերներից մեկի հետ որոշեցինք 50 գիրք կարդալ և տարվա մեկնարկից մրցակցության մեջ էինք: 2019-ի իմ վերջին գիրքն ավարտեցի դեկտեմբերի 30-ին: Տարին վերջանում էր, դեկտեմբերի 26-ն էր, ես դեռ 5 գիրք ունեի կարդալու: Պետք էր ելք գտնել` աշխատանքը և կարդալը համատեղելու համար: Ի՞նչ անել. քնելով միայն 2-3 ժամ, ամբողջ գիշեր կարդալով` 2019-ին ընթերցեցի 50 գիրք, իսկ 2020-ին էլ` արդեն 70: Բայց այս տարի դեռ չեմ կողմնորոշվել… 

 

Գրքերս տարաբնույթ են, բայց առանձնակի նախընտրում եմ կենսագրականներ: Սիրում եմ կարդալ մարդկանց անցած կյանքի մասին` հասկանալով, թե ինչպես կարելի է ելք գտնել այս կամ այն իրավիճակներում, որոնք անելանելի են թվում: Երբեք գեղարվեստական երկու գիրք իրար հետևից չեմ կարդում, կարդում եմ ամեն ինչ, իսկապես ամեն ինչ: Սա մայրիկիս հորդորն է` լավ լրագրողը պետք է տեղեկացված լինի ամեն ինչից:

 

Տպագիր գիրք, թե՞ էլեկտրոնային ընթերցիչ։ Անխոս. դասական, շոշափելի, տպագիր գիրք: 




Սերգեյ Տեր-Թումասով

Գործունեության ոլորտը՝ իրավագիտություն

2020-ին կարդացած գրքերի քանակը՝ 57

 

Շատ ազատ ժամանակ ունեմ։ Չեմ աշխատում, այդ պատճառով էլ անձնական ու մասնագիտական կյանքում տուժածների թիվն այդքան էլ մեծ չի (մեկ-մեկ ուշ եմ քնում, եթե գիրքը հետաքրքիր է)։

 

Կարդում եմ հիմնականում տանը։ Բայց մի քանի տարի առաջ սկսեցի կարդալ նաեւ տրանսպորտում և նույնիսկ կանգառներում, որովհետեւ լինում է, որ օրվա մեջ մի քանի ժամ տրանսպորտում եմ անցկացնում խցանումների մեջ։ Ցանկալի է, որ միջավայրը լինի լուռ, բայց դա շատ հաճախ չի պատահում, այնպես որ օգնության է գալիս երաժշտությունը (եթե տանն եմ): Հիմնականում կարդում եմ գիշերը, երբ միջավայրը լուռ է դառնում և ոչ մեկ ինձ չի խանգարում ու չի զանգահարում։

 

Լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ կարդում։ Իմ ռիդերում սահմանեցի 90 րոպեանոց նպատակը, բայց ոչ միշտ է ստացվում այդքան կարդալ՝ ամեն ինչ կախված է գրքից։ 

 

Ինձ հետաքրքիր է վիճակագրությունը, բայց կարդում եմ հաճույքի համար։ Եթե սկսեմ ինձ ստիպել ավելի արագ կարդալ, ապա կարդալը կսկսի կրել ձևական բնույթ․ կհաղթի քանակը, այլ ոչ թե որակը։ Եթե գիրքը ձանձրալի է՝ (դեպքերի 70-80%) ուզում եմ այն որքան հնարավոր է շուտ մոռանալ։ Եթե ոչ՝ մնում են հաճելի հիշողությւոնները։ Իսկ «մարսումը» ինձ մոտ տեղի է ունենում ընթերցանության ընթացքում։

 

Նախընտրում եմ էլեկտրոնային ընթերցիչը։ Այն ավելի հարմար է և ընտրության ոչ մի սահմանափակում չկա։

 

հավելյալ նյութեր