Գրքի երևանյան փառատոն 2025. ուղեցույց
Փառատոն

Գրքի երևանյան փառատոն 2025. ուղեցույց

Գրքի երևանյան միջազգային փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին՝ Պատմության թանգարանում։ Բոլոր երեք օրերին՝ ժամը 12։00-ից 21։00-ը, թանգարանի կամարների տակ անցկացվելու է ավանդական գրքի տոնավաճառ, որտեղ գրքերը վաճառելու են 20-50% զեղչով։ Փառատոնի հագեցած ծրագրից օգնում է գլուխ հանել ԵՐԵՎԱՆի գրական փորձագետ Արաքս Սաֆարյանը։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը՝ evnbookfest.com

#ՔաղաքըԿարդումԷ

Նորություններ

Ինչպես միշտ՝ փառատոնի շրջանակում անցկացվում է գրական մրցույթ՝ պոեզիա, արձակ, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն անվանակարգերում։ Այս տարի համագործակցելով Սարոյան հիմնադրամի հետ՝ փառատոնը ներկայացնում է նաև Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակը, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Մրցույթի համար դիմել է 108 մասնակից՝ 25 երկրից։ Սփոյլեր՝ հաղթողը կստանա նվեր Ուիլյամ Սարոյանի կտավներից մեկը, որը մյուս նկարների հետ փառատոնի օրերին ցուցադրված կլինի Գրականության և արվեստի թանգարանում։

 

Հաջորդ և ոչ պակաս կարևոր նորությունն այն է, որ այս տարի տարբեր երկրներից (Իտալիա, Հունաստան, Իրան, Վրաստան և այլն) մի շարք հրատարակչություններ ներկա են գտնվելու փառատոնին, մասնակցելու են պանելային քննարկումների և արդյունքում յուրաքանչյուրն ընտրելու է մի գրողի՝ նրա ստեղծագործությունները իրենց լեզվով պարտադիր հրատարակելու համար։

 

Բացի այդ, այս տարի Գրքի երևանյան փառատոնը վերջապես ընդլայնում է իր սահմանները ու գնում Գյումրի և Կապան։ Հոկտեմբերի 4-ին Կապանի Մշակույթի պալատում և նրա հարակից տարածքում մի ողջ օր (12:00-20:00) կանցկացվի գրքի տոնավաճառ, տեղի կունենան հանդիպումներ գրողների հետ, համերգներ, միջոցառումներ և վերջում օրը կավարտենք Հրանտ Մաթևոսյանի «Գոմեշը» ներկայացումով՝ Նարինե Գրիգորյանի կատարմամբ, ինչպես նաև ելույթ կունենա «Հող» խումբը։ Իսկ ավելի վաղ՝ սեպտեմբերի 28-ին գրքոտ փառատոնը կհասնի Գյումրի՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն և Թատերական հրապարակ, որտեղ նույնպես կլինի գրքի տոնավաճառ, տեղի կունանան հանդիպումներ ու միջոցառումներ՝ ի դեմս Հովհաննես Գրիգորյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի, և ելույթ կունենա «Ռոզենթալ» խումբը։

 

Օր առաջին. հանդիպում ենք Որմնանկարների սրահում

Գրքասերի օրը օր չէ, եթե պոեզիա չի կարդում։ Եվ ուրեմն փառատոնի պաշտոնական բացման արարողությունից հետո՝ ժամը 13:00-ին ուղևորվում ենք Համլետ Առաքելյանի, Անահիտ Ղազախեցյանի և Միացյալ Թագավորությունից ժամանած Հելեն Մորտի հետ անգլալեզու պոեզիա ընթերցելու։ Ի դեպ, նույն օրը՝ 17:00-ին, Հայաստանի պատմության թանգարանի դահլիճում Հելեն Մորտը նաև աշխատարան կանցկացնի։

 

Կմասնակցենք մեկը մյուսից հետաքրիքր շնորհանդեսների (Ջոնաթան Ֆրանզենի «Խաչմերուկներ», Լուսինե Հովհաննիսյան «Աշնան քսանչորսերորդ օրը») և երեկոն կանցկացնենք Կարեն Ավետիսյանի հետ՝ քննարկելով կինոն ու գրականությունը (18:00)։ 

 

Իսկ եթե ավելի շատ հետաքրքրված կլինենք մանկապատանեկան գրականությամբ, նույն ժամին Պատմության թանգարանի դահլիճում կլսենք Իրանից ժամանած Ահմադ Աքբարպուրին։

 

Փառատոնի առաջին հագեցած օրն էլ կավարտենք «Արի» ակումբի տղաների ու գրող Աշոտ Ստեփանյանի հետ և «Արի օգնենք» սթենդափի ընթացքում կփորձենք լուծել գրողների և գրքասերների խնդիրները։

 

Օր երկրորդ. ոչ մի շաբաթ օր՝ առանց գրականության

Փառատոնի երկրորդ օրը կսկսենք Վիոլետ Գրիգորյանի հետ՝ «Ինքնագիր» գրական հանդեսի 11-րդ համարով (12։00)։ Մի լավ «կտաքանանք» և 13:00-ին սահուն անցում կկատարենք «Կանանց ձայները համաշխարհային գրականության մեջ» քննարկմանը (Իրա վան Դեյկ, Մարիա վան Դորդրեխտ, Իրիս Կատեր Միրսալարի, Յաննա Լոնտյենս)։

 

Այն գրքասերները, որոնք հասցրել են ընթերցել «Վանոն ու Վազգենը», վստահաբար 14։00-ին կմասնակցեն Մեդիամաքսի քննարկմանը՝ «Նորագույն պատմություն՝ առանց վավերագրության» թեմայով։

 

Իսկ նրանք, ովքեր Ինստագրամում կամ Երևանի փողոցներում հանդիպել են Արմեն Սարգսյանին ու բացահայտել հայոց լեզվի տարածված սխալները, 13։00-ին կկարողանան մասնակցել «Հայերենի համար սեղմել 1» խաղին (մուտքը՝ գրանցումով)։

 

Այս տարի Գրքի փառատոնը լիքն է լինելու կինոյով, քանի որ 16։00-ին խոսելու ենք Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի էկրանացումից, իսկ 17։00-ին դիտելու ենք «Վարպետը» անիմացիոն ֆիլմը Պատմության թանգարանի դահլիճում։

 

Նույն ժամին, բայց արդեն Որմնանկարների սրահում տեղի կունենա Ուիլյամ Սարոյանի «Քսաներկու անտիպ պատմվածք» ժողովածուի շնորհանդեսը:

 

Այնուհետև Որմնանկարների սրահում, ասում են, իսկական փոթորիկ է բարձրանալու, երբ 19:00-ին իրենց բանաստեղծությունները գան ընթերցելու Հասմիկ Սիմոնյանը, Կարեն Անտաշյանը, Անուշ Քոչարյան և Եր Կարը։

 

Գրքի երևանյան փառատոնը չի մոռացել նաև իր փոքրիկ ու պատանի ընթերցասերներին և հատուկ նրանց համար 16:00-ին կազմակերպել է «Վերջին գիշերը երկրագնդի վրա» կոմիքսի ու «Տեսանելիք» մանկական մատենաշարի (18։00) շնորհանդեսները: Երեխաների օրը կավարտվի «Հեքիաթերեն» մանկական թատրոնի «Կապույտ աղվեսը» ներկայացումով (19։00), իսկ մեծերինը՝ Gorgeouz Beats-ին վայելելով (20:00)։

 

Օր երրորդ

Վերջին օրը՝ 13։00-ին, կվերհիշենք փառատոնից փառատոն հրատարակված գրքերը։ Շնորհանդեսներից հանդիպումներ վազելու արանքում էլ՝ 14։00-ին, անպայման կմասնակցենք «Գրականություն և ընթերցողական մշակույթներ» քննարկմանը միջազգային հրատարակիչների հետ, իսկ 15։00-ին՝ «Մեծ պատմություններ, փոքր լեզուներին», որտեղ հրատարակիչներին կմիանան նաև գրական գործակալները։

 

Չմոռանալով, որ 2025-ը մեր սիրելի գրողների հոբելյանական տարին է, 17:00-ին տեղի կունենա «Վերնատան ժառանգները» միջոցառումը՝ նվիրված Ավետիք Իսահակյանին, Հրանտ Մաթևոսյանին, Ռազմիկ Դավոյանին, Հովհաննես Գրիգորյանին, Լևոն Խեչոյանին և Դավիթ Հովհաննեսին։

 

Օրվա վերջում աշխատարաններից և գրողների հետ հանդիպումներից ոգևորված՝ 19։00-ին կշտապենք Պարոնյանի անվան պետական թատրոն՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը և գրական մրցանակաբաշխությանը մասնակցելու համար։