Գտածոների գրադարան
Քաղաքը կարդում է

Գտածոների գրադարան

Գրքերը կամ գտածոները, ինչպես դրանց սիրով կոչում են Մատենադարանի աշխատակիցները, հայտնվելով վերջինիս պատերի ներսում, անցնում են կյանքի մի ամբողջ ցիկլ՝ հայտնվելով նախ գրադարանի ստորգետնյա պահոցներում, այնուհետև բարձրանալով վերև՝ դեպի լույսով ողողված ընթերցասրահը։ ԵՐԵՎԱՆը նույնպես անցավ այդ գրքաշատ ուղին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Հարութ Մալխասյանի

#ՔաղաքըԿարդումԷ

Գրքի հանքը

Մատենադարանի գրադարանը նման չէ հայաստանյան այլ գրադարանների։ Այն փակ է սովորական այցելուների համար։ Բունկերային դռան հետևում՝ հատուկ ջերմաստիճանի ներքո, հազարավոր գրքեր են և մի խումբ մարդիկ, որոնց յուրաքանչուր օրը սկսվում և ավարտվում է գրքի հետ։


Երբ գիրքն աշխարհի մի հեռավոր կետից հասնում է գրադարան, այն նաև անցնում է վերականգնման բաժնով՝ առկա խնդիրները չեզոքացնելու համար։ Դա կարող է լինել էջերի վերականգնում համապատասխան թղթի միջոցով, նոր կազմի պատրաստում կամ պարզապես ախտահանում։ Այնուհետև, արդեն իր հերթական համարը ստացած նմուշը հայտնվում է գրադարանի համապատասխան դարակի վրա և սպասում ընթերցասրահում հայտնվելու իր հերթին։

 


Գրադարանի վարիչի տեղակալ Տաթև Ղազումյանը Մատենադարանի գրադարանում աշխատում է մոտ յոթ տարի, սակայն շուրջ քսան տարվա ոլորտային փորձ ունի։ «Ինձ համար ամեն գիրք շունչ ու հոգի, ասելիք ու բովանդակություն ունի։ Յուրաքանչյուրը նոր նյութի կամ գիտելիքի սկզբնաղբյուր ու շտեմարան է,– ասում է Տաթևը։– Անշուշտ, երբ գրադարան նոր գիրք է մուտքագրվում՝ անպայման թերթում եմ, ծանոթանում բովանդակության, հեղինակի, տպագրման մանրամասներին։ Գրքերի աշխարհը մի առանձնակի մոլորակ է։ Գրքերն իմ աշխատանքային ու ոչ աշխատանքային ժամերի մշտական ընկերն ու ուղեկիցն են»։


Գրադարանի հիմնական գործառույթներն են համարվում գրքերի և մամուլի համալրումը, մշակումը, գրանցումը, քարտագրումը, տեղադրումը քարտարանում և սպասարկումը: Թեև առաջին հայացքից այս աշխատանքը կարող է մեխանիկական թվալ, բայց Տաթևի պնդմամբ, եթե գրքի հետ չես շփվում, դու չես կարող հասկանալ այս աշխատանքի էությունը։ «Դու գիտակցում ես, որ քո ամենօրյա աշխատանքը և պատասխանատու մոտեցումը նպաստում է հայագիտության աստիճանական զարգացմանը, և քո քայլով է պայմանավորված ամեն հաջորդ շղթայի ձևավորումը, նոր գիտական հետազոտության մեկնարկը»։ Տարվա կտրվածքով գրադարանը սպասարկում է շուրջ 1000-ից 1200 ընթերցողի։


Մատենադարանի հանրային կապերի բաժնի վարիչ և ընթերցող Տաթև Սարոյանի խոսքով՝ գրադարանի աշխատողները չեն սահմանափակվում առկա գրքերով, պետք եղած դեպքում օգնում են ընթերցողին գտնել իր փնտրածն այլ գրադարաններում և աղբյուրներում։ Մասնագիտական աչքով հուշում են, թե որ գիրքն է անհրաժեշտ այս կամ այն հետազոտության համար և հնարավոր է, որ ընթերցողը նույնիսկ չէր էլ մտածել, որ իրեն հենց այդ գիրքը պետք կգա։

 

Գրադարանում պահվող գանձերից են «Ուրբաթագիրքը» և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը

 

Պատմական

Մատենադարանի գրադարանը մեծ ճանապարհ է անցել մինչ իր վերջնական հանգրվանին հասնելը։ Այն կազմավորվել է Էջմիածնի կաթողիկոսարանի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: 1939 թվականին Մատենադարանը տեղափոխվեց Երևան՝ Հանրային գրադարանի 3-4 հարկերը դարձնելով իր ժամանակավոր տունը։ Արդեն 1959 թվականին Մատենադարանն իր ամբողջ գանձարանով տեղափոխվեց ներկայիս շենքը, իսկ 2011-ին՝ նոր մասնաշենք, որտեղ էլ առ այսօր գտնվում է։


Գրադարանի ֆոնդերը պարբերաբար համալրվում է գնումների և նվիրատվությունների միջոցով։ Գրադարանում առկա են նաև անհատական ֆոնդեր, որոնք ներառում են Երվանդ Տեր-Մինասյանի, Լևոն Խաչիկյանի, Ռուբեն Գալչյանի և շատ այլ բարերարների հավաքածուներ։ Գրադարանում առանձին պահվում է հնատիպ գրականությունը, այդ թվում՝ «Ուրբաթագիրքը» և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը։


Մամուլի ֆոնդը, որը մինչ 2012 թվական առանձնացված է եղել գրադարանից, մեկ այլ հետաքրքիր պատմություն է։ Նյութերի լեզուները տարբեր են ինչպես և աշխարհագրությունը։ Հայերեն առաջին պարբերական «Ազդարարի» (Մադրաս, 1794-1796 թթ.) միակ օրինակը պահվում և ցուցադրվում է Մատենադարանում։ Մամուլի ֆոնդը ներառում է տարատեսակ թերթեր և ամսագրեր, որոնք մեզ են հասել Պոլսից, Զմյուռնիայից, Թիֆլիսից, Բաքվից, Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Վենետիկից, Երուսաղեմից, Ալեքսանդրապոլից, Շուշիից և այլ քաղաքներից։


Ընթերցասրահը գործել է Մատենադարանի ներկայիս շենքի կառուցման օրվանից։ Սկզբում այն ունեցել է երկու սրահ, որտեղ սպասարկվել են համապատասխանաբար՝ ձեռագրերի, վավերագրերի, մասնագիտական գրականությունը և հնատիպ գրքերը, մամուլը և այլ տպագիր գրականությունը։ Նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո երկու սրահները միավորվեցին։ Այժմ այն կոչվում է Լևոն Խաչիկյանի անվան հայագիտական ընթերցասրահ։

 

Մատենադարանի գրադարանի վարիչի տեղակալ Տաթև Ղազումյանը

 


 


Ընթերցանության ժամ

Մինչ Մատենադարանի ընթերցասրահը հասնելը դու անցնում ես վիտրաժային պատուհանների միջանցքով, որի շնորհիվ ամբողջ հարկը պարուրված է լույսի շողերով։ Ամեն անկյունում բույսեր են, որոնք հոգատարությամբ խնամում են հենց գիտնականները։ Ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անունը կրող ընթերցանության դահլիճում կա շուրջ 150 տեղ։


Ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանի խոսքով, նա իրեն լավ է զգում, երբ ընթերցասրահը լիքն է։ Մարդիկ գալիս են մի նոր բան պարզելու, սովորելու, հայագիտությամբ զբաղվելու։ «Արտասահմանցիների զարմանքն ու ուրախությունն ամեն ինչ արժի։ Մարդիկ գալիս են և տանում են այս գիտելիքն իրենց հետ այնտեղ, որտեղից որ եկել են, և դա հրաշալի է»,– ասում է տիկին Մաթևոսյանը։


Ընթերցասրահը բաց է մինչ ուշ երեկո տարբեր ոլորտների մասնագետների, ասպիրանտների, ուսանողների և այլ մարդկանց համար։ Վերջիններս կարողանում են ուսումնասիրել Մատենադարանում առկա ձեռագրերը, արխիվային նյութերը և այլ տպագիր գրականությունը։


Ընթերցասրահը սպասարկվում է գրադարանի կողմից։ Այցելուն պատվիրում է իր ցանկացած նյութը։ Ձեռագրերը և վավերագրերը մատուցվում են թվայնացված տարբերակով. վերջին տարիներին գրադարանը, համագործակցելով Հայաստանի ազգային գրադարանի հետ, ակտիվ զբաղվում է հայագիտական գրքերի թվայնացմամբ։ Մասնավորապես Մատենադարանի գրադարանը զբաղվում է քարտարանների թվայնացմամբ, բայց ակտիվորեն նյութեր է տրամադրում ՀԱԳ-ին գրքերի էլեկտրոնային տարբերակները ստեղծելու համար։ «Բնականաբար, սերնդափոխությունն իր հետ բերում է նոր տեխնոլոգիաների պահանջարկը,– պարզաբանում է Տաթևը,– ավագ սերնդի մասնագետներն իրենց կենսափորձն են փոխանցում երիտասարներին, իսկ վերջիններս իրենց հերթին իրենց գիտելիքների միջոցով փորձում են զարգացնել գրադարանը։ Մեզ համար կարևոր է համընթաց քայլել մեր ընթերցողի հետ, որպեսզի չլճանանք և միշտ պահանջարկ լինի»։

 

Ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի անվան ընթերցասրահի վարիչ Ժաննա Մաթևոսյանը

 

Ընթերցասրահում պահվում են շուրջ 8000 հայերեն և այլ լեզուներով գրքեր, պարբերականներ, ալբոմներ, քարտեզներ և այլն


Եվ այսպես, աշխատակիցները ձեռագրերի և վավերագրերի պատվերները սպասարկում են հետևյալ կերպ. այցելուին տրամադրվում է համապատասխան նյութի թվային տարբերակի համար գործող գաղտնաբառ, որի միջոցով տվյալ նյութը համակարգչի օգնությամբ հասանելի է դառնում ընթերցողի համար։ Ընթերցասրահի գլխամասում մի մեծ էկրան է տեղադրված, որի միջոցով ընթերցողը կարող է հետևել իր պատվերի կարգավիճակին։


Ամենապահանջված նյութերն արդեն իսկ գտնվում են ընթերցասրահի պահարաններում։ Դրանք շուրջ 8000 հայերեն և այլ լեզուներով գրքեր են, հայագիտական պարբերականներ, ալբոմներ, քարտեզներ և այլն։


Մատենադարանի ընթերցասրահ են այցելում և ակտիվ օգտվում մասնագետներ աշխարհի ամենատարբեր անկյուններից՝ Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ճապոնիայից և շատ այլ երկրներից։ «Ամենահետաքրքիրն այն է, որ նրանցից շատերը տիրապետում են հայերենին,– պատմում է տիկին Մաթևոսյանը,– կորեացի մեր հյուրը՝ դոկտոր Մասայուկին, հոյակապ հայերեն գիտեր, քանի որ ուսումնասիրում էր հայ միջնադարի եկեղեցական կյանքին վերաբերող արխիվային նյութեր»։
 

 

 

***
Դուրս ես գալիս ընթերցասրահից և կրկին հայտնվում ապակեպատ միջանցքում։ Մթնոլորտն առանձնահատուկ է։ Այստեղի լուսավոր սենյակներն ու նույնիսկ ամենագողտրիկ անկյունները շնչում են գրքով, մեզ այն շատ ծանոթ թղթի հոտը տարածվում է երկար միջանցքներով և գալարվող աստիճաններով։ Այստեղ յուրաքանչյուր մարդ ձեռագրերի աշխարհի պաշտպանն է, ու քանի դեռ գործում է գրադարանն ու ընթերցասրահը, այսինքն՝ ընթանում է գրքի կյանքի բնականոն ցիկլը, Մատենադարանն ապրող էակ է։

 

հավելյալ նյութեր